ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:   Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն,  ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: «Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ  իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն  ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը,   ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:    Մասնավորապես իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում: 
11:01 - 22 հունվարի, 2021
ՏՄՊՊՀ լիազորությունները կարող են ընդլայնվել. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

ՏՄՊՊՀ լիազորությունները կարող են ընդլայնվել. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենքում և կից ներկայացված օրենքներում լրացումների, փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց, որ տնտեսական մրցակցության ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է մոտ 20 տարի առաջ, ենթարկվել է տարբեր փոփոխությունների, սակայն դրանում առկա են մի շարք բացեր:  «Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներն իրենց բնույթով միանգամյա են՝ իրավախախտման վարույթ, համակենտրոնացման, գնահատման վարույթ, եզրակացությունների տրամադրման վարույթ: Իրականացվում են նույն գործընթացով, սակայն դրանք էական տարբերություններ ունեն: Սույն նախագծով փորձ է կատարվում լուծել խնդիրները թե՛ հանձնաժողովի, թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար: Իրավախախտման վերաբերյալ վարույթներում տարբերակված չեն վարույթի մասնակիցները, նրանց իրավունքներն ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսված չեն իրավախախտման վարույթ հարուցելու առիթները, նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգերը և այլն»,- ասաց Գևորգյանը՝ հայտնելով, որ եթե օրենքն ընդունվի, ապա այսուհետև հնարավորություն կունենան նաև նախնական վարույթ իրականացնել և առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթ:
12:44 - 19 հունվարի, 2021
Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

hamakarg.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը խոսեց ՏՄՊՊՀ առաքելության մասին։ Ստորև կարդացեք, թե ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունն իրենց կանոնադրության մեջ (մեջբերում կայքից), այնուհետև դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը։   ՏՄՊՊՀ առաքելությունը եւ նպատակները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Հանձնաժողովի հիմնական առաքելությունը մրցակցային շուկաների պաշտպանությունն ու խրախուսումն է:
12:49 - 16 հունվարի, 2021
ՏՄՊՊՀ-ն «Լենովո»-ին պատասխանատվության է ենթարկել անբարեխիղճ մրցակցության համար

ՏՄՊՊՀ-ն «Լենովո»-ին պատասխանատվության է ենթարկել անբարեխիղճ մրցակցության համար

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել: Ինչպես տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաև կամայականության դրսևորումը:  Վարույթի քննությամբ պարզվել է, որ «Լենովո» ընկերությունը, հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրելու ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև նպատակ ունենալով կրճատելու այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծող տնտեսվարող սուբյեկտների քանակը, արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել և օգտագործել հայտարարագրով ձևակերպված ապրանքները:   «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերությանը հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ սահմանելով «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը թույլատրելու գործընթացի վերաբերյալ անաչառ, ողջամիտ և ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված, իրավաչափ նպատակ հետապնդող պայմաններ, որոնց բացակայնության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կանգնում են զգալի ֆինանսական կորուստներ կրելու, ինչպես նաև շուկայից դուրս մղվելու ռիսկի առաջ: Հանձնաժողովի որոշմանը կարելի է ծանոթանալ այստեղ։
22:31 - 29 դեկտեմբերի, 2020
Նարնջի, մանդարինի, կիվիի եւ կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել․ ՏՄՊՊՀ

Նարնջի, մանդարինի, կիվիի եւ կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել․ ՏՄՊՊՀ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նարնջի, մանդարինի, կիվիի եւ կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել։ Այս մասին հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։  «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ս.թ. փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով: Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման»։
14:41 - 29 դեկտեմբերի, 2020
Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկա» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկա» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելուն վերաբերող որոշման, ըստ որի տուգանք է կիրառվել մի շարք ընկերությունների՝ այդ թվում նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ։ Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, ավելի քան 20 տարի գործունեություն ծավալելով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում, մշտապես առաջնորդվել է ՀՀ-ում գործող օրենքների պահանջներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործողությունները որակվել են որպես «հակամրցակցային համաձայնություն», համարում ենք անհիմն ու հայտարարում, որ ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել որևէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ։ Ուստի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն պատրաստվում է բողոքարկել նշված որոշման իրավաչափությունը՝ իր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով»: Ավելի վաղ նշվել էր, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։
14:13 - 29 դեկտեմբերի, 2020
Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել. ՏՄՊՊՀ

Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։ «Մասնավորապես, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։ Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ բարձրացման մասով։ Նշենք նաև, որ ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։ Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- նշված է հայտարարության մեջ։
18:29 - 28 դեկտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսվարողներին ստորացնելու և խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ. գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հրապարակվել են դեռևս 2020 թվականի մայիսի 5-ին՝ e-draft.am կայքէջում: «Ավելի քան մեկ ամիս նախագծերը քննարկվել են ոլորտի շահագրգիռ պետական, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Օրենքի նախագծով ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնք նպատակաուղղված են ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Այդ թվում՝ նախատեսվում է ներդնել •Պարզեցված կարգով համակենտրոնացումների թույլատրման ինստիտուտ, •Տուգանքների մեղմման մեխանիզմ: •Ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ փաստաթղթաշրջանառության վարում, տեղկատվության հավաքագրում, ինչը կհանգեցնի թե փաստաթղթաշրջանառության և թե ժամանակի էական կրճատման: Ընդ որում նվազագույնի կհասցվի նաև տնտեսվարողների հետ վարույթի շրջանակներում շփման ծավալը: Ինչ վերաբերում է Հանձնաժողովի՝ ապացույցներ ձեռք բերելու իրավասությունների և ստուգումների իրականացման մեխանիզմների հարցին, ապա այդ գործիքակազմը գերազանցապես նպատակաուղղված է փոքր տնտեսվարողներին գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողների հետ մրցակցային պայմաններում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Ընդ որում այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ և ԵԱՏՄ գործընկերների, Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ամրագրվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» խորագրով 2019 թվականի զեկույցում (UNCTAD Ivestment policy review of Armenia, 2019) , Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018 թվականին կազմված «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ վերտառությամբ հուշագիր-զեկույցում: Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ԱԺ-ում իրենց ընտրության ժամանակ հնչեցված ծրագրային ելույթներում անդրադարձել են ՏՄՊՊՀ-ի ստուգումների լիազորությունների ավելացման անհրաժեշտությանը: Փաստենք, որ Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները ևս  տարբեր տարիներին անդրադարձել են այդ խնդրին և առաջարկել են  բարեփոխել»,- ասված է պարզաբանման մեջ:
22:41 - 18 դեկտեմբերի, 2020
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս. թ. սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաև այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու և գնահատելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաև այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան: Հանձնաժողովի կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ և գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։ Բացի այդ, Հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն: Գնային բարձրացումներ հայտնաբերելու դեպքում իրականացվել են մանրամասն ուսումնասիրություններ, օպերատիվ կարգով տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել են հիմնավորումներ և բացատրություններ, իրականացվել են համապատասխան հաշվարկներ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի դիտանցում։ Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում մասնավորապես  արձանագրել էր, որ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 %-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:  Ուսումնասիրությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:41 - 30 նոյեմբերի, 2020
ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են |armenpress.am|

ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում:  Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի վճարովի թեստերի գներն արդարացված են: Գևորգյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող: «Չկա այստեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, կան փոքր քանակի ծառայություն մատուցող սուբյեկտներ, որոնք գնի ձևավորման մեջ մի շարք հանգամանքներ կարող են պնդել և մտցնել»,-ասաց նա: ՏՄՊՊՀ-ն նաև համեմատական է տարել մի շարք երկրների հետ՝ և հարևան, և այլ: «Հայաստանում էականորեն ավելի էժան են կորոնավիրուսի թեստի գները»,-ասաց Գևորգյանն ու հավելեց, որ փաստն է արձանագրում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Քննարկվել էին թեստավորման նկատմամբ ներկայումս բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմեր առավելագույնը 15.000 դրամ: Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:
17:50 - 03 նոյեմբերի, 2020
Գեղամ Գևորգյանը ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի ընթացքում աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

Գեղամ Գևորգյանը ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի ընթացքում աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով հանդես եկել «Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքների և կանոնների ներքո հիմնարար քաղաքականության և գործընթացների ընդունման» թեմայով նիստին:Իր ելույթի ընթացքում Գեղամ Գևորգյանը, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ համալիր կանոններն ու ընթացակարգը վերանայելու նպատակով։ Այն զարգացած և զարգացող երկրների մրցակցության և սպառողների պաշտպանության մարմինների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների համար համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հարթակ է, մրցակցության և սպառողների պաշտպանության հարցերով բարձր մակարդակի հանդիպում, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային հանրությանը շարունակելու բարձրացնել սպառողների բարեկեցության մակարդակը մրցակցային շուկաներում։
19:51 - 23 հոկտեմբերի, 2020
COVID-19-ի ախտորոշման թեստավորման գինը կնվազի. ՏՄՊՊՀ

COVID-19-ի ախտորոշման թեստավորման գինը կնվազի. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ: Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն: Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում նշված ընկերություններին համագործակցության համար:
17:29 - 23 հոկտեմբերի, 2020
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ

Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։ Ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և  դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։ Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց որոշ առևտրային ցանցերում արձանագրված գնային բարձրացումների հիման վրա Հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ և  համապատասխան գրություններով դիմել  է տնտեսվարող սուբյեկտներին՝ գնային բարձրացումների հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։  Մասնավորապես, Հանձաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ կիլոգրամով վաճառվող շարքավազի գինը հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 328 դրամ/կգ, կարագինը՝ 3500-4130 դրամ/կգ (կախված ապրանքանիշից), արևածաղկի ձեթինը՝ 740-790 դրամ/լիտր (կախված ապրանքանիշից), ալյուրինը՝ 245 -285 դրամ/կգ։ Միաժամանակ Հանձնաժողովի կողմից ընթացիկ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բարձրացել են նաև վերոնշյալ ապրանքների կամ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման գները, ինչպես նաև իրացման գներն այն երկրներում, որտեղից առավելապես ներկրվում են այդ ապրանքները։ Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։  Առավել մանրամասն ներկայացնում ենք «Երևան Սիթի» և «Նոր-Զովք» առևտրի կետերում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի գները՝  հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ:  «Երևան Սիթի» առևտրի կետում մի շարք ապրանքատեսակների իրացման գների դիտանցման վերաբերյալ«Նոր-Զովք» առևտրի կետում մի շարք ապրանքատեսակների իրացման գների դիտանցման վերաբերյալ
13:27 - 23 հոկտեմբերի, 2020
Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Այս մասին հայտնել է Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է,  ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում  է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ»:
13:38 - 19 հոկտեմբերի, 2020