Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) արտաքին գործերի նախարար. 4) գյուղատնտեսության նախարար. 5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 8) քաղաքաշինության նախարար. 9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝  պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի, ջրային կոմիտեի նախագահի:
12:41 - 04 նոյեմբերի, 2022
ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ

 |armenpress.am|

ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ:  Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը: Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը՝ ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս: Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը: Ծրագրի շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։  Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում:    
11:05 - 04 նոյեմբերի, 2022
Արցախի ԱԺ-ն Գերագույն դատարան է դիմել Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով

Արցախի ԱԺ-ն Գերագույն դատարան է դիմել Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով

 Արցախի Ազգային ժողովի նոյեմբերի 3-ին գումարված հերթական նիստում որոշվել է դիմել երկրի Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Սահմանադրությանը համապատասխանությունը  որոշելու հարցով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։ Հաղորդագրության մեջ նշված է«Նախագծի վերաբերյալ  նախատեսված գրավոր  առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր  մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ը: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը  տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ԱԺ գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը  նախագծի վերաբերյալ դրական էր: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.  «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»: Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով: Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»:
20:03 - 03 նոյեմբերի, 2022
Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը: Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»: Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»: Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»: «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը: Շարունակությունը azatutyun.am- ում  
16:25 - 03 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները քիչ չեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում, կլինի արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների Արցախին առնչվող մասով, թե տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր վիճակում Արցախի և Հայաստանի կառավարությունները, իշխանությունները արդյունավետ փոխգործակցություն ունենան։ Մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում եմ, որոնց մասին միշտ բաց, անկեղծորեն ներկայացնում եմ․ մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, բայց սա արդեն աշխատանքային միջավայրի հարց է, չէի ուզի շատ հրապարակային ներկայացնել»։  Պետնախարարի խոսքով՝ արտաքին քաղաքական մասով իր դիրքորոշումները հրապարակային անընդհատ ներկայացրել է. «Ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳՆ-ի, ԱԺ-ի կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ և ես էլ նույն կերպ եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ իհարկե կան որոշ գործընկերների հետ»,-ասաց Բեգլարյանը։ 
14:09 - 03 նոյեմբերի, 2022
Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ հենց Սոչիում առաջարկել են, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։  «Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է։ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար․ «Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, թե ինչումն է նորությունը․ «Նորությունը հետևյալն է․ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չի կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Մեր առաջարկը այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որը ինչ-որ առումով դառնում է օրակարգային, և ես լիարժեք համաձայն եմ, և կարծում եմ՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման»։ ՀՀ վարչապետի խոսքով՝ քանի որ հարցը շատ շերտեր ունի, և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ինքն ուզում եմ ասել․ «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո, ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա»։ «Եվ շատ ուրախ եմ արձնագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված։ Եվ մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:34 - 02 նոյեմբերի, 2022
ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Սոչիի եռակող հանդիպմանը։ Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման արդյունքում կարող է արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։  «Կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով որքանով է Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ Սոչիից առաջ այդ հարցի պատասխանը չկար։ Հիմա հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե որքանով է մեր քաղաքականությունը համապատասպանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ կա քննարկում, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասված, ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, կարող եմ ներկայացնել, թե ինչու, որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ որոշակի առումով կարող էր լինել էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են՝ ինչում է նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Տեղյակ եք, որ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Ընդ որում՝ մենք շատ քննադատվել ենք դրա համար, բայց մինչ այժմ չենք կարողացել բացահայտել՝ ինչու ենք այդպես վարվում։ Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ էն ժամանակ քննադատում էին մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար»։ Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակային խոստացել էր, եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել են, որ հենց Սոչիի եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկների, բայց նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։
11:26 - 02 նոյեմբերի, 2022
ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

ԵԽ պատգամավորները հայտնել են արցախահայությանը սատարելու պատրաստակամություն. նրանց ընդունել է Արցախի ԱԺ նախագահը

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնիին, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։   Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։   Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։
22:51 - 01 նոյեմբերի, 2022
«Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

«Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաեւ՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին: Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել եւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:
16:34 - 01 նոյեմբերի, 2022
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
 |armenpress.am|

Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր: «Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել: «Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: 
14:58 - 01 նոյեմբերի, 2022
Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

1lurer.am: Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ «Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն դերի համար, որ Դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը մեր առաջին հանդիպումը չէ, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և ես տեսնում եմ, որ դրանք դրական խթան են եղել կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։ Ալիևն անդրադարձել է նաև բուն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: «Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և, կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մի ձևաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։  Մենք անհամբեր սպասում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի շարունակական ակտիվ դերակատարմանը՝ այդ նպատակներին հասնելու գործում»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
19:53 - 31 հոկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ կապված հարցեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելն է, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: ՌԴ նախագահը նշել է, որ երկարատև դիմակայությանն անհրաժեշտ է վերջ տալ:  «Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչ-որ պահի դրան վերջ տալ: Համաձայն ե՞ք սրա հետ: Ես գիտեմ, որ Դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք մշտապես դա հաստատում ենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը: ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում առանցքային հարցերում որոշակիություն մտցնելու կարևորությունը, ինչը կօգնի առաջ շարժվել:
16:28 - 31 հոկտեմբերի, 2022
Երևանի համար ընդունելի են ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները․ Փաշինյանը՝ Պուտինին |armenpress.am|

Երևանի համար ընդունելի են ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները․ Փաշինյանը՝ Պուտինին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում ենՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցով ռուսական նախագծով: «Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին՝ ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները,  որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ ՌԴ առաջնորդը կաջակցի, որպեսզի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  հանդիպման արդյունքներով հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում հղում արվի այդ փաստաթղթին: «Հայաստանն այդ առաջարկն արել է, սակայն մինչ այս պահը մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը կպաշտպանի այդ առաջարկը: Դա ոչ մի կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին: Ընդ որում, Պրահայի բանակցությունների ժամանակ ես կենտրոնացել եմ  Լեռնային Ղարաբաղի հարցով Ձեր՝ նաև հրապարակային արված հայտարարությունների վրա»,- ասել է Փաշինյանը:
16:16 - 31 հոկտեմբերի, 2022
Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը ՀՀ անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է․ «Հայրենիք» կուսակցություն

Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը ՀՀ անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է․ «Հայրենիք» կուսակցություն

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանն արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը։ Հայտարարության մեջ ասված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը հայկական երկու պետությունների և մեր ազգի երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից ունի չափազանց կարևոր նշանակություն։ Հաշվի առնելով, որ հայտարարության մեջ արտահայտված է Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, այսինքն, ըստ էության, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը,  միջազգային հանրության անդամ բոլոր դերակատարները Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ ընդունեն՝ • Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը, • Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր արցախցիները հոկտեմբերի 30-ի հայտարարությանը հաղորդել են բացառիկ լեգիտիմություն և ժողովրդականություն, ինչի արդյունքում և հայտարարության տեքստին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի և չի կարող ունենալ հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման միջազգային ճանաչման համար պայքարելու համահայկական առաքելությունից։ «Հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ ամրագրված սկզբունքներին և դրանք համարելով համահայկական գերակա ու անանց արժեքներ, հայտարարում է՝ •Մենք շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը, •Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածների համար գոյութենաբանական և նաև պատվի խնդիր, ուստի վեր է կուսակցական կամ քաղաքական դաշտում առկա ցանկացած տարբերությունից, ինչի գիտակցումն էլ բոլոր առողջ ազգային ուժերին պետք է մղի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության և հետագա հզոր գոյության վերկուսակցական սկզբունքային պայքարի»։  
15:09 - 31 հոկտեմբերի, 2022