ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։ Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։  ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական աշխատանքային խմբի կողմից տարվող աշխատանքներն ու սերտ համագործակցությունը, ԶՖԳ պատվիրակությանը ներկայացրել է ջրամբարաշինության, ջրային համակարգերի մասով ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները, այդ համատեքստում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով ֆրանսիական կողմին Աստղաձորի, Արգիճիի, Խաչիկի ջրամբարի, Կապս-Արմավիր ջրատարի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին և դրանց հետագա քննարկման անհրաժեշտությանը։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև ծրագրային առաջնահերթությունների սահմանման հարցում ՏԿԵ նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային կոմիտեի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության մասնագիտական խմբերի ակտիվ համագործակցությունը ԶՖԳ-ի փորձագիտական խմբերի հետ՝ առաջարկելով նաև ձևավորել ՏԿԵ նախարարության աշխատանքային մասնագիտական խումբ, որը ֆրանսիական կողմի հետ համատեղ կզբաղվի ծրագրային առանջնահերթությունների քննարկմամբ ու գնահատմամբ։ ՏԿԵ նախարարի տեղակալը նաև ակնկալել է ԶՖԳ աջակցությունը առաջնահերթությունների և հանրային ներդրումների գնահատման հարցում։  ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր նախարարությունների գործընկերների և ոլորտային մասնագետների հետ, քննարկել են ճանապարհային, երկաթուղային տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել է ֆրանսիական կողմի՝ ոռոգման համակարգերի առնչությամբ քննարկումներ ծավալելու հարցում հետաքրքրվածության մասին՝ հայտնելով վերոնշյալ ոլորտներում տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն։ Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ՏԿԵ նախարարության ոլորտային դեպարտամենտների, ստորաբաժանումների մասնագետների և ֆրանսիական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու շուրջ։
18:50 - 21 մայիսի, 2021
Վաչե Տերտերյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակությանը։   Զրուցակիցներն անդրադարձել են ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերի և անմիջական ներգրավվածության մասին։ Կարևորվել են ընտրական տեղամասերի տեխնիկական հագեցվածության և սահմանափակ կարողություններով մարդկանց համար մատչելիության ապահովման հարցերը։   IFES-ի առաքելությունն է ներդնել առավելագույն ջանքերը ընտրական տեղամասերը հասանելի և ավելի ներառական դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել են ընտրական տեղամասերի շենքային պայմանները տարբեր ինժեներական լուծումներով սահմանափակ կարողություններով մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու հնարավորությունները։   Ընդգծվել է նախընտրական փուլում մշտադիտարկումների անհրաժեշտությունը՝ մատչելության հետ կապված առկա խնդիրները վերհանելու և դրանք շտկելու ուղղությամբ։
22:59 - 11 մայիսի, 2021
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտնեց, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։  «Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը։ Վարչապետի գրառմանն արձագանքեց Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ երկարություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսվել է 2014 թվականին։ «Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Ղազարյանը։  Infocom-ը հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե երբ է վերջին անգամ վերանորոգվել Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը, և երբ են մեկնարկել հիմնանորոգման վերջին աշխատանքները։ ՏԿԵՆ-ից մեզ պատասխանել են, որ նշված ճանապարհի մոտ 3․7 կմ հատված հիմնանորոգվել է 2009-ին Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 413 807 366 ՀՀ դրամ։ Նույն ճանապարհի մոտ 5․8 կմ երկարությամբ հատված էլ հիմնանորոգվել է 2010թ․՝ կրկին կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 798 512  200 ՀՀ դրամ։ Էդգար Ղազարյանը նշել էր, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014-ին։ ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ 2014 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջով անցնող փողոցը՝ 600 կմ երկարությամբ։ Պետբյուջեից հատկացվել է 39 400 000 դրամ։  «600 մ երկարությամբ գյուղամիջյան այս փողոցը  Հ-42 /Մ-2/ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական ավտոճանապարհի մաս չի կազմում»,- ասված է նախարարության պատասխանում։  Երբ կարդում ենք ՀՀ կառավարության որոշումը, որտեղ նշված են 2014-ի բյուջեում կատարված վերաբաշխումները, տեսնում ենք, որ 2014-ի բյուջեում հատկացում արված է միայն նշված 600 մ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի վերջին հիմնանորոգումն իրականացվել է 2020 թվականին պետբյուջեի միջոցներով։  «14 կմ երկարությամբ այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր խորհրդային տարիներին»,- ասված է նախարարության պատասխանում։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը 2020-ի հուլիսին էր հայտնել այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի մասին։  Իսկ կառավարության՝ 2020-ի մայիսին ուժի մեջ մտած N 762-Ն որոշումից, որով վերաբաշխումներ են կատարվել 2020-ի պետբյուջեում, տեղեկանում ենք, որ  Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար ողջ գումարը հատկացվել է 2020-ի բյուջեից (Հավելված 4)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ համաձայն կնքված պայմանագրի՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020-ի հուլիսի 6-ին և ավարտվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ նախատեսվել է ճանապարհաշինական աշխատանքների համար «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարել 1 180 000 000 ՀՀ դրամ (այստեղ կարող եք ծանոթանալ նաև պայմանագրով նախատեսված ծախսերին)։ Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ նաև նշել էր նախագծերի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթների, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածի մասին։ ՏԿԵՆ-ից Infocom-ին հայտնել են, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքներն իրականացվել են միայն 2019 թ․։ «Նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիրը նախագծային կազմակերպության հետ կնքվել է 22․11․2019-ին թ․։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթը հայտարարվել է 2020 թ․»,- ասված է նախարարության պատասխանում։ Այսպիսով,  Էդգար Ղազարյանը կարող էր նկատի ունենալ Զառիթափի 600 մ գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, քանի որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի 14 կմ հատվածը հիմնանորոգվել է 2020-ի ընթացքում և հենց 2020-ի պետբյուջեի միջոցներով, ինչը հաստատվում է նաև պետական գնման պայմանագրով։ Աննա Սահակյան
16:15 - 08 մայիսի, 2021
Առաջարկվում է ևս մեկով ավելացնել Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը և հանել գլխավոր ճարտարապետի պաշտոնը |1lurer.am|

Առաջարկվում է ևս մեկով ավելացնել Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը և հանել գլխավոր ճարտարապետի պաշտոնը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ևս մեկով ավելացնել Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը՝ չորսից դարձնելով հինգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանում ներկայացրեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու կից փաթեթը: «Առաջարկում ենք Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը մեկով ավելացնել՝ չորսը դարձնել հինգ, և հանել կամ օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Երևան քաղաքն ունի բաղմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, նաև հանրային հարթակում կան մասնագիտական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր և հեղինակային դերակատարմամբ համատեղ աշխատանքի միջոցով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման և դրա հետ թղթակցվող խնդիրների կարգավորումը: Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն՝ ըստ համայնքային և հանրային ծառայության մասին օրենքի կարգավորումների»,- նշեց Տերտերյանը:
16:25 - 07 մայիսի, 2021
Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով |armenpress.am|

Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով վերականգնվող էներգետիկայի ոլորտը, էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախանշել է մինչև 2040 թվականի հստակ անելիքները: ՀՀ ՏԿԵՆ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ ծրագրում ուշադրություն է դարձվել մեծ հզորություններով արևային կայանների կառուցմանը: «Հայատանն ունի մեծ ներուժ այս ոլորտում, և նախատեսված է, որ առաջիկա տարիներին կունենանք մինչև 1000 մգՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կկազմի ընդհանուր արտադրած էլեկտրաէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը, ինչը բավական մեծ թիվ է: Նախատեսված է, որ հստակ աշխատանքներ տարվեն նաև հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մինչև 2040 թվականը նախատեսված է, որ մենք կունենանք մինչև 500 մգՎտ համակարգային նշանակության հողմային կայաններ: Այս կայանները հիմնած են լինելու պետություն- մասնավոր համագործակցության վրա: Այստեղ գերակշռող դեր է ունենալու առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, այն պետք է լինի մրցունակ»,- ասաց Կարեն Ասատրյանը: Ռազմավարական ծրագրի հաջորդ կարևոր բաղադրիչի համաձայն` նախատեսվում է ազատականացնել էներգետիկ շուկան, որի արդյունքում Հայաստանն ունենալու է նոր մակարդակի էներգետիկ համակարգ: Նշվում է, որ յուրաքանչյուր էլեկտրաէներգիա արտադրող հնարավորություն է ունենալու այն վաճառել հենց սպառողներին: Ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն է դարձվել էներգախնայողությանը: Կարեն Ասատրյանը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ ներուժ: «Մենք կարող ենք մինչև 40 տոկոս էներգախնայողություն ունենալ: Ասեմ, որ խնայված յուրաքանչյուր կիլովատն ավելի էժան է արժենում, քան այն արտադրելը: Ջանքեր ենք գործադրում, որ էներգախնայողությունը դառնա մեր առօրյայի մասը: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում հանրային նշանակության շենքերում, առաջիկայում նախատեսում ենք ներգրավել բազմաբնակարան շենքերը նույնպես»,- ասաց Կարեն Ասատրյանը: Խոսելով մինչ այժմ ունեցած արդյունքներից՝ Կարեն Սատրյանը նշեց, որ բավական աշխատանք է կատարվել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ: Դեռ 2016 թվականին մեկնարկեց մի ծրագիր, որով գնահատվեց Հայաստանում արևային էներգիայի ներուժը: Այնուհետև հիմնադրամի կողմից անցկացվեց մրցույթ՝ միջազգային ներդրողներին ներգրավելու համակարգային նշանակության մեծ արևային կայան կառուցելու ծրագրում: «Խոսքը 55 մգՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի մասին է, որը կառուցվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում: Ծրագիրն այժմ շինարարության փուլում է, և 2024 թվականին նախատեսվում է կայանի շահագործումը: Ներդրողը իսպանական ընկերություն է: Այժմ ընթանում են աշխատանքներ մինչև 120 մգՎտ հզորությամբ արևային կայաններ կառուցելու ծրագիրը մշակելու ուղղությամբ: Հույս ունենք, որ եկող տարի կունենանք նոր մրցույթներ: Ներկայում գնում են մրցութային գործընթացներ այլ արևային կայանների մասով, խոսքը «Այգ-1», «Այգ-2» արևային կայանների կառուցման մասին է, յուրաքանչյուրը 200 մգՎտ հզորությամբ: Մոտակա ամիսներին պարզ կլինի հաղթողների անունները: Հետաքրքրվողները ռուսաստանյան, չինական, արաբական ընկերություններ են»,-ասաց նա: Կարեն Ասատրյանը նկատեց, որ այս ընթացքում բավական բարելավվել է օրենսդրական դաշտը, որը թույլ է տալիս սեփական կարիքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղադրել արևային համակարգեր: Դա հանգեցրեց նրան, որ կառուցվել է 4 հազար 600 հատ ինքնավար արևային կայան: Մեկ տարվա ընթացքում գրանցվել է 59 տոկոս արևային էներգիայի արտադրության աճ: Ըստ Կարեն Ասատրյանի՝ սա խոսում է ոլորտի արագ տեմպերով զարգացման մասին: Արևային էներգետիկայի ոլորտում, ըստ Կարեն Ասատրյանի, մինչև 2030 թվականը ակնկալվում է մինչև 600 մլն դոլարի, հողմային էներգետիկայում՝ մինչև 500 մլն դոլարի ներդրումներ:
16:03 - 07 մայիսի, 2021
Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։   Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, լուսավորության սյուներ, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ։ Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի նորոգումը կավարտվի այս տարի։ Հիմնական ճանապարհի երկարությունն է մոտ 9.13 կմ, կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ։
15:06 - 07 մայիսի, 2021
Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում  ստեղծվել է GIS-ի վրա հիմնված  ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այն  հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման  համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։ Ծրագրի իրականացման համար  ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։ Այսօր նախարարությունում  ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր  խնդիրներից է համարել  հանրապետությունում աղբահանության  պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման  գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝  մասնավորապես, այս մշակված համակարգի  ներդրումը համայնքներում ակնհայտորեն  կբարելավի և կնպաստի  արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպմանը։ Վաչե Տերտերյանը  նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։ Որպես փորձնական համայնքներ ընտրվել են   Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և  Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների  խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքագրվել են բոլոր անհրաժեշտ տվյալները,կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը և կազմակերպվել են  դասընթացներ պիլոտային համայնքներում։ Քննարկման ընթացքում առաջարկվել է  մշակված գործիքն առաջիկայում  փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում,  իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։ Ծրագիրն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝  ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։ 
17:53 - 04 մայիսի, 2021
Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|

Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը կանոնակարգում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը:  Ղազարյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ նման անձինք դիմում են միգրացիոն ծառայություն՝ փախստական ճանաչվելու և ապաստան շնորհելու հարցով՝ այդպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից: Առաջարկվող կարգավորման նպատակն, ըստ Ղազարյանի, ազատությունից զրկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ընթացակարգի ժամկետային կարգավորումն է:    Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը:
16:12 - 04 մայիսի, 2021
2021-ին ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է

2021-ին ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է

2021թ. ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է հետևյալ հղումներով և քարտեզի (Google Earth) վրա տեղորոշումով (ցանկում հնարավոր են որոշակի փոփոխություններ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։Միջպետական ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Mijpetakan.pdfՀանրապետական նշանակության ճանապարհներhttps://armroad.am/.../2021-Republican%20Roads-2.[1].pdfՏեղական նշանակության ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Local%20Roads_1.pdfՄիջին նորոգման ենթակա ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Mijin%20Norogum.pdfՀամաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ցանցի բարելավման» ծրագրի ճանապարհահատվածներhttps://armroad.am/uploads/Roads/2021-LRNIP.pdfՏրանսպորտային օբյեկտներhttps://armroad.am/uploads/Roads/2021-TO-1.pdf 
19:04 - 29 ապրիլի, 2021
Վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը

Վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը

Հայաստանում կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ4+370)։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։ Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային աշխատանքներ‚ իրականացնում է գաբիոնային շարվածք‚ ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում‚ ջրահեռացման համակարգի վերականգնում։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330մ ընդհանուր երկարությամբ ուղիները: Նշված ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
10:17 - 27 ապրիլի, 2021