Ինֆոքոմ

Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։ Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ և ինչպես տեսնում ենք, և մենք անհազանգել ենք, ցավոք  դելտա շտամը աչքի է ընկնում վարակելության ավելի մեծ աստիճանով, բայց բացի դրանից հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Նախարարը նաև ընդգծեց, որ նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթ նախարարը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են 20-28 տարեկան երիտասարդներ։ Նախարարը հայտնեց, որ նրանցից մեկը մահացել է։ Ավանեսյանի խոսքով այս պահին նույնպես կա 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Ուստի սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք, որ առաջիկայում վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք և ամեն մեկը իր հանրային պատասխանատվության մասը կրելով նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը մեզ պաշտպանի»,- հավելեց նախարարը։ Խոսելով մահճակալային ֆոնդի մասին նախարարը հայտնեց, որ այս պահին  ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են, ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։  Նախարարը մանրամասնեց․ «Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր ունեն դրա կարիքը, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ, բայց նաև սա մեծ լարվածություն է ստեղծում  ընդհանուր առմամբ համակարգում։ Գիտենք, որ աշնանը հիվանդացության աճ է գրանցվում և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներին, ուստի կորոնավիրուսը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»։ Անդրադառնալվ պատվաստումային գործընթացին Ավանեսյանը նշեց, որ այս պահի տվյալներով իրականացվել է 293955 պատվաստում, օրական պատվաստողների թիվն անցնում է 6000-ը։ Երեկ իրականացվել է 6227 պատվաստում։ «Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվել։ Սա խոսում է քաղաքացիական կարծիքի փոփոխության մասին, բայց դեռ շատ տեղ ունենք աշխատելու ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։
11:47 - 02 սեպտեմբերի, 2021
Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակն է

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակն է

Այսօր Արցախի անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը: 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ Ադրբեջանը 1991 թվականի սեպտեմբերի 25-ին սկսեց Արցախյան առաջին պատերազմը։ Այն տևեց ավելի քան 3 տարի, և միայն 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի դեմ կրկին սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն դադարեցվեց նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։ Ցավոք, պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց Արցախի անվտանգության ողջ գոտին, ինչպես նաև Շուշին և Հադրութը։
09:44 - 02 սեպտեմբերի, 2021
Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան

Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան

2021-2022 ուսումնական տարվա համար Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) ներդրել է կրթական նոր չափորոշիչներ։  Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաեւ դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից՝ այսօրվանից, կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների եւ սովորողների համար։ Մյուս դասարաները, ինչպես Տավուշում, այնպես էլ ՀՀ մնացյալ դպրոցներում, շարունակելու են աշխատել գործող չափորոշիչով։ Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում։ Օգոստոսի 17-ի տվյալներով վերապատրաստվել է 2-րդ դասարանում դասավանդող 90 դասվար եւ 7-րդ, 10-րդ դասարանների պատմության 128 ուսուցիչ: Ձեռնարկվող փոփոխությունների, հնարավոր ռիսկերի եւ առավելությունների մասին infocom.am-ը զրուցել է վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանի հետ։  Վերջինիս խոսքով՝ եթե մինչ այս շեշտադարում էին գիտելիքը, ապա հիմա կարեւորում են նաեւ կարողությունների ձեւավորումը․ «Այսինքն՝ դրանք այն գիտելիքներն են, որոնք գործողության մեջ աշակերտը եւ հետո քաղաքացին կկարողանա ներդնել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ վերաբերվում է գնահատման չափանիշներին՝ այս որոշումը գործածության մեջ դնելուց հետո անբավարար գնահատական չի լինելու։ Այսինքն՝ երբ հիմա ասում ենք, որ 1-3 նիշը անբավարար է, դա արդեն չի լինելու, երեխան վաստակում է այնքան, ինչքան ինքը կարողանում է»։ Վարդանյանը մանրամասնեց, որ երկրորդ փոփոխությամբ միավորային գնահատականը հանվում է առաջին դասարանից մինչեւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ, այսինքն՝ աշակերտները սկսելու են միավորային գնահատական ստանալ հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի լինելու, իրականացվելու է ընթացիկ գնահատում ձեւավորող գնահատում, աշակերտի բնութագրիչներ եւ մի շարք այլ գործիքներ են կիրառվելու։ Անդրադառնալով դասաժամերի փոփոխությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցների երկրորդ դասարաններում դասավանդող ուսուցիչները դասավանդելու են 18 ժամ՝ 22-ի փոխարեն, եւ դա համարվելու է մեկ դրույք։ Պատճառն այն է, որ  միավորային գնահատման փոխարեն ներդրված ձեւավորող գնահատումը աշխատատար պրոցես է, այդ պատճառով ուսուցիչներին հատկացվել են լրացուցիչ ժամեր։ «Մնացած դասարաններում՝ 5-րդ, 7-րդ եւ 10-րդ, 20 ժամն է համարվելու մեկ դրույք, որովհետեւ բավականին ժամանակատար գործեր են անում ուսուցիչները՝ նախագծեր, նախագծի գնահատում և այլն, այդ իսկ պատճառով եւս երկու պահուստային ժամ ենք տվել ուսուցիչներին։ Ստացվում է, որ ոչ թե 22 դասաժամն է մեկ դրույք համարվելու, այլ՝ երկրորդ դասարանում՝ 18, իսկ ավելի բարձր դասարաններում՝ 20 ժամը, բայց ոչ թե ուսուցիչը 2 ժամ շուտ է գնալու տուն, այլ ինքն այդ ժամերին լինելու է դպրոցում, որպեսզի կարողանա ձեւավորող գնահատումն իրականացնել։ Ուսուցիչը 4 ժամ քիչ է դասավանդում, բայց վճարվում է մեկ դրույքի չափով, աշխատավարձի կրճատման մասին երբեւէ խոսք չի եղել»,- հավելեց Վարդանյանը։ Ըստ մասնագետի՝ այն գնահատումը, որն իրականացնելու են ուսուցիչները 2-րդ դասարանում, կհանգեցնի նրան, որ ծնողները կհասկանան, որ ոչ թե ուսուցիչն ուղղակի գնահատական է դրել, այլ գնահատել են երեխայի աճը՝ իր նկատմամբ։ Երբ ասում են գնահատական չկա, չի նշանակում, որ ծնողը չի իմանալու, թե իր երեխան ինչպես է սովորում։ Վարդանյանի խոսքով՝ բազմաթիվ գործիքներ են մշակված, որպեսզի ուսուցիչների համար հեշտ լինի։ «Դրանք նաեւ ծնողների համար են, ծնողը հստակ պատկերացնում է, թե երեխան ինչպիսի առաջընթաց ունի, ոչ թե դատատավճռի նման գնահատականը դրվեց եւ վերջ: Հարցը հենց ընթացքին է վերաբերվում, ընթացիկ գնահատումն է, որ շատ կարեւոր է երեխայի անձի զարգացման համար։ Երբ ծնողները, մեր հասարակությունը հասկանան, որ երախային ոչ թե պետք է հարցնեն՝ ի՞նչ ես ստացել, այլ՝ ի՞նչ ես սովորել, դրանով շատ խնդիրներ լուծված կլինեն։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ միավորային գնահատումը շատ ավելի արագ էր տեղի ունենում, քան ձեւավորող եւ ընթացիկ գնահատումը, այ հենց դրա համար է, որ լրացուցիչ ժամով բեռնաթափվել է ուսուցիչը, որպեսզի կարողանա հանգիստ խղճով իր աշխատանքը կատարել»,- մանրամասնեց Վարդանյանը՝ նշելով, որ չնայած  բնութագրով գնահատումը ուսուցչից շատ մեծ ժամանակ է խլում, այնուամենայնիվ ծնողին եւ հետագա ուսուցիչներին տալիս է հնարավորություն՝ հասկանալու երեխայի զարգացման աճը բոլոր ոլորտներում։ Այդ մեթոդը կիրառվելու է առաջին դասարանից մինչեւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ Մեր զրուցակիցը մանրամասնեց, թե ինչու է հենց հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը․ ըստ մասնագետի մեկնաբանության՝ երեխան դասվարական օղակից անցում է կատարում միջին օղակ, եւ նրա համար դա սթրես է, որովհետեւ նախկինում ճանաչել է միայն իր դասվարին եւ մի քանի հարակից առարկաների ուսուցիչների, իսկ հիմա բոլոր առարկաները դասավանդում են տարբեր ուսուցիչներ, եւ միշտ չէ, որ առարկայական ուսուցիչը կարողանում է միանգամից ճանաչել աշակերտին։ «Չէ՞ որ երեխան պետք է զարգանա, բացվի, ուսուցչին ընդունի, որ կարողանա իր բոլոր ունակությունները ցույց տալ, դրա համար ընտրվել է այդ ժամանակը։ Հնարավորություն է տրվում, որ ուսուցիչն ու աշակերտները ճանաչեն իրար, հետո նոր հնարավոր լինի գնահատական դնել։ Հիմա, հասկանալով, որ դա ժամանակատար աշխատանք է, բայց շատ կարեւոր եւ շատ ինֆորմատիվ աշխատանք, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Բացի դրանից՝ ապրիլից հրապարակված են գնահատման չափանիշներին համապատասխան գործիքները։ Գործիք ասելով՝ նկատի ունեմ հարցադրումներ, հարցարաններ, թեստեր եւ այլն, որ ուսուցիչները ծանոթանային ամռան ընթացքում՝ սեպտեմբերին կիրառելու համար»,- ներկայացրեց Վարդանյանը՝ հավելելով, որ բարձր դասարաններում միավորային գնահատումը պահպանվում է։ Այս տարի միայն Տավուշի մարզի երկրորդ դասարանում է, որ գնահատման կարգը փոխվելու է։ Վարդանյանը տեղեկացրեց, որ վերապատրաստումները լինելու են շարունակական, երկու ամիսը մեկ հիմնադրամի ներկայացուցիչները այցելելու են Տավուշի մարզի տարբեր դպրոցներ, իրականացնելու են դասալսումներ, եւ ամբողջ իմաստն այն է լինելու, որ ուսուցիչների կողմից վեր հանվեն թերությունները, պրոբլեմները, որպեսզի դրանք շտկվեն ու լուծվեն, այլ ոչ թե ուղղակի մատնանշվեն։ «Մենք վերապատրաստել ենք ուսուցիչներին եւ բոլորին խնդրել ենք, որ ամեն անգամ դասը վարելուց հետո ունենան հետադարձ կապի թերթիկներ, որոնց վրա գրեն, թե ինչ թերություններ իրենք նկատեցին, որ մենք կարողանանք հասկանալ՝ այդ խնդիրը համակարգայի՞ն է, թե՞ տվյալ դասարանի հետ է կապված, կամ չափորոշչի, որպեսզի մենք կարողանանք վերլուծել ու լուծում տալ, որովհետև այդ չափորոշիչները հիմա փորձարկման համար են նախատեսված։ Մեծամասամբ կարեւոր է հետադարձ կապը, որ ճիշտ փոփոխություններ, լրամշակումներ անենք»,- ասաց Վարդանյանը։  Մեր այն հարցին, թե փոփոխությունների վերաբերյալ ինչ անհանգստություններ են հայտնել ուսուցիչները, Վարդանյանը պատասխանեց, որ հիմնական անհանգստությունն այն է, թե արդյոք իրենց մոտ կստացվի՞, քանի որ շատ մեծ պատասխանատվություն է, մեծ գործ է սկսվում, եւ ուսուցիչները շատ լավ հասկանում են, որ իրենց լավ արված աշխատանքի արդյունքում է ճիշտ չափորոշիչ ձեւավորվելու։ Վարդանյանի խոսքով՝ երբ չափորոշիչը ընդունվի դժվար է լինելու փոփոխություն կատարել, իսկ հիմա հնարավորություն կա, որ ուսուցիչն ինքը, որոշ ժամանակ ճիշտ ընտրություններ կատարելով, կարողանա այսպիսի փաստաթուղթ ձեւավորել, որը հետո մեծ դժգոհություններ չառաջացնի։ «Սա շատ կարեւոր կետ է, որ այս պարտականությունը հենց ուսուցիչներին է, որովհետեւ իրենք են ամեն օր դասարան մտնում եւ իրենք կկարողանան ճիշտ փաստաթուղթ ձեւավորել։ Փորձարկման իմաստը հենց դա է, որ այս գործըթնացներից հետո ՀՀ բոլոր դպրոցներում ընդունվի այս փոփոխությունը, բայց սա փորձարկվելու է նաեւ մյուս տարի, արդեն 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարաներում, այսինքն՝ դեռ փորձարկվելու է, որ հասկանանք՝ ինչ արձագանք ունենք։ Լուծումների մասին հիմա դժվարանում եմ խոսել, որովհետեւ մինչեւ մենք չհավաքագրենք արձագանքները, չտանք մշակված եւ համակարգված կարգավիճակ, մենք չենք կարող ասել, թե ինչ ունենք»,- եզրափակեց վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամ ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանը։ Ասպրամ Փարսադանյան
16:34 - 01 սեպտեմբերի, 2021
Թուրքիայի քաղաքականությունը որոշակի փոփոխություն է կրել․ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները․ քաղաքագետ

Թուրքիայի քաղաքականությունը որոշակի փոփոխություն է կրել․ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները․ քաղաքագետ

Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, եւ որ Հայաստանը դրանք կգնահատի եւ դրական ազդակներին դրականով կպատասխանի։ Օգոստոսի 29-ին մամուլում սկսեց շրջանառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ Էրդողանն, ինչպես նախկինում, այս անգամ էլ ակնարկել է իր նախապայմանների, խաղաղության համապարփակ պայմանագրի եւ այլնի մասին։  Փոխանակվող այս դրական համարվող ազդակները տարբեր շրջանակներ համարում եմ նոր հնարավորություն, մյուս կողմից էլ՝ նոր ծուղակ Հայաստանի համար, որին տրվում ՀՀ-ում կառավարող ուժը։ Թեմայի շրջանակներում զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ։ Վերջինս եւս որեւէ դրական ազդակ չի տեսնում այս հայտարարություններում՝ մեկնաբանելով, որ ձեւակերպումները, թե պատրաստ են վերականգնել հարաբերութւոնները Հայաստանի հետ, նոր չեն․ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանի օրոք, նույն Էրդողանը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է ինչ-ինչ պայմաններով հարաբերություններ վերականգնել, Հայաստանն էլ իր հերթին մշատպես նշել է, որ պատրաստ է՝ առանց նախապայմանների։ Եւ շան գլուխը, ինչպես ակնարկեց Գալստյանը, հենց այստեղ է թաղված․ «Նախապայմաններ․ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի մի քանի հայտարարություններ, տեսնում ենք, որ Թուրքիայի ավանադական նախապայմանները՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Թուրքիայի հետ սահմանազատման, սահմանագծման հարցի փակում, Ցեղասպանության արդյունքում տուժածների փոխհատուցման պահանջի հրաժարում եւ այլն, չեն վերացել։ Եթե սրա մեջն ինչ-որ մեկը դրական ազդակ է տեսնում, ապա դրանք եղել են միշտ, երբեւէ չեն վերացել Թուրքիայի քաղաքականությունից։ Իսկ թե ինչ են տեսնում Հայաստանի իշխանությունները, ես չեմ հասկանում»։  Քաղաքագետի դիտարկմամբ՝ դեռ ավելին, Թուրքիայի քաղաքականությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանի նկատմամբ որոշակի փոփոխություն է կրել, եւ ավելի են սաստկացել Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործողությունները եւ գործիքները։ Նրա խոսքով՝ չպիտի մոռանանք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են պատերազմը ավարտված լինելու մասին, խաղաղության ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասին, այսինքն՝ այն, ինչ մշտապես պահանջել ու ակնկալել են, այս պահին ձգտում են Հայստանից կորզել նախ հայտարարությունների, ապա իրավական փաստաթղթի տեսքով, որտեղ ամրագրված կլինեն Թուրքիայի նախապայմանները․ «Ուստի, մեղմ ասած, դժվար է այդ հայտարարությունները գնահատել որպես դրական ազդակ։ Իսկ Հայաստանն այսօր որպես վերջին պատերազմում պարտված կողմ, որն ընկել է ցնցումների խոր եւ տեւական մի ժամանակաշրջանի մեջ, ի վիճակի չէ արմատական եւ հեռուն գնացող քայլեր իրականացնել այս պահի իր երկու հարեւանների նկատմամբ։ Այդ ճեղքերի մի մասը Հայաստանը փորձում է լրացնել կամ փակել Ռուսաստանի միջոցով՝ նրան փոխանցելով այդ ոլորտներում հարցերի որոշումը՝ միջնորդություն Ադրբեջանի հետ բանակցություններում, սահմանապահների տեղակայում, համատեղ պաշտպանության համակարգիի ամրապնդում եւ այլն։ Այսինքն՝ անվտանգային նշանակություն ունեցող հարցերը Հայաստանը փոխանցում է Ռուաստանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանը ՌԴ-ին է փոխանցում արդեն նաեւ նշանակալի չափով հնարավոր կոմունիկացիոն ուղիների վերահսկողության, վերաբացման գործարկման պրոցեսի շուրջ բանակցողի, հետագայում նաեւ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնողի գործառություները․ «Այսինքն՝ Հայասատանի ինքնիշխան իրավասությունների տիրույթը բավական նեղացել է, դրան գումարած՝ մեր ներքին կառուցվածքային թուլությունները՝ պետական կառավարման արդյունավետության հետ կապված բացերը, սոցիալ-տնտեսական վիճակը, եւ առաջին հերթին պետական կառավարման արդյունավետության բացակայության խնդիրները հանգեցրել են մի իրավիճակի, որ Հայաստանը չի իրականացրել այն, ինչ պետք է իրականացներ մեկ տարվա ընթացքում»։  Սրա վառ օրինակն, ըստ քաղաքագետի, այն է, որ մենք մինչեւ հիմա Սյունիքում չունենք այլընտրանքային ճանապարհ, իսկ հիմնական ճանապարհի մի հատվածը վերջերս Ադրբեջանը փակել էր․ «Խնդիրը հենց դա է, որ մենք այս տասն ամսվա ընթացքում, որպես պարտված պետություն, պիտի անեինք շատ բաներ, որոնք չենք արել, թե ինչու չենք արել դա այլ քննարկման հարց է, բայց ես որեւիցե արդարացում ուղղակի չեմ գտնում։ Պարտված կողմը, որը չի պատրաստվում ընդհանրապես հանձնվել, պետք է ինչ-որ ձեւ ամրապնդի իր անվտանգությունը՝ կանխելով հետագա գործողույթուններն իր նկատմամբ, իսկ Հայաստանը չի անում այդպիսի գործողություններ, որպեսզի վաղը-մյուս օրը Ադրբեջանը կամ Թուրքիան տասն անգամ մտածեն, նոր ինչ-որ քայլ անեն։ Բոլորովին չի երեւում, որ Հայաստանը փորձում է կանխել հետագա ճնշումներն իր նկատմամբ։ Հակառակը, այսօր բավական շատ են թողնված այնպիսի լուսանցնքեր, որոնց միջոցով այդ երկու պետությունները կարող են ճնշումներ գործադրել մեր նկատմամբ։ Եթե թվարկենք չարված բաները, մի հսկայական ցուցակ կլինի»։  Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին տարածաշրջանում եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քաղաքագետը շեշտեց, որ ՌԴ-ն առաջնորդվում է իր շահերով, նա Հայաստանի շահերը կարող է ներկայացնել մի պարագայում, երբ դրանք չեն հակասի իր շահերին։ Իսկ այստեղ, Գալստյանի դիտարկմամբ, խնդիր է առաջանոմ՝ մենք ի՞նչ ենք պատվիրակել Ռուսաստանին, ի՞նչ հարցերում վերջանական որոշում կայացնելու կամ որոշիչ ձայն ունենալու ինչ իրավասություններ ենք տվել․ «Ռուասատանի հետ, անշուշտ, տարածաշրջանի պետությունները չեն կարող չբանակցել, նա տարաշարջանի ամենաազդեցիկ դերակատարն է, թեեւ վաղուց արդեն միակը չէ։ ՌԴ-ն այս պահին իրականացնում է վերադիրքավորում, նրա դիրքերն այն չեն, ինչ մենք պատկերացնում ենք։ Այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն իսկ լեգիտիմ ներկայացված է Սդրբեջանում, այն հանգամանքը, որ Թուրքիան արդեն առաջ է մղում Հարավային Կովկասով կասպյան պետություններ դուրս գալու իր բացահայտ ծրագիրը, սա խոսում է այն մասին, որ Թուրքիան ՌԴ-ի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունի, ունի նաեւ Ադրբեջանի հետ։ ՌԴ-ն հեգեմոն չէ, որ ինչ ասի, նրանք այնպես էլ անեն, նա ստիպված է մանեւրել, զիջել ինչ-որ տեղ, որպեսզի հետագայում ինչ-որ բան ստանա։ ՌԴ-ի հետ հաշվի նստում են, ՌԴ-ն եւս հաշվի է նստում եւ Ադրբեջանի հետ, որի կշիռը բարձրացել է, եւ Թուրքիայի հետ, որի հետ ՌԴ-ն հակամարտային համագործակցության մեջ է․ մի կողմից նրանց մոտ կա տարածաշրջանում դերի բարձրացման մրցակցություն կա, մյուս կողմից նաեւ համագործակցություն, որովհետեւ Թուրքիան ՌԴ-ի համար տնտեսական կարեւոր գործընկեր է»։ Գալստյանի խոսքով՝ քանի դեռ Թուրքիան «արեւմուտք» չէ, ՌԴ-ն կձգտի նրան իրեն ավելի մոտ պահել, եւ ամեն ինչ կանի, որ Թուրքիան հնարավորինս հեռու մնա արեւմուտքից, «Այս խաղը միշտ է եղել, մենք մտածել ենք, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, նա երբեք մեզ չի անտեսի, բայց ՌԴ ոչ թե մեզ, այլ իր շահերը չի անտեսի»։ Թուրքիայի նախապայմանների համատեքստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային՝ Նարեկ Գալստյանը նկատեց՝ սահմանազատման հարցը սկսված է, թեեւ դեռեւս ոչ փաստաթղթավորված։ Այն, մեր զրուցակցի խոսքով, սկսվել է մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք․ «Փաստաթղթով ամրագրման մասը դեռեւս անորոշ է, կան, հավանաբար բանավոր պայմանավորվածություններ ինչ-որ հավածների վերաբերյալ, բայց դրանք վերջնականորեն պետք է ամրագրվեն միջպետական պայմանագրի տեսքով, որտեղ հստակ պետք է նշված լինի, թե որ բարձունքից որը, որ ձորակով սահման կանցնի, որտեղ են տեղակայվելու սահմանապահները եւ այլն, բայց գործընթացը սկսված է, հնարավոր չէ՝ չլինի։ Եթե չլիներ, այսպիսի իրավիճակ չէր լինի։ Նաեւ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարության մեջ գյուղերի ադրբեջանական անուններ տվեց՝ ցույց տալով, որ ճանաչում է այդ տարածքների պատկանելությունը, հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ, այդ արտահայտությունները գործածելով, Փաշինյանը հասկացնել տվեց, որ Ադրբեջանը ներխուժել է ոչ թե ՀՀ տարածք, այլ փակել է իր տարածքով անցնող ճանապարհի հատվածը։ Հետեւաբար, արդեն այդ հատվածի սահմանազատման հարցը որոշակիացված է, Հայաստանն ընդունում է, որ այդ հատվածը պատկանում է Ադրբեջանին»։ Ի դեպ՝ կառավարություն կատարած մեր գրավոր հարցերին, թե արդյոք սկսվե՞լ են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան եւ դելիմիտացիան, եւ եթե այո, ապա ինչ կառույցների մասնակցությամբ, ինչ կարգով են ընթանում, գործադիրից պատասխանել են, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն ընթանում։ Իսկ այս պահին, քաղաքագետի համոզմամբ, մենք ունենք ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին զուգահեռ հրատապ խնդիրներ․ առաջինն, իհարկե, սահմանազատման խնդիրն է, որին Գալստյանը ոչ պակաս համարժեք է համարում նաեւ Արցախյան հիմնախնդիրը։ Այստեղ, սակայն, նա չի տեսնում հստակ դիրքորոշում, ձեւաերպումներ, թե ինչպես է ՀՀ գործող կառավարությունը պատկերացնում այդ հիմնախնդրի կարգավորումը․ «Այո, հայտարարություններ լինում են, որ պետք է բանակցային պրոցեսը շարունակի եւ այլն, բայց մնացյալ հարցերում հստակություն չկա, չի նշվում, թե որ տարածքներն է ՀՀ-ն ճանաչում որպես Արցախի մաս, ինչու, օրինակ, չի խոսվում, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են․ ասում են՝ չենք ասում, որ պրոցեսը չվատթարանա, բայց սրանից էլ վատթար էլ ի՞նչ պետք է լինի»։ Հարցերի մի փունջ էլ, Գալստյանի կարծիքով, վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների մոտեցումներին․ ի վերջո ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ-ն Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները․ «Այո, մենք պետք է Թուրքիայի հետ կարողանանք ինչ-որ հարցերով լեզու գտնել, բայց դա մենք վաղուց պետք է անեինք, որպեսզի այսպիսի փակուղում չհայտնվեինք։ Բայց չենք արել, հիմա հարց է՝ ինչպես են պատրաստվում։ Լինում են դեպքեր, երբ կարճաժամկետ օգուտը երկարաժամկետ կտրվածքով վերածվում է մեծ վնասի, դա էլ պետք է հստակ հաշվի առնել, դա կապված է նաեւ կոմունիկացիոն ուղիների հետ՝ որտեղով կանցնեն, ինչ բնույթ կունենան, ինչպիսի իրավական կարգավիճակ կունենան, եւ այլն, այդ հարցերն այսօր հստակեցված չեն»։ Հայարփի Բաղդասարյան
21:31 - 31 օգոստոսի, 2021
Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ  որոշման արդյունքում  հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան

Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ որոշման արդյունքում հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան

Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ, և մենք որևէ կերպ չպետք  է համակերպվենք այս փաստի հետ։ Ես այստեղ արձանագրել եմ նաև ուղիղ եթերի անջատման դեպքը, սա նույնպես աննախադեպ էր, երբ այսպես ուղղակի, հայեցողական, սուբյեկտիվ, պահի ազդեցությամբ՝ ԱԺ նախագահը համայում է, որոշում է անջատել ուղիղ եթերը, բացարձակ սուբյեկտիվ և  կամայական որոշման արդյունքում զրկում է հասարակությանը ուղիղ, անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Այս փաստը նույնպես ուզում եմ մեր դժգոհությունների ցանկում ավելացնել։  ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քննարկմանը այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։  Վերջինս նշեց, որ այս քննարկումները տարբեր հարթակներում ընթանում են օգոստոսի 2-ից, սակայն որևէ պրակտիկ քայլ  չի արվել, բացի լուռ ակցիան, որն օրեր առաջ ԱԺ օթյակում իրականացրին լրագրողները։  «Ի՞նչ եմ ես առաջարկում, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրները չտեսնելը մեր շահերից չի բխում։ Խոսում են անվտանգության խնդրի մասին, բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը կոնկրետ լրագրողների աշխատանքին։ Այս պարագայում մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչով է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք նրանց աշխատանքին կամ ինչ-որ անձանց հանդեպ։ Մենք այդ հիմանվորումը չենք լսել այս օրերի ընթացքում։ Եվ ես առաջարկում եմ երկու առանձին կամ երկու միասնական առաջարկներ անել, որպես երկխոսության քայլ Աժ ղեկավարությանը, որպեսզի չդիտվի, որ մենք պատրաստ չենք որևէ դրական քայլի, բարեփոխման, այլ միայն պահանջում ենք, որ ամեն ինչ մնա այնպես, որովհետև այդպես մեզ հարմար էր»,- հավելեց Դոյդոյանը։ Վերջինս ներկայացնելով եկրորդ խնդիրը  նշեց, որ լրագրողները պետք է հավատարիմ մնան լրագրողական վարքակոններին։ Դոյդոյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց շարադրի այն հիմնական բարոյական սկզբունքները որով առաջնորդվում են իր լրագրողները, խմբակրակազմը, դա կարող է ցանկացած ծավալի լինել, որտեղ ներառված կլինեն լրագրողի մասնագիտության բարոյական սկզբունքները։ «Մյուս խնդրանքն այն է, որ մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակում դնենք, ես գիտեմ և համաձայն եմ ձեզ հետ,  որ որևէ խմբագիր առանց մասնագիտական ստաժի լրագրողին չի ուղարկում ԱԺ, այստեղ իսկապես հավաքված են համայնքի որակյալ ներկայացուցիչները, բայց կուզենայի, որ ինչ-որ կերպ ամրագրվեր, որպես մեր կողմից քայլ։ Առաջինը նշենք, որ այստեղ գտնվում են այն լրագրողները, որոնք բարձր մասնագիտական հմտություններ ունեն և լրագորղական էթիկայի կանոններին համապատասխան են գործում, թե ինչպիսի կանոներ կձևակերպեն խմբագրությունները, դա նրանց ներքին աշխատանքն է։  Մեր պահանջներում մենք պետք է լինեն անհողդողդ, լրագրողները իրենց աշխատանքը  կատարել են ԱԺ ողջ տարարծքում, և այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով և մենք սրանից որևէ քայլ չպետք է նահանջենք։ Նորից առաջարկում եմ, կոնկրետ առաջարկներ ներկայացնենք, և այստեղից դուրս գանք փաստաթղթով»։
14:37 - 30 օգոստոսի, 2021
ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում նախաձեռնվել է քննարկում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման սկզբում արձանագրեց, որ այդ միջոցառման նպատակը լրագրողական հանրույթի լսելի լինելու հրամայականն է, որը, պատգամավորի համոզմամբ, խախտել է ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի վերաբերյալ առանց վերջիններիս հետ քննարկումների որոշումներ կայացնելով։ Թագուհի Թովմասյանն ընթերցեց «ԶԼՄ մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որում նշված է, որ հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի։ Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է այս օրենքի 6-րդ հոդվածի երրորդ կետին, այսինքն՝ իրավական առումով խնդիր կա։ Նա նաեւ հիշեցրեց, որ այդ որոշման համար կայցած ԱԺ խորհրդի նիստը դռնփակ է եղել, սակայն պետք է լիներ հրապարակային, ուստի նա կարծիք հայտնեց, որ լրագրողական հանրությունը այս երկու հանգամանքների վերաբերյալ իրավական գործընթաց պետք է նախաձեռնի։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցում է քննարկմանը, արձանագրեց, որ այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք լրագրողների գործունեության վերաբերյալ որոշման ընդունումից, ապա ԱԺ նիստերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունից, անընդունելի են․ «Նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաեւ կիսաժողովրդավարական երկրում, եւ ես վստահ չեմ, որ կարող է նույնիսկ ոչ ժողովրդավար երկրում լինել»,- հայտարարեց Իոաննիսյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումներին, նա նշեց, որ այդ որոշումը որոշակիորեն հակասում է Սահմանադրության 51-րդ եւ 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու եւ մամուլի ազատությունը․ «Մայր օրենքի այդ նորմերը հստակ ամրագրում են, որ այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ սպառիչ թվարկված նպատակների համար։ Արձանագրենք, որ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետեւապես այն իրավաչափ չէ։ Ամենաուշը վաղը մենք հայցադիմում ենք մուտքագրելու Վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որոնք վերաբերում են անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքինն, որը որեւիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության ու տրամաբանության մեջ»,- ասաց Իոաննիսյանը։ Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնությունների չորս դրվագներին՝ օգոստոսի 11-ին, երբ լրագրողներին ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից, օգոստոսի 24-ն, երբ լրագրողներին դարձյալ հեռացրին օթյակից, ապա, ինչպես նշեց Իոաննիսյանը,  երբ Վահե Ղալումյանը լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեց, եւ 25-ին նորից օթյակից լրագրողներին բռնությամբ հեռացման դեպքերին՝ հանրային գործիչը նշեց, որ դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ դատախազություն։ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին շեշտեց, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործուենության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, անհրաժեշտ, բավարար պայմանների ապահովմամբ․ «Որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե դրանք սահմանվում են օրենքներով, նորմատիվ ակտերով ու ընթացակարգերով, հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել եւ որակվելու են որպես բռնություն՝ խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»։ Բարսեղյանը մեջբերեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ռեպլիկը, թե՝ «չեմ կարծում, որ ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործն է», եւ շարունակեց, որ բռնապետական ռեժիմները հիմնականում ինչ-որ հատուկ ազդարարմամբ չեն ներդրվում․ «Ես լսել եմ որոշ պատգամավորների, որ իրենք համաձայն չեն Վարդանյանի այս մտքին, բայց բոլորդ հասկանում եք, որ բացի պատգամավոր լինելուց՝ նա կարեւոր հանձնաժողովի նախագահ եւ խմբակցությունում էական դերակատարում ունեցող մարդ է։ Կասկածում եմ, թե նա երբեւէ կհասկանա՝ որքան վտանգավոր եւ չարամիտ արտահայտություն է իր խոսքը, հույս ունեմ՝ խմբակցությունն իրեն կարգի կհրավիրի եւ կարգելի նման անհեթեթություններ խոսել, որոշել լրագրողների եւ լրատվականների անելիքները»,- ասաց Բարսեղյանը՝ շեշտելով, որ դա կոնցլագերական մոտեցում է։
13:18 - 30 օգոստոսի, 2021
«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ

«Ֆիզգոռոդոկի» բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ

«Ֆիզգոռոդոկի» բնակիչներից Սեդա Գրիգորյանի եւ եւս մեկ քաղաքացու մեքենաներն առանց ծանուցման ավտոքարշակով տեղաշարժել են՝ պատճառաբանելով, թե դրանք խանգարում են շինարարական աշխատանքներին։ Շինաշխատանքներն իրականացնող «Ռատկո» ընկերության ներկայացուցիչը պնդել է, թե դա իր նախաձեռնությունն է, իսկ ոստիկանները թույլ են տվել կատարել գործողությունը։ Բնակիչները պատրաստվում են Ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ իրենց գույքն ապօրինաբար տեղաշարժելու առնչությամբ։ Նշենք, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, օգոստոսի 19-ից սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։ Վերջիններս ամեն օր ակցիա են իրականացնում բարձրահարկի կառուցման դեմ։ Այսօր ևս քաղաքացիներն ակցիա են իրականացրել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար
16:03 - 28 օգոստոսի, 2021
«Ֆիզգոռոդոկում» ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին

«Ֆիզգոռոդոկում» ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին

«Ֆիզգոռոդոկում», որտեղ, բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարություն են սկսել, ոստիկանները բերման են ենթարկել բնակիչներից Հայկ Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ոստիկաններից՝ իր մեքենային հարվածելու համար (տեսանյութը՝ այստեղ)։ Թաղամասի բնակիչներից Մագդա Հովհաննիսյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարությունյանին բերման ենթարկելու ժամանակ «Ֆիզգոռոդոկում» շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերությանը պատկանող մեքենաներից մեկը քշել է Հայկ Հարությունյանի դստեր ուղղությամբ՝ փորձելով նրան վրաերթի ենթարկել։ Վերջինս վնասվածքներ չի ստացել, այս պահին նա Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դեպքի առնչությամբ։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, ոստիկանները, որոնք դեպքին ականատես են եղել, տեղում ոչինչ չեն ձեռնարկել։
15:31 - 28 օգոստոսի, 2021
Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում բուժաշխատողների մինչեւ 40 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Նախարարի այս հայտարարության վերաբերյալ սոցցանցերում կասկածներ էին շրջանառվում, ուստի հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ հստակեցնելու՝ քանի՞ բուժաշխատող կա Հայաստանի Հանրապետությունում, նրանցից քանի՞սն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, նրանցից քանի՞սն են ստացել առաջին, եւ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Հուլիսի 19-ի մեր գրության կապակցությամբ օրեր առաջ նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում կա 42,209 բուժաշիատող՝ վարչական և տեխնիկական անձնակազմը ներառյալ, այդ թվում՝ 19,985-ը հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող բուժաշխատող: Մեր ստացած պատասխանի համաձայն՝ օգոստոսի 17-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, որից՝ 12,199 առաջին դեղաչափ, 3714՝ երկրորդ դեղաչափ։ Պատվաստված բուժաշխատողների թիվը կստանանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարած մոտ 40 տոկոսը, եթե դիտարկենք այն, որ 42,209 բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, այսինքն՝ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել է Հանրապետության բուժաշխատողների 37,71%-ը: Սակայն եթե դիտարկենք երկու դեղաչափ ստացած բուժաշխատողներին, ապա լիարժեք պատվաստված է համարվում միայն 3714 բուժաշխատող՝ Հանրապետության բուժաշխատողների 8,79%-ը։ Իսկ հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող 19,985 բուժաշխատողներից միայն 9760-ը կամ 48,8%-ն է պատվաստվել, սակայն նախարարությունից չեն հստակեցրել՝ նրանցից քանիսն է ստացել առաջին, իսկ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Այսպիսով, թեեւ Անահիտ Ավանեսյանի ասած թիվն, ըստ էության, սխալ չէ, սակայն փոքր ինչ շփոթեցնող է, երբ հնչեցվում է, որ պատվաստվել է բուժաշխատողների մինչեւ 40%-ը, քանի որ 40%-ը պատվաստանյութի միայն առաջին դեղաչափ է ստացել, իսկ լիարժեք պատվաստված համարվում են միայն երկրորդ դեղաչափ ստացած անձինք։ Ուստի առավել ճշգրիտ է նշել, որ Հանրապետության բուժաշխատողներից միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ, 28,91%-ը՝ մեկ դեղաչափ։ Հայարփի Բաղդասարյան
14:36 - 27 օգոստոսի, 2021
Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Րոպեներ անց միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Միջադեպի մասին պաշտոնյաներից առաջինն արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց ԱԱԾ-ն։ Երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «թուրքերը Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են»։ Լուսանկարը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը։ Այն տարածել են ավելի քան 270 օգտատեր։ Նշված հրապարակումը տարածել են Blognews.am և Azgonline.am կայքերը։ Տարածված լուսանկարը, սակայն, նոր չէ և Գորիս-Կապան ճանապարհին չէ։ Yandex որոնման համակարգով նկարը որոնելիս հնարավոր եղավ գտնել լուսանկարի տեղանքը և ամսաթիվը։ Առաջին նկարը տարածվող լուսանկարն է՝ մեկնաբանությամբ, թե «թուրքերը կանգնած են Գորիս-Կապան ճանապարհին», երկրորդ նկարը որոնման արդյունքում հայտնաբերվածն է։ Բացի սրանից հնարավոր եղավ հայտնաբերել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա այլ նկարներ։ Համաձայն ՌԴ ՊՆ կայքի՝ Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման գործընթացը և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Լուսանկարները հրապարակվել են 2020 թվականի նոյեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հաջորդ օրը։ Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից Այսպիսով՝ տարածվող լուսանկարը 2020 թվականի նոյեմբերի 25-ի է և ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհից է, այլ Քարվաճառի շրջանից։ Նարեկ Մարտիրոսյան
13:59 - 27 օգոստոսի, 2021
Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակով կպատասխանենք․ Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակով կպատասխանենք․ Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության թեմային վերադառնալով պետք է ասեմ, որ որոշակի դրական, հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք, և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք։ Տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալով այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականին նախընտրկան քարոզարշավի ժամանակ ասված ամեն խոստում պետք է տեղ գտնի կառավարության միջոցառումների շրջանակում, և անհրաժեշտ է խումբ ձևավորել, որ ևս մեկ անգամ դիտի նախընտրական տասնյակ ժամեր տևող քարոզարշավը և կառանձնացնի կառավարության անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների։ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը  անկանխատեսելի չէր, և կառավարությունն այս ընթացքում աշխատել է նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ և շարունակելու է աշխատել։ «Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ Նաև ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ եթե Ադրբեջանը ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի։ Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննությամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ »,–ասաց նա։ Անդրադառնալով  կառավարության հնգամյա ծրագրին Փաշինյանը կարևորեց մինջհայանքային և հարապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման  ծրագրերը։ Վարչապետը նշեց, որ մասնավորապես Սյունիքի մարզում պետք է այն իրականացնել, նա հավելեց, որ մինչև տարվերջ Տաթև - Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի։ Համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար։ «Կառավարության ծրագիրը պետք  է ներառի կառավարության յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը։ Կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից, ըստ այդմ առաջարկվող և հաստատվելիք բոլոր միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային, սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ։ Սա իմիջիայլոց ռազմավարական կառավարմանն անցնելու, մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը՝ մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում»,- եզրափակեց Փաշինյանը։ Նշենք, որ կառավարությունն այսօր 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 37.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 13.8կմ։
11:59 - 27 օգոստոսի, 2021
Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին,  չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան

Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին, չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան

Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, եւ մենք դրանք չենք թաքցրել ու չենք էլ պատրաստվում թաքցնել։ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Եւ մենք միասնաբար պարտավոր ենք։ Էն իրավիճակում, որում հայտնվել ենք, երեք սցենար կա՝ փախչել պատասխանատվությունից, ուժ կիրառել կամ դիմել միջնորդներին՝ ներքին հանրությանը համախմբելու համար։ Մենք էդ ճանապարհներով չենք գնացել, մենք մեր ժողովրդին ենք դիմել, եւ ժողովուրդը մեզ լիազորել է, տվել է մանդատ, պատվիրել է՝ գնալ եւ էս հարցերով զբավել։ Մենք չենք պատրաստվում փախչել պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք բոլորին կոչ են անում, արտախորհրդարանական ուժերին կոչ են անում՝ կա խնդիր, եկեք, մասնակցեք այդ խնդիրների լուծմանը։ Բայց Փաշինյանը համարում է, որ ընդդիմադիրները փորձում են մեթոդաբանական սխալներով հանդես գալ․ «Ո՞րն է էդ սխալը․ նրանք կառավարության ծրագրի քննարկման ընթացքում էս ամբիոնից ասացին այն, ինչ ասել են յոթ ամիս, ու վերջում էլի դիմում են հանրությանը՝ ասելով՝ գուցե հանրությունն էդքան էլ լավ տեղեկացված չէ։ Եղել ա ժամանակ, որ մեր կառավարությունն ընդհանարպես լռել ա, ոչինչ չի ասել, ձեր բոլոր հեռուստաալիքներով ինչ ասես, ինչ սուտ ասես ասել եք, բոլոր հնարավոր ստերը տարածել եք։ Գիտե՞ք ասելիքի ճգնաժամն ինչից ա․ որովհետեւ իրենք ինչ հնարավոր է՝ ասել են, ճիշտ, սուտ, նոր ասելիք չեն կարողանում ձեւակերպել»,- ասաց նա։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որ «ի սկզբանե փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող դավաճանական օրակարգ են»։ «Երբ մենք հետեւողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք էդ օրակարգին, եւ մենք ենք շահագրգռված էդ օրակարգով, չէք նկատե՞լ, որ Բաքվից այլեւս չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, ընդհակառակը՝ փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը»,- ասաց վարչապետը։
12:23 - 26 օգոստոսի, 2021
Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ

Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է․ վարչապետը համոզված է, որ, այո՛, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ «Էն մարդիկ, որոնք վիճարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել, այնպիսին, ինչպիսին փորձել են կազմակերպել նոյեմբերի 10-ին»,- ասաց Փաշինյանը։ Նա խոսեց նաեւ այն ելույթների մասին, թե՝ «չգիտենք՝ Սյունիքը Հայաստանից կտրվա՞ծ է, թե՞ ոչ»․«Ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ներկայացուցիչներ։ Դժվար է՞ մի հատ նիստից առաջ զանգել-տեղեկանալ։ Տեսնում ե՞ք, որ կապ չունեք, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու աղբյուրը, դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կառլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, որովհետեւ էնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամմեդ Ալի․․․ Ես սպասում էի, որ էսօր նա գոնե ԱԺ կգա՝ «Ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»,- ասաց Փաշինյանը՝ ըստ ամենայնի նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Փաշինյանը հիշեցրեց դեկտեմբերի 19-ի իր ուղերձը, որում ինքը խոսում էր Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին՝ ասելով, որ այդտեղ խնդիր ունենք, եւ իրենք քաղաքական որոշում են կայացրել, որի պատասխանատվությունն ինքը կրում է։ Այդ ուղերձից նա մեջբերում արեց․ «Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը լիարժեք ներկայացված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե, այս առումով կարող են ծագել տրասնպորտային լոգիստիկ բարդույթուններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում՝ այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- ասաց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ մենք արդյունքում ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ու պատասխանեց․ «Ոչ, փոխարենը, ՊՆ-ն դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հավածն անցնում է վիճարկելի հատվածով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում երթեւեկության անխափան կազմակերպման նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից։ Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- ընթերցեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ սրա վերաբերյալ իերնք ամբողջական տեղեկություն են տվել, եւ տեղեկություն չեն տվել միայն այն հատվածների մասին, որոնք, ըստ իրեն, կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ։ «Հիմա, որ գրել են վիճարկելի, էդ վիճարկելին մենք ե՞նք դարձրել վիճարկելի»,- ասաց վարչապետն ու նորից հիշեցրեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որի մասին բազմիցս խոսել է․ «Դա էլ մի կողմ՝ դուք գիտեք, որ 2010-ից եղել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ։ Ոչ մի մեկնաբանության սա չի արժանացել։ Հիմա ասում են՝ էդ ինչ անկլավների, Տիգրանաշենի հարց է առաջանում։ Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսի-հարավ ճանապարհը նածագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Փաշինյանն ասաց, որ այն հատվածները, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայասատանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել, այդ տեղերը փակել են՝ որպես պատճառ բերելով, որ գիշերը հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին․ «Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, եւ կոչ ենք անում, որ եթե ադրբեջանական կողմը միջադպի հիմնավորումներ ունի, փոխանցի մեզ։ Բայց էն, ինչ տեղի է ւնեցել, հակասում է ՊՆ դեկտեմբերի 19-ի հայտարարությանը, որը ձեռք է բերվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, եւ ամրագրվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով նաև Սյունիքի իրավիճակին՝ նա ասաց․ «Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, եւ մենք, անկախ էս իրավիճակներից, էնպես ենք պլանավորել մեր աշխատանքները, որ տրանսպորտային երթեւեկությունը կարգավորենք եւ երաշխավորենք, եւ էդ աշխատանքները կշարունակվեն։ Ռազմավարական առումով հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումնէ լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաեւ Շուռնուխ եւ Որոտան համայնքների ճանապարհների լավարկման աշխատանք է սկսված, որը մենք պարզապես կարագացնենք»։
11:45 - 26 օգոստոսի, 2021
ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

Նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նախագահի պաշտոնում իր առաջին կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց Վահան Նարիբեկյանին։ Լրատվամիջոցները այս լուրը տարածել են Վահան Նարիբեկյանի և Ալեն Սիմոնյանի համատեղ նկարով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն։ Բացի սրանից՝ հատկանշական է, որ Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելը եղել է «Արգավանդ կահույք» խանութ սրահի տնօրենը։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին Վահան Նարիբեկյանի կողմից։ Վերջինս մինչև այս տարվա օգոստոսի 12-ը հանդիսացել է նույն ընկերության տնօրենը, որից հետո տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նշենք, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 3-ին։ «Արգավանդ կահույք» խանութ սրահն աչքի է ընկնում պետական գնումներին մասնակցությամբ։ Մասնավորապես Ազգային ժողովի հետ ընկերությունը սկսել է պայմանագրեր կնքել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ի՞նչ գնումներ է կատարել Ազգային ժողովը «Արգավանդ կահույքից» Ազգային Ժողովը սեփական կարիքների համար «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից պետական գնումներ սկսել է կատարել 2018 թվականի հուլիսից։ Առաջին գնումն իրականացվել է այդ ամսվա 31-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի աթոռ՝ 5 հատ 90 հազար դրամ և 25 հատ 7250 դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 630 հազար դրամ։ ԱԺ-ն հիմնական գնումները կատարել է գնանշման հարցումով։ Համաձայն օրենքի՝ գնանշման հարցումով պետական գնում կարելի է կատարել եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը։ Գնումների բազային միավորն օրենքով սահմանված է 1 մլն դրամ։ Գնման այս ձևով պետական գնումների կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք նախապես պատվիրատուից ստացել են մասնակցության հրավեր։ 2018 թվականին նույն ընկերությունից ևս մեկ գնում էլ իրականացվել է դեկտեմբերի 25-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի գրասենյակային աթոռ՝ 100 հատ 7800 դրամ և 100 հատ 24 հազար դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 180 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2018 թվականին ԱԺ-ն այս ընկերության հետ կնքել է 3 մլն 810 հազար դրամի պայմանագիր։ 2019 թվականին, համաձայն պետական գնումների Armeps համակարգի, ԱԺ-ն «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքել է գնման 3 պայմանագիր։ Սակայն նշված 3 պայմանագրերն էլ ունեն նույն պայմանագրի կոդը և համակարգում տեղադրված է նույն պայմանագիրը։ Այս պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շարժական գրադարաններ, սեղաններ, զգեստապահարաններ և բազկաթոռներ՝ ընդհանուր 8 մլն 748 հազար դրամ արժողությամբ։  2020 թվականին ԱԺ-ն նույն ընկերության հետ կնքել է 3 պայմանագիր։ Առաջին պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շուրջ 527 հազար դրամ ընդհանուր արժեքով բազկաթոռներ և աթոռներ։ Երկրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել փափուկ կահույք․ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլն 519 հազար դրամ։ Այդ տարվա երրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել գրասեղաններ և գրասենյակային աթոռներ՝ ընդհանուր 1 մլն 139 հազար դրամ արժողությամբ։ Այսինքն՝ 2020 թվականին Ազգային Ժողովը «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ կնքել է 12 մլն 185 հազար դրամի տարբեր տեսակի կահույք ձեռք բերելու պայմանագրեր։   Ընդհանուր առմամբ՝ հեղափոխությունից հետո Ազգային ժողովը Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերության հետ կնքել է 5 պայմանագիր՝ շուրջ 24 մլն 743 հազար դրամի, ընդ որում, յուրաքանչյուր տարում կնքված պայմանագրերի արժեքն ավելի բարձր է եղել նախորդ տարվա պայմանագրերի արժեքից։ Պետական այլ մարմինների և «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերը։ Բացի Ազգային ժողովից՝ Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունը ծառայություններ է մատուցել նաև պետական այլ մարմինների։ Մինչև հեղափոխությունը նշված ընկերությունից իրականացվել է պետական 3 գնում՝ 2 գնում 2017-ին և 1 գնում՝ 2018-ին։ Հեղափոխությունից հետո Նարիբեկյանին պատկանող ընկերությունից գնումներն ակնհայտորեն ավելացել են։ 2018 թվականին այս ընկերության հետ պետական տարբեր մարմիններ, բացի Ազգային ժողովից, ընդհանուր առմամբ կնքել են 26 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 46 մլն 197 հազար դրամ։  2019 թվականին պետական մարմինները ընկերության հետ կնքել են 62 պետական գնման պայմանագիր, որում ներառված չեն ԱԺ-ի հետ կնքված պայմանագրերը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 390 հազար դրամ։ 2020 թվականին պետական մարմինները նույն ընկերության հետ կնքել են 37 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 744 հազար դրամ։   «Արգավանդ կահույք» ընկերության հետ պայմանագրեր են կնքել ՏԿԵՆ-ը, ՍԴ-ն, ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ՇՄ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ԱԻՆ-ը, ԲՏԱՆ-ը, Գյուղատնտեսության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը և այլն։   Ընդհանուր առմամբ՝ «Արգավանդ կահույք» ընկերության հետ հեղափոխությունից հետո կնքվել է 130 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 284 մլն 74 հազար դրամ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  նշանակված Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունից պետական մարմինները՝ այդ թվում Ազգային ժողովը, հեղափոխությունից հետո մշտապես պետական գնումներ են կատարել և պետական միջոցներից վճարել են շուրջ 284 մլն 74 հազար դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
20:50 - 25 օգոստոսի, 2021
Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, որը ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է՝ ինչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ․ Տիգրան Աբրահամյան

Ելույթս կսկսեմ կառավարության ծրագրի նախաբանում հնչեցրած և ներկայացված  մի քանի մտքերից։ Նախաբանում նշվում է, ինչպես նաև կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Հիմա նույն կառավարության ծրագրի նախաբանի երկրորդ մասում միաժամանակ նշվում է, որ կառավարությունը գիտակցում է, այս խնդրի լուծումը, այսինքն՝ այս առաքելության իրականացումը, կախված չէ միայն Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, և այս հարցով երկրում կա կոնսեսուս, խաղաղությունը առաջնային է բոլորի համար։ Աբրահամյանի խոսքով, սակայն,  հաջորդ տողում գրել, որ ստեղծված իրավիճակում մեզանից կախված չէ, արդեն իսկ խնդիր է և ցույց է տալիս կառավարության ծրագրի նախաբանում ստեղծված հակասությունների մասին։ Աբրահամյանը շեշտեց, թե այս մասին խոսում է նաև այն պատճառով, որ ընտրական ժամանակահատվածում  այս դրույթն օգտագործվում էր որպես ընտրական տեխնոլոգիա, այսինքն՝ ներկայացվում էր որպես հանրությանը խաղաղություն բերելու դրույթ, մոտեցում։ Պատգամավորը հավելեց․  «Կարծում եմ, որ այստեղ մանիպուլյացիոն գործոնը բավականին մեծ է։ Ես մի քանի հարցադրումներ արեցի, երեկ այս դահլիճում ստեղծված իրավիճակի պատճառով քննարկումը  դրա շուրջ չգնաց, բայց ես այդ հարցադրումները այստեղ ևս կհնչեցնեմ, որովհետև կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար դա շատ ավելի առաջնային է, քան վերջին օրերին այս դահլիճում ծավալվող գործընթացները։ Առաջինը կապված է հետևյալ իրավիճակի հետ․ փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստթղթով ներկայացված չէին Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց  պատերազմի սպառնալիքների ներքո մենք դրանք տվել ենք Ադրբեջանին։ Հարցը բերեմ Ադրբեջանի դաշտ և վտանգներն ու սպառնալիքերը այդ տեսանկյունից ներկայացնեմ։ Արդյոք Ադրբեջանում կարո՞ղ են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով այդ նախադեպը, որ իրենք կարողացել են փաստաթղթից դուրս տարածքներ զավթել, բռնազավթել, այս իրավիճակում ունեն այլ հնարվորություն  Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու և Հայաստանից նոր տարածքներից խլելու համար»։ Աբրահամյանի կարծիքով հաջորդ կարևոր դրույթն այն է, որ կառավարության ծրագրում չկա Արցախի հանրապետություն եզրույթը։ Աբրահամյանը հարց ուղղեց՝  «դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա մտածելակե՞րպ է, թե ի՞նչ է»։ Սա այն պայմաններում, երբ կառավարության ծրագրում բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, դա պաշտոնական փաստաթուղթ է, բայց նշված չէ Արցախի Հանրապետություն։ «Կարող ենք ենթադրել, որ միգուցե սա պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունը չսրելու հետ, սրա հետ կապված կարծում եմ, որ մենք պարզաբանման կարիք ունենք, որովհետև սուբեկտայնության խնդիր կա, և ընդհանուր մոտեցումներում սա պետք է պարզաբանվի։ Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածում նաև նշվում է, որ կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Տեսեք՝ կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված հարց որևէ ձևով առաջին պլան բերված չէ։ Եթե այս կառավարության համար առաջնայինն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները ապրեն Արցախում, և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենան, ապա ես ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերել չի ստացվում և դրա արձագանքը նկատվում է նաև Արցախի հանրության տարբեր շրջանակներում»,- ընդգծեց Աբրահամյանը։ Խոսելով  անվտանգության բլոկում ամրագրված մի քանի կարևոր դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարության ծրագրում որևէ բան չի գտել սպաների վերաբերյալ։ Պատգամավորի կարծիքով բանակային ցանկացած ռեֆորմի, անվտանգության ուղղությամբ ցանկացած փոփոխության հիմքում սպան է։ «Եթե մենք սպայի գործոնը երկրորդ-երրորդ պլան ենք մղում, ապա միանգամից ասեմ, որ այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն։ Պրոֆեսիոնալ բանակի հետ կապված, դրույթներից մեկում նշված է, որ աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի կայացմանն ենք գնալու, պայմանագրայինների թիվն ավելանալու է։ Նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացում այդ պայմանագրայինների աճը տեղի է ունեցել, և սա որևէ նոր բան իրենից չի ներկայացնում։ Եթե չեմ սխալվում նաև միջև պատերազմական գործողությունները ՀՀ ԶՈՒ-ում պայմանագրայինների և ժամկետայինների հարաբերակցությունը մոտ 85-ը 15-ի էր, ի օգուտ պայմանագրայինների։  Անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, ոչ որևէ կերպ ներկայացված չէ կառավարության ծրագրում հետևյալն է, ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-ի առաջ, ԶՈՒ-ն որևէ կերպ ապահովելու է Արցախի անվտանգությունը, թե ոչ։ ԶՈՒ-ն խնդիր ունի՞ արդյոք, որ էֆեկտիվ բանակցությունների պայմանում Արցախում մարտ վարեն։  Ցավում եմ, բայց բազմաթիվ խնդիրների որևէ պատասխան այս ծրագրում չեմ տեսնում»,- եզրափակեց Աբրահամյանը։
16:48 - 25 օգոստոսի, 2021