Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:   ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ողջ պատասխանատվությունը:   Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը:
22:06 - 28 սեպտեմբերի, 2020
Արցախի ԱԺ նախագահ. Եթե պատերազմը շարունակվեց, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը
 |azatutyun.am|

Արցախի ԱԺ նախագահ. Եթե պատերազմը շարունակվեց, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: «Ադրբեջանն ասում է` բանակցություններով հարց չի լուծվի, բայց ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի հետ, մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Ես կարծում եմ` այս պատերազմը, որը Ադրբեջան-Թուրքիան տանդեմն է ուղղված Արցախի դեմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու», - հայտարարեց նա: Վերջինս խնդրեց համանախագահող երկրներին հաշվի առնել այն փաստը, որ Արցախի իշխանությունները ևս` որպես պատերազմող կողմ, պետք է մասնակցեն բանակցություններին: «Մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի կողմից, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, պատերազմի ժամանակ զրոյական փուլ են տեղափոխվում բանակցությունները: Եթե պատերազմը շարունակվեց, ապա Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարց», - նշեց Արթուր Թովմասյանը: Ըստ նրա` եթե այդ հարցը քննարկվի ՀՀ ԱԺ-ում, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար:
21:53 - 28 սեպտեմբերի, 2020
Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ

Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ

«ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:   Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637:   Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ և այլն):   Ապրանքներն ըստ իրենց տեսակների անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝   Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39,   Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96»,-այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
20:55 - 28 սեպտեմբերի, 2020
ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ դեսպանատուն


 |armenpress.am|

ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը:  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ նշում է, որ նախաձեռնությունների հեղինակները  կարող են դիմել դեսպանատուն: «Վերջին մեկ օրում տեղեկանում ենք Ռուսաստանում Արցախի բնակչությանը  օգնություն ցուցաբերելու  վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, տարբեր ենթակառուցվածքներ և անհատներ: Նախաձեռնողները տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը  ունի իր ուղղությունն ու յուրահատկությունը: Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հաճախ ենք հանդիպում բավականին կասկածելի  հրապարակումների և անհատների կողմից իրականացվող կոչերի օգնության հավաքման վերաբերյալ:  Խնդրում ենք լինել  ուշադիր նման հարցերում և ճշտել տեղեկատվության հավաստիությունը»,-ասվում է գրառման մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ օգնություն ցուցաբերելու նախաձեռնողները կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն (+7(966) 118-89-84): Դա կօգնի համատեղել ջանքերը և համակարգել աշխատանքները: Զինծառայողներին օգնություն ցույց տալու նպատակով նախաձեռնության հեղինակները կարող են օգնությունն ուղարկել նաև ՀՀ զինծառայողների ապահովագրության ֆոնդ (1000plus.am): Հաղորդագրության մեջ դեսպանությունը հավելել է, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը:  
20:44 - 28 սեպտեմբերի, 2020
Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի


 |hcav.am|

Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի |hcav.am|

hcav.am: Հաշվի առնելով ՀՔԱՎ դիմած քաղաքացիների բազմաթիվ հարցերը՝ իրազեկման նպատակով տեղեկատվություն ենք պատրաստել այն մասին, թե ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի․ ✅Զինվորական ծառայության  ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ՝  : ✅Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով: ✅Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝ 1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 48 տարեկանը. 2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 50 տարեկանը. 3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը. 4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը. 5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը. 6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդված: ✅Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը` 1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. 3) ունի չորս և ավելի երեխա. 4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետ։ ✅Զորահավաքի դեպքում եւս զինվորական ծառայության մեջ ներգրավվելու համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 404 – Ն որոշմամբ:  ՀՀ կառավարության N 404 – Ն որոշում։ ✅Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը․ Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի,պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված: ✅Զորահավաքային զորակոչից խուսափելը ենթադրում է պատիժ՝ կալանքի ձեւով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 327։ ✅Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները.Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով զորահավաք հայտարարվելու դեպքում առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված )։
20:36 - 28 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում
 |azatutyun.am|

Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան առաջնահերթ է համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը՝ ընդգծելով խորը մտահոգությունը հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ: «Ֆրանսիայի արտգործնախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը», - ասվում է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար միջազգային օրենսդրությանը համապատասխան», - նաև հայտարարում է պաշտոնական Փարիզը։ Կողմերին հրադադարի կոչով է դիմել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական բախումները գնահատում է «վտանգավոր իրավիճակ»,- այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը: Նրա խոսքով` Բեռլինը վճռականորեն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել և անհապաղ վերսկսել բանակցությունները:
20:35 - 28 սեպտեմբերի, 2020
Մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար․ Արցախի ԱԳՆ

Մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։ Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, օգտագործում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ: Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի քաղաքացիական հայ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ Արցախի ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։ Հայ բնակչության ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, Ադրբեջանից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես 1990 թթ., այնպես էլ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն։ Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները։ Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է։ Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ»։
20:26 - 28 սեպտեմբերի, 2020
Ժամը 17-ի տվյալներով հակառակորդն ունի շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի, եւ անձնակազմի՝ 400-ից ավելի կորուստ․ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ժամը 17-ի տվյալներով հակառակորդն ունի շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի, եւ անձնակազմի՝ 400-ից ավելի կորուստ․ ՊԲ հրամանատարի տեղակալ

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում եւ աճում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։«Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ»,- նշել է նա։Արթուր Սարգսյանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի  կորուստ՝ անձնակազմի մոտ։ «Նախնական տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այս թիվը վերաբերում է միայն Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։ «Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակվածների հիշատակի առջեւ եւ խորապես ցավակցում ենք բոլորի հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում եւ վերադարձ շարք՝ շարունակելու իրենց սրբազան պարտքը»,- հայտնել է Սարգսյանը։ՊԲ հրամանատարի տեղակալը վստահեցրել է, որ երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ եւ հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։ «Անձնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները եւ հասցնելու իր տրամաբանական հաղթանակին։ Մենք ուժեղ ենք, քան երբեւիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,- ասել է նա։Արթուր Սարգսյանը խնդրել և հորդորել է օգտվել միայն պաշտոնական տեղեկություններից եւ զերծ մնալ ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկության նյութերից, քանի որ դրանք առաջացնում են միայն խուճապային տրամադրություն եւ ավելորդ լարվածություն՝ ե՛ւ անձնակազմի, ե՛ւ բնակչության մոտ։ «Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են, որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, որոշ հատվածներում վերականգնվել են։ Օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակում ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում»,- նշել է ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։Նա վստահեցրել է՝ թե՛ թիկունքային, թե՛ տեխնիակկան, թե՛ մարտական ապահովման առումով Պաշտպանության բանակը որեւէ խնդիր չունի։ 
20:00 - 28 սեպտեմբերի, 2020
Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև։ «ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը ս․թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապացությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Խախտված է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր զինատեխնիկա՝ ներառյալ հրետանի, տանկեր ու ավիացիա, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ։  Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ․ հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման երկկողմանի պարտավորություններին։ Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։   Հավաքական անվտանգության խոհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին ընդհարումների ժամանակ հասնել կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ սադրանքներից, որպեսզի թույլ չտրվի լարվածության ուժեղացում»։
19:50 - 28 սեպտեմբերի, 2020
Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն աշխարհին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

 |armenpress.am|

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն աշխարհին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիային և ողջ աշխարհին կոչ է անում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին Կարապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայրերը, որդիներն ու եղբայրները հիմա պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց մտերիմներին և այդ հրաժեշտը կարող է նրանց կյանքում վերջինը լինել: Այդպիսին է իրականությունը, որով իմ հարազատներն առավոտյան արթնացել են Հայաստանում` Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական հարձակումից հետո, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Մինչև ե՞րբ են երեխաները կորցնելու հայրերին, որքա՞ն մայրեր, քույրեր և կանայք են սգավոր դառնալու: Պատերազմը միայն վիշտ է բերում, տառապանք, ավերածություններ և մարդկային կորուստներ»,- գրել է Կարապետը: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ ագրեսիան և պատերազմի հրահրումը, որին հիմա մենք ականատես ենք լինում, հղի են աղետալի հետևանքներով: «Հակամարտությունը վառոդի տակառ է, որը սպառնում է հարևան երկրներին ներգրավել տարածաշրջանային մեծ պատերազմում: Այդ պատճառով Շվեդիան և ողջ աշխարհը պետք է դատապարտեն Ադրբեջանի հարձակումը, կողմերին կոչ անեն հանդարտվել և գործել հանուն խաղաղության: Հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը, Շվեդիան կարող է անել այնպես, որ երկրները դուրս գան պատերազմի ճանապարհից և նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը: Դրանից հետո պետք է հարձակումն ու բռնությունը դատապարտվեն և սկսվի երկխոսությունը»,- նշել է պատգամավորը: Արին Կարապետը հավելել է, որ իրավիճակը լուրջ է և չի կարելի ժամանակ կորցնել, պետք է գործել հիմա:
19:41 - 28 սեպտեմբերի, 2020