ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
17:10 - 06 նոյեմբերի, 2021
Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դպրոցական արձակուրդների ժամանակ «Խաղաղության» ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպել միջին և բարձր դասարանների ավելի քան 50 աշակերտի համար Ստեփանակերտի դպրոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մեկամյակի լրանալուն ընդառաջ միջոցառումների շարք ենք իրականացնում, որոնց ժամանակ լուսաբանում ենք խաղաղապահ զորակազմի գործունեությունը, հանդիպում ենք աշակերտների և ուսուցիչների հետ: Այժմ, նույնիսկ արձակուրդների ժամանակ դպրոցներում դասընթացներ ենք անցկացնում: Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսերեն են անցնում, այդ իսկ պատճառով շփումը երեխաների հետ բավականին ըմբռնելի մակարդակով է տեղի ունենում: Երեխաները մեծ ցանկությամբ են ներկա գտնվում նման միջոցառումների»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կորոլյովը:Պարապմունքների ընթացքում զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:Հաղորդվում է, որ նոյեմբերին հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները 10 ուսումնական հաստատություն կայցելեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում և հումանիտար օգնություն կհատկացնեն աշակերտներին:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
12:59 - 06 նոյեմբերի, 2021
«Փողոցային լարվածությունը տեղափոխվել է խորհրդարան»․ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաընկերությանը

«Փողոցային լարվածությունը տեղափոխվել է խորհրդարան»․ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաընկերությանը

«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հերթական թողարկման շրջանակում ներկայացվել է հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցը թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմը, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Россия 24» - Թույլ տվեք սկսել քաղաքականությունից. այս ամռանը Հայաստանում երկարատև քաղաքական ճգնաժամից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք, ելույթ ունենալով նոր Ազգային ժողովում, դիմեցիք պատգամավորներին առաջարկով կամ խնդրանքով՝ անցնել բազմաշերտ ճգնաժամի լուծմանն ու փորձել հաղթահարել պառակտումը: Ի՞նչ եք կարծում, դա նրանց հաջողվո՞ւմ է: - Ե՛ս չպետք է մեկնաբանեմ՝ նրանց հաջողվու՞մ է, թե՞ ոչ: Կմեկնաբանի Հայաստանի ժողովուրդը, նրանք, ովքեր ընտրել են այս խորհրդարանը: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ իսկապես կար ճգնաժամային ժամանակահատված: Իհարկե, Ռուսաստանի շնորհիվ հաստատված հրադադարից, պատերազմը կանգնեցնելուց անմիջապես հետո Հայաստանում սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր դարձան: Ամենակարևորը, որ արդեն գարնանը ես խոսեցի տարբեր քաղաքական ուժերի, նաև վարչապետի հետ: Առաջարկս շատ պարզ էր՝ այս իրադրությունից ելքը նորմալ պետությունում, ինչպիսին ձգտում ենք լինել, ընտրություններն են: Իմ առաջարկն ավելի համակարգային էր, քանի որ կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փոխել նաև Սահմանադրությունը: Իմ կարծիքով՝ նման Սահմանադրությունը հավասարակշռված չէ, չկան զսպման մեխանիզմներ: Ես համալիր առաջարկ էի արել, որը մասամբ կատարվեց. անցկացվեցին ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Ընտրությունները տեղի ունեցան: Հստակ կարող եմ ասել, որ փողոցային լարվածությունը կտրուկ նվազեց: Ավելի ճիշտ, այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան: «Россия 24» - Պարոն նախագահ, Դուք ասում էիք, որ բազմաշերտ ճգնաժամի կարգավորման համար Հայաստանին հարկավոր է կառավարման նոր, որակյալ համակարգ: Ի՞նչ է դա նշանակում: - Ցանկացած երկրում մշտապես կարելի է բարելավել կառավարման համակարգը: Մենք ապրում ենք 21-րդ դարում: 21-րդ դարը թելադրում է նոր հասկացություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք նաև երկիր ենք, որն անցել է այս պատերազմի միջով, փորձում է լինել ժողովրդավարական: Փոխվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Այսինքն, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Հետևաբար, եթե դու փոքր երկիր ես, ունես հաջողակ լինելու մեկ ուղի՝ պետք է խելացի երկիր լինես: Օրինակ, այդպիսի երկիր են Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, Իսրայելը, Իռլանդիան: Այսինքն, դրանք երկրներ են, որոնք գիտեն, թե ինչ առավելություններ ունեն ու ինչ թերություններ, խնդիրներ, որն է իրենց ներքին էներգիան: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք ունեն մեծ բնական պաշարներ, սակայն միևնույն է, օրինակ, Ծոցի երկրները մեծ թվով ռեսուրսներ են ծախսում՝ զարգացնելու մարդկային ռեսուրսը: Այսինքն, գումարներ են ծախսում կրթության, գիտության, մշակույթի վրա: Պատկերացրեք, եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ԱՄԷ-ն արբանյակ կուղարկի Մարս: Մենք այն ժամանակ միայն կժպտայինք , մինչդեռ հիմա դա իրականություն է: Այսինքն, մեր դեպքում լինել խելացի նշանակում է օգտագործել այն մեծ ռեսուրսը, որն ունենք: Մենք պետք է լրջորեն հասկանանք ու սկսենք օգտագործել մեր առավելությունը: Այդ առավելության մասին բոլորը գիտեն, այդ մասին անընդհատ խոսում ու քննարկում են: Խոսքը հայկական Սփյուռքի մասին է: «Россия 24» - Պարոն նախագահ, Հայաստանին շատ հարցերով օգնում է Սփյուռքը: Այդ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնում են իրենց երկրին գումարով, չեն կարող մասնակցություն ունենալ երկրում իշխանության ընտրության հարցում: Հայկական օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր նախատեսված չեն: Դա արդա՞ր է:- Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին, առավել ևս եթե ցանկանում ենք այդ գործընթացը ժողովրդավարական դարձնել, խնդրի երկրորդ մասն է: Մենք փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ռուսաստանում երևի բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ՀՀ անձնագիր, նրանցից ոմանք հարկեր են վճարում Հայաստանում: Սակայն սա խնդրի երկրորդ մասն է: Առաջինն այն է, որ մարդիկ ոչ միայն չեն կարող մասնակցել կառավարության կամ այլ մարմինների ընտրություններին, նրանք չեն կարող մասնակցել, չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարման գործում: Հիմա մենք Դիլիջանում ենք, որտեղ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է: Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է, հավաքվում են նաև հայեր Հայաստանից, Ռուսաստանից, այլ երկրներից: Ես քննարկում էի ունենում մի հիանալի անձնավորության՝ Նուբար Աֆեյանի հետ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ստեղծել է ԱՄՆ-ում երկրորդ պատվաստանյութը: Նուբարը չի կարող Հայաստանում լինել գիտության նախարար: ՀՀ Սահմանադրությամբ վերջին 4 տարիների ընթացքում նա պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և այդ ընթացքում բնակվի միայն Հայաստանում: Բայց չէ՞ որ սա մեծ հարստություն է, մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, մեծ ճանապարհ են անցնել, ունեն մեծ փորձառություն: Կամ լորդ Դարզին, ով թիվ մեկ վիրաբույժն է, բժիշկը, քաղաքական գործիչ, ինչո՞ւ նա չի կարող լինել Հայաստանի առողջապահության նախարար: Կարելի է հրավիրել մարդու, ով ամեն բան ավելի լավը կդարձնի, մարդ, ով ունի մեծ կապեր, ով տարբեր երկրներում՝ Ճապոնիայի մինչև ԱՄՆ և Կատար ստեղծել է առողջապահական համակարգեր: Եվ նրանք շատ են: Տիգրան Խուդավերդյանը մեծ ռուսական ընկերության ղեկավարներից մեկն է, որը կոչվում է «Յանդեքս»: Հիանալի, երիտասարդ, տաղանդավոր մարդ է: Երբ ասում եմ, որ կառավարման որակը պետք է բարձրացնել, նկատի ունեմ նաև դա: Հայաստանն ունի նման մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում: Կառավարումն առանցքն է: Մենք նման ենք Ծոցի երկրներից մեկին, որը նավթային մեծ ռեսուրսներ ունի, սակայն որոշել ենք, որ այդ նավթից չենք օգտվելու: «Россия 24» - Որքանո՞վ է այսօր հնարավոր Հայաստանում սահմանադրական բարեփոխում իրականացնելը, և ի՞նչ է այն ենթադրում: - Տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների համար դա տարբեր է: Ինձ համար դա ենթադրում է այն, ինչ տեսնում եմ: Այս Սահմանադրությունը փոխվել է 2015 թվականին: Այն սկսեց աշխատել որպես նախագահ իմ երդմնակալության պահից: Թվում է՝ ամեն բան նորմալ է, կառավարման նախագահական համակարգից անցում կատարեցինք խորհրդարանականի: Ես նման կարծիք չունեմ, որ նախագահականն ավելի լավն է խորհրդարանականից կամ հակառակը: Ըստ էության, երկուսն էլ լավն են, եթե ամեն բան նորմալ է աշխատում, և կան հավասարակշռված իշխանություն ու վերահսկման տարբեր գործիքներ: Հայաստանում այն հավասարակշռված չէ: Իշխանության գլխին է կուսակցությունը, որն ունի խորհրդարանական մեծամասնություն, նա է ձևավորում կառավարություն: Կառավարությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, շատ տարբեր որոշումներ կարող է ընդունել: Նախագահը չի կարող հավասարակշռել, քանի որ ես չեմ կարող օրենքի վրա վետո դնել: Միակ բանը, որ կարող է նախագահն անել, հստակեցնելն է՝ օրենքը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Եթե նախագահը կարծում է, որ ունի, ապա ուղարկում է օրենքը ՍԴ, այնտեղ որոշում են կայացնում, ինչից հետո նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում: Սակայն պարտադիր չէ, որ օրենքն ունենա խնդիրներ սահմանադրականության հետ: Այն պարզապես կարող է վատ օրենք լինել: Օրինակ, կարող է լինել օրենք կրթության, գիտության կամ առողջապահության ոլորտի մասին: Եթե ունեք նախագահ, որը փորձառու է գիտության ոլորտում, գիտնական է եղել, դասավանդել է տարբեր համալսարաններում, հասկանում է այդ ոլորտից, ինչո՞ւ չպետք է հնարավորություն ունենա այդ օրենքն ուղարկել հետ՝ խորհրդարան, և ասել, որ կան խնդիրներ, պետք է այն նորից քննարկել: Կառավարությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում: Նախագահը չի կարող այդ օրենքի ընդունումը կասեցնել: Ստացվում է, որ մարդ այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են: Իսկ դա վատ է, քանի որ պետք է, որ յուրաքանչյուր օրենք քննարկվի, ծնունդ առնի: Մեզ մոտ այդ օրենքները, օրինակ 9 ամսում ծնվելու փոխարեն, կարող են ի հայտ գալ 1 ամսում: Մեկ ամսում ծնված երեխան լիարժեք երեխա չի կարող լինել: «Россия 24» - Այս առումով չկա հավասարակշռություն: - Այո, հավասարակշռություն չկա: Դրա բացակայությունը բացասական գործոն է նախ և առաջ նրանց համար, ովքեր ունեն իշխանություն: «Россия 24» - Պարոն նախագահ, մենք խոսեցինք կառավարման մասին: Ձեր թույլտվությամբ՝ հիմա խոսենք տնտեսության մասին: Հայաստանն իր հարևանների նման մեծ բնական ռեսուրսներ չունի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին երկիրը պետք է կարողանա շարունակել հետագա զարգացումը: - Խորհրդային Հայաստանը ժամանակին ուներ այդ արդյունաբերական ուժը, որը ստեղծվել էր խորհրդային իշխանության ժամանակ, սակայն, ցավոք, հենց կառավարման պատճառով մենք այդ ամենը կորցրեցինք: Հայաստանում էլեկտրոնիկայի, ավոտարտադրության, քիմիայի, կենսաքիմիայի ոլորտներում կար մեծ արդյունաբերություն, բայց, ցավոք, այդ անցումային ժամանակահատվածում մենք այդքան էլ ճիշտ չկարողացանք այն օգտագործել: Այդ գործարանները, որում Խորհրդային Միությունը մեծ գումարներ էր ներդրել, փակվել են, մինչդեռ պետք էր պահել: Կարծում եմ, որ այդ գործարանները պետք էր պահպանել և կառավարման հանձնել մարդկանց, ովքեր հասկանում են այդ ոլորտներից: Այդ բոլոր ինստիտուտները, գործարանները կապված էին մեծ շուկայի հետ. դրանք Խորհրդային Միության անդամ երկրների շուկաներն էին, որոնց մեծ մասը Ռուսաստանն էր զբաղեցնում: Կորցնելով այդ գործարանները՝ կորցրեցինք նաև հասանելիությունն այդ շուկաներին: Սա պատմություն է: Իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է, և առաջ շարժվելու, ճիշտ ուղի ընտրելու համար պետք է նայել դեպի ապագա: Պետք է հասկանալ, թե 10, 20, 30 տարի հետո որտեղ է լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ աշխարհը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհն ինչպիսին կլինի 10 տարի հետո: Նաև այդ պատճառով և դա հասկանալու համար ենք այստեղ արդեն երրորդ անգամ կազմակերպում «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը ինչ ուղղությամբ է առաջ շարժվում, ուր են գնում տնտեսությունը, քաղաքականությունը: Դրանից հետո արդեն պետք է հասկանալ, թե այդ պատկերում որտեղ է մեր տեղը: Ես աշխարհը բնորոշում եմ քվանտային եզրույթով, այսինքն՝ այն դասական չէ: Աշխարհը շատ արագ, սրընթաց է զարգանում և պետք է հստակ ձևակերպել, թե ուր է գնում այն: Դա շատ դժվար է անել, բայց հասկանալ, թե ուր է գնում, հնարավոր է: Վերադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպիսի միջոցներ ունի, կարող եմ նշել, որ դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Մեզ համար շատ հեշտ է գտնել որոշակի տեղեկատվություն, գոյություն ունի որոշակի ցանց՝ անձնական կապերի ցանցը: Ցանկացած վայրում՝ Սիլիկոնյան հովտից մինչև Մոսկվայի պետական համալսարան, կան մարդիկ, որոնք իրենց գեներով հայեր են, սիրում են Հայաստանը և ցանկանում են աջակցել: Այսինքն՝ դա բնական ռեսուրս է, որը գոյություն ունի, որը մենք այդքան էլ լավ չենք օգտագործում: Մենք պետք է կենտրոնանաք նոր տեխնոլոգիաների վրա՝ լինեն դրանք կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թե ՏՏ տարբեր ոլորտներ: Մենք պետք է նայենք առաջ, պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսը, որպեսզի այս փոքր երկրում արտադրենք բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը ցանկացած բան՝ էլեկտրոնիկայից, արհեստական բանականությունից, կենսատեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսություն, արտադրում է փոքր քանակությամբ, քանի որ փոքր երկիր է և մեծ ռեսուրսներ չունի: Այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի, այն կարող է լինել քիչ, բայց ամենալավը: Այդ իսկ պատճառով պետք է նոր կառավարում: «Россия 24» - Պարոն, նախագահ, ելույթ ունենալով նոր խորհրդարանում՝ Դուք ասել եք, որ Հայաստանը կարող է շատ խոր հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ, սակայն Ռուսաստանի հետ կապերը առանձնահատուկ են: Ի՞նչ նկատի ունեիք: - Դա պատմական, իրական համագործակցությունն է: Պատմականը հասկանալի է: Պատմականորեն, վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայաստանը բաժանված էր երկու՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև: Տեսեք՝ ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ եղավ 1915 թվականի ցեղասպանությունը: Ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Ռուսական կայսրությունում՝ նայեք հայերին, որոնք այսօր ապրում են Մոսկվայում կամ ՌԴ այլ շրջաններում: Հայերն այնտեղ ապրում են լավ կյանքով: «Россия 24» - Դա պատմությունն է: Իսկ այսօր ի՞նչ է տալիս Ռուսաստանի հետ գործընկերությունը նրանց, ովքեր ապրում են Հայաստանում: - Հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն են, որ նույնիսկ անիմաստ է քննարկել: Ես մշտապես նայում եմ դեպի ապագա: Վերջին պատերազմի ժամանակ ի՞նչ կլիներ, ինչպիսի՞ն կլիներ մեր ապագան, ինչպիսի՞ն կլիներ այս պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը: Այդ պատերազմը ինչպե՞ս և ե՞րբ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը: Ես ցանկանում եմ նայել դեպի ապագա: Ապագայում ես կցանկանայի տեսնել Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլորովին այլ հարաբերություններ: Դրա համար մենք Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ: Դա նշանակում է կառուցել խելացի պետություն, որն ունի շատ մեծ և ուժեղ բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի և դառնալ Ռուսաստանի Դաշնության փոքր, բայց ուժեղ բարեկամը: Կցանկանայի լինել իրապես ուժեղ երկրի նախագահ, որն ունի մեծ, երկարամյա, պատմական բարեկամ, որի հետ կարող է գնալ դեպի ապագա: Այդ ամենի համար կան բոլոր հնարավորությունները, քանի որ եթե հայերը կարողանան նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան ամբողջ աշխարհի երկրներից, մենք շատ հանգիստ կկարողանանք զարգանալ: Ռուսաստանի Դաշնությունում հայերի ներկայությունը շատ մեծ է բոլոր շրջաններում: Ես հպարտ եմ, որ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, լավ քաղաքացիներ են: Դա շատ կարևոր է: Այդ մարդկանց պետք է ավելի սերտ կապել Ռուսաստանի հետ, ստեղծել որոշակի ծրագիր: Լավագույն բարեկամությունն այն է, երբ ապրում ես այդ բարեկամությամբ, նոր ծրագրեր ես իրականացնում, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների, տնտեսության, գիտության ոլորտներում, որոնք ուղղված են դեպի ապագա: Համոզված եմ, որ շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ ավելի հանգամանալից և խոր համագործակցության համար: Այս բոլոր դժվարություններից, ծանր կորուստներից հետո, ես կցանկանայի, որ մենք կառուցենք խելացի երկիր, որը, փոքր լինելով հանդերձ, կլինի խելացի և ուժեղ: Փոքր, բայց ուժեղ երկիր, որը պատմականորեն ունի մեծ բարեկամ՝ Ռուսաստանի Դաշնությունը: «Россия 24» - Շնորհակալություն, պարոն նախագահ:
12:00 - 06 նոյեմբերի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ |civilnet.am|

ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ |civilnet.am|

civilnet.am: 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներով։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»,- նշվում է հայտարարությունում: Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, թե «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն ուղղված էին, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը, Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն․ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցություններ սկսելու մասին Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարությունում: «2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում կարևոր դրույթ է ամրագրված՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը։ <…> Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել հարուստ սահմանազատման փորձով այլ երկրների հետ»։ Մոսկվան տրամադրված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով․ «Վստահ ենք, որ այդ համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր մարդասիրական և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»: Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս – Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում: «Պակաս կարևոր չէ,- հատկապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո,- որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշվում է հաղորդագրությունում։ Առավել մանրամասն՝ civilnet.am կայքում
10:55 - 06 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հայտնում է հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը ողջունել է պարոն Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը: «Ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը: Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հանգել կոնկրետ լուծումների: Ցանկանում եմ այս կապակցությամբ ասել հետևյալը. Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ: Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:Մեր փաստաթղթերում խոսվում է տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումն այսպիսին է, ի՞նչ ենք մենք առաջարկում. երկաթուղային կապերը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, պետք է վերականգնվեն և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապող, դրանք նույնպես պետք է վերականգնվեն: Մենք պատրաստ ենք գնալ այսպիսի լուծումների: Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, և շատ կարևոր է ընդգծել, որ համաձայն հունվարի 11-ի հայտարարության, և մենք այդ մասին բազմիցս ենք խոսել, պետք է նաև բանակցենք մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ: Դա այն է, ինչ ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի մեր հայտարարություններում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է, պատրաստ է, և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցերով կհաջողվի գալ կոնկրետ լուծումների: Մենք տրամադրված ենք կառուցողական»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար: «Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակում: Ցանկանում եմ նշել, որ գործընկերների, փոխվարչապետերի հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Անցկացրել ենք 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի: Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են: Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբոլիային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- նշել է Ալեքսեյ Օվերչուկը: 
21:55 - 05 նոյեմբերի, 2021
Մեծ պոտենցիալ` հայ-ռուսական գիտական համագործակցության ոլորտում. Փաշինյանն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին

Մեծ պոտենցիալ` հայ-ռուսական գիտական համագործակցության ոլորտում. Փաշինյանն ընդունել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Վարչապետը ողջունել է պարոն Սերգեևին և կարևորել Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ փոխգործակցություն ապահովելով երկու երկրների գիտական հանրույթների համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ գիտության ու կրթության ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում է. 2022 թվականի համար գիտության ոլորտին ուղղվող ֆինասնական միջոցներն ավելացվելու են 85 տոկոսով, ինչն այս ոլորտում կառավարության տեսլականի ապահովմանն ուղղված կարևոր  ցուցանիշ է։ Ալեքսանդր Սերգեևը նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի գիտնականների, գիտաշխատողների հետ համագործակցության ընդլայնմամբ՝ հավելելով, որ կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ են ընթանում: ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին հայ և ռուս գիտնականների միջև փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի վրա, հայ գիտնականներն իրենց զգալի ավանդն են ներդրել ոլորտի զարգացման գործում:  Ալեքսանդր Սերգեևը կարևորել է գիտական նոր մշակումների, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների կրթության ու որակավորման բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է գիտության ոլորտում հայ-ռուսական կապերի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և նշել, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ կաջակցի դրանց հաջող իրականացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գիտության ոլորտը ևս կարող է դառնալ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը:
15:26 - 05 նոյեմբերի, 2021
Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել |armenpress.am|

Հայաստանը մտադիր է իր արտադրած «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում արտահանել |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտահանման հարցը։ ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սերտ համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ արդեն ունենք վերջանական հաստատված և Հայաստանում արտադրված  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը: Քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց Քերոբյանը: Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եւ հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:
17:55 - 04 նոյեմբերի, 2021
ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակվում են շփումները ԱԳՆ, ՊՆ, սահմանապահ ծառայությունների մակարդակներով: «Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,-նշել է Զախարովան: Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձևաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»:
22:40 - 03 նոյեմբերի, 2021
Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում․ ՀՀ ԱԳ նախարար

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում․ ՀՀ ԱԳ նախարար

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: Այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել  է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։  Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով: Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։ Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար։ -Այս տարվա սեպտեմբերին՝ երկար դադարից հետո, Նյու Յորքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արդյո՞ք սա նշանկում է, որ խաղաղ գործընթացը վերսկվել է, ի՞նչ հեռանկարներ կան այս առումով:  Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։  Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:  Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ  կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։  -Արդյո՞ք Ֆրանսիան և ԱՄՆ այսօր որևէ իրական դերակատարութուն ունեն հակամարտության կարգավորման գործընթացում: Պատերազմից հետո ՄԽ-ի համանախագահող երկրների դիրքորոշման մեջ արդյո՞ք որևէ փոփոխութուն է նկատվում՝ համեմատ պատերազմից առաջ նրանց կողմից որդեգրված կեցվածքին։ -Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ 44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։  Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը: -Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել: -Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։  Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։ Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։  Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում:  -Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է ռազմական առումով սերտ համագործակցել ՌԴ-ի հետ և միևնույն ժամանակ բացվել դեպի Եվրոպա։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները արձանագրված են կառավարության ծրագրում։ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և մեր բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև  տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։ Միևնույն ժամանակ,  Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:  Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործացության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։ Արևելյան գործընկերությունը նույնպես համագործակցության շատ կարևոր և ամուր հարթակ է, և մենք շարունակում ենք մեր ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։  -Ի՞նչ զարգացում են ապրում Հայաստան-Իրան հարաբերությունները:  Մեր երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ:  Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ  ոլորտներում շահավետ համագործակցությունը։  Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն,  կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն  վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար: Ի՞նչ փուլում են հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ ընթացող բանակցությունները։ -Մեզ համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ: Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին: ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։  Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Նշեմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին։   -Ի՞նչ ակնկալիքներ ունենք հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման առումով:  Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային առնչությունների և բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ  հարաբերություններ։ Ֆրանսիայի հետ առկա է բարձրաստիճան քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որն ակտիվ է նաև օրենսդիր մարմինների և տեղական իշխանությունների մակարդակով։ Մեր երկու երկրների միջև  բազմաոլորտ համագործակցությունը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, իսկ պատերազմի հետևանքների և համաճարակի դիմակայման համատեքստում նաև՝ հումանիտար փոխաջակցությունը։   Ֆրանսիան առաջատարներից մեկն է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների առումով։ Հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն իր 20-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հայաստանյան շուկայում բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստող դարբնոցի հեղինակություն։     Ֆրանսիան առաջինն է, որ օրենքի ուժով ճանաչե է,  և Հայաստանի կողքին ապրիլի 24-ը որպես հիշատակի ազգային օր ոգեկոչող բացառիկ երկրներից է: Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ֆրանսիան թե' հասցեական հայտարարություններով, թե' պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերով ու համազգային բացառիկ համերաշխությամբ մշտապես մեր կողքին է եղել, որն, ի դեպ, արտացոլվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, ինչպես նաև շուրջ հարյուր շրջանների, դեպարտամենտների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման և արցախահայությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներում։ Օրեր առաջ էլ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող ընդարձակ հատվածներից մեկը, որտեղ տեղակայված են Կոմիտաս Վարդապետի արձանը և Երևանի այգին, անվանակոչվեց Հայաստանի էսպլանադ՝ ի նշան հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվարին փորձություններով լի այս ժամանակաշրջանում՝ ի նշան Ֆրանսիայի սատարման։  Ֆրանսիան որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին առանցքային  դերակատարում ոնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, և մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։ Ֆրանսիայի հետ մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել համագործակցության օրակարգը, ուստի կարող եմ ասել, որ այս հարցում հեռանկարները հստակ են, քանի որ միջպետական ամենաբարձր մակարդակով առկա է մեր ակնկալիքների և պատրաստակամության լիարժեք փոխադարձություն։
18:26 - 03 նոյեմբերի, 2021
Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը

Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, կայցելի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելություն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
16:21 - 03 նոյեմբերի, 2021
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։ Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։
13:17 - 03 նոյեմբերի, 2021
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը |armenpress.am|

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը: Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:      Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ: Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը:  
19:47 - 02 նոյեմբերի, 2021