Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ․ Տեղեկատվական շտաբ

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ․ Տեղեկատվական շտաբ

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:   Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:   Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:  
09:17 - 13 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։   Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։   Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։ ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։   Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
12:49 - 12 սեպտեմբերի, 2022
Ընդդիմությունը «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկում է անում |tert.am|

Ընդդիմությունը «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկում է անում |tert.am|

tert.am: Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Մենք Հայաստանի առաջնային օրակարգերով, բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու քննարկումներ։ Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ, մանրամասնորեն առաջարկվելու են լուծումներ, ոչ թե լինելու են քննարկման իմիտացիաներ։ Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»,- ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ վերը նշված հարցերի քննարկման նպատակով հրավիրել են համաժողով՝ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ։
11:22 - 12 սեպտեմբերի, 2022
Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|

Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, պաշտպանության նախարարի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցությունը կայացել է պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերի,  զորամիավորումների և միավորումների հրամանատարների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար հայտնում է հայկական կողմից կրակոցների մասին, իսկ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն հերքում են դրանք։
19:01 - 10 սեպտեմբերի, 2022
Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Դավիթ Բաբայան. - Արցախը չի կարող լինել այդ խաղաղության պայմանագրի գինը, եթե չի լինում Արցախը, այնուհետև շատ-շատ վատ բաներ են տեղի ունենում, դրա համար ինքը այդ պայմանագրի մեջ...., բնական է, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակներից մեկը դա է, որ մենք ինքներս ճանաչենք Ադրբեջանի մաս: Դրանով կբարոյազրկվենք, դրանով կկորցնենք մեր սկզբունքայնությունը, դրանով կվերածվենք օբյեկտի և ավելի վատ կարգավիճակ կստանանք, իսկ այս իրավիճակում և այսպիսի տարածաշրջանում պատկերացնում եք` ինչ է լինում նման երկրների հետ: «Ազատություն». - Դուք նկատի ունեք, որ եթե կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և Արցախի մասին հիշատակում չլինի այնտեղ: Բաբայան. - Արցախը չպետք է մտնի այդ տարածքային ամբողջականության մեջ, չգիտեմ՝ ոնց է դա ձևակերպվելու, այսինքն ձևեր կան, դա արդեն տեխնիկական խնդիր է: Սկզբունքայինը պետք է այն լինի, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, թե չէ իսկապես ես նույնիսկ չեմ պատկերացնում դրանից հետո մենք ինքներս մեզ ինչ պետք է կոչենք: «Ազատություն». - Պարոն Բաբայան, դրա տարբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, հարցի առկախումը, բայց դա որքանո՞վ է կայուն, ասենք, գրվում է, որ 5-10 տարի չենք անդրադառնալու կարգավիճակին, մինչև ժողովուրդները տրամադրվեն հաշտության, համակեցության: Բաբայան. - Անկախ ամեն ինչից, նախևառաջ չպետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, սա կատաստրոֆա է լինելու, սա նախևառաջ Հայաստանի Հանրապետության համար մահվան դատավճիռ է լինելու որպես պետություն, սա ճեղքելու է հայոց միասնականությունը՝ առանց այն էլ խարխլված՝ սփյուռք, Արցախ, մայր Հայաստան: Սա բերելու է անկանխատեսելի զարգացումների: Սկզբունքային պետք է լինենք: Ի՞նչ է, Թուրքիան ծանր վիճակում չէ՞ր 1920-21 թվականներին, թե՞ Ադրբեջանը ծանր վիճակում չէր 1994 թվականին, թե՞ շատ ու շատ այլ երկրներ ծանր իրավիճակում չէին և կարողացել են հաղթահարել այդ ամենը: Հաղթահարում ես, երբ ունես հստակ սկզբունքային մոտեցում, երբ գիտես՝ սա է քո ճակատագիրը և դու պետք է ըստ այդմ շարժվես, որովհետև այլ տարբերակ մենք չունենք: «Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք տեսնում արցախցիների իրավունքների ամրագրումը, այսինքն, դա ի՞նչ է նշանակում, որ հիմա Երևանն անընդհատ ասում է՝ էդտեղից սկսենք և կբխի կարգավիճակը: Բաբայան. - Արցախցիների իրավունքները և այլն, իհարկե, սա լավ տերմինաբանություն է, բայց ոչ այս հակամարտության համար, որովհետև Արցախն ինքը ինչ-որ մի ամորֆ հասկացություն չէ, սա ինչ-որ մի անհասկանալի ժողովուրդ չէ, պետություն կա, 30 տարի այդ պետականությունը զարգացել է: Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ համակենտրոնացման ճամբարներում այդ խեղճ ու կրակ մարդիկ իրավունքներ և ազատություններ չունեի՞ն, իհարկե ունեին, նրանք ունեին իրավունք, ասենք, օրը 20 րոպե քնել և ազատ էին այդ քնի ժամանակ ինչ երազ ուզում էին տեսնել: Իսկ ի՞նչ է դա տալիս, այսինքն, մենք պետություն ենք, մենք մեր իրավունքները և անքակտելի իրավունքները, նույն ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամ իրականացրել ենք: «Ազատություն». - Ձեզ հաճախ քննադատում են, որ իրատես չեք, երբ խոսում եք անկախության մասին: Բաբայան. - Իսկ ի՞նչ է նշանակում՝ իրատես չենք: Ընդհակառակը՝ մենք ամենաիրատեսն ենք, իսկ ո՞վ է ասել, որ դա հեշտ գործընթաց է, ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ դժբախտաբար, Արցախի պարագայում գերակշռող են աշխարհաքաղաքական հաշվարկները, ոչ թե որ մենք արժանի չենք անկախության պատմական, իրավական, բարոյական տեսակետից: Ոչ, մենք ոչ մի բանով չենք զիջում Կոսովոյին, մնացած երկրներին, բայց երբեք չենք խաբում, ասում ենք՝ «ժողովուրդ ջան, սա բարդ է, բայց միանգամայն իրատեսական է»: Հիմա ի՞նչ անենք, հանձնվե՞նք: «Ազատություն». - Պաշտպանության բանակն Արցախից դուրս բերելու պահանջ է հնչեցնում Ադրբեջանը նաև նոյեմբերյան փաստաթուղթը վկայակոչելով, Դուք Հայաստանի վարչապետի հետ համաձա՞յն եք, որ եթե ռուսական կողմը և Բաքուն ստանձնեն պարտավորություն, որ շփման գծում լարում չի լինելու, կարելի է և հրաժարվել Արցախի զինուժի մարտական հերթափոխից: Բաբայան. - Հիմա եթե Բաքուն պատրաստ է չկրակել կամ չհարձակվել, Պաշտպանության բանակն իրեն ի՞նչ վնաս է տալիս, ի՞նչ վտանգ է ներկայացնում, դրա համար դա կոչվում է Պաշտպանության բանակ, հիմա մենք ի՞նչ անենք, զինաթափվենք և սպասենք, տեսնենք՝ Ադրբեջանը բա որ մի օր հարձակվե՞ց, ունե՞նք այդ վախի համար համապատասխան հիմքեր, իհարկե, ունենք: «Ազատություն». - Մինսկի խմբի ամերիկացի և ռուսաստանցի համանախագահներն են տարածաշրջանում, նրանք Լեռնային Ղարաբաղ գալո՞ւ են: Բաբայան. - Այս անգամ չեն գալու, ինչքան ես տեղյակ եմ, չնայած, որ Մինսկի խումբը զբաղվում է նաև այս հարցերով ու պետք է իրենք գան, սա իրենց աշխատանքի մի մասն է: «Ազատություն». - Պարոն Բաբայան, Հայաստանի տարածքո՞ւմ էլ հանդիպումներ նախատեսված չեն: Բաբայան. - Հուսով եմ, որ մի օր այդ հանդիպումները կլինեն Արցախում, եթե մինչ այդ միջանկյալ տարբերակ գտնվի Երևանում, պետք է քննարկել, բայց պետք է դա:
16:09 - 10 սեպտեմբերի, 2022
Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից։ «Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները: Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը: Ըստ այդմ, նա շեշտադրել է Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ: Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ»։
13:16 - 10 սեպտեմբերի, 2022
Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի տեղեկություններ

Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի տեղեկություններ

Պետական դավաճանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարվել է։ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում․   «2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977 թ. ծնված, Արցախի քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022 թթ. ընթացքում նրանց հրավերով և ֆինանսական միջոցներով մեկնել է արտերկրի տարբեր քաղաքներ և հանդիպումներ ունենալով իր հետ կապ հաստատած օգտատիրոջ և վերջինիս վերադասի հետ, ամենամսյա կոնկրետ վարձատրության առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերել նրանց կողմից նվիրած Iphone 11 մոդելի բջջային հեռախոսի և դրանում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով, Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայություններին փոխանցել իրենց կողմից պահանջվող տեղեկությունները։ Որից հետո, մինչ նրա բացահայտվելը, թանկարժեք նվերների և ամենամսյա համապատասխան վարձատրության դիմաց իր հետ կապ հաստատած Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչին է տրամադրել վերջինիս կողմից պահանջված Արցախի պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի և այլ կարգի տեղեկություններ։   Բավարար ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Ա.Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավել և նրան մեղադրանք առաջադրել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության՝ լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու, Արցախի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու, կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար։   Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել էր։   Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն 2022 թ. սեպտեմբերի 9-ին ավարտվել, և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին», - ասված է հաղորդագրության մեջ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02 - 09 սեպտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։    Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44֊օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և այդ անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների շարունակական, համակարգային և լայնածավալ խախտումների համար։   Պաշտպանը ներկայացրել է հրադադարի հաստատմանը հաջորդած 22 ամիսների ընթացքում արձանագրված ադրբեջանական հանցավոր գործողությունները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով Արցախում ամենատարրական՝ կյանքի իրավունքի ապահովման սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը որպես գործիք՝ իր անօրինական պահանջների իրականացման համար։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ ադրբեջանական այս քաղաքականությունը հիմնված է հայերի նկատմամբ էթնիկ ատելության վրա և նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկելու ու հայաթափելու Արցախը։   Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։ Հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է կամ հրաժարվելով կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի երաշխավոր։   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։   Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով իր հայրենիքում՝ Արցախում, անվտանգ ապրելու հայերի իրավունքին, նշել է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է։   Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը, իսկ ՄԻՊ֊ը կոչ է արել առավել ակտիվ և հասցեական գործողություններով ու հայտարարություններով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունն ու պարբերաբար կրկնող ագրեսիաները։   Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
11:44 - 09 սեպտեմբերի, 2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու համար

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից։  Արձանագրություն 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների վերաբերյալ։      Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել: Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար, Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար, Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին:
20:16 - 08 սեպտեմբերի, 2022