Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը
12:41 - 30 սեպտեմբերի, 2021

Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը

Հայաստանն այս տարվա պետական բյուջեից 13 մլրդ 473 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետությանը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ինչպես նշեց նախարարը, աշխատավարձերի եւ հավելավճարների համար կտրամադրվի 3 մլրդ 95 մլն դրամ, կենսաթոշակների համար՝ 1 մլրդ 233 մլն դրամ, գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար՝ 1 մլրդ 206 մլն դրամ, սոցիալական եւ կրթության ծրագրերի համար՝ 507 մլն դրամ, կապիտալ ներդրումների համար՝ 2 մլրդ 300 մլն դրամ, եւ այլ ծախսեր, որոնց մեջ ներառվում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում, գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման համար 2 մլրդ 235 մլն դրամ գումարով։

Այս հատկացումները կատարվում են յուրաքանչյուր ամիս սկսելուց առաջ։

Ներկայացված նախագծով նախատեսվում է նաեւ ՀՀ պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12,266,569,800 ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ՝ տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

ՀՀ վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ  2020թ․-ի նոյեմբերից հետո Արցախին տրամադրվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին։ Նա նշեց, որ շարունակելու են աջակցության գործընթացը` մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպվի զարգացման տրամաբանության։

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզին կհատկացվի շուրջ 1 միլիարդ դրամ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Գումարը, մասնավորապես, տրամադրվում է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել