Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկա» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը
14:13 - 29 դեկտեմբերի, 2020

Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկա» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելուն վերաբերող որոշման, ըստ որի տուգանք է կիրառվել մի շարք ընկերությունների՝ այդ թվում նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ։

Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, ավելի քան 20 տարի գործունեություն ծավալելով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում, մշտապես առաջնորդվել է ՀՀ-ում գործող օրենքների պահանջներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործողությունները որակվել են որպես «հակամրցակցային համաձայնություն», համարում ենք անհիմն ու հայտարարում, որ ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել որևէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ։ Ուստի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն պատրաստվում է բողոքարկել նշված որոշման իրավաչափությունը՝ իր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով»:

Ավելի վաղ նշվել էր, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել