Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Կարմիր խաչն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու աշխատանքներ է տանում  |hetq.am|

Կարմիր խաչն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու աշխատանքներ է տանում |hetq.am|

hetq.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Դրան զուգահեռ կազմակերպությունը փորձում է պարզել՝ արդյոք տվյալ անձը գերի է Ադրբեջանում։ Այս մասին  հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ Երեկ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել էր, որ այս պահին առկա նախնական տվյալներով՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է 21 հայ զինծառայող։ Սակայն, ըստ նրա, տվյալները պարբերաբար փոփոխվում են, կա ևս երկու անձի վերաբերյալ տեղեկություն, որը դեռևս ճշտվում է։ Զառա Ամատունին չմանրամասնեց, թե իրենց տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով քանի հայ գերի կա Ադրբեջանում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի 18-19-ին։ Նրանք տեսակցել են չորս ռազմագերու՝ երեք զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի։ Դրանից հետո Կարմիր խաչն այցելություններ չի կատարել, տեղեկատվությունը հիմնականում փորձում է ճշտել կողմերի հետ աշխատանքի ընթացքում՝ նրանց նաև կոչ անելով՝ տրամադրել ամբողջական տվյալներ, որպեսզի որպես չեզոք միջնորդ՝ կարողանան այլ ռազմագերիների ևս տեսակցել։ Հարցին՝ ինչու՞ մինչ օրս չեն կարողացել այցելել հայ ռազմագերիներին՝ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն նշեց՝ ռազմագերիներին այցելելու թույլտվութունը պետք է տան կողմերը։ «Իհարկե կան որոշակի պարտավորություններ միջազգային մարդասիրական օրենքներով՝ թույլատրել Կարմիր Խաչի պատվիրակներին այցելել ռազմագերիներին։ Նման պարտավորություններ կողմերը ունեն, սակայն իրենց որոշումով է, որ կազմակերպությանը թույլ տան այցելություններ կատարել, տեսակցել։ Իհարկե մեր երկխոսությունը ընթացքում է, որի բովանդակային մասը ես չեմ կարող մեկնաբանել, սակայն կողմերի հետ այդ հարցին անդրադառանում ենք»,- ասաց Զառա Ամատունին։
13:58 - 06 նոյեմբերի, 2020
Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել

Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին որպես տուժող ճանաչելու մասին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ստորև` տեսանյությում, ներկայացվում է նշված անձի հարցաքննությունից մեկ հատված։Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն:ժ
00:27 - 31 հոկտեմբերի, 2020
Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության |pastinfo.am|

Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության |pastinfo.am|

pastinfo.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 29 զինծառայողների աճյունները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ռ.Վարդանյանի փոխանցմամբ՝ ՔԿ քննիչներն անձամբ ներկա են գտնվել դիակների փոխանցմանը ու դատաբժշկի ներկայությամբ զննություն է իրականացվել՝ հենց տեղում։ «Մինչև վերցնել-ընդունելը տեղում զննել ենք, գործընթացը հենց տեղում ենք կազմակերպել։ Բացի արտաքին զննությունից, դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է դիահերձարանում»,- նշեց Վարդանյանը։Իսկ թե արդյո՞ք արտաքին զննմամբ խոշտանգման, խեղման վնասվածքներ հայտնաբերվել են, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ մինչև փորձագետի եզրակացությունը դա ասել չի կարող, քանի որ կան ածխացած դիակներ, անճանաչելի դիակներ։Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿՄԽԿ միջնորդությամբ հակառակորդը հայկական կողմին է փոխանցել 29 զինծառայողի դի և 1 քաղաքացիական անձ։
19:40 - 30 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուրերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ծանոթացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին: Նախարարն ընդգծեց, որ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, և այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կրականապես անընդունելի է: Անդրադարձ կատարելով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող քաղաքականությանը և տարածաշրջանն ահաբեկչության օջախ դարձնելու նկրտումներին՝ ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Կողմերն ընդգծեցին կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին և 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման անհրաժեշտությունը: ԿԽՄԿ նախագահը կարևորեց կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման և զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:
19:18 - 30 հոկտեմբերի, 2020
Առավոտյան հայտարարված հրադադարից հետո Կարմիր Խաչը դիերի եւ վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել |armtimes.com|

Առավոտյան հայտարարված հրադադարից հետո Կարմիր Խաչը դիերի եւ վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել |armtimes.com|

armtimes.com: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։ Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է․ «Դրա համաձայնությունը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք գործողություն իրականացնել, նման գործողություն դեռեւս չի սկսվել»,- ասաց նա։ Ամատունու խոսքով՝ առհասարակ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման գործընթաց իրականացնելու հնարավորություն որեւէ անգամ չի եղել․ հիմնական պայմանը, որ հրադադարի պահպանումն է, չի ապահովվել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:53 - 26 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:
22:52 - 24 հոկտեմբերի, 2020
Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի |tert.am|

Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, և կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,-նշեց նա:Հարցին՝ Կարմիր խաչի պատվիարկները Ադրբեջանում քանի՞ գերեվարվածի են հանդիպել, Ամատունին պատասխանեց, որ նման տեղեկատվություն տրամադրում են միայն անձանց ընտանիքիներին և ներգրավված կողմերի իշխանություններին, վիճակագրական տվյալները չեն հանրայնացվում: Ավելին՝ tert.am-ում
15:41 - 22 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական   հանձնաժողովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ», - ասված է հանրապետության Պետական  անվտանգության ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Պետական   հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:45 - 18 հոկտեմբերի, 2020
Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

Բաքուն մերժել է գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդության փորձը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։
12:15 - 18 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները


 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները |armenpress.am|

armenpress.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով Հայաստանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 14 տարեկան երեխայի տուժելու դեպքին: «Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ՝ մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս»,- նշեց Ամատունին: Նրա խոսքով՝ քաղաքացիականներին պատճառված վնասների մասով իրենք աշխատանքներ են տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: Ամատունին հայտնեց, որ այդ վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ, երբ կկարողանան այցելել համայնքներ և ֆիզիկապես այնտեղ ներկա լինել: «Մենք շարունակում ենք ցավով և անհանգստությամբ հետևել իրավիճակին: Լինելով ոչ քաղաքական կազմակերպություն, խախտումներ նկատելու դեպքում, կողմերի հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում քննարկելու ենք լրացուցիչ և շատ հանգամանալից»,- ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
18:23 - 15 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել

 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը: «Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- ասել է նա: Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: «Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»,- մանրամասնել է տարածաշրջանային տնօրենը: Նրա խոսքով՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Բացի այդ, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը: ԿԽՄԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ: «Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա:
13:56 - 13 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար |armenpress.am|

ԿԽՄԿ-ն հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»,- ասաց Ամատունին՝ ավելացնելով, որ բնականաբար, նման իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել, նման պայմանները բավարար չեն: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կետերից մեկով նշվում է, որ կրակը դադարեցվում է մարդասիրական նպատակով՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար: Հարցին թե, ովքեր են մտնում «պահպանման տակ գտնվող անձինք» ձևակերպման մեջ, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ կապակցությամբ որևէ հստակեցում առկա չէ: «Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը որոշում կայացնողների թվում չէ, որովհետև քաղաքական բանակցությունների մեջ ներգրավված չէ: Մեր դերը խիստ մարդասիրական է, ինչը նշանակում է, որ մենք կողմերին աջակցելու ենք կատարել իրենց պարտավորությունները` մարմինների, անձանց վերադարձը: Ինչ վերաբերում է շրջանակին, դա որոշում են կողմերը: Այս պահին մենք կողմերի հետ կապի մեջ ենք այն առումով, որ հայտարարության հետքերով հանդիպումներ ու քննարկում ենք ունենում ներգրավված կողմերի իշխանությունների հետ: Մանրամասները հստակեցվում են»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
17:52 - 11 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը   |armenpress.am|

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Այս մասին տեղեկացրին ԿՊՄԿ-ի արտաքին կապերի բաժնից։ ««ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։ - «Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»։ Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։ Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։ «Մենք կանոնավոր քննարկումներ ենք ունենում կողմերի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ քննարկելու ազատազրկվածների և աճյունների վերադարձին աջակցելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի ներգրավման բնույթը, այդ թվում՝ աշխատանքների կազմակերպման և մեր թիմերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը»,- հավելել է Շյուպը։ - «Մենք ևս հույս ունենք, որ շաբաթներ տևած լարված մարտերից հետո այս համաձայնությունը կվերածվի ընտանիքների համար նշանակալից մխիթարության»։ Ավելի վաղ՝ 2016 թ․-ին շփման գծի երկայնքով ծավալված ու բազմաթիվ մարդկային կյանքեր խլած հակամարտության սրացման ժամանակ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին նմանատիպ գործողություններ իրականացնելու հարցում։ Շնորհիվ համակարգված ջանքերի՝ այդ ժամանակ հնարավոր եղավ արտահանձնել բոլոր մահացածներին իրենց ընտանիքներին և խուսափել 1992 թ․-ի հակամարտության հետևանքով 4500-ից ավել անհայտ կորած անձանց ցուցակը նոր անուններով համալրելուց։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից՝  1992 թ․-ից ի վեր, կազմակերպությունը բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:07 - 10 հոկտեմբերի, 2020