Ինֆոքոմ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում

«FreeNews» լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը և տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, և որն ունի նաև վերգետնյա հեռարձակման իրավունք, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00։27-ին, տարածել է «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ» վերտառությամբ, իսկ ժամը 21։37-ին՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  Freenews.am-ն այս նյութերը վերահրապարակել է armenianews.net և medianews.site լրատվական կայքերից․ սրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն չի գրվել։ Բացի սրանից՝ այս երկու կայքերն իրար նման են և՛ արտաքնապես, և՛ բովանդակությամբ։ Երկու կայքերն էլ ունեն նույն բաժինները՝ «Լուրեր», «Հետաքրքիր», «Մարդիկ և բլոգեր», «Թեստեր» և «Ժամանց»։ Freenews.am լրատվական կայքը այս երկու կայքերից վերահրապարակումներ արել է 87 անգամ, որից 58-ը armenianews.net կայքից, 29-ը՝ medianews.site կայքից։ Այս նյութերը մեծամասամբ հիմնավոր չեն, աղբյուրները հավաստի չեն և քարոզչական բնույթի են՝ հօգուտ գործող կառավարության։  Օրինակ՝ ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածի վերնագիրը կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե սա ուղիղ մեջբերում է Հայկ Մարությանի խոսքից, սակայն նյութը կարդալիս պարզ է դառնում, որ այդ մասին ասել են Medianews-ի «հավաստի» աղբյուրները, այսինքն՝ ներկայացվածը ոչ թե փաստ է, այլ անապացուցելի պնդում։ Մեկ այլ՝ «Կապանի քաղաքապետը դռնեդուռ ընկած ասում է, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի» վերտառությամբ հոդվածում ևս բոլոր պնդումները Medianews-ի աղբյուրներինն են։ Սակայն այս դեպքում պատկերն ավելի է ամբողջանում, քանի որ «Freenews»-ը հղում է կատարել «Armenianews»-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է «Medianews»-ին։ Օրինակ՝ վերոնշյալ հոդվածում ասվում է․ «Փարսյանի (Կապանի քաղաքապետը,-հեղ․) հայտարարություններն այս՝ ինչպես վերջինս էր ասում, «դավաճանական» իշխանության մասին նույնպես չեն մոռացվել: Ու ամենևին բացառված չէ, որ շատ շուտով Փարսյանն արժանանա Մխիթար Զաքարյանի ճակատագրին: Իշխանությունների համար դժվար չէ Փարսյանի` համայնքապետի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել անօրինակություններ ու մեկընդմիշտ լուծել Փարսյանի հարցերը: Այնպես որ, մանր ժուլիկություններ անելու փոխարեն Փարսյանն ավելի լավ է խոր շունչ քաշի ու ինքնակամ հեռանա Կապանի քաղաքապետի պաշտոնից, քանի դեռ ստիպված չէ ճաղերի հետևից նայել արևին: Ի վերջո, դավաճան քաղաքապետին ոչ քաղաքն է ընդունում, ոչ էլ այս իշխանությունները»: Armenianews.net կայքը «Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի ցինիկ ժպիտով երթը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, ընդհանուր առմամբ, բովանդակություն չկար՝ բացի լուսանկարներից, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը ժպտում են։ Նշված հրապարակումը տարածել են medianews.site-ն ու freenews.am-ը։  Տպավորություն է ստեղծվում, որ այս կայքերը հստակ քարոզչական արշավ են իրականացնում այն մարդկանց դեմ, որոնց հետ իշխանության ներկայացուցիչներն ունեն տարաձայնություններ։ Ո՞ւմ են պատկանում armenianews.net և medianews.site կայքերը Համաձայն դոմեններն ստուգող who.is հարթակի՝ armenianews.net կայքն ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 12-ին։ Այն գրանցված է Դավթաշեն 2-րդ թաղամասի 18/5 հասցեում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով (նշված հասցեում գրանցված է նաև Չախոյանը)։   Who.is համակարգում medianews.info կայքի տվյալները թաքցված են, սակայն հնարավոր եղավ պարզել, որ այս կայքը ևս կապ ունի armenianews.net կայքի հետ։ Ուսումնասիրելով armenianews.am կայքի «դիտել էջի աղբյուր» բաժինը՝ հնարավոր է գտնել երկու կայքերի կապը։ Այսպես, եթե նույն անձը երկու կայքերը կառավարում է Google Analytics-ի իր հաշվից, ապա կայքերի «դիտել էջի աղբյուր» բաժնում Google Analytics-ի կոդը լինում է նույնը՝ բացառությամբ վերջին թվի։ Այս երկու կայքերի դեպքում  Google Analytics-ի կոդերը UA-112931850-1 և UA-112931850-2-ն են, որտեղ UA-ը Google Analytics-ի ընդհանուր դասիչն է, իսկ թվերը (112931850)՝ անձնական հաշվի համարը։ Սրան հաջորդող -1 և -2 թվերը նույն հաշվին կցված երկու կայքերն են։ Այսինքն՝ armenianews.net և medianews.info կայքերը ղեկավարում է նույն անձը։ Ո՞ւմ է պատկանում freeNews.am լրատվական կայքը Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հունիսի 15-ին։ Ընկերության 100% բաժնետերը եղել է Հասմիկ Դանիելյանը։ 2021 թվականի մայիսի 11-ից «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 51%-ը անցել է Արմեն Ղալեչյանին։ Վերջինս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ «Ֆրի Նյուզ»-ի տնօրենը, ըստ ռեգիստրի, Մարիամ Մարգարյանն է, որը նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Վերջինս Ալեն Սիմոնյանի կինն է։ Մարգարյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Հասմիկ Դանիելյանի հետ։  Հասմիկ Դանիելյանը, բացի «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից, 2021 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որը «Ֆրի Նյուզ» ընկերության հետ գրանցված է նույն հասցեում։  Infocom-ը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյոք armenianews.net և medianews.site կայքերը կապ ունե՞ն նրա հետ, թե՞ ոչ, սակայն Չախոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Այսպիսով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված armenianews.net և medianews.site կայքերը հրապարակում են մի շարք  խնդրահարույց բովանդակությամբ նյութեր, որոնք էլ վերահրապարակում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարությամբ գործող freenews.am լրատվական կայքը։  Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 04 հոկտեմբերի, 2021
Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան

Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ քարոզարշավն ընթանում է հանդարտ, բնականոն հունով, սակայն բնակիչների հետ իր հանդիպումներից նկատել է, որ վերջիններս կարծես մի փոքր լարված են, իր խոսքով՝ նույնիսկ վախվորած են գալիս հանդիպումներին․ սա, մեր զրուցակցի դիտարկմամբ, այն հանգամանքի բերումով, որ ընտրություններին առաջադրվել է նաեւ գործող համայնքապետի թեկնածությունը, որը ՔՊ ներկայացուցիչն է։ Ինչ վերաբերում է համայնքային խնդիրներին՝ Լալայանը մեր զրույցում նշեց, որ Տաթեւում լուծում պահանջող առաջնահերթ հարցը վերաբերում է անվտանգությանը․ «Մենք պետք է կարողանանք ժողովրդի միջից հանել վախվորածությունը, համերաշխություն մտցնենք, որպեսզի այլեւս իմ ու քո, սեւ ու սպիտակ չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց երբեմն համարում են ընդդիմադիր, բայց իրենք ընդդիմադիր չեն, եւ պատրաստ են աջակցել կառավարության բոլոր այն որոշումներին, որոնք դրական փոփոխություն են բերելու։  Մասնավորեցնելով անվտանգային խնդիրների թեման՝ Լալայանը նշեց, որ Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրը, որն այժմ սահմանամերձ է, մյուս կողմից Որոտանի ափով հասնում է Շինուհայր բնակավայրի հին գյուղերի ու այգիների մոտ․ իրենք մտադիր են համագործակցել ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարության հետ, որպեսզի զինված մարդիկ լինեն այդ տարածքում՝ հակառակորդի հնարավոր սադրանքները կանխելու կամ դրանց դիմակայելու համար․  «Մարդիկ Խոտ գյուղից մինչեւ Որոտան այգիներ ունեն, գնում, աշխատում են, մենք պիտի այնպես անենք, որ հանգիստ լինեն, կարողանան պահել հողը, ոչ թե հուսալքվեն, թողնեն այգիները, գնան»։ Տաթեւ համայնքում կան նաեւ այլ խնդիրներ՝ ոռոգման ջրի, գազաֆիկացման, եւ այլն։ «Շանթ դաշինքի» ներկայացուցչի համոզմամբ՝ համայնքի ուժերով հնարավոր է բացել մի քանի դաշտամիջյան ճանապարհ, որոնցով ոռոգման ջրի հարցը կարող է լուծվել։ Բայց դրանից զատ՝ նաեւ առանձին ծրագրեր են մշակելու՝ խնդիրները հիմնովին լուծելու համար։ Տաթեւի Շինուհայր, Հալիձոր բնակավայրերում, ինչպես մեր զրույցում ասաց Լալայանը, կա նաեւ խմելու ջրի խնդիր, իսկ Խոտ բնակավայրում՝ չկա։ Այդ շրջանների խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծումն, ըստ մեր զրուցակցի, շատ ծախս չի պահանջում, կեսը, համենյան դեպս, համայնքային բյուջեով հնարավոր կլինի լուծել՝ գոնե այգիները մաքուր ջրով պահելու համար։ Սամվել Լալայանն առանձնացրեց նաեւ ենթակառուցվածքների խնդիրը։ Նրա խոսքով՝ Տաթեւի հատկապես Հարժիս բնակավայրի ճանապարհն է վատ վիճակում, բայց իրենց քաղաքական թիմը որոշել է՝ համայնքային ուժերով շիբինապատելու են ճանապարհը, որպեսզի այն ավելի լայն ու անցանելի դառնա․ «Բայց անպայման պետք է համագործակցենք կառավարության հետ, որ օգնեն՝ հիմնովին լուծել խնդիրները»,- հավելեց համայնքապետի թեկնածուն։ Նույն այս Հարժիսում, ինչպես նաեւ Հալիձոր բնակավայրում, խնդիր է գազաֆիկացումը․ լուծման համար, մեր զրուցակցի հաշվարկներով, մոտ 38-40 մլն դրամի ծախս է պահանջվում․ պատրաստվում են դիմել կառավարությանը, ծրագիր ներկայացնել, «ականջի հետեւ» չեն գցելու, եւ, վստահեցրեց, հետեւողական են լինելու։ Տաթեւ համայնքում, ինչպես նկատեց Սամվել Լալայանը, զարգացման հեռանկար ունի զբոսաշրջությունը։ Բայց եթե Տաթեւը կարողանում է զբոսաշրջիկներին «ինքնուրույն» գրավել, ապա մյուս բնակավայրերը դեռ գրավիչ դառնալու խնդիր ունեն։ Իսկ գրավչություն ապահովելու համար, մեր զրուցակցի խոսքով, պատրաստվում են գյուղեր տանող ճանապարհները հարդարել․ տեխնիկա ունեն մնում է՝ գործի անցնեն․ «Մեր ուժերով կարող ենք հարդարել ճանապարհները, որպեսզի զբոսաշրջիկները նաեւ գյուղեր գնան, որովհետեւ միայն Տաթեւում չէ, որ տեսարժան վայրեր կան, մյուս բնակավայրերն էլ ունեն պատմամշակութային հետաքրքիր վայրեր»,- նշեց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի կյանքի կոչել իրենց նախանշած ծրագրերը։  «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն այն կարծիքին է, որ Տաթեւի բնակիչներն իրեն ու իր քաղաքական ուժին ընտրելու քիչ պատճառներ չունեն․ «Ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, քսան տարի զինվորական եմ եղել, եւ հիմա էլ վստահեցնում եմ՝ աշխատելու են արդար ու ազնիվ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Լուսանկարը՝ Սամվել Լալայանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
17:28 - 04 հոկտեմբերի, 2021
Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը․ «Երրորդ, թե չորրորդ օրն էր պատերազմի, հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ, ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում։ Նույն խոսակցությունն ունեցել եմ ե՛ւ Բակո Սահակյանի հետ, ե՛ւ Արկադի Ղուկասյանի հետ, իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին, ունեմ կոնկրետ առաջարկներ, պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ։ Արել են ամեն ինչ՝ չլսելու համար։ Ո՞նց բացատրեմ սա, նորմալ բացատրություն չունի սա»,- ասաց Քոչարյանը։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բանակցային ձեւաչափին, Քոչարյանը նշեց, որ Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ, եւ որ հարթակի ողջ գործունեությունը կառուցված է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրա, բայց ոչ երբեք պարտադրելու․ «Նման մանդատ հիմա էլ չունի։ Եւ մտածել, որ ՄԽ շրջանակներում հնարավոր է էապես ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, թե իրատեսական է։ Ակնհայտ է, որ ՌԴ-ի դերը ՄԽ շրջանակներում շեշտակի աճել է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը լրիվ այլ դիրքերում է հայտնել բանակցային գործընթացում։ Ակնհայտ է նաեւ, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակի մեծացրել են իրենց ազդեցությունը։ Դժվար է ասել՝ ինչի կարելի է հասնել, սա կախված է մի շարք հանգամանքներից եւ հետագա զարգացումներից, ուղղակի այստեղ պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխել, եւ պետք է, որ ՀՀ-ն իր ունեցած ողջ հնարավորություններով մտնի այս պրոցեսի մեջ եւ իր վրա պատասխանատվություն վերցնի»։ Հիմա, Քոչարյանի համոզմամբ, այս հանգամանքներից ոչ մեկը չկա։
14:02 - 04 հոկտեմբերի, 2021
Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան

Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ հասկանում, թե մեկ տարի անց մենք ինչու ունենք ռազմագերիներ, եւ ավելին՝ չգիտենք՝ թե քանի ռազմագերի ունենք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մեր գերիների վերադարձի դիմաց Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի քարտեզներն այն պարագայում, երբ գերիների վերադարձի մասին դրույթ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Պատերազմից մեկ տարի անց, չիմանալով զոհվածների հստակ թիվը, անհետ կորածների, գերիների թիվը, մենք հանդուրժում ենք այս իշխանությանը․ ուղղակի աբսուրդ է։ Ես չեմ հավատում, որ աշխարհում որեւէ այլ օրինակ կա․․․ Գոնե  զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել, մարդկանց անուն-ազգանուն-հայրանունը, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել, գոնե մի գիրք պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, արդեն մեկ տարի անց հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, նրա համոզմամբ՝ սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակները, սակայն, Քոչարյանի համար հասկանալի չեն։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Քոչարյանն ու իր թիմը ինչ տեղեկություններ ունեն այն մասին, թե, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, Քոչարյանը պատասխանեց, որ փաստեր գիտի, ըստ որոնց՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի (Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, մինչեւ Քարին Տակ,- թվարկեց Քոչարյանը) ողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել․ «Որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել, ես բացատրություն չունեմ՝ ինչու, հարցրել եմ տարբեր զինվորականների։ Այդ ժամանակ էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու․ չնշանակեցին։ Այս բոլորը, երբ համադրում ես, տեսնում ես, որ կամ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կամ եղել է դավաճանություն։ Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել․ այս պարագայում եղել է մի թեզ, որ Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու։ Այդ խոսակցություններն այդ ժամանակ եղել են, եւ տպավորություն էր, որ Շուշին վերցնելու մարշրուտը կամ բացում էին, եւ եթե չէին բացում, չէին էլ փակում։ Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորվածություն»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ մի փաստ է բարձրաձայնել, ըստ որի Ստեփանակերտում նախագահական շենքի շուրջ 300 մետր շառավղով մեկ արկ չի պայթել, այդ շենքի վրա չի եղել մեկ կոտրված ապակի, եւ դա այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր․ «Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ո՞ւմ էին խնայում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր այդ քանակի շարասյուներն օդից ոչնչացվում էին՝ դեռ դիրքեր չհասած։ Այսպիսի գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում։ Ի դեպ, ես չեմ կարծում, թե իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին։ Հարությունյանը հայտարարել էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել, բայց ես կարծում եմ, որ այդ շենքում ամբողջ պատերազմի ընթացքում եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը։ Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100կմ հեռավորության վրա Լաչինում կամուրջ ոչնչացնել, եւ այդ շենքը չեն կարողացել ոչնչացնե՞լ։ Ծիծաղելի է, այդպես չի լինում, ուղղակի չի լինում։ Կան լուրջ կասկածներ, որոնք եթե չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
13:14 - 04 հոկտեմբերի, 2021
Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան

Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան

«Իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում՝ նման նպատակներ հնչեցնելու եւ նման նպատակներ հետապնդելու ժամանակ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին քննարկումներին․ «Ամենից զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով՝ չես կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, երբ չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում, եւ չես արել որեւէ քայլ՝ այդ նպատակին հասնելու համար՝ հատկապես պատերազմից հետո։ Քոչարյանի համոզմամբ՝ այս ամենում հնարավոր է բան փոխել, բայց, նրա խոսքով, «այս մարդիկ (գործող կառավարությունը-խմբ․) պետք է գնան։ Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, մարդը չոքած հոգնում է, չի ստացվելու։ Հատկապես չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չես կարող բանակցել, չի ստացվում, չի ստացվելու»։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանի համոզմամբ, եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինի փոխել․ «Մեկ տարի է՝ Հայաստանն այս պրոցեսին մասնակից չէ։ Ես մոտավորապես գիտեմ՝ ինչ է բանակցվում Մոսկվայի հետ․ զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում, Ղարաբաղի ապագայի, կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում։ Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու, ամեն օրը կորցրած օր է»։
12:48 - 04 հոկտեմբերի, 2021
ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եւ բոլորս այնքան ժամանակ իրավունք ունենք մտածելու, որ դա այդպես է, մինչեւ դա լուրջ եւ խոր քննության ճանապարհով չհերքվի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Փաստերի համադրումը, ըստ նրա, հիմք է տալիս մտածելու, որ հավանական է՝ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է՝ ըստ պայմանավորվածության․ «Այս ամենն առերեւույթ հանցագործություններ են, մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաեւ նրանք, որոնք իրենց պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել»։ Այս կասկածները փարատելու համար, ըստ Քոչարյանի, առաջին հերթին պետք է քննել պատերազմի հանգամանքները, բայց անպայման ընդդիմության ակտիվ ներգրավմամբ․ «Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահություն չի վերականգնելու։ Երկրում ճգնաժամը չի կարող վերականգնվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավական մեծ մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այդ պարզաբանումները չստանան»։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ «Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի մասին ընդհանրապես խոսել, ընդհանրապես չեն խոսում կարգավորման տարբերակներից, տպավորությունն այնպիսին է, որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից։ Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին։ Մի քիչ էլ ժամանակ անցնի, այլեւս նաեւ մեր հանրությունն էլ բոլոր հարցերն ու անբարենպաստ որոշումները կապելու է ռուսական կողմի հետ»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ սա, ըստ իրեն, գիտակցաբար է արվում։ «Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը վերջանակապես լուծել է Ղարաբաղի հարցը, եւ, ցավոք, մենք բանակցային սեղանին չունենք որեւէ լուրջ արգումանետ՝ արդյունավետ բանակցություններ վարելու համար, փաստը սա է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն իրեն ամեն օր հարց է տալիս՝ «ի՞նչ է լինելու երեքուկես տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը»․ «Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցը ինքն իրեն տալի՞ս է։ Ես կարծում եմ՝ յուրքանչյուր հայ ամեն օր այդ հարցն ինքն իրեն պետք է տա»։ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակին։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ ո՛չ մեր օգտին․ «Փաստն այն է, որ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակից ՀՀ-ն պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է։ Սա առաջին դեպքն է, երբ հետխորհրդային տարածքում այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ ՌԴ-ին չնյարդայնացնելու համար։ Հիմա սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը կամ դադարել է որպես գործոն գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն այս ամենը հաշվի է առնելու այս տարածաշրջանում իր քաղաքականության մեջ․ Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումն աճել է․ ՌԴ-ն չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ՝ հօգուտ Թուրքիայի։
12:10 - 04 հոկտեմբերի, 2021
Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Գորիսում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցն Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ համայնքում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ խոչընդոտների չեն բախվել, եւ կարծում է՝ չեն էլ բախվի։ Համայնքապետի թեկնածուի հետ մեր հարց ու պատասխանը՝ ստորեւ․ - Պարոն Աբունց, գաղտնիք չէ, թե ինչ օրհասական խնդիրներ կան համայնքում՝ հատկապես անվտանգային առումով․ մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ձեր քաղաքական ուժը՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է Ձեր ընտրվելու եւ թիմի անդամների՝ ավագանու կազմում լինելու դեպքում։  - Շատ ճիշտ հարց եք բարձրացնում․ այո՛, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջանում են խնդրահարույց եւ լարված իրավիճակներ։ Այս պարագայում մենք նախատեսում ենք սահմանամերձ բնակավայրերի անվտանգության լիարժեք ապահովման համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում իրագործել համակարգված եւ բազմաբնույթ միջոցառումներ, ցուցաբերելու ենք նաեւ անհրաժեշտ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նպաստելու ենք սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ այդ համայնքներում բնակարանաշինության եւ վերաբնակեցման ծրագրերով, արտագաղթի կանխմանն ուղղված գործողությունների իրականացմամբ։ - Դուք նշեցիք, որ իրականացնելու եք անվտանգության ապահովման միջոցառումներ, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, ինչպե՞ս եք իրականացնելու։ - Մենք ծրագրեր ենք ներկայացնելու կառավարությանը եւ կառավարության հետ համատեղ պետք է հասնենք հաջողության։ Մենք լինելու ենք այն բոլոր գերատեսչական մարմինների կողքին, որոնք հիմնականում զբաղվում են մեր սահմանների անվտանգության հարցերով։ - Պարոն Աբունց, համայնքային ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որոնց պատրաստվում եք առաջնահերթ լուծում տալ։ - Համայնքային խնդիրներ առանձնացնում ենք տնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, հանրային տրանսպորտի ոլորտում, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտում, կառավարման բարելավման եւ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում։ Մշակել ենք ծրագրերն ու իրականացնելու ենք մեր թիմով։ - Իսկ համայնքային բյուջեն ձեր նախանշած ծրագրերի իրականացման համար բավարա՞ր է։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց եք հայթայթելու միջոցներ։ - Չեմ կարծում, թե համայնքի բյուջեն կբավարարի ընդհանուր ծրագրերի համար, բնականաբար, դիմելու ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն տրամադրեն՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Առանց կառավարության աջակցության չենք կարողանա։ - Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք լուծելու Ձեր նշած խնդիրները։ - Տնտեսության հետ կապված ներգրավելու ենք ներդրումային ծրագրեր եւ ստեղծելու ենք նոր աշխատատեղեր՝ համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելու, գործազրկությունը հաղթահարելու նպատակով։ Մշակելու ենք, իրականացնելու ենք հյուրանոցների եւ հյուրատների աջակցության ծրագրեր, աջակցելու ենք ՀՀ կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, իրականացնելու ենք նոր սոցիալական ծրագրեր՝ նաեւ սփյուռքի հետ համագործակցությամբ։ Քաղաքաշինության ոլորտում գույքագրելու ենք համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, փողոցների, բակային տարածքների խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ համապարփակ միջոցառումներ ենք իրականացնելու։ Իրականացնելու ենք զբոսաշրջության գրավչությանն ուղղված միջոցառումներ։ - Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներով եք Գորիսում զբոսաշրջությունն ավելի գրավիչ դարձնելու։ - Նպաստելու ենք, որպեսզի զբոսաշրջությունը մեր համայնքում ակտիվանա։ Նախատեսում ենք քաղաքային սանհանգույցներ կառուցել, ավելացնել կանաչապատ տարածքները, իրականացնելու ենք քաղաքի ուրույն ճանրտարապետական տեսքը պահպանելու միջոցառումներ, եւ այլն։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում հետեւողականորեն իրականացնելու են իրենց այս խոստումները, իսկ եթե չընտրվեն՝ աջակցելու են համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին․ «Համայնքը բոլորինս է։ Ծրագրերը պետք է իրականացվեն համայնքի բնակչության համար։ Ես ակնկալում եմ ժողովրդի բարձր աջակցությունը, խնդրում եմ, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ակտիվ մասնակցեն ընտրությանը եւ իրենց քվեն տան այն ուժին, որը կարող է համայնքի զարգացմանն ուղղված ճիշտ քայլեր անել»,- եզրափակեց Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։ Լուսանկարը՝ Վլադիմիր Աբունցի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
12:03 - 04 հոկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ ապացուցում է դա։ Այս մասին երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև ասել է, որ Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ սուվերեն միջանցք։ «Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է՝ բացվեն, որից նաև կարող են օգտվել ադրբեջանցիները, կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»։ Պետրոս Ղազարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա հետաքրքվել է ՝ Հայաստանը նույնպես պատրա՞ստ է հանդիպմանը։ «Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել և քննարկել հարցեր։ Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- պատասխանելով հարցին՝ նշել է ԱԽ քարտուղարը։  Անդրադառնալով այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցման վերաբերյալ հարցին, Գրիգորյանն ասել է․ «Մենք շարունակում ենք քննարկումները ՀԱՊԿ-ի հետ, որպեսզի փորձենք լուծում գտնել»,-հավելելով, որ փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել հարցը։  
14:16 - 02 հոկտեմբերի, 2021
Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով  առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Մեղրիում անտառային ու լեռնային ճանապարհների մաքրման հարցն անվտանգային առումով առաջնային է․ Բագրատ Զաքարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների մեջ է․ թիմի անդամները համայնքապետի թեկնածուի մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպում Մեղրի համայնքի բնակավայրերում, զրուցում քաղաքացիների հետ։ Կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատար Բագրատ Զաքարյանը, Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ իրենք մշակել ենք առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։ Իսկ բուն ծրագիրը կազմված է մի քանի փուլից՝ «Կառավարում», «Անվտանգություն», «Գյուղատնտեսություն», «Կոմունալ ծառայություններ», «Տրանսպորտ», «Տնտեսություն», «Առողջապահություն», «Մշակույթ եւ կրթություն»։ Մեր զրուցակիցը հատկապես կարեւորեց «Կառավարում» բաժինը, որտեղ ընդգծված է, որ պետք է անվերապահորեն կատարել Սահմանադրության, օրենքների պահանջները, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ՀՀ կառավարության որոշումները եւ սեփական պատասխանատվությամբ լուծել համայնքային նշանակության հարցերը․ «Սա առաջնային կետ է, որովհետեւ ցանկացած մեծ համայնք, գյուղ, ցանկացած միավոր պիտի ճիշտ ու գրագետ կառավարվի, իսկ դրա համար մեզ պետք է առաջնահերթությունը տալ կադրերի ճիշտ ընտրությանը»,- ասաց Զաքարյանը՝ վստահեցնելով, որ իրենց թիմն ընտրել է մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող անձանց, որոնք, մեր զրուցակցի խոսքով, «մեղրեցու դարդ ու ցավով ապրող մարդիկ են», եւ որոնք երկար տարիներ պայքարել են ապօրինությունների դեմ ու երբեք չեն ընկրկել։ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն որպես առաջնային լուծում պահանջող խնդիր նշեց հատկապես անվտանգային հարցերը․ «Մեղրին երեք կողմից շրջապատված է մահմեդականներով, իհարկե, Իրանը մեզ բարեկամ է, բայց հարավից Ադրբեջանն է, հյուսիսից՝ Նախիջեւանը, իսկ մեզ պետք է, որ կարողանանք անվտանգության առումով համապատասխան ծառայությունների հետ ամրացնել մեր սահմանները»,- ասաց Զաքարյանն ու այս համատեքստում նշեց ճանապարհների մաքրման աշխատանքների կարեւորությունը։ Նրա խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի է՝ անտառային, լեռնային ճանապարհները չեն մաքրում․ խոսքը միայն գյուղեր գնացող կամ գյուղերից դուրս եկող ճանապարհների մասին չէ, այլ մարտական հենակետեր, լեռներ տանող ճանապարհների․ «Ենթակառուցվածքների հարցը շատ կարեւոր է, հիմնական եւ պահեստային ճանապարհներ են պետք, որ անհրաժեշտության դեպքում մենք էլ անցնենք պաշտպանության, նոր ճանապարհների կառուցում է պետք»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Մեղրիում նաեւ ոռոգման ջրի խնդիր կա․ «Հանրապետության» ներկայացուցիչները մտադիր են դիմել կառավարությանը՝ Մեղրու ջրօգտագործողների ընկերությունն առանձնացնելու եւ համայնքապետարանի անմիջական հսկողությանը հանձնելու հիմնավորումներով․ «Համայնքապետարանը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, այդպես մենք կկարողանանք բնակիչներին պատասխան տալ։ Ճիշտ կլինի, որ ՋՕԸ-ն Մեղրիի շրջանի բալանսում լինի, այդ կերպ կկարողանանք խնդիրը լուծել»,- համոզմունք հայտնեց Բագրատ Զաքարյանը՝ չմոռանալով նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ Մեղրու, Ագարակի գազաֆիկացման ծրագիրը դանդաղ է ընթանում, այս հարցը եւս չպիտի աչքաթող արվի։ Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, Զաքարյանն ասաց, որ պատրաստվում են Մեղրիում մշակել զբոսաշրջային ուղիներ, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերապատրասատել մասնագետների՝ կրթական ու մշակութային զբոսաշրջության ոլորտում․ «Աջակցելու ենք հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներին՝ ոլորտի մասնագետներին ներգրավելով եւ հիմք ընդունելով հաջողված փորձը։ Փորձելու ենք ապահովել մշակութային եւ պատմական վայրերի ճանաչելիության բարձրացում, կազմակերպելու ենք հայագիտական ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ տարածքում, ինչը ոչ միայն Մեղրու, այլեւ մեր երիտասարդ սերնդի զարգացմանը կնպաստի»,- ասաց մեր զրուցակիցը։ Բագրատ Զաքարյանը վստահ է, որ Մեղրու բնակիչները հենց «Հանրապետության» թիմին պետք է վստահեն իրենց քվեն․ «Մեզնից յուրաքանչյուրը՝ ցուցակի առաջին համարից մինչեւ վերջինը, միշտ եղել են անարդարության դեմ պայքարող մարդիկ։ Մենք ընտրել ենք լավ մասնագետներ, որոնք պատրաստակամ են կանգնել բնակիչների կողքին եւ մասնակցել Մեղրու զարգացմանը։ Մենք գալիս ենք վաղվա դրական օրը բերելու։ Եթե ես իմանայի, որ չեմ կարողանալու հաղթականած դուրս գալ այս ընտրապայքարից, չէի մասնակցի՝ հատկապես մեր քաղաքական ուժի ցուցակով»,- եզրափակեց Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը։ Լուսանկարը՝ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
17:15 - 01 հոկտեմբերի, 2021
Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Մեղրիում մինչեւ հիմա լուծված չէ գազի խնդիրը, ամոթ էլ է․ հարցն առաջնահերթ լուծում է պահանջում․ Խաչատուր Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը, թեեւ մասնակցում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դեռ չի սկսել ակտիվ քարոզարշավը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Մեղրիում կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը՝ նշելով, որ քարոզչական բուն աշխատանքները կսկսեն հոկտեմբերի 7-ից կամ 8-ից։ Իսկ այս ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն իրենց շտաբներում հանդիպում են բնակիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ։ Անդրեասյանի դիտարկմամբ՝ համայնքում հիմնական խնդիրը ոռոգման ջրի հարցն է․ «Չունենք պոմպակայան, պոմպեր, որ ջրամատակարարումը լիարժեք կատարվի։ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, Ագարակում ջրմատակարարումը շատ վատ է եղել, բնակիչների բողոքն առաջանահերթ այդ հարցում է, որովհետեւ մարդիկ տասնյակ տարիներով ծառ են տնկել, աճեցրել, այսօր վտանգի առաջ են կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ խնդիրը միշտ էլ եղել է, բայց այս տարվա պես ծանր վիճակ չի եղել․ «Բոլոր կայաններն աշխատում են շատ վատ, տիրություն անող չկա։ Ոչ մեկը չի գալիս լիարժեք աշխատանք տանի, որ պոմպերն անխափան աշխատեն։ Այդ հարցը պետք է առաջ քաշվի»,- ասաց Անդրեասյանը։ Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի հետ, որը խոստացել է մինչեւ գարուն զբաղվել խնդրով, թե ինչպես, մեր զրուցակիցը չմանրամասնեց։  Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։ Մեր հարցին, թե համայնքային զարգացման ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են իրագործել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ցանկություն ունեն տուրիզմը զարգացնել։ Այս տարի էլ, Անդրեասյանի խոսքով, զբոսաշրջիկներ այցելել են համայնք, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ այլ համայնքներից, այլ նաեւ Ռուսաստանից, անգամ Ֆրանսիայից։ «Կան նախագծեր, որ ուզում ենք զարգացնել։ Մենք ունենք Լիճք, Տաշտուն գյուղերը, որտեղ տուրիզմի համար լավ պայմաններ կան, պետք է փոքրիկ հյուրանոցներ կառուցել, որովհետեւ այսօր մնալու տեղ գրեթե չկա։ Բայց զբոսաշրջությունը միայն տեղական բյուջեով զարգացնել չի ստացվի․ ներդրումներ են պետք»,- մտահոգություն հայտնեց «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համայնքի զարգացման համար հնարավոր ձեւերով միջոցներ հայթայթել․ «Ջանք չենք խնայելու Մեղրին զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:16 - 30 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և ակտուալ բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա» Նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ Սոչիում: Պեսկովի խոսքով՝ քննարկումն առաջին հերթին կապված էր երկկողմ հարաբերություններին։ Նախագահները մանրամասն քննարկել են Աֆղանստանի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակը։ Ի թիվս վերոնշյալ և այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։  «Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը (Հայաստան և Ադրբեջան - խմբ․) պետք է սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում փոխզիջումային որոշման հանգեն»,- ասել է Պեսկովը։   Լուսանկարը՝ «Ռիա» Նովոստի գործակալության
15:07 - 30 սեպտեմբերի, 2021
Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել․ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել․ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին armlur.am-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Դավիթ Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է։ Հարցին՝ Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, նա պատասխանեց, որ չկա որևէ ցուցմունք։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 
13:00 - 30 սեպտեմբերի, 2021
Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը

Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը

Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ինչպես նշեց նախարարը, աշխատավարձերի եւ հավելավճարների համար կտրամադրվի 3 մլրդ 95 մլն դրամ, կենսաթոշակների համար՝ 1 մլրդ 233 մլն դրամ, գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար՝ 1 մլրդ 206 մլն դրամ, սոցիալական եւ կրթության ծրագրերի համար՝ 507 մլն դրամ, կապիտալ ներդրումների համար՝ 2 մլրդ 300 մլն դրամ, եւ այլ ծախսեր, որոնց մեջ ներառվում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում, գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման համար 2 մլրդ 235 մլն դրամ գումարով։ Այս հատկացումները կատարվում են յուրաքանչյուր ամիս սկսելուց առաջ։ Ներկայացված նախագծով նախատեսվում է նաեւ ՀՀ պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12,266,569,800 ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ՝ տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։ ՀՀ վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ  2020թ․-ի նոյեմբերից հետո Արցախին տրամադրվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին։ Նա նշեց, որ շարունակելու են աջակցության գործընթացը` մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպվի զարգացման տրամաբանության։ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզին կհատկացվի շուրջ 1 միլիարդ դրամ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Գումարը, մասնավորապես, տրամադրվում է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
12:41 - 30 սեպտեմբերի, 2021
2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ․ Տիգրան Խաչատրյան

2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ․ Տիգրան Խաչատրյան

2022-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2022-ի բյուջեի ծրագրավորումն ուղղորդվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներով եւ առաջնահերություններով, դրանում տեղ են գտել այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղիղ կապված են կառավարության գործունեության ծրագրով ամրագրված թիրախների հետ, որոնք են բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն 7 տոկոս՝ տարեկան։ Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական եւ սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պարագայում լավագույն միջավայր ստեղծեն 2022-ին եւ հետագա տարիներին՝ նշված տնտեսական թիրախին ահսնելու համար։ «Բյուջեով նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9 տոկոսով եւ 2022—ի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4 տոկոսին։ Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության եւ դրա հետ կապված պետական պարտքը կառավարելի մակարդակի երաշխավորելու առաջահերությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային եւ տնտեական զարգացման կարեւոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60,2 տոկոսը՝ տարեվերջին»,- ասաց Խաչատրյանը։ 2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ՝ առանց միջբյուջետային փոխանցումների։ Այն նախորդ տարվա բյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավելի է 18,2 տոկոսով։ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով գնահատվում է 2,005.4 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)։ Իսկ բյուջեի դեֆիցիտը՝ պակասուրդը, 242.2 մլրդ դրամ է գնահատվում։ Հայաստանի Հանրապետության համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են ա. եկամուտների գծով՝ 183.0 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), բ.  ծախսերի գծով՝  183.0 մլրդ դրամ։
12:24 - 30 սեպտեմբերի, 2021
2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան

2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստն է մեկնարկել։ Օրակարգում ընդգրկված է 51 հարց, որոնցից 47-ը՝ չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց։ Կառավարությունն այսօր քննարկելու է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Փաշինյանը, նախքան քննարկումը, այդ առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ, դեռ հաղթահարված չեն համավարակի եւ պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետեւանքները եւ մարտահրավերները։ Փաշինյանի համոզմամբ 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը, եւ ամուր հիմքեր են ստեղծվել՝ համախմբան եւ դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար․ «Օգոստոսին մենք ներկայացրինք կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետում ՀՀ-ի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ իրենց նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022-ի բյուջեում եւ գործունեության ծրագրում, հավակնոտ են եւ իրատեսական․  «Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային եվրափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքայիյն մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարեւորը պլանավորման եւ իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, եւ, հետեւաբար, կառավարության սահմանած նպատակների իրագործման դանդաղման, այդպիսով խոչընդոտվում է նաեւ տնտեսական աճը»։ Այս առումով, ըստ Փաշինյանի, էական դեր ունի նաեւ մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, եւ դրան ուղղված կառավարության ջանքերն, ըստ նրա, սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այդպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով եւ ժամանակին․ «Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք․ 1․ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, 2. մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, 3․ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները։ Հաջորդ կարեւորագույն խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդոյւնավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարեւորագույն խնդիրներից է»։ Արդյունքում, Փաշինյանի համոզմամբ, կբարձրանա նաեւ ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ եւ թիրախային․ «ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարեւոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման եւ իրականացման տարբեբր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ երեք տարիների ընթացքում, եւ առաջիկայում եւս մեծ ուշադրություն է դարձվելու»։ 2022-ի բյուջեն, Փաշինյանի խոսքով, հենվում է երեք հիմնական առաջնահերությունների վրա․ 1. անվտանգության համակարգի բարեփոխում, 2․ ենթակառուցվածքների զարգացում, 3․ կրթության եւ գիտության արդիականացում․ «Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւս ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, ՀՀ-ի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը»,- ասաց վարչապետը։ Այս կոնտեքստում նա դարձյալ կարեւորեց տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը, ըստ նրա, կարող է որակապես փոխել ՀՀ-ի տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ենրհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Այս համատեքստում Փաշինյանը նշեց նաեւ կրթության եւ գիտության կարեւորությունը․ «Կրթության հասանելությունը, ներառական զարգացումն ու բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջանահերությունն է։ Մեր նպատակն է անձի կրթությունն ու շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Գիտության եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունն արդեն իսկ ներդրումն է ֆինանսավորման նոր բանաձեւեր։ Իհարկե, մեկ բյուջեով հնարավոր չէ լուծել պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը․ մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու եւ ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»։ Փաշինյանը վստահ է, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը։
11:41 - 30 սեպտեմբերի, 2021
Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ Թեեւ օրեր առաջ Գորիսում պատռել էին Առուշ Առուշանյանի պաստառները, այնուամենայնիվ, դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի տպավորությամբ՝ քարոզարշավը լարված մթնոլորտում չի ընթանում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս պահին զբաղված են քարոզարշավի աշխատանքներով, փորձում են ընթացքն արդյունավետ օգտագործել․ «Այս պահին լարվածություն չկա, մենք աշխատում ենք մեզ համար, մյուս թիմերն՝ իրենց։ Միայն պետք է նշեմ, որ այս երկու օրը մի քանի պաստառներ են պատռվել, դա արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարծում եմ՝ իրավական գնահատական կտրվի դրան, կփորձեն պարզել՝ ովքեր են եղել պատվիրատուները, ինչ պատճառաբանությամբ են պատռվել պաստառները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Յոլյանը։ 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Իրինա Յոլյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ Գորիսը պատերազմի ընթացքում եղել է Արցախի թիկունքը պահողը, կարեւոր ռազմավարական նշանակություն համայնք, եւ այդ հարցում աշխատանքները կազմակերպել է դաշինքի առաջին համարը՝ Առուշ Առուշանյանը․ «Հետպատերազմական իրավիճակում էլ, ինչը կախված է համայնքից, համայնքի լիազորությունների շրջանակներում է, մշտապես կազմակերպվել է բարձր մակարդակով։ Բնականաբար, ընտրվելուց հետո էլ շարունակելու ենք անվտանգային այն հարցերով զբաղվել, որոնք մեր իրավասությունների շրջանակում են»։ Յոլյանի դիտարկմամբ՝ համայնքի բնակավայրերում խնդիրները բազմաթիվ են, եւ իրենց թիմը մինչեւ այս պահը փորձել է այդ խնդիրներին արագ արձագանքե ու լուծում տալ․ «Առուշանյանն էլ, երբ անազատության մեջ չէր, մշտապես կանգնած է եղել մեր համայնքի բնակչի կողքին»,- շեշտեց նա։ Իսկ այս պահին ամենամտահոգիչ հարցերից մեկը, Գորիսի նախկին փոխհամայնքապետի խոսքով, համայնքի բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի անվտանգության է վերաբերում․ խոսքը հիշատակված ճանապարհի մասին է, որը փակել էին ադրբեջանցիները, ապա իրենց անցակետը տեղադրել, ․  «Այս պահի դրությամբ թշնամին օկուպացրել է միջպետական ճանապարհը, այլընտրանքային ճանապարհների խնդիր կա Շուռնուխում, Բարձրավանում եւ Որոտանում։ Առաջիկայում ձմեռ է, եթե հանկարծ նորից վտանգավոր իրավիճակ լինի, բնական է՝ որպեսզի այս գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն եւ արտաքին աշխարհի հետ կապն ընդհանրապես չկորցնեն, պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ։ Բազմաթիվ օրհասական հարցեր կան, որոնք հրատապ լուծում են պահանջում»։ Ինչ վերաբերում է ընթացիկ եւ ապագա ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Գորիսի 9 բնակավայրում միաժամանակ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ սկսած խաղահրապարակների, մանկապարտեզների, նախակրթարանների, զարգացման կենտրոնների հիմնումից, ճանապարհների բարելավումից, մինչեւ բնակարանաշինություն, բնակավայրերում գիշերային լուսավորությունների անցկացում․ «Մենք գրեթե ոլորտ չունենք, որտեղ ծրագրեր չիրականացվեն։ Գորիսն այն համայնքներից է, որ մշտապես բոլոր ոլորոտները ուշադրության կենտրոնում է պահում, անընդհատ ծրագրեր են իրականացվում։ Եթե տարվա ընթացքում մի քանի պետական ծրագիր ենք ունենում՝ սուբվենցիոն, պետության հետ համատեղ արվող, այդ հիշատակված ծրագրերը հիմնականում միջազգային կառույցների, անհատների, տարբեր կազմակերպությունների հետ մեր երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունն է բերել։ Որովհետեւ եթե մի կազմակերպության հետ մենք մեկ մանկապարտեզ ենք հիմնում, փորձը ցույց է տալիս, որ այդ արդյունավետ աշխատանքը բերում է շարունակականության ապահովման, եւ պատահական չէ, որ մենք ակտիվ աշխատում ենք։ Դոնորները չեն գալիս մեր դռները ծեծում, դա 24-ժամյա արդյունավետ աշխատանք է պահանջում»,- ներկայացրեց Յոլյանը՝ վստահեցնելով, որ այդ ծրագրերն ու աշխատանքները շարունակելու են, բայց իրենց դրա համար անհրաժեշտ է գորիսեցիների քվեն․ «Գորիսեցին պետք է ընտրի հենց մեզ, որովհետեւ Առուշ Առուշանյանը գործով է ապացուցել, այն քաղաքական գործիչը չէ, որ գա ընդամենը խոստում տալու համար։ Ինքն աշխատել է, գորիսեցին այդ աշխատանքը տեսել է եւ համեմատելու հնարավորություն ունի։ Գորիսեցու վստահության քվեն անհրաժեշտ է, որպեսզի համայնքի ղեկավարը իր սկսած գործը կարողանա շարունակել»,- եզրափակեց Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։ Ի դեպ, այս դաշինքի մաս են կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որի խորհրդի նախագահն Արա Հակոբյանն է։ «Ազգային օրակարգի» խորհրդի անդամ Հայկ Փայտյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը համաձայնել է դաշինքի մաս կազմել, քանի որ Գորիսի ավագանու եւ առհասարակ ՏԻՄ ընտրություններն իրենք դիտարկում են տեղերում ազատագրական պայքար մղելու հոլովույթում․ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ օտարի շահերը սպասարկող, ապազգային եւ հակապետական այս իշխանական համակարգի դեմ պայքարը պետք է կրի ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաեւ հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցել կամ աջակցել բոլոր այն հարթակների եւ ձեւաչափերի կազմավորմանը, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել պայքարել այս հակահայկական իշխանական համակարգի դեմ»,- ասաց Փայտյանը՝ նշելով, որ կուսակցությունն ինքն էլ է նախաձեռնություն ցուցաբերում նմանատիպ հարթակներ եւ միավորումներ ձեւավորելու ուղղությամբ, որի հերթական դրսեւորումը «Հայ կառուցողական» կուսակցության հետ «Նոր պետություն» միաբանում ստեղծելն է։  Ինչ վերաբերում է Սյունիքին, եւ, մասնավորապես, Գորիսին, Փայտյանը շեշտեց, որ ազգային-ազատագրական պայքար մղելու համատեքստում քաղաքն առանձնակի կարեւորություն ունի․ «Սյունիքի մի շարք համայնքապետեր, այդ թվում Առուշ Առուշանյանը իրենց կոշտ անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի եւ նրա իշխանախմբի կողմից իրականացվող պարտվողական գործողություններին։ Այսօր Գորիս քաղաքի առջեւ ծառացած հիմնական եւ գոյաբանական խնդիրը անվտանգային հարցն է։ Գործող իշխանախումբը Գորիս քաղաքի շուրջ գտնվող գրեթե բոլոր բարձունքները հանձնել է թշնամիներին եւ այսօր էլ արդեն միասին բացահայտ ու անթաքույց խոսում են «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ։ Այդ է պատճառը, որ փորձ է արվում չեզոքացնել բոլոր այն ուժերին եւ անհատներին, ովքեր համաձայն չեն Հայրենիքը հանձնել թշնամուն եւ պայքար են մղում դա կանխելու ուղղությամբ։ Հետեւաբար տեղերում Փաշինյանին հլու-հնազանդ, ուղղակի կառավարվող եւ նրա ցանկազած հրամանին ենթարկվող կամակատար համայնքապետերին իշխանության բերելը հերթական ծանր հարվածն է լինելու հայությանն ու հայկական պետականության խարխլված հիմքերին»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Գորիսում նախատեսվող ընտրությունների շրջանակում եւս անելու է հնարավորը հակահայ ծրագրերը խափանելու ուղղությամբ, եւ որ իրենց առաջարկները գլխավորապես վերաբերելու են անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների եւ կրթական ոլորտներում առկա հարցերի համակարգային լուծումներին։ Լուսանկարը՝ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
11:21 - 29 սեպտեմբերի, 2021