2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան
11:41 - 30 սեպտեմբերի, 2021

2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստն է մեկնարկել։ Օրակարգում ընդգրկված է 51 հարց, որոնցից 47-ը՝ չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց։

Կառավարությունն այսօր քննարկելու է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Փաշինյանը, նախքան քննարկումը, այդ առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ, դեռ հաղթահարված չեն համավարակի եւ պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետեւանքները եւ մարտահրավերները։ Փաշինյանի համոզմամբ 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը, եւ ամուր հիմքեր են ստեղծվել՝ համախմբան եւ դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար․ «Օգոստոսին մենք ներկայացրինք կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետում ՀՀ-ի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ իրենց նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022-ի բյուջեում եւ գործունեության ծրագրում, հավակնոտ են եւ իրատեսական․ 

«Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային եվրափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքայիյն մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարեւորը պլանավորման եւ իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, եւ, հետեւաբար, կառավարության սահմանած նպատակների իրագործման դանդաղման, այդպիսով խոչընդոտվում է նաեւ տնտեսական աճը»։

Այս առումով, ըստ Փաշինյանի, էական դեր ունի նաեւ մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, եւ դրան ուղղված կառավարության ջանքերն, ըստ նրա, սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այդպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով եւ ժամանակին․ «Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք․ 1․ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, 2. մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, 3․ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները։ Հաջորդ կարեւորագույն խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդոյւնավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարեւորագույն խնդիրներից է»։ Արդյունքում, Փաշինյանի համոզմամբ, կբարձրանա նաեւ ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ եւ թիրախային․ «ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարեւոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման եւ իրականացման տարբեբր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ երեք տարիների ընթացքում, եւ առաջիկայում եւս մեծ ուշադրություն է դարձվելու»։

2022-ի բյուջեն, Փաշինյանի խոսքով, հենվում է երեք հիմնական առաջնահերությունների վրա․ 1. անվտանգության համակարգի բարեփոխում, 2․ ենթակառուցվածքների զարգացում, 3․ կրթության եւ գիտության արդիականացում․ «Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւս ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, ՀՀ-ի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը»,- ասաց վարչապետը։

Այս կոնտեքստում նա դարձյալ կարեւորեց տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը, ըստ նրա, կարող է որակապես փոխել ՀՀ-ի տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ենրհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Այս համատեքստում Փաշինյանը նշեց նաեւ կրթության եւ գիտության կարեւորությունը․ «Կրթության հասանելությունը, ներառական զարգացումն ու բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջանահերությունն է։ Մեր նպատակն է անձի կրթությունն ու շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Գիտության եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունն արդեն իսկ ներդրումն է ֆինանսավորման նոր բանաձեւեր։ Իհարկե, մեկ բյուջեով հնարավոր չէ լուծել պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը․ մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու եւ ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»։

Փաշինյանը վստահ է, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել