ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները


 |armenpress.am|
18:23 - 15 հոկտեմբերի, 2020

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները |armenpress.am|

armenpress.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում:

Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով Հայաստանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 14 տարեկան երեխայի տուժելու դեպքին:

«Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ՝ մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս»,- նշեց Ամատունին:

Նրա խոսքով՝ քաղաքացիականներին պատճառված վնասների մասով իրենք աշխատանքներ են տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: Ամատունին հայտնեց, որ այդ վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ, երբ կկարողանան այցելել համայնքներ և ֆիզիկապես այնտեղ ներկա լինել:

«Մենք շարունակում ենք ցավով և անհանգստությամբ հետևել իրավիճակին: Լինելով ոչ քաղաքական կազմակերպություն, խախտումներ նկատելու դեպքում, կողմերի հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում քննարկելու ենք լրացուցիչ և շատ հանգամանալից»,- ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել