Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|
16:09 - 10 սեպտեմբերի, 2022

Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագրի գինը չի կարող Արցախը լինել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Դավիթ Բաբայան. - Արցախը չի կարող լինել այդ խաղաղության պայմանագրի գինը, եթե չի լինում Արցախը, այնուհետև շատ-շատ վատ բաներ են տեղի ունենում, դրա համար ինքը այդ պայմանագրի մեջ...., բնական է, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակներից մեկը դա է, որ մենք ինքներս ճանաչենք Ադրբեջանի մաս: Դրանով կբարոյազրկվենք, դրանով կկորցնենք մեր սկզբունքայնությունը, դրանով կվերածվենք օբյեկտի և ավելի վատ կարգավիճակ կստանանք, իսկ այս իրավիճակում և այսպիսի տարածաշրջանում պատկերացնում եք` ինչ է լինում նման երկրների հետ:

«Ազատություն». - Դուք նկատի ունեք, որ եթե կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և Արցախի մասին հիշատակում չլինի այնտեղ:

Բաբայան. - Արցախը չպետք է մտնի այդ տարածքային ամբողջականության մեջ, չգիտեմ՝ ոնց է դա ձևակերպվելու, այսինքն ձևեր կան, դա արդեն տեխնիկական խնդիր է: Սկզբունքայինը պետք է այն լինի, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, թե չէ իսկապես ես նույնիսկ չեմ պատկերացնում դրանից հետո մենք ինքներս մեզ ինչ պետք է կոչենք:

«Ազատություն». - Պարոն Բաբայան, դրա տարբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, հարցի առկախումը, բայց դա որքանո՞վ է կայուն, ասենք, գրվում է, որ 5-10 տարի չենք անդրադառնալու կարգավիճակին, մինչև ժողովուրդները տրամադրվեն հաշտության, համակեցության:

Բաբայան. - Անկախ ամեն ինչից, նախևառաջ չպետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, սա կատաստրոֆա է լինելու, սա նախևառաջ Հայաստանի Հանրապետության համար մահվան դատավճիռ է լինելու որպես պետություն, սա ճեղքելու է հայոց միասնականությունը՝ առանց այն էլ խարխլված՝ սփյուռք, Արցախ, մայր Հայաստան: Սա բերելու է անկանխատեսելի զարգացումների: Սկզբունքային պետք է լինենք: Ի՞նչ է, Թուրքիան ծանր վիճակում չէ՞ր 1920-21 թվականներին, թե՞ Ադրբեջանը ծանր վիճակում չէր 1994 թվականին, թե՞ շատ ու շատ այլ երկրներ ծանր իրավիճակում չէին և կարողացել են հաղթահարել այդ ամենը: Հաղթահարում ես, երբ ունես հստակ սկզբունքային մոտեցում, երբ գիտես՝ սա է քո ճակատագիրը և դու պետք է ըստ այդմ շարժվես, որովհետև այլ տարբերակ մենք չունենք:

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք տեսնում արցախցիների իրավունքների ամրագրումը, այսինքն, դա ի՞նչ է նշանակում, որ հիմա Երևանն անընդհատ ասում է՝ էդտեղից սկսենք և կբխի կարգավիճակը:

Բաբայան. - Արցախցիների իրավունքները և այլն, իհարկե, սա լավ տերմինաբանություն է, բայց ոչ այս հակամարտության համար, որովհետև Արցախն ինքը ինչ-որ մի ամորֆ հասկացություն չէ, սա ինչ-որ մի անհասկանալի ժողովուրդ չէ, պետություն կա, 30 տարի այդ պետականությունը զարգացել է: Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ համակենտրոնացման ճամբարներում այդ խեղճ ու կրակ մարդիկ իրավունքներ և ազատություններ չունեի՞ն, իհարկե ունեին, նրանք ունեին իրավունք, ասենք, օրը 20 րոպե քնել և ազատ էին այդ քնի ժամանակ ինչ երազ ուզում էին տեսնել: Իսկ ի՞նչ է դա տալիս, այսինքն, մենք պետություն ենք, մենք մեր իրավունքները և անքակտելի իրավունքները, նույն ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամ իրականացրել ենք:

«Ազատություն». - Ձեզ հաճախ քննադատում են, որ իրատես չեք, երբ խոսում եք անկախության մասին:

Բաբայան. - Իսկ ի՞նչ է նշանակում՝ իրատես չենք: Ընդհակառակը՝ մենք ամենաիրատեսն ենք, իսկ ո՞վ է ասել, որ դա հեշտ գործընթաց է, ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ դժբախտաբար, Արցախի պարագայում գերակշռող են աշխարհաքաղաքական հաշվարկները, ոչ թե որ մենք արժանի չենք անկախության պատմական, իրավական, բարոյական տեսակետից: Ոչ, մենք ոչ մի բանով չենք զիջում Կոսովոյին, մնացած երկրներին, բայց երբեք չենք խաբում, ասում ենք՝ «ժողովուրդ ջան, սա բարդ է, բայց միանգամայն իրատեսական է»: Հիմա ի՞նչ անենք, հանձնվե՞նք:

«Ազատություն». - Պաշտպանության բանակն Արցախից դուրս բերելու պահանջ է հնչեցնում Ադրբեջանը նաև նոյեմբերյան փաստաթուղթը վկայակոչելով, Դուք Հայաստանի վարչապետի հետ համաձա՞յն եք, որ եթե ռուսական կողմը և Բաքուն ստանձնեն պարտավորություն, որ շփման գծում լարում չի լինելու, կարելի է և հրաժարվել Արցախի զինուժի մարտական հերթափոխից:

Բաբայան. - Հիմա եթե Բաքուն պատրաստ է չկրակել կամ չհարձակվել, Պաշտպանության բանակն իրեն ի՞նչ վնաս է տալիս, ի՞նչ վտանգ է ներկայացնում, դրա համար դա կոչվում է Պաշտպանության բանակ, հիմա մենք ի՞նչ անենք, զինաթափվենք և սպասենք, տեսնենք՝ Ադրբեջանը բա որ մի օր հարձակվե՞ց, ունե՞նք այդ վախի համար համապատասխան հիմքեր, իհարկե, ունենք:

«Ազատություն». - Մինսկի խմբի ամերիկացի և ռուսաստանցի համանախագահներն են տարածաշրջանում, նրանք Լեռնային Ղարաբաղ գալո՞ւ են:

Բաբայան. - Այս անգամ չեն գալու, ինչքան ես տեղյակ եմ, չնայած, որ Մինսկի խումբը զբաղվում է նաև այս հարցերով ու պետք է իրենք գան, սա իրենց աշխատանքի մի մասն է:

«Ազատություն». - Պարոն Բաբայան, Հայաստանի տարածքո՞ւմ էլ հանդիպումներ նախատեսված չեն:

Բաբայան. - Հուսով եմ, որ մի օր այդ հանդիպումները կլինեն Արցախում, եթե մինչ այդ միջանկյալ տարբերակ գտնվի Երևանում, պետք է քննարկել, բայց պետք է դա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել