Ինֆոքոմ

Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Նիստի սկզբում՝ մինչև օրակարգային հարցերի քննարկումը «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները։ «Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի երդվում եմ․ հավատարիմ մնալ հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին առ հայրենիք, կատարել 2020 թ․-ի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը՝ հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան՝ առանց Արցախ և չկա Արցախ՝ առանց Հայաստան։ Հավերժական Հայաստան լինելու է»։ Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնելու մանդատը։ «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն էր, որը չէր վերցրել մանդատը, իսկ Առուշ Առուշանյանին հաջորդում էր Ասպրամ Կրպեյանը։
10:27 - 07 դեկտեմբերի, 2021
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը

Դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակի շուրջ։ Ադրբեջանի կողմից Հայաստանին 10 հայ զինծառայողների հանձնումը, ինչպես նաև Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ քարտեզներ փոխանցումը Դոնֆրիդը որակել է որպես հարաբերությունների կարգավորման առաջընթաց ու դրական զարգացում։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
10:21 - 07 դեկտեմբերի, 2021
Այսօր Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է

Այսօր՝ 2021թ․ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է։  Երկրաշարժը տեղի է ունեցել այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հյուսիսարևմտյան մասում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ։ Հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է Խորհրդային Հայաստանի գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժից զոհերի թիվը 25000 է, այդ թվում՝ Գյումրիում՝ 17000, Սպիտակում՝ 4000, Վանաձորում՝ 1200, Ախուրյանում՝ 500, Ստեփանավանում՝ 125։ Փլատակներից հանվել է կենդանի մնացած 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500-ը։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ ԽՍՀՄ առողջարաններ։
09:29 - 07 դեկտեմբերի, 2021
ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ 38 համայնքներում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ձայների մեծամասնությամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5776 քվեով կամ 52.60%-ով։  «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը ստացել է ստացել է 3872 քվե կամ 36.52 % Իրական ժողովրդական կուսակցությունը՝ 273 քվե կամ 2.48% «Լուսավոր Հայաստանը»՝ 150 քվե կամ 1.36%  «Հայրէնատեր» կուսակցությունը՝ 528 քվե կամ 4.80%: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 8370 քվե։ Բաղրամյան համայնքում «Արդար Հայատան» կուսակցությունը ստացել է 2407 քվե կամ 37.56%, «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը՝ 651 քվե կամ 10.1%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3243 քվե կամ 50.60%:  Խոյ համայնքում դարձյալ առավելագույն ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4436 քվե կամ 63.40%: «Ազատական» կուսակցությունը ստացել է 1155 քվե կամ 16.50%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156 քվե կամ 16.52%: Մեծամոր համայնքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 14048 քվե կամ 76.58%: «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» ստացել է 3634 քվե կամ 19.81%: Փարաքար համայնքում առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 քվե կամ 47.70%, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 2227 քվե կամ 22.91%, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2609 քվե կամ 26.84%: Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 14732 քվե կամ 76.96% «Հայ Յեղափոխակական Դաշնակցությունը» ստացել է 2730 քվե կամ 14.2,  «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 քվե կամ 6.14%,: Ապարան համայնքում «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 7421 քվե կամ 65.19%: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3705 քվե կամ 32.54%:  Թալին համայնքում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 քվե կամ 45.64%: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2882 քվե կամ 26.11%, «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1624 քվե կամ 14.71%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 1258 քվե կամ 11.40%։ Արաքս համայնքում առաջատար է ՔՊ-ն՝ 3679 քվե կամ 42.37%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2485 քվե կամ 28.61%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2296 քվե կամ 26.44%: Արարատի մարզի Արարատ համայնքում առաջատարը ՔՊ-ն է՝ 4988 քվե կամ 37.7%.  «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 901 քվե կամ 6.81%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 4153 քվե կամ 31.39%,  «Կայունություն» կուսակցությունը՝ 1041 քվե կամ 7.86% «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 1777 քվե կամ 13.43% Արտաշատ համայնքում նույնպես ՔՊ-ն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 19794 քվե կամ 60.8%. «Օրենք և արդարություն» կուսակցությունը ստացել է 9072 քվե կամ 27.5% «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը ստացել է 638 քվե կամ 1.93, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1672 քվե կամ 5.07, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունը՝ 262 քվե կամ 0.79 %, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը»՝ 1448 քվե կամ 4.39% Մասիս համայնքում առաջատար է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ 14943 քվե կամ 50.63%,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13461 քվե կամ 45.61%: Վեդիում առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, Հանրապետություն կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%:  Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 9869 քվե կամ 50.82%-ը, ՔՊ-ն երկրորդ տեղում է 7586 քվեով կամ 39.06%-ով, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը ստացել է 1402 քվե կամ 7.21%: Մարտունի համայնքում ՔՊ-ն դարձյալ առաջատար է՝ 14491 քվեով կամ 60.63%. «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը ստացել է 5046 քվե կամ 21.11%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 862 քվե կամ 3.45%, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1019 քվե կամ 4.26%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1531 քվե կամ 6.4%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 265 քվե կամ 1.10%: Սևան քաղաքում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքն է հաղթել՝ 9769 քվե կամ 77.71%, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել 1178 քվե կամ 9.37%,  ՀՅԴ-ն ստացել է 1414 քվե կամ 11.24%: Վարդենիսում ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%:  Լոռու մարզի Թումանյան համայնքոմ առաջատար է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1743 քվե կամ 50,77%։ ՔՊ-ն ստացել է 1687 քվե կամ 48.07%: Սպիտակ համայնքում ՔՊ-ն ստացել է 8086 ձայն կամ 61.50%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 3478 ձայն կամ 26.45%, ՀՅԴ-ն՝ 666 ձայն կամ 5.06%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 493 քվե կամ 3.74%: Վանաձոր համայնքում առաջատար է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը ՝ 12810 քվե կամ 38.59%: Հայաստանի աշխատավորական կուսակցությունը ստացել է 4809 քվե կամ 14.48%, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ստացել է 683 քվե կամ 2.05%, ՔՊ-ն ստացել է 8295 քվե կամ 24.99%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 874 քվե կամ 2.64%  «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1420 քվե կամ 4.27% «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1313 քվ կամ 3.95% «Հայրենիք» կուսակցությունը՝ 1483 քվե կամ 4.46%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 984 քվե կամ 2.96%,  Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 419 քվե կամ 1.26% Փամբակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել ՔՊ-ն՝ 2544 քվե կամ 68.98% «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 1017 քվե կամ 27.57%:  Կոտայքի մարզի Աբովյան համայնքում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10403 քվե կամ 44.44%, ՔՊ-ն ստացել է 8261 քվե կամ 35.29%, ՀՅԴ-ն ստացել է 1158 քվե  կամ 4.94%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2696 քվե կամ 11.51%: Գառնիում ՔՊ-ն առաջատար է 3302 քվեով կամ 64․30%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1718 քվե կամ 33․45% է ստացել։ Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն առաջատար է․ 2061 քվե կամ 66․65%։ «Մեր համայնքը» դաշինքը ստացել է 950 քվե կամ 30․72%։ Հրազդանում ՔՊ-ն է առաջատար․ 13 377 քվե կամ 77․97%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1113 քվե կամ 6.48%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 788 քվե կամ 4.59%, ՀՅԴ-ն՝ 1473 քվե կամ 8.58%։ Նաիրիում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ» հնչակյան կուսակցություն է առաջատար․ 5949 քվե կամ 43․81%։ ՔՊ-ն ստացել է 3888 քվե կամ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 357 քվե կամ 2․62%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1042 քվե կամ 7.67%, ՀՅԴ-ն՝ 614 քվե կամ 4.52%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1387 քվե կամ 10.21%։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ-ն է ձայների մեծամասնություն ստացել․ 6195 քվե կամ 46․8%։ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 3854 քվե կամ 29․11%, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810 քվե կամ 21․23%։Նոր Հաճնում «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 5212 քվե կամ 49․44%, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 156 քվե կամ 1․48%, ՀՅԴ-ն ստացել է 349 քվե կամ 3․31%, «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքը՝ 1815 քվե կամ 17․22%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2751 քվե կամ 26․10%։ Ամասիայում դարձյալ ՔՊ-ն է առաջատար․ 1217 քվե կամ 38․09%․ «Ամասիա Արփի» կուսակցությունների դաշինքը ստացել է 1199 քվե կամ 37․52%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 717 քվե կամ 22․44%։  Աշոցքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնություն է սստացել ՔՊ-ն՝ 2316 քվե կամ 66.03%։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 1090 քվե կամ 31․08% ։ Արթիկում ՔՊ-ն է առաջատար․ 7731 քվե կամ 40․55%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 2214 քվե կամ 11․61%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 797 քվե կամ 4․18%, ՀՅԴ-ն՝ 936 քվե կամ 4․91%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2550 քվե կամ 13.37%, «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքը՝ 4344 քվե կամ 22.78%։  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 4399 քվե կամ 62.24%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 332 քվե կամ 4․69%, Հայ կառուցողական կուսակցությունը՝ 193 քվե կամ 2․93%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 259 քվե կամ 3․66%, ՔՊ-ն՝ 1747 քվե կամ 24․72%։ Ջերմուկ համայնքում առաջատար է ՔՊ-ն` 2544 քվեով կամ 85․68%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 118 քվե կամ 3․69%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 236 քվե կամ 7․94%։ Վայքում առաջատար է ՔՊ-ն՝ 2257 քվե կամ 36․01%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 1080 քվե կամ 17․23%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 861 քվե կամ 13․73%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1967 քվե կամ 32․3%։ Նոյեմբերյանում առաջատար է ՔՊ-ն՝ 5710 քվե կամ 42․88%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 քվե կամ 28․96%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 3480 քվե կամ 26․19%։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։ Այս համայնքներում քաղաքացիները ընտրել են ավագանի և համայնքի ղեկավար։ Արևուտ համայնքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ձայների մեծամասնություն է ստացել Էդիկ Օսեյանը, Մեծաձորում՝ Միրոյան Մրազը։
12:16 - 06 դեկտեմբերի, 2021
Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը՝ կուսակցության թեկնածուի հայրը, պարբերաբար ելումուտ է անում, ողջունում քվեարկության եկած գյուղացիներին

Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը՝ կուսակցության թեկնածուի հայրը, պարբերաբար ելումուտ է անում, ողջունում քվեարկության եկած գյուղացիներին

Գավառ խոշորացված համայնքի Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կուսակցության թեկնածուի՝ Նարեկ Գրիգորյանի հայրն է՝ Հարազատ Գրիգորյանը։ Վերջինս պարբերաբար ելումուտ է անում քվեարկության սենյակ ու միջանցք, քվեարկության եկած համագյուղացիները ողջունում են նրան, երբեմն զրուցում նրա հետ։ Ընտրատեղամասի գրանցամատյանում, սակայն, այս առնչությամբ որեւէ արձանագրություն չկա։ Ոստիկանների մեկնաբանությամբ էլ՝ գյուղում բոլորն իրար ճանաչում են, չբարեւել չեն կարող։  Նշենք, որ այստեղ հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, քարտուղարը՝ «Հայաստան» դաշինքի։ Նույն այս տեղամասում սարքը չկարդաց քաղաքացի Է. Մ.-ի տվյալները։ Տեխնիկական սարքավորման մասնագետն ասաց, որ քաղաքացին այս տեղամասում գրանցված չէ։ Բացի դրանից՝ լրացել էր նրա անձնագրի ժամկետը։ Մասնագետը քաղաքացուն ուղղորդեց անձնագրային բաժանմունք։ Վերջինս, սակայն, ասաց, որ չի էլ մասնակցի ընտրությանը։ Ժամը 14:50-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1471 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 424-ը։  Հայարփի Բաղդասարյան
15:35 - 05 դեկտեմբերի, 2021
Հրազդանի թիվ 26/24 ընտրատեղամասում միաժամանակ ՔՊ կուսակցության երկու վստահված անձ կար

Հրազդանի թիվ 26/24 ընտրատեղամասում միաժամանակ ՔՊ կուսակցության երկու վստահված անձ կար

Հրազդանի համայնքի թիվ 26/24 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միաժամանակ երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը նրանցից մեկին հորդորեց ծածկել վկայականը։ Մեզ հետ զրույցում վերջինս նշեց․ «Սպասում եմ՝ մերոնք քվեարկեն, գնանք»։ Նա մոտ 10 րոպե մնաց տեղամասում և հեռացավ։ Նշենք՝ Ընտրական օրենդգիրքը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: Այսինքն՝ քվեարկության սենյակում չեն կարող միաժամանակ գտնվել ՔՊ-ի կամ որևէ այլ կուսակցության՝ մեկից ավելի վստահված անձինք։ Տեղամասի միջանցքում ՔՊ-ի ևս երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը մեզ ասաց, որ նրանցից մեկը Ջրառատի գյուղապետն է և կարող է շրջել տեղամասերում, երկար չի մնալու այդտեղ ու հեռանալու է։ Մինչ մեր՝ ընտրատեղամասից հեռանալը նշված գյուղապետը դեռևս այդ տարածքում էր։
15:29 - 05 դեկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ընթացքում, ամփոփում էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։ Ստորև ներկայացնում ենք «Անկախ դիտորդ»-ի հայտնաբերած խախտումները։  Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկները ընտրողի կողմից դուրս բերելու դեպք։ Աշտարակում արձանագրվել է դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական․ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում։ Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան տեղամասերի  ընտրողների ցանկն է։ Աշտարակում գրանցվել է դեպք, երբ ՀՅԴ-ի մեկից ավելի վստահված անձ միաժամանակ գտնվել է ընտրատեղամասում, Աշտարակում «Քաղաքացիական պայմանագրի» մեկից ավելի վստահված անձ է միաժամանակ գտնվել տեղամասում, Մեծամորում՝ «Զարթոնք» կուսակցության, Փամբակում՝ «Բարգավաճ Հայաստանի»։ Իոաննիսյանի խոսքով՝ վերջին դեպքը տարածքային ընտրական հանձնաժողովի բացթողման արդյունք է, որովհետև տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերին հայտնել էր, որ դա թույլատրված է։ Աշոցքում, Արտաշատում, Դվինում, Նոր Հաճնում, Վայքում, Վանաձորում քարոզչական պաստառներ են եղել արգելված տեղերում, գրություն է ուղարկվել համայնքապետերին։ Խախտումներ են արձանագրել նաև «Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները․ Փարաքարում արձանագրվել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության տարբերանշանով մեքենան կանգնած է հենց տեղամասի մոտ։ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում՝ Եղվարդ քաղաքում, արձանագրվել է ՔՊ-ի միաժամանակ երկու վստահված անձի՝ տեղամասում գտնվելու դեպք։ Արտաշատում արձանագրվել է դեպք, երբ ոստիկանները տեղամասում շատ ելումուտ անեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ Եղվարդի մեկ այլ տեղամասում արձանագրվել է դեպք, որ ՔՊ-ի երեք վստահված անձ միաժամանակ գտնվեն ընտրական տեղամասում։  «Ախուրյան» դաշինքի վստահված անձը բերել է ընտրողներին ընտրատեղամաս և ուղղորդել նրանց։ Արտաշատում միաժամանակ տեղամասում գտնվել են «Օրենք և արդարություն» կուսակցության երկու վստահված անձ, Թալինում՝ ՔՊ-ի երկու վստահված անձ։ Արմավիրի Բաղրամյան համայնքում նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին օգնել են առանց գրանցամատյանում գրանցելու։ Սարամեջ գյուղում արձանագրվել են «Հայրենիք» կուսակցության պաստառներ, բայց դրանք շատ արագ հեռացվել են։ Մարտունիում միաժամանակ գտնվել են «Ալաշկերտ» կուսակցության թեկնածուներ, տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։
11:59 - 05 դեկտեմբերի, 2021
Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արմավիրում մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը։ ՔՊ-ն Արմավիրում 46 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Արմավիրում միակուսակցական ավագանի է լինելու։ Infocom-ի հետ զրույցում Դավիթ Խուդաթյանը կարծիք հայտնեց, որ իրենց նախընտրական քարոզարշավն ընթացել է դրական մթնոլորտում՝ չհաշված այն պահը, երբ նոյեմբերին սահմանային իրավիճակը սրվեց․ այդ ժամանակ Արմավիրում ՔՊ-ի թիմը, ինչպես մյուս համայնքներում այլ քաղաքական ուժեր, դադարեցրել էին քարոզարշավը։  Խոշորացված Արմավիրում, որտեղ քաղաքին միացած եւս տասը բնակավայր կա, ՔՊ-ի թիմը քարոզարշավն իրականացրել է բնակիչների հետ հանդիպումներով ու զրույցներով․ «Բնակիչների հետ բազմամարդ հանդիպումներ ենք ունեցել, հարց ու պատասխաններ։ Այսօր էլ հանդիպում ունենք բնակիչների հետ, բայց ավելի շատ քայլերթի տեսքով, քայլելու ենք քաղաքում, մարդկանց ներկայացնելու ենք մեր թիմը, մեր արած աշխատանքներն ու ապագա անելիքները, իսկ երեկոյան 18:30-ին ամփոփիչ հավաք ենք ունենալու Արմավիրի մշակույթի տան դահլիճում»,- մեր զրույցում ասաց համայնքապետի թեկնածուն։ Դավիթ Խուդաթյանի վստահեցմամբ՝ տարածաշրջանին ինքը լավ ծանոթ է, խնդիրներն իր համար նոր չեն․ «Բնակիչների հետ բազմիցս առիթ ենք ունեցել շփվելու, նրանց բարձրացրած խնդիրները գրեթե միատեսակ են։ Այդ խնդիրները մենք բաժանել ենք երկու մասի՝ կարճաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, եւ խնդիրներ, որոնց լուծումը բավականին երկար ժամանակ է պահանջելու։ Այնպես որ, կենսական անհրաժեշտության բոլոր խնդիրները լուծելն առաջիկա հինգ տարում շատ հավանական է, եւ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ»։ Արմավիրը, մեր զրուցակցի դիտարկմամբ, գյուղատնտեսական տարածաշրջան է, ուստի այստեղ բնակիչներին անհանգստացնող հիմնական խնդիրները վերաբերում են գյուղատնտեսությանը․ կան ոռոգման ջրի խնդիրներ, բերքի իրացման խնդիրներ։ Բնակիչները Խուդաթյանի հետ զրույցներում բարձրացրել են նաեւ ենթակառուցվածքների հարցը, մարդկանց մտահոգում է նաեւ նախադպրոցական կրթական անհասանելիությունը․ «Համայնքների մեծ մասում Խորհրդային Միության փլուզումից հետո մանկապարտեզներ չեն եղել, մեզ համար սա եւս առաջնային լուծում պահանջող խնդիր է»,- շեշտեց համայնքապետի թեկնածուն։ Համայնքի բյուջեն գուցե բոլոր խնդիրների լուծման համար չբավարարի, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, հնարավորություններն ավելի մեծ են, քան բյուջեն․  «Խոսքը ե՛ւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, ե՛ւ ամբողջական պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, ե՛ւ դոնոր-կազմակերպությունների հատկացրած գումարներով իրականացվող ծրագրերի մասին է։ Այնպես որ, այդ գումարները ճիշտ նպատակին ուղղելու դեպքում չեմ ասում՝ իդեալական պատկեր ենք ստանալու, բայց որ բնակիչները շատ արագ նկատելու են դրական լրջագույն փոփոխություն, այդպես է»։ Համայնքի ներքին զարգացման համար Դավիթ Խուդաթյանը կարեւոր ուղղություն է համարում նաեւ տուրիզմի ոլորտը․ խոշորացող Արմավիրի տարածքում է, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրը, որը․ ըստ մեր զրուցակցի, տուրիստական էական ուղղություն է ամբողջ հանրապետության համար․ «Նաեւ գյուղատնտեսական՝ էկոտուրիզմի լավ հնարավորություններ ունի այս հատվածը, այնպես որ պատրաստ ենք նաեւ այս ուղղությամբ աշխատել, ե՛ւ հավանական ներդրողների հետ, ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ պետության հետ՝ այս հատվածը ներառելու Հայաստանի տուրիզմի ամենաշատ այցելվող տեղերի մեջ»։  Եւ խոսքը միայն ներքին տուրիզմի մասին չէ։ Վերջին տարիներին, Խուդաթյանի համոզմամբ, Արմավիրի մարզում փոքր գինեգործական ընկերությունները սկսել են լայն թափով աշխատել․ «Եւ սա հետաքրքիր ուղղություն կարող է դառնալ ոչ միայն տեղացիների համար, այլ նաեւ Հայաստան եկող մեր հյուրերի համար»։ Այս ընտրություններում Դավիթ Խուդաթյանն ու իր թիմը քաղաքացիներից քվե են ակնկալում ոչ թե նրա համար, որ առաջադրված միակ քաղաքական ուժն են, այլ կարծում են, որ բնակիչների հետ երեք տարիների իրենց համատեղ աշխատանքը Արմավիրում հաջողությամբ է պսակվել․ «Եւ քաղաքացիները պետք է որ վստահություն ունենան, որովհետեւ մենք էլ վստահություն ունենք, որ արդեն խոշորացված համայնքում հետագա համատեղ աշխատանքը եւս ստացվելու է։ Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է քաղաքացիների մասնակցությունը, եւ կարեւոր է, որ քաղաքացիները վստահ լինեն՝ այն խնդիրները, որոնք բարձրացրել են, մեր ուշադրության կենտրոնում են լինելու, եւ դրանց մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա հինգ տարիներին»,- ասաց մեր զրուցակիցը, եւ հարցին՝ չի՞ վախեցնում, որ խոշորաված՝ ավելի մեծ համայնքն ավելի շատ աշխատանք ու ջանք է պահանջելու, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Չի վախեցնում, ավելի է պարտավորեցնելում»։ Լուսանկարը՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:59 - 03 դեկտեմբերի, 2021
Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

50 տարի առաջ այս օրը հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М» մարսագնացը «Մարս-3» կայանով իջեցվեց Մարս մոլորակ։ «Մարս-3» կայանը պատմության մեջ առաջինն էր, որ փափուկ վայրէջք կատարեց կարմիր մոլորակի վրա։ Մարսին է նվիրված նաև 2022 թ․-ին Հայաստանում սպասվող գիտության և արվեստի «STARMUS» փառատոնը։ Infocom-ը այս թեմաների շուրջ զրուցել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, գիտության և արվեստի «STARMUS» փառատոնի հեղինակ և հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ։ Քեմուրջյանի «ПрОП-М»-ը Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտն է Գարիկ Իսրայելյանն ասում է, որ մինչև 1971 թ․-ը Մարսի վրա որևէ սարք իջեցնելու փորձերը հիմնականում անհաջող ավարտ էին ունենում․ «Մարսը շատ բարդ խնդիր էր։ Մարսի մոտ կամ Մարսի վրա ինչ-որ բան իջեցնելու փորձերը սկսեցին նույնիսկ 60-ականների սկզբից, նույնիսկ Յուրի Գագարինի թռիչքից առաջ։ Թե՛  Խորհրդային Միությունը, և թե՛ Միացյալ Նահանգները սկսել էին տիեզերանավեր ուղարկել, բայց բոլոր պրոյեկտները անհաջող անցան։ Տիեզերանավերը պայթում էին, կամ այն, ինչ ուղարկում էին, սխալ ուղեծրով էր գնում ու չէր մոտենում Մարսին»։ Արդեն 1971 թ․-ին Միացյալ Նահանգները «Մարիներ 9» կոչվող արբանյակը ուղարկեց Մարս, որը, սակայն, մոլորակի վրա վայրէջք կատարելու նպատակ չուներ, իսկ Խորհրդային Միությունը Մարսը հետազոտելու համար «Մարս-2» և «Մարս-3» կայանները ուղարկեց, որոնք պիտի վայրէջք կատարեին կարմիր մոլորակի վրա։ «Մարս-2-ը» փափուկ վայրէջք չկատարեց Մարսի վրա․ մեկ ամիս անց, սակայն, «Մարս-3»-ը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջքը կատարեց կարմիր մոլորակի վրա․ «Մարս-3»-ը ուներ արբանյակ, որը սկսեց Մարսի շուրջ պտտվել ու նկարներ անել, բայց մենք միայն առաջին նկարը ստացանք, որը շատ վատ որակի նկար է, ու չէին հասկանում, թե ինչու էր այդքան անորակ։ Դա իմացանք շատ ավելի ուշ, որովհետև կապը «Մարս-3»-ի հետ վայրկյաններ անց խզվեց։ «Մարս-3»-ի մեջ դրված էր փոքր ռոբոտ, որը Քեմուրջյանն էր սարքել, դա պետք է դուրս գար ու սկսեր Մարսը հետազոտել, բայց քանի որ 15 վայրկյան հետո կապը կորավ, այդպես էլ մարդիկ չիմացան՝ այդ ռոբոտը դուրս եկավ, դուրս չեկավ, ու դրա վերջը ինչ եղավ»։  Այդ նույն պահին, նրա խոսքով, Ամերիկյան «Մարիներ-9» արբանյակը սկսեց նկարներ ուղարկել Մարս մոլորակից։ Նկարներից պարզ դարձավ, որ Մարսի վրա շատ ուժեղ և հզոր փոշու փոթորիկ է․ «Մարսի վրա փոշու փոթորիկները շատ հաճախ են լինում, բայց այդ տարվա փոթորիկը ահավոր մեծ էր, որովհետև Մարսի գրեթե ամբողջ մակերեսը փակել էր։ Այդ փոշու փոթորիկները իրենց մեջ էլեկտրական հոսանք են պարունակում, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Մարս-3-ի» հետ կապը կորավ, բայց պատմականորեն փաստն այն է, որ առաջին պատկերը Մարսից ստացվել էր, փաստ էր, որ առաջին անգամ փափուկ իջել էր Մարսի վրա, և որի մեջ եղել է  Քեմուրջյանի «ПрОП-М» ռոբոտը»։ «ПрОП-М» ռոբոտը Աստղաֆիզիկոսի խոսքով՝ Խորհրդային Միությունը այս վայրէջքից հետո կրկին փորձել է սարքեր իջեցնել Մարսի վրա, սակայն փորձերի մեծ մասն անհաջող ավարտ է ունեցել․ «Մարսի հետ միաժամանակ Խորհրդային Միությունը Վեներան էլ սկսեց ուսումնասիրել։ Վեներայի դեպքում մի քանի հաջող միսիաներ եղան։ Իմիջիայլոց, միայն Խորհրդային Միությանը հաջողվեց Վեներան «գրավել», իսկ Ամերիկային՝ ոչ։ Մինչև հիմա դա մնում է ամենաբարդ մոլորակը, որովհետև Վեներան շատ խիտ մթնոլորտ ունի, այնտեղ ինչ-որ հետազոտություն անելը շատ բարդ է։ Այս տարի Միացյալ Նահանգները ուղարկում են, տեսնենք՝ ինչ կստացվի»։ Քեմուրջյանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն Գարիկ Իսրայելյանը պատմում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ալեքսանդր Քեմուրջյանը ստեղծել է մոլորակագնացների կենտրոն, և Միացյալ Նահանգներում սկսել է ներկայացնել այդ մոլորակագնացները․  «ԱՄՆ-ում մինչև 90-ականները մոլորակագնաց չէին սարքել, դա միայն արել էր Քեմուրջյանի լաբորատորիան՝ լուսնագնաց սարքելով, ու մինչև 90-ական թվականները «ՆԱՍԱ»-ն չէր մոտեցել այդ խնդիրներին, բայց երբ Քեմուրջյանը գնաց այնտեղ, իր հետ հանդիպումներ եղան,  հոդվածներ գրեց ու Ամերիկան սկսեց սարքել մոլորակագնացներ՝ նույն Լուսանագնացի սկզբունքով, որպեսզի Մարս իջեցնի»,-ասում է նա՝ նշելով, որ մոլորակագնացների ոլորտը սկսեց զարգանալ Քեմուրջյանի շնորհիվ։ Հայազգի ճարտարագետ, առաջին մոլորակագնացների հեղինակ Ալեքսանդր Քեմուրջյանը Աստղաֆիզիկոսը նշում է, որ անձամբ չի ճանաչել Ալեքսանդր Քեմուրջյանին, սակայն Քեմուրջյանի որդու հետ շփվելիս հասկացել է, որ գիտնականի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն․ «Պարզվում է, որ Քեմուրջյանը բավականին պատրիոտ մարդ է եղել, որի մասին գրքերում գրված չի։ Մենք դա իմացանք իր տղայից։ Նա պատմեց, որ իր հայրը շատ հայրենասեր է եղել, ու մի քանի անգամ Հայաստան է եկել։ Քեմուրջյանի լաբորատորիան զբաղվում էր հենց մատերիալների պնդությամբ․ հետազոտում էին, թե ինչից պատրաստեն անիվները։ Քեմուրջյանը օգնել էր պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիային։ Ես մի մարդու հանդիպեցի, որը այն ժամանակ Քեմուրջյանի հետ մտերիմ է եղել, բայց այդ մարդը թողել է պոլիտեխնիկի ինժեներությունը, հիմա բիզնեսով է զբաղվում։ Իրեն առաջարկեցի, որ հեռուստատեսությամբ խոսի, բայց հրաժարվեց։ Երևի Քեմուրջյանի 100-ամյակը նպաստի, որ սկսենք ավելի լուրջ ուսումնասիրել Քեմուրջյանի «հայկական մասը», Հայաստանի հետ հարաբերությունները»։ «STARMUS» փառատոնը կանցկացվի Հայաստանում և նվիրված կլինի Մարսին 2022 թ․-ի սեպտեմբերի 5-10-ը արվեստի և գիտության 6-րդ «STARMUS»  փառատոնը անցկացվելու է Հայաստանում և կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Գարիկ Իսրայելյանն ասում է՝ գիտեն, որ տիզերական հետազոտությունների վեկտորը մոտակա 15-20 տարիների ընթացքում ու նաև հետագայում լրիվ ուղղված է լինելու դեպի Մարս մոլորակը․ «Դրա պատճառը երևի Իլոն Մասկն էր։ «ՆԱՍԱ»-ն դա չարեց, «ՆԱՍԱ»-ն ընդհանրապես քնած էր այդ հարցում,  միտք էլ չուներ մտնել այս խնդիրների մեջ։ Դա Մասկից սկսվեց։ Կարելի է նույնիսկ ասել, որ ինքն էր պատճառը, որ մենք 2 տարուց նորից Lուսին ենք վերադառնում ու լուսին այնպես չենք վերադառնում, ինչպես 50 տարի առաջ, այլ լուսին գնում ենք՝ այնտեղ բազա սարքելու համար, լաբորատորիաներ սարքելու, որը հետո ծառայելու է որպես միջանկյալ կետ ու բազա Մարս գնալու համար»։ Իսրայելյանի խոսքով՝ գիտության ճյուղերը՝ սկսած հաշվողական տեխնիկայից, ինֆորմատիկայից, պետք է բոլորովին նոր լիցք ստանան Մարս գնալու ծրագրի պատճառով․ «Այդպես ամբիցիոզ, մեծ, հսկայական պրոյեկտ են դրել, որը երևի հազար անգամ ավելի բարդ է, քան Լուսին գնալը, բայց հաստատ ուզում են անել։ Մենք փառատոնի ընթացքում զեկուցումներ կունենանք հենց այդ թեմաներով, թե ինչ են անում, որպեսզի Մարսի վրա կարողանան հետազոտությամբ զբաղվել, ինչ հետազոտություններ են անում, որպեսզի Մարսի վրա առաջին լաբորատորիան կամ փոքր քաղաքը լինի, որովհետև մի բան է, որ այնտեղ 5 մարդ է ապրում, ուրիշ բան է, որ այնտեղ 500 մարդ է ապրում և ուրիշ բան է, որ ուզում են հետագայում 5 միլիոն մարդ ապրեն»։ Նրա խոսքով՝ շատ գիտական տեսություններ կան այն մասին, որ տարբեր պատճառներով պայմանավորված մարդիկ երկար չեն կարող դիմանալ Երկիր մոլորակի վրա․ «Մասկն էլ է դա ասում, որ եթե ոչ ամբողջ մարդկությանը, գոնե միլիոնավոր մարդկանց ինչ-որ բանաձևերի օգնությամբ, ինչ-որ ծրագրով հնարավոր լինի տեղափոխել Մարս։ Հիմա այդ խնդրով սկսել են շատ լուրջ զբաղվել, իրենք արդեն Մարսի վրա միջուկային ռեակտորներ պետք է տեղադրեն, էներգետիկա պետք է ունենան, ինչպես են սարքելու, ինչ ռեսուրսներով, ամեն ինչ երկրագնդից չես կարող տանել, դրա համար այնտեղ պետք է անել այդ ամեն ինչը ու հիմա շատ ռեսուրսներ են ներդնում այդ հետազոտությունների համար»,-ասում է նա՝ հավելելով, որ Երևանում սպասվող «STARMUS» փառատոնի ընթացքում հենց այս թեմաներով են տարբեր դասախոսություններ ունենալու։ Գիտության և արվեստի փառատոնին 50-60 մասնագետներ` տիեզերագնացներ, գիտնականներ, արվեստագետներ, կժամանեն Հայաստան․ «Փնտրում ենք շատ ունիկալ պրոյեկտներ, էքսպերիմենտալ երաժիշտների ու միջազգային աստղերի։ Ինձ թվում է՝ մի քանի ամսում այդ աշխատանքը կվերջացնենք ու երևի փետրվարին ցանկը կհայտարարենք»։ «STARMUS» փառատոններին սովորաբար մասնակցում են հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ երաժիշտներ։ Փառատոնը նախատեսվում էր անցկացնել դեռ 2021 թ․-ի սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվել էր։  Հայաստանում կա տիեզերական տեխնոլոգիաները զարգացնելու պոտենցիալ Աստղաֆիզիկոսը կարծում է, որ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա, պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկոորդինացնեն աշխատանքները և մասնագետների առջև խնդիրներ կդնեն․ «Պոտենցիալ կա, որովհետև  մասնագետները տիեզերագիտության առանձին մասնագետներ չեն, դրանք նույն IT ոլորտի աշխատող ծրագրավորողներն են, միկրոէլեկտրոնիկայի ինժեներներն են, որոնք պարզապես ոչ թե սարքում են համակարգիչ, որը այստեղ ենք օգտագործում, այլ համակարգիչ են սարքում, որը դրվելու է արբանյակի մեջ ու փոքր համակարգիչը ղեկավարելու է։ Նույն ինժեներներն են, բայց իրենք աշխատում են տիեզերական ապարատների վրա, ուղղակի իրենց խնդիրներն են փոխվում, բայց մասնագիտական առումով այն, ինչ իրենք գիտեն, համարյա նույնն է»։ Ոլորտը զարգացնելու միակ տարբերակը, գիտնականի խոսքով, համագործակցելն է արտասահմանյան այն կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով են զբաղվում․ «Կոորդինացնելու ու խնդիրներ դնելու հարցն է, միակ ձևը, որ կարող է մեր մոտ արվել, համագործակցելն է հենց դրսի կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են, որովհետև այդպիսի մասնագետներ մեր մոտ չկան, ու իրենց պատրաստելն էլ շատ դժվար է, որովհետև այդպիսի ֆակուլտետ համալսարանում հնարավոր չի ստեղծել, որտեղ այդպիսի մասնագետներ կպատրաստեն։ Դա երկար է տևում ու ամենաճիշտը համագործակցությունն է արտասահմանի, Եվրոպայի այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են տիեզերական պրոյեկտներով։ Մեզ մոտ պետք է պետական մակարդակով որոշեն, որ մտնում ենք այդ շուկայի մեջ, սկզբում դա հնարավոր կլինի անել ներդրումների միջոցով։ «STARMUS»-ն էլ դրան շատ կնպաստի, որովհետև մենք կբերենք մեծ կազմակերպությունների, իրենց հետ կշփվեն, իրենց աշխատանքները կներկայացնեն, մթնոլորտ կստեղծենք»։   Գլխավոր լուսանկարում՝ Գարիկ Իսրայելյանը՝ այս տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում   Նանե Ավետիսյան
20:39 - 02 դեկտեմբերի, 2021