Բժիշկները ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակման
20:20 - 17 դեկտեմբերի, 2022

Բժիշկները ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակման

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 17-ին, բողոքի ակցիա էին իրականացնում բժիշկները՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության լիակատար շրջափակման։

Ակցիայի մասնակից բժիշկներից Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ այստեղ հավաքվել են բժիշկներ, բուժքուրեր, Բժշկական համալսարանի ուսանողներ։

«Մենք հավաքվել ենք, որովհետեւ պարզվում է, որ 21-րդ դարում կարող է լինել պետական տերոռ, եւ կարող են միանգամից 120 հազար կանայք ու տղամարդիկ, ծերեր եւ երեխաներ հայտնվել պատանդի կարգավիճակում։ Մենք գիտենք, որ ամենակարեւոր բանը մարդու կյանքն է ու առողջությունը», - ասաց Տեր-Մինասյանը։

Նա ասաց՝ հավաքվել են՝ միջազգային բոլոր հնարավոր կառույցներից պահանջելու, խնդրելու, կոչ անելու, որ գործադրեն հնարավոր ու անհնար միջոցները՝ ապահովելու 120 հազար հայրենակիցների կյանքի, առողջության իրավունքը։

«Մենք անելու ենք՝ ինչ կարող ենք, մենք բժիշկներ ենք, մեր աշխատանքն ենք անելու, բայց մենք չենք կարող աչքներս փակել, չտեսնել այն, ինչ տեղի է ունենում, մենք պարտավոր ենք, յուրաքանչյուր հայ պարտավոր է այսօր կանգնել Արցախի կողքին»։

Ակցիայի մասնակից բժիշկներից մեկը նշեց․

«Հայերը պայքարող, ստեղծող, խաղաղասեր ազգ են․ մենք խաղաղության կողմնակից ենք, բայց թույլ չենք տա, որ մեր ազգին, ազգակիցներին նվաստացնեն աշխարհի քար լռության աչքի առջեւ։ Մեր գործընկերները պատրաստ են իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ Արցախ մեկնելով, եթե միջազգային հանրությունը սանավիացիա տրամադրի, մեր շատ գործընկերներ այսօր գիշերն էլ պատրաստ են մեկնել եւ օգնել այն ծանր հիվանդներին, ովքեր այնտեղ են»։

Ակցիայի ընթացքում բժիշկները պաստառներ էին բռնել, որոնց վրա կային «Նման հումանիտար աղետ ստեղծելը ֆաշիզմ է», «Ադրբեջանը սպանում է բոլոր այն հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք», «Դեղորայքի եւ բժշկական օգնության դիտավորյալ անհասանելիություն առաջացնելը մեծագույն հանցագործություն է» եւ այլ գրություններ։

Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել