ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է երեկ՝ դեկտեմբերի 20-ին կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։ Միրզոյանը նաև հավելել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում:  ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:41 - 21 դեկտեմբերի, 2022
Չինաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի |armenpress.am|

Չինաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք հույս ունեք, որ Ռուսաստանի և այլ մտահոգ կողմերի միջնորդությամբ Հայստանի և Ադրբեջանի միջև վեճը Լաչինի միջանցքի շուրջ կհանգուցալուծվի հնարավոինս արագ։ Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և համատեղ անվտանգության, համագործակցության հասնելը համապատասխանում է նրանց շահերին»,- ասաց նա։ Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։ «Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։
09:39 - 21 դեկտեմբերի, 2022
Գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը. Բեգլարյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը. Բեգլարյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Քիչ առաջ ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։  «Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:  Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ: Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»,- գրել է Բեգլարյանը։ 
03:44 - 21 դեկտեմբերի, 2022
Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին |armenpress.am|

Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, երեխաները բաժանվել են իրենց ծնողներից, ընտանիքներից, առողջապահական և սոցիալական ծառայությունների տրամադրումը խաթարվել է՝ բերելով կյանքին սպառնացող իրավիճակների: Մարգարյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից մի քանի օր Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որն ազդել է դպրոցների գործունեության վրա՝ երեխաներին զրկելով կրթության իրավունքից: «Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:   Բնապահպանական մտահոգություններին ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու ԼՂ աղգաբնակչությանը գոյության միջոցներից զրկելը, նրանց հիմնարար իրավունքները մերժելը: Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով: «Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է»,-ասաց նա: Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը մեկուսի դեպք չէ, սա հերթական անգամ վկայում է համակարգային բռնության մասին, որի գլխավերևում կանգնած են ադրբեջանական իշխանությունները, ում նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման: Մարգարյանը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկվի ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն  տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով: Ադրբեջանի պնդումները, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և անգամ վերացրել հազարամյակներ շարունակ հայերի կողմից բնակեցված տարածքի անվանումը, ակնհայտ վկայում են այն մասին, որ կանխամտածված ցեղասպանական քաղաքականության նշաններ կան: Մարգարյանը միջազգային հանրության ներգրավվածության շարունակումը միակ հնարավոր միջոցը համարեց՝ երաշխավորելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ վերացնելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպման բոլոր խոչընդոտները, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը ԼՂ մարդասիրական նպատակներով: Հայաստանը կոչ է անում ԱԽ-ին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականությունը, ձեռնարկել պատշաճ միջոցառումներ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք գոյութենական սպառնալիք են առաջացնում ԼՂ ժողովրդի համար, նրանց ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար՝ առանց արտաքին բռնաճնշման վախի»,- եզրափակեց Հայաստանի ներկայացուցիչը:
03:32 - 21 դեկտեմբերի, 2022
Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Կոչ ենք անում Ադրբեջանին և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով և դրա մարդասիրական հետևանքներով։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։ «Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, դրանք խաթարում են միջազգային վստահությունը այդ գործընթացի հանդեպ և պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքներ են պարունակում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը։ Մենք ողջունում ենք ԼՂ մարդկանց համար գազամատակարարման վերականգնումը։ ԼՂ քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ ծառայությունների անջատման ցանկացած փորձ անընդունելի է։ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարել։ ՀՀ և Ադրբեջանի կուտակված խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով․ բանակցությունները միակ ձևն են տևական խաղաղության հասնելու։ Միջազգային հանրությունը պետք իր դերը կատարի և ներգրավված մնա դիվագանագիտորեն հասնելու կայուն խաղաղությանը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող միակողմանի կամ ռազմական լուծում ունենալ և կողմերը պետք է հաստատեն իրենց ընդգրկումը դիվանագիտական պրոցեսին։ Բոլոր կողմերը պետք է ուժեղացնեն իրենց դիվանագիտական ներգրավումը և հադաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցեն՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով։ Բոլոր մնացած հարցերն ունեն համապարփակ դիվանագիտական լուծում։ ԱՄՆ-ն հավատարիմ է կայուն հրադադարին և կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք ակտիվորեն բազմակողմանի մնում ենք մղված այս համատեղ նպատակին։ Մենք պատրաստ ենք դյուրացնել երկխոսությունը ՀՀ և Ադրբեջանի միջև՝ երկկողմանի, եռակողմ՝ և՛ Եվրամիության, և՛ ԵԱՀԿ-ի պես գործընկերների հետ՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծմանը այս հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի, ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ուզում եմ ևս հղում անել բանակցված, համապարփակ լուծման կարևորությանը՝  բոլոր մնացած հարցերի Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ 
03:25 - 21 դեկտեմբերի, 2022
Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Մեզ հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։  ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանը կազմակերպել է կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ «Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է, որը տարածաշրջանում կայունության երաշխավորն է և արդյունավետ իրականցնում է իր առջև դրված նպատակները։ Կարևոր է նշել, որ երբ ստորագրվեց այս հայտարարությունը, կողմերը պարտավորություններ ստանձնեցին, որոնց պետք է խստիվ հետևել, ի թիվս այլոց, որ որևէ խնդիրներ չեն ներկայացվում քաղաքացիական բնակչությանը։ Մենք ակնկալում ենք, որ ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ ՌԴ կողմը իր ՊՆ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ու ԱԳՆ-ի միջոցով վերջին օրերի ընթացքում ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հանգուցալուծելու Լաչինի միջանցքքում ստեղված իրավիճակը, մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի մեր գորընկերների հետ, որոնց արդյունքում մեզ հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը: Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ուժի չկիրառման և հրադադարի պահպանման բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, ինչպես նաև հետևել բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ․ նոյեմբերի, 2021թ․ հունվարի և 2022թ․ հոկտեմբերի եռակողմ հայտարարություններով։ Մենք վստահ ենք, որ հայտարարությունների ամբողջական իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման միակ կայուն ձևն է։ Բոլոր 4 փաստաթղթերը համապարփակ են իրենց էությամբ և իրենց դրույթներով անքակտելիորեն կապված են մեկը մյուսին։ Դրանց իրականացումը կերաշխավորի, որ մենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նախապայմաններ ունենաք, որը ոչ միայն տարածաշրջանի երկրների շահերին է համապատասխանում, այլ նաև նրանց բոլոր հարևանների։ Մենք մտադիր ենք շարունակել անհրաժեշտ օժանդակություն տրամադրել Բաքվին և Երևանին, որպեսզի վստահ լինենք, որ համաձայնագրերը իրակացվում են այն ձևաչափով և ընդգրկմամբ, որը ընդունելի է երկու կողմերի համար էլ։ Մեր կարծիքն այն է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- նշեց ՌԴ ներկայացուցիչը։ 
03:05 - 21 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանցիները չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի․ քայլերթ Երեւանում՝ հանուն Արցախի կյանքի ճանապարհի

Ադրբեջանցիները չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի․ քայլերթ Երեւանում՝ հանուն Արցախի կյանքի ճանապարհի

Երեւանի Ազատության հրապարակից, որ այդքան հանրահավքներ է տեսել, հազարավոր բղավոցներ ու անթիվ պաստառներ, հարյուրավոր քաղաքացիներ այսօր համախմբված քայլքով շարժվեցին դեպի ՌԴ եւ Ֆրանսիայի դեսպանատներ։ Ցուրտ էր, իսկապես շատ ցուրտ, երեւանյան խոնավ ձմեռ, երեխաներին դուրս չհանելու եղանակ։ Բայց մարդիկ ընտանիքով, ընկերներով, երեխաների հետ, որը՝ սայլակի մեջ, որը՝ գրկներին, եկել էին մասնակցելու «Հանուն Արցախի կյանքի ճանապարհ» քայլերթին։ Երկու փոքրիկների ու ամուսնու հետ քայլերթի ընթացքին համաչափ շարժվում է Սյուզաննան, որն ընտանիքի հետ Երեւանում է մնացել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով։ Լավ է՝ այստեղ մտերիմներ ունեն, մնալու տեղ ունեն, բայց նրանց ծնողները, հարազատները Արցախում են՝ բլոկադայի մեջ, ու այս իրողությունը Սյուզաննային ու իր ամուսնուն՝ Աշոտին, հանգիստ տալ չի կարող։ Բայց նրանք թեւաթափ չեն, հավատում են, որ լավ կլինի։ Սյուզաննա Առուշանովան Սյուզաննայի մեծ տղան՝ 5-ամյա Հայկը, մորն օգնում է՝ փոքրիկ թաթիկներով հրելով եղբոր՝ մեկ տարեկան Հովհաննեսի մանկասայլակը։ Նրա մեկ տարեկանը Երեւանում է լրացել, առաջին ատամիկն էլ է այստեղ դուրս եկել․ «Առողջական հարցերով էինք եկել Երեւան, ու որ պիտի գնայինք, առավոտյան զարթնեցինք, ու պարզվեց՝ փակվել ա ճանապարհը։ Ահավոր անհանգիստ էինք, սկսեցինք զանգել բոլորին՝ ինչ ա կատարվում, ինչ վիճակ ա։ Սկզբից շշմած էինք ուղղակի, որովհետեւ մտծում էինք՝ մի քանի ժամ ա, կբացվի, որովհետեւ էլ էր եղել, բայց էդ օրն անցավ, հասկացանք, որ կարող է երկար տեւել»,- պատմում է Սյուզաննան՝ ասելով, որ թեեւ այստեղ էլ բարեկամներ ունեն, հարազատ միջավայր է, բայց մեկ է՝ «ուզում ես քո տուն գնալ»․ «Անհամբեր սպասում էինք, որ մեր պուճուրը պիտի մի տարեկան դառնար, ընկերներով հավաքվեինք, հայավարի նշեինք։ Էստեղ էլ նշեցինք, այն չէ, ինչ մեր տանը կլիներ»,- պատմում է նա, իսկ փոքրիկը տաք փաթաթված լավ դիմադրում է ցրտին։ Սյուզաննայի ամուսինը՝ Աշոտը, պատմում է, որ Արցախում մնացած մեր հայրենակիցները պինդ են, չեն կոտրվում։ Թեեւ այնտեղ արդեն լուրջ հումանիտար խնդիրներ կան․  «Ճիշտ ա՝ դժվար ա, արդեն լուրջ խնդիր կա, շուկաները դատարկ են, ոչ թե քիչ ա, այլ չկա։ Ոչ մեկը գործի համար վառելիք չի կարող վերցնել, միայն շտապօգնության մեքենաները, ԱԻՆ-ը։ Երեխաները չեն կարողանում նորմալ դասի հաճախել, դա պրոբլեմ ա, մարդիկ հիվանդնաոցում․․․ Մեկը մահացել ա, եթե չեմ սխալվում։ Լուրջ ա էլի արդեն»։ Աշոտ Բալայանը Աշոտը համոզված է՝ այս օրերի ակցիաները չեն կարող արդյունք չտալ․ «Համենյան դեպս, ոչինչ չանելն էլ սխալ ա էլի»,- շեշտում է նա՝ ասելով որ այսօր ամեակարեւորն այն է, որ մեր ժողովուրդը հասկանա՝ մեր ուժը մեր միասնության մեջ է․ «Մենք նավթ չունենք, որ վաճառենք աշխարհին ու լիազորություններ ունենանք, մեր միակ ռեսուրսը մեր մշակույթն ու ինտելեկտուալ ռեսուրսն են, որոնք ցավոք էսօր լրիվ անտարբերության են մատնված թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Հիմա ամեն մեկը պետք ա փորձի հասկանալ, որ մենք մենակ գաղափարով կկարողանանք հաղթել»։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների քայլերին՝ Աշոտի կարծիքով՝ նրանց միակ նպատակն Արցախը հայաթափելն է, եւ վստահաբար ոչ էկոլոգիական «խնդիրը»․ «[Ադրբեջանցիները] չեն ուզում Արցախը հայերով, Արցախն իրենց պետք ա առանց հայերի, բայց չի կարելի հանձնվել, որովհետեւ դա մեր հազարամյակների մշակութային, արժեհամակարգային սեփականությունն ա, ո՞նց տենց կլինի, մեր պապերը դարերով պահել են․․․»,- ասում է Աշոտն ու հիշում ադրբեջանցի «բնապահպան» կնոջ ձեռքում «սպանված աղավնին»՝ ասելով, որ որեւէ նորմալ մարդ, որը իրոք մտածում է բնության մասին, երբեք չի փակի մարդկանց հումանիտար ճանապարհը․ «Դա պարադոքս ա, չի կարող լինել նման բան․․․»։ Մինչ մենք զրուցում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քայլերթի մասնակիցները շարժվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Աշոտի ընտանիքի հետ մենք էլ ենք քայլում այդ ուղղությամբ, զրուցում։ Նրանցից իսկապես ընկաճվածություն չի զգացվում, եւ դա հուսադրում է, շատ է հուսադրում։ Եւ հուսադրում է նաեւ մարդկանց այսօրվա թիվը․ նախորդ օրերի համեմատ՝ այսօր ավելի շատ մարդ էր դուրս եկել փողոց՝ աջակցություն հայտնելու Արցախի մեր հայրենակիցներին։ (ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հնչած ելույթներն այս հրապարակման մեջ չեմ գրում, հավանաբար արդեն լսել կամ ընթերցել եք)։  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ իր ընկերների հետ կանգնած է նաեւ Նինա Տիտանյանը, որն Արցախից չէ, ու եկել է հայրենակիցներին աջակցելու․ «Ես ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի, ու ես չեմ կարող տանը նստել՝ իմանալով, որ էնտեղ փակ ա։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել, պետք ա գայի։ Ու միացա ընկերներիս։ Ես հավատում եմ, որ կլինի ինչ-որ բան, համենյան դեպս մարդիկ հասկանում են, որ ստեղ անհանգստություն ա տիրում․․․ Լսելի կդառնանք, հավատում եմ, որ գոնե մի փոքր տոկոսով լսելի կլինենք»,- ասում է Նինան։ Նա այս դժվարին իրավիճակում կարեւորում է մեր ժողովրդի միասնականությունը, ասում է՝ «մի բուռ ենք մնացել», պիտի իրար սատարենք․ «Իհարկե, ամեն մեկն իր ձեւով ա մտածում մեր երկրի մասին, բայց հույս ունեմ, որ բոլորիս գաղափարները կմիանան, կդիմակայենք։ Մենք ունենք մեզ, Հայաստանը ունի մեզ՝ հայերիս, ու միասնական լինելով պետք ա առաջ գնանք»։ Նինա Տիտանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում լույսեր չեն վառվում։ Բայց մարդիկ վստահ են՝ իրենց լսում են։ Բակում հավաքվածների հեռախոսների լույսերն են վերեւ պարզված։ Արցախի Ամարասի վանքի քահանան՝ Տեր Սեպուհը, աղոթք է հնչեցնում։ Կողքիս կանգնած երիտասարդը հանում է գլխարկը, սկսում շշնջալ բառերը՝ «Հայր մեր, որ երկնքում ես․․․»։ Հետո այս քայլերթի կազմակերպիչներից մեկը՝ երգիչ Արտեմ Վալտերը, որն Արցախից է, երգում է Արցախի Հանրապետության օրհներգը, ու մարդիկ սկսում են ձայնակցել․ «Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք, Պատմությունը մեր երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք․․․»: Արտեմ Վալտերը մասնակցել է նախորդ օրերի ակցիաներին էլ։ Ասում է՝ այսօրվա ակցիան կազմակերպելու միտքն ինքնըստինքյան է ծագել, եւ, ասում է, խնդիրն այն է, որ այդ միտքը միանգամից բոլորի մոտ չի առաջացել․ «Ես ու ընկերներս ասացինք՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եթե ոչ մենք, ապա ո՞վ, ու միահամուռ որոշվեց, որ էս ամենը պետք ա արվի։ Իսկ մեր գլխավոր նպատակն էն ա, որ միջազգային հանրությունն անհապաղ խառնվի, բացի Արցախի կյանքի ճանապարհը, եւ որ արցախցին հասկանա, որ մենակ չէ, մենք նրանց կողին ենք մինչեւ վերջ, ու Արցախի հարցում սասանում չկա»։  Արտեմ Վալտերը Երբ ես շնորհակալություն եմ հայտնում Վալտերին՝ րոպե տրամադրելու համար, նա էլ շնորհակալ է լինում լուսաբանելու համար, այլայլվում եմ, որովհետեւ արդյո՞ք սա շնորհակալության առիթ է։ Մինչ կպտտվի՝ գնա, հասցնում եմ ասել, որ սա ոչ միայն իմ աշխատանքն է, այլեւ շատ կարեւոր է ինձ համար։  Հ․ գ․ Ո՞նց կարող է կարեւոր չլինել։ Արցախցի բոլորին, իմ ընկեր Աստղիկին, որ ուսուցիչ է Մոխրաթաղում․ միտքս՝ ձեզ հետ։ Ճամփան բացվի՝ կգամ։Հայարփի Բաղդասարյան
02:47 - 21 դեկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։  ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը ելույթի ժամանակ նշեց՝ վերջին շրջանի իրադարձությունները շատ մտահոգիչ են.  «Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել․ նախ՝ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են։  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկուսացել է ԼՂ բնակչությունը, մարդասիրական հետևանքները օրեցօր վատթարանում են։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն սկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ ապահովելվ բնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները։ Ֆրանսիան նաև ընդգծում է, որ, Ադրբեջանի կառավարության հանձնառության համաձայն, եռակողմ հայտարարությամբ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։  Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների համար՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու նպատակով։ Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում առաջընթացի համար, որը պետք է միայն երկխոսությամբ լինի և ոչ ուժի գործադրմամբ, և պետք է առաջընթաց գրանցել բոլոր չլուծված հարցերի լուծմանուղղությամբ, ներառյալ մարդկանց իրավունքներն ու երաշխիքները։ ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ապահովման համար, մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաներին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի շուրջ, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցության ուղիների բացման և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 
02:03 - 21 դեկտեմբերի, 2022
Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին

Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին

Արդեն իններորդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Չնայած Արցախում սով չի սկսվել, բայց որոշ մթերքների, օրինակ՝ կարտոֆիլի, կաթնամթերքի, մանկական կերի պակաս կա։ Բացի այդ՝ պարզ չէ, թե որքան ժամանակ ճանապարհը կշարունակվի փակ մնալ, և դեռ որքան կարող է դիմակայել Արցախը շրջափակման պայմաններում։   Ի՞նչ է Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագիրն Արցախի իրավիճակում հայտնված ժողովուրդներին պարենով է ապահովում։  Պարենի համաշխարհային ծրագիրը սննդով է ապահովում այն տարածքների բնակիչներին, որոնք պատերազմների, կոնֆլիկտների, կլիմայի փոփոխության կամ այլ պատճառներով սննդի խնդիր ունեն, և որտեղ սով է տիրում։ «Աշխարհի սովյալների 60 տոկոսն ապրում է այն գոտիներում, որոնք տուժել են հակամարտությունից, ինչը սովի 10 վատագույն ճգնաժամերից 8-ի հիմնական պատճառն է (ինչպես, օրինակ, Եմենում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Սիրիայում)»,- ասվում է կառույցի կայքում։ Պարենի համաշխարհային ծրագրի (այսուհետ՝ ՊՀԾ) կայքում նշվում է, որ ՊՀԾ-ն կենսական սնունդ է մատակարարում ռազմական գործողությունների հետևանքով թակարդում հայտնված կամ տեղահանված մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն․ «Տեղացի գործընկերների օգնությամբ մենք հասնում ենք կարիքավորներին նույնիսկ ամենահեռավոր շրջաններում՝ օգտագործելով ամենագնաց մեքենաներ և ինքնաթիռներից սնունդ գցելով, երբ մնացած բոլոր երթուղիները փակ են»: Հակոբ Ճաղարյանն իր գրառման մեջ նշել էր․ «Հայաստանում Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ կամ օդանավեր»։   ՊՀԾ-ն համագործակցում է կառավարությունների հետ ՊՀԾ-ի հիմնական գործընկերները կառավարություններն են։ Կառույցը նշում է, որ կարող է ինքը տրամադրել պարենային օգնություն և, որոշ դեպքերում, տեխնիկական ու լոգիստիկ ծառայություններ, սակայն իր նախագծերը միշտ պահանջում են կառավարությունների լիակատար աջակցությունը և ներգրավվածությունը․ «Ի վերջո, ազգային կառավարությունն է, որ պետք է խնդրի ՊՀԾ-ին միջամտել արտակարգ իրավիճակներին կամ զարգացման ծրագրերին, ուստի Ծրագրի աշխատանքը պետք է համապատասխանի ազգային պատկերին»: Իսկ բացառիկ հանգամանքներում, երբ, օրինակ, որևէ երկրում ճգնաժամ է, և իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ, ՊՀԾ-ն կարող է օգնություն տրամադրել առանց կառավարության հրավերի` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խնդրանքով: Կան նաև հայտնի դեպքեր, երբ հենց կառավարություններն են դիմել ՊՀԾ-ին աջակցության համար։ Եգիպտոսի կառավարությունն, օրինակ, կառույցին է դիմել սիրիացի փախստականներին սննդով աջակցելու համար։ Թուրքիայի կառավարությունը ևս ծրագրին դիմել է սիրիացի փասխտականներին աջակցելու համար։   Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձը Infocom-ի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Արցախում տիրող իրավիճակի մասին պետք է ահազանգ գնա ՊՀԾ։ Դիմողն, ըստ պարոն Ճաղարյանի, կարող է լինել Արցախի կամ այլ կառավարություն, օրինակ՝ ՀՀ կառավարությունը։  «Իմ հույսերը, որ Հայաստանը կդիմի, շատ քիչ են»,- նշում է Հակոբ Ճաղարյանը։ Նրա խոսքով՝ ինքն այժմ քննարկումներ է անցկացնում Արցախի իշխանությունների հետ, որ իրավասություն ստանա Արցախի կառավարության անունից դիմելու ՄԱԿ-ին։ ՊՀԾ-ն ներկայացուցչություններ ունի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 44-օրյա պատերազմից հետո կառույցն աջակցություն է տրամադրել պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց։ Հետաքրքիր է, որ 2020-ին՝ պատերազմից հետո, ՊՀԾ-ն հրապարակում էր արել այն մասին, որ նպատակ ունի աջակցություն տրամադրելու նաև «Ադրբեջանի Հանրապետությունում պատերազմից տուժած բնակիչներին»։ Կառույցը նկատի ուներ Արցախի Հանրապետության բնակիչներին։ Իր 2020-ի հրապարակման մեջ ՊՀԾ-ն նշել էր, որ «ՄԱԿ-ը մանդատ չունի տուժած տարածաշրջանում, սակայն համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ գնահատելու կարիքները և աջակցելու պատերազմից տուժած տարածքներ ցանկացած կամավոր վերադարձի գործընթացին»։ «[ՄԱԿ-ի] Արտակարգ իրավիճակների օգնության համակարգողը նոտա է հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին՝ խնդրելով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի կողմից տուժած տարածքի գնահատում իրականացնելու համար»,- նշել էր ՊՀԾ-ն: Կառույցը նաև հայտնել էր, որ տուժած տարածքների բնակչությանը հասանելիություն ունենալու ուղղությամբ աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն ՊՀԾ-ի կայքում հրապարակումներ չկան այն մասին, թե արդյո՞ք այդ օգնությունն ի վերջո հասել է Արցախի բնակիչներին։   ՊՀԾ-ն կարո՞ղ է օգնել շրջափակված Արցախին Հարցին, թե արդյո՞ք այն դեպքում, երբ ՊՀԾ-ին Արցախին պարենային աջակցության մասին դիմում ուղարկվի, Ադրբեջանը կթույլատրի, որ աջակցությունը տեղ հասնի՝ Հակոբ Ճաղարյանը պատասխանում է՝ Ադբեջանը չի կարող չթույլատրել։  Նա հիշում է, որ ինքն էլ մի ժամանակ աշխատել է այդ ծրագրի շրջանակում և օգնություն հասցրել Դարֆուր, որը Սուդանի արևմուտքում է՝ Չադի հետ սահմանին։ Դարֆուրում տարիներ առաջ իշխանության դեմ ապստամբություն էր սկսվել տեղի ոչ արաբ բնակչության հանդեպ վերաբերմունքի պատճառով (հակամարտության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ Հակոբ Ճաղարյանը հիշում է, որ Սուդանի՝ հումանիզմով աչքի չընկնող նախագահն անգամ չէր փորձել արգելել աջակցության տրամադրումը Դարֆուրի բնակիչներին։ «Ոչ ոք չի գնում ՄԱԿ-ի դեմ․ դրանով դու ապացուցում ես, որ դու գենոցիդ ես անում, դրանով դու դառնում ես տեռորիստ երկիր։ Մարդիկ այնտեղ ապրում են, դա փաստ է։ Մարդիկ պետք է սնվեն»,- ասում է Հակոբ Ճաղարյանը՝ հավելելով, որ նույնկերպ էլ Ադրբեջանը չի կարող չթողնել, որ աջակցություն հասնի Արցախին։ Նա ոչ թե հույս ունի, այլ վստահ է, որ համապատասխան դիմումի և ԱԳՆ աշխատանքի դեպքում գործը կարող է գլուխ գալ։ Infocom-ը դիմեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներ՝ հասկանալու, թե այս գերատեսչություններն արդյո՞ք դիմել են Պարենի համաշխարհային ծրագրին՝ անհրաժեշտության դեպքում Արցախին աջակցելու համար։ ՀՀ ԱԳՆ-ն խնդրեց գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ ԱՀ ԱԳՆ-ն չմեկնաբանեց հարցը՝ նշելով, որ եթե տեղեկություն լինի, իրենք կհրապարակեն։   Գլխավոր լուսանկարը՝ ՊՀԾ-ի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
13:32 - 20 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ԱԳՆ խոսնակ

ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա  ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։  Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:    
10:10 - 20 դեկտեմբերի, 2022
Արցախի 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին․ Բեգլարյան

Արցախի 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով լուսանկար։  «Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»,- գրել է Բեգլարյանը։  Նշենք, որ Արտակ Բեգլարյանը օրեր շարունակ նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։  Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։   
17:57 - 19 դեկտեմբերի, 2022
Բժիշկները ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակման

Բժիշկները ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակման

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 17-ին, բողոքի ակցիա էին իրականացնում բժիշկները՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։ Ակցիայի մասնակից բժիշկներից Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ այստեղ հավաքվել են բժիշկներ, բուժքուրեր, Բժշկական համալսարանի ուսանողներ։ «Մենք հավաքվել ենք, որովհետեւ պարզվում է, որ 21-րդ դարում կարող է լինել պետական տերոռ, եւ կարող են միանգամից 120 հազար կանայք ու տղամարդիկ, ծերեր եւ երեխաներ հայտնվել պատանդի կարգավիճակում։ Մենք գիտենք, որ ամենակարեւոր բանը մարդու կյանքն է ու առողջությունը», - ասաց Տեր-Մինասյանը։ Նա ասաց՝ հավաքվել են՝ միջազգային բոլոր հնարավոր կառույցներից պահանջելու, խնդրելու, կոչ անելու, որ գործադրեն հնարավոր ու անհնար միջոցները՝ ապահովելու 120 հազար հայրենակիցների կյանքի, առողջության իրավունքը։ «Մենք անելու ենք՝ ինչ կարող ենք, մենք բժիշկներ ենք, մեր աշխատանքն ենք անելու, բայց մենք չենք կարող աչքներս փակել, չտեսնել այն, ինչ տեղի է ունենում, մենք պարտավոր ենք, յուրաքանչյուր հայ պարտավոր է այսօր կանգնել Արցախի կողքին»։ Ակցիայի մասնակից բժիշկներից մեկը նշեց․ «Հայերը պայքարող, ստեղծող, խաղաղասեր ազգ են․ մենք խաղաղության կողմնակից ենք, բայց թույլ չենք տա, որ մեր ազգին, ազգակիցներին նվաստացնեն աշխարհի քար լռության աչքի առջեւ։ Մեր գործընկերները պատրաստ են իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ Արցախ մեկնելով, եթե միջազգային հանրությունը սանավիացիա տրամադրի, մեր շատ գործընկերներ այսօր գիշերն էլ պատրաստ են մեկնել եւ օգնել այն ծանր հիվանդներին, ովքեր այնտեղ են»։ Ակցիայի ընթացքում բժիշկները պաստառներ էին բռնել, որոնց վրա կային «Նման հումանիտար աղետ ստեղծելը ֆաշիզմ է», «Ադրբեջանը սպանում է բոլոր այն հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք», «Դեղորայքի եւ բժշկական օգնության դիտավորյալ անհասանելիություն առաջացնելը մեծագույն հանցագործություն է» եւ այլ գրություններ։ Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ 
20:20 - 17 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինում ստեղծված վիճակը

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինում ստեղծված վիճակը

Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիաները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան և ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները տարածաշրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ՝ լի անվտանգային և հումանիտար մարտահրավերներով: Նախարար Միրզոյանը շեշետել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը և Ադրբեջանի կողմից հարցի քաղաքական շահարկման անընդունելիությունը։ Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամի վտանգը: Շեշտվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան մարմինների կողմից համարժեք և հասցեական արձագանքի, ինչպես նաև գործուն քայլերի իրականացման կարևորությունը հնարավոր մարդասիրական աղետը բացառելու նպատակով:
21:54 - 15 դեկտեմբերի, 2022
Միջազգային հանրության արձագանքը խիստ անբավարար է․ Արման Թաթոյան |news.am|

Միջազգային հանրության արձագանքը խիստ անբավարար է․ Արման Թաթոյան |news.am|

news.am: Ցավոք սրտի միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն եւ Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելուն: «Նրա խոսքով, թեև որոշ երկրներից, միջազգային պաշտոնյաներից կան գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է. «Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մի անգամ փակեցին այդ կյանքի ճանապարհը՝ միջանցքը, տեսան, որ ձեռքներից գալիս է, իրենց համար որևէ հետևանք չունեցավ, դրա համար էլ այդ անպաժելիությամբ ոգևորված երկրորդ փուլն են անում»,- ասաց Թաթոյանը։ Նա նշեց, որ ադրբեջանցիները մարտավարություն են փոխել. «Իբր  բերել են անկախ ակտիվիստներ, այն էլ էկոլոգիական, ու դրանք իբր անկախ ակցիաներ են անում, լրագրողներն  իբր անկախ լուսաբանում են, մի հատ էլ՝ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաներն ու  պահանջներ են ներկայացնում։ Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ սա իշխանությունների անմիջական կազմակերպածն է»։ Արման թաթոյանը նկատեց, որ ճանապարհը փակած ադրբեջանցիներից մեկը հայերենով կոչեր է անում, թե մենք միասին պետք է ապրենք. «Բայց երբ գնում, իր գործունեությունը, հարցազրույցներն ուսումնասիրում ես,  ամենահայատյաց գործիչներից մեկն է, ով «գորշ գայլերի» նշանով ու դրոշով նկարված, կոչ անելով սպանել հայերին: Ակնհայտ է, որ սա պետք է ճանաչել»,-ասաց նա: Թաթոյանն ընդգծեց՝ ադրբեջանցիները 120 հազար մարդու թողել են շրջափակման մեջ, գազն են փակել, բայց որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված  քայլ, սա հայկականության, նաև Հայաստանի դեմ է ուղղված։ «Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն այս հարցը լուծելու համար։ Մենք գործ ունենք իրական  մարդկանց հետ, նրանց պաշտպանության հետ, գնահականները պետք է լինեն ոչ միայն վերացական, ընդհանրական, քանի որ այստեղ մարդկանց կյանքի, գոհաբանական հարց է,  անվտանգության իրական սպառնալիքների վերածվելու խնդիր է»,- ասաց Արման Թաթոյանը։
12:45 - 15 դեկտեմբերի, 2022
Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։ Նրանք հայտարարեցին, որ Հանրապետության հրապարակից քայլերթ են իրականացնում դեպի Հայաստանում ՌԴ դեսպանություն, ապա ասացին, որ այս պահին շարժվում են դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։  Երիտասարդներից մեկը նշեց, որ իրենց պայքարը քաղաքական ու կուսակցական չէ, իրենց պայքարը իրենց արժանապատվության համար է՝ հանուն հայաստանի, հանուն Արցախի։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 
11:59 - 15 դեկտեմբերի, 2022
Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:  Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։  Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնելու լարվածությունը և ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ 
10:05 - 15 դեկտեմբերի, 2022