Ժամը 17-ի տվյալներով հակառակորդն ունի շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի, եւ անձնակազմի՝ 400-ից ավելի կորուստ․ ՊԲ հրամանատարի տեղակալ
20:00 - 28 սեպտեմբերի, 2020

Ժամը 17-ի տվյալներով հակառակորդն ունի շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի, եւ անձնակազմի՝ 400-ից ավելի կորուստ․ ՊԲ հրամանատարի տեղակալ

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում եւ աճում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ»,- նշել է նա։

Արթուր Սարգսյանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի  կորուստ՝ անձնակազմի մոտ։ 

«Նախնական տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այս թիվը վերաբերում է միայն Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։

«Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակվածների հիշատակի առջեւ եւ խորապես ցավակցում ենք բոլորի հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում եւ վերադարձ շարք՝ շարունակելու իրենց սրբազան պարտքը»,- հայտնել է Սարգսյանը։

ՊԲ հրամանատարի տեղակալը վստահեցրել է, որ երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաներն ու զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ եւ հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։

«Անձնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները եւ հասցնելու իր տրամաբանական հաղթանակին։ Մենք ուժեղ ենք, քան երբեւիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը»,- ասել է նա։

Արթուր Սարգսյանը խնդրել և հորդորել է օգտվել միայն պաշտոնական տեղեկություններից եւ զերծ մնալ ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկության նյութերից, քանի որ դրանք առաջացնում են միայն խուճապային տրամադրություն եւ ավելորդ լարվածություն՝ ե՛ւ անձնակազմի, ե՛ւ բնակչության մոտ։ 

«Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են, որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, որոշ հատվածներում վերականգնվել են։ Օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակում ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում»,- նշել է ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա վստահեցրել է՝ թե՛ թիկունքային, թե՛ տեխնիակկան, թե՛ մարտական ապահովման առումով Պաշտպանության բանակը որեւէ խնդիր չունի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել