ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին
 |factor.am|

Կրեմլը հայտնել է Պուտինի և Մակրոնի բանակցությունների բովանդակության մասին |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է «Դոնբասի պաշտպանության և «Ազովստալ»-ից խաղաղ բնակչության տարհանման հատուկ գործողության ընթացքի մասին»։ Նա նաև ներկայացրել է Կիևի հետ բանակցությունների հիմնարար մոտեցումներն ու նշել, որ Մոսկվան բաց է երկխոսության համար։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԵՄ անդամ երկրներն անտեսում են Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունները»։  Արևմուտքը, նրա խոսքով, կարող է օգնել դադարեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումն Ուկրաինային:  
18:06 - 03 մայիսի, 2022
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Ռուսական զորքերը սկսել են ուկրաինական Մարիուպոլ քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանի գրոհը, հայտնում է Liga.net ուկրաինական առցանց պարբերականը՝ վկայակոչելով «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարի խոսքերը։ «Մարիուպոլի պաշտպանները գիտեն, որ նախագահին զեկուցում են Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին […] Այդ պատճառով էլ նրանից կտրուկ գործողությունների են սպասում, քանի որ իրավիճակը շատ բարդ է», - ասել է Պալամարը։ Ռազմական լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի պնդմամբ՝ գրոհից առաջ ռուսական կողմը ժամեր շարունակ ռմբակոծել է «Ազովստալը»․ «Հրդեհ է բռնկվել, ծխի քուլաները երևում են Մարիուպոլի բոլոր թաղամասերից»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ռուսաստանցի զինծառայողները ԴԺՀ բանակի հետ միասին սկսել են ոչնչացնել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում զինյալների կրակակետերը՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ»։   Նորա Վանյան
16:44 - 03 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն «հակապատմական» է անվանել Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի հայտարարությունները։ Նախօրեին նախարարը Ռուսաստանից պահանջել էր ներողություն խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ, հավանաբար, «Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն է ունեցել», գրում է «Կոմերսանտը»։ «Ուշադրություն ենք դարձրել Իսրայելի ԱԳ նախարարի հակապատմական հայտարարություններին, որոնք մեծ մասամբ բացատրում են Կիևի նեոնացիստական ռեժիմը սատարելու Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը»,- ասված է Թվիթերում ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը պնդում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ»։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շահարկում է իր արմատները» և «թաքնվում ծագման հետևում և ծածկում իսկական նեոնացիստներին»։ «Նախագահի հրեական ծագումը երկրում նեոնացիզմի տարածումից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ի դեպ, Ուկրաինան այս առումով միակը չէ։ Լատվիայի նախագահ Է․ Լևիտսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նույնպես «հաջողությամբ» քողարկում է «Վաֆեն ՍՍ»-ի վերականգնումը», - նշել է ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի կոչը՝ հարգելու լատվիական Waffen SS լեգիոնի՝ մարտի դաշտում ընկած մասնակիցների հիշատակը։ Նշենք, որ Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան։ Դրանից հետո՝ մայիսի 2-ին, ՌԴ դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի արտգործնախարարը Լավրովի հայտարարությունն անվանել էր «աններելի», ինչպես նաև «սարսափելի պատմական սխալ»։ ԱՄՆ Պետդեպն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նույնպես քննադատել էին Լավրովին։   Նորա Վանյան  
15:27 - 03 մայիսի, 2022
Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն «ոչ բարեկամական գործողություններ» կատարած երկրների և իրավաբանական անձանց դեմ։ Կառավարությունը պետք է 10-օրյա ժամկետում որոշի այն անձանց ցանկը, որոնց վրա կտարածվեն այս պատժամիջոցները, գրում է «Կոմերսանտը»։ Հրամանագրի շրջանակում արգելվել է․ պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձնանց հետ գործարքներ իրականացնելն ու նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելը (այդ թվում՝ արդեն կնքված արտաքին առևտրային պայմանագրերով); Ռուսաստանից հումք և ապրանքներ արտահանել՝ հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց։ Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ռուսաստանն այդ ֆոնին մարտին ընդլայնել է «ոչ բարեկամ» երկրների ցանկը։ Դրանում այժմ 48 սուբյեկտ կա։   Նորա Վանյան
14:52 - 03 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ-ի սահմանների մոտ կարող Էին ռազմական գործողություն հրահրել. Հռոմի պապ

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ-ի սահմանների մոտ կարող Էին ռազմական գործողություն հրահրել. Հռոմի պապ |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր Է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր Է խաղում ուկրաինական ճգնաժամի Էսկալացիայի հարցում: «(Հավանաբար), ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը: Ցասումը, չգիտեմ, հրահրված Էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել Է»,- մայիսի 3-ին ասել Է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչանո Ֆոնտանայի հետ կայացած զրույցի ժամանակ: «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող Է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել Է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «Էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի»  մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ Է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել Է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»: Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» Է համարել ուկրաինցիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին:  «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն Է Դոնբասի (անկախության փորձերին), բայց դա 10 տարի առաջ Էր, դա հին փաստարկ Է»,- կարծում Է նա: Ֆրանցիսկոս պապը նաեւ պարզաբանել Է, թե ինչու Է հրաժարվել աղոթք կարդալուց եկեղեցական թափորի ընթացքում, երբ խաչը, նրա որոշմամբ, կրում Էին կանայք Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել, ինչի պատճառով աղոթքից ստիպված Է եղել հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:47 - 03 մայիսի, 2022
Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․ «Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։ Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։ Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։ ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։ Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։ Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։ «Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։ Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։ «Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։ Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։ «Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։ Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։ Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։ Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։ Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։ Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։ Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։ Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։ «Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։ «[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։   Նորա Վանյան
21:32 - 02 մայիսի, 2022
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը. Պենտագոն

 |armenpress.am|

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը. Պենտագոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի: Ինչպես մայիսի 2-ին հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը, երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաև «կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը»: «Մենք լիարժեք աջակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությանը: Եթե այդ երկրների ղեկավարությունները և բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, մենք կաջակցենք նրանց»,-ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին,  այս մասին Ատլանտյան խորհրդի կոնֆերանսի ժամանակ ասել է Սելեստա Վոլանդերը: Նա ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին կարող է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով հզոր ուժ բերել:
19:45 - 02 մայիսի, 2022
Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունն այսօր հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի հետ, որի համաձայն՝ պետք է կառուցվեր «Հանհիկիվի-1» ատոմակայանը։ Ընկերությունը հայտնել է, որ այդ քայլին է դիմել RAOS Project-ի կողմից զգալի ուշացումների և «նախագիծն իրականացնելու նրա անընդունակության» պատճառով։ Ֆիննական ընկերությունը նշել է, որ իրավիճակը վատթացրել է պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին։ «Ռոսատոմը» հայտարարել է, որ հիասթափված է Fennovoima-ի որոշումից։ Նա կարծում է, որ այդ որոշման համար հիմքեր չեն եղել, կորպորացիան խոստացել է նաև «պաշտպանել իր իրավունքներն»՝ օրենսդրության համաձայն, գրում է «Կոմերսանտը»։ «Ռոսատոմն» ու ֆիննական Fennovoima-ն «Հանհիկիվի-1»-ի շինարարության պայմանագիր էին ստորագրել 2013 թ-ի վերջին։ Ռուսական պետական կորպորացիային է պատկանում նախագծի 34%-ը, մյուս 66%-ը ֆինն բաժնետերերինն է։ Նախագծի արժեքը գնահատվում է €7-7,5 մլրդ։ «Ռոսատոմի» հայտարարությունում ասվում է, որ Fennovoima-ի ղեկավարության գործողություններն «անկեղծ հիասթափություն» են առաջացրել։ «Ռոսատոմը» նշում է, որ պայմանագրի խզման մասին որոշումն ընդունվել է «առանց նախագծի բաժնետերերի մակարդակով մանրամասն քննարկումների», որոնցից ամենախոշորը (34%) RAOS Voima-ն է («Ռոսատոմի» դուստր ընկերությունը)։   Նորա Վանյան
16:18 - 02 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը պնդում է, որ գիշերը տեղի ունեցած պայթյունները կապված են ռուսական ռազմական ավիացիայի գործողությունների հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչներին «ոչինչ չէր սպառնում»։ «Ուզում եմ փարատել շրջանի բնակիչների մտահոգություններն այն մասին, որ  մեզ մոտ ինչ-որ բան է հասել Ուկրաինայի տարածքից։ Դա այդպես չէ։ Հատուկ ռազմական գործողության շրջանակում մեր ռազմական ավիացիան մարտական խնդիրներ էր կատարում», - գրել է Գլադկովը Տելեգրամում։ Մայիսի լույս 2-ի գիշերը մարզպետը հաղորդել էր, որ Բելգորոդում երկու «ուժեղ պայթյուն» է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչները սոցցանցերում տեսանյութեր էին  հրապարակում, որոնցում երևում էին պայթյուններ երկնքում։ Ռուսաստանի Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային։   Նորա Վանյան
15:17 - 02 մայիսի, 2022
Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հաղորդել է, որ քաղաքից մարդկանց տարհանման երկրորդ փուլը շարունակվում է։ Այս մասին նա ասել է համաուկրաինական տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ «Նախնական պայմանավորվածություն կա Մանգուշից և Բերդյանսկից մարդկանց ներգրավման, սեփական տրանսպորտային միջոցներով շարասյուների ներգրավման շուրջ․․․ սա միակ մեկնաբանությունն է, որ այս պահին կարող ենք անել», - ասել է Անդրյուշչենկոն։ Նա նշել է, որ տարհանումն իրականացվում է հարաբերական անդորրի պայմաններում, քանի որ ցանկացած պահի կարող է նոր գնդակոծություն սկսվել։ «Իհարկե անդորրը բավականին պայմանական է՝ հաշվի առնելով, որ երեկ հենց տարհանվածներով ավտոբուսները շարժվել են «Ազովստալի» տարածքից, միանգամից նոր հրաձգություն է սկսվել․․․ եթե չկան քարոզչական ալիքներ, ապա ամեն ինչ մի փոքր այլ կերպ է ընթանում, քան ցույց են տալիս հեռուստցույցով», - ասել է Անդրյուշչենկոն։   Նորա Վանյան
14:38 - 02 մայիսի, 2022
«Դոնբասում մարտերը «սառել» են, ինչո՞ւ»․ Meduza

«Դոնբասում մարտերը «սառել» են, ինչո՞ւ»․ Meduza

Գլխավոր նկարը՝ Ueslei Marcelino / Reuters / Scanpix / LETA Ռուսական Meduza առցանց պարբերականն անդրադարձել է Դոնբասի համար մարտերին, որոնք ընթանում են ռուսական և ուկրաինական զորքերի միջև։ Այն գրում է, որ մարտերը «սառել են», իսկ ԱԹՍ-ների և հրետանու ակտիվ օգտագործումը հանգեցրել է դիրքային փակուղու։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինայի համար լենդ-լիզի ծրագիր է ընդունել, որի համաձայն՝ Կիևը կարող է մոտակա ամիսներին 20 մլրդ դոլարի տեխնիկա ստանալ։ Տեսականորեն՝ տեխնիկան ստանալով, դրա կիրառման ձևը յուրացնելով և դրա հիման վրա մարտունակ կազմավորումներ ձևավորելով՝ Ուկրաինան կարող է ոչ միայն հաջող դիմադրության, այլև Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթանակի հույս ունենալ։ Սակայն գրոհի հնարավորությունները դեռևս ավելի մեծ են ռուսական բանակի մոտ․ այն կրակային հզորության ակնհայտ առավելություն ունի։ Սակայն ռուսական գրոհը ծայրահեղ դանդաղ է ընթանում այն դեպքում, երբ (հենց լենդ-լիզի պատճառով) ժամանակը ռուսական հրամանատարության դեմ է գործում։   Ի՞նչ է կատարվում Դոնբասում այս օրերին (հակիրճ) Մարտերը վերածվել են հրետանային հարվածներով փոխադարձ [թիրախների] ոչնչացման՝ առանց զգալի առաջխաղացման։ Ռուսական բանակը, թվում է, առավելություն չունի հետախուզական միջոցների և նպատականշման հարցերում (հատկապես՝ ԱԹՍ-ների հարցում) և ամբողջությամբ չի կարողանում ճնշել ուկրաինական հրետանին։ Ուկրաինան, համապատասխանաբար, դեռ չի կարողանում ճնշել ռուսականը՝ կրակային հզորության պակասի պատճառով։ Փոխարենը՝ երկու բանակներն էլ, հետախուզության շնորհիվ, կարողանում են ԱԹՍ-ներով ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին և գրոհային ստորաբաժանումներին։   Ինչո՞ւ կողմերից ոչ մեկը չի կարողանում արագ գրոհել Հավանաբար, կողմերը պատերազմի այս փուլում հասել են յուրօրինակ դիրքային ճգնաժամի, երբ արագ առաջխաղացումը պարզապես անհնար է։ Մասնակիորեն սա հիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ դիրքային փակուղին Արևմտյան ճակատում։ Ներկայիս պատերազմը, կարծես, արմատապես տարբերվում է հարյուր տարվա հնության պատերազմից գոնե նրանով, որ դրանում մասնակցում են զգալիորեն ավելի փոքր բանակներ․ տասնյակ հազարավոր, այլ ոչ թե միլիոնավոր մարդիկ, ճակատի հարյուր կիլոմետրի հաշվարկով տասնյակ սարքեր, այլ ոչ թե հարյուրավոր և հազարավոր։ Տեսականորեն՝ զորքերի և կրակի ոչ մեծ խտությունը հնարավոր է դարձնում մանևրային պատերազմը՝ տասնյակ կիլոմետրերի ամենօրյա ճեղքումներով։ Սակայն ռազմական գործողություններն այդպիսին էին միայն պատերազմի առաջին օրերին, երբ ռուսական զորքերն Ուկրաինայի հարավում և անգամ Կիևի ուղղությամբ տասնյակ կիլոմետրեր էին անցնում՝ կազմակեպված դիմադրության չհանդիպելով։ Հավանաբար, խնդիրն օպերատիվ անսպասելիությունն էր․ ուկրաինական իշխանությունն ընդհուպ մինչև պատերազմի մեկնարկը, դրան չէր հավատում և չգիտեր, թե ինչ ուղղություններով և ինչ ուժերով է ռուսական բանակը վարելու գրոհը։ Սակայն, հենց ուկրաինական բրիգադներն ընդառաջ բերվեցին ռուսական հարձակողական զորքերին՝ Նիկոլաևի, Չեռնիգովի, Կիևի և Զապորոժիեի մատույցներում, ռուսական գրոհի տեմպերը նվազեցին մինչև օրական մի քանի կիլոմետր։ Դա, իր հերթին, կարող է կապված լինել այն բանի հետ, որ հետախուզության և նպատականշման միջոցները (նախևառաջ՝ դրոնները) կարող են հանգեցնել դիրքային ճգնաժամի և փոքր բանակների պատերազմի։ Հանդիպելով հետևակի պաշտպանությանը, որը հզոր հակատանկային միջոցներ (հրթիռներ) ունի, հարձակվողները ստիպված են կանգ առնել և գործի դնել հրետանին։ Այդ ընթացքում հակառակորդը պարզում է հարձակվողների դիրքերը դրոնների օգնությամբ և հրետանային հարվածներ հասցնում դրանց։ Այս մատավարությունը (որը հաճախ մարտավարական հաջողություն է բերում հակառակորդի շարժի արմատական դանդաղեցման և գրոհի տապալման տեսքով) օգտագործում են երկու կողմերն էլ։ Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի (RUSI) վերջին զեկույցում նշվում է, որ հրթիռներն ընդամենը դանդաղեցնում են ռուսական գրոհը։ Ռուսական զորքերն իրապես «սպանում» է հենց հրետանին, որը գործում է դրոնների նպատականշմամբ։ Բայց սա փակուղու միակ պատճառը չէ։ Կարևոր է նաև այն, որ երկու բանակները մոտավորապես հավասար են թվաքանակի առումով։   Ի՞նչ դեր ունեն ԱԹՍ-ներն այս պատերազմում Ռուսական բանակը (առանց ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ստորաբաժանումների) հետախուզության և հրետանու նպատականշման համար օգտագործում է հաստիքային ԱԹՍ-ներ։ Նախևառաջ, դրանք «Օռլան-10» ԱԹՍ-ներն են։ Այդ սարքերն ունակ են, այդ թվում, նպատականշում անել «Կրասնոպոլ» բարձր ճշգրտության արկերով հաուբիցների համար։ ԱԹՍ-ների վաշտերը ենթարկվում են կազմավորումների (դիվիզիաների և բրիգադների) հրամանատարությանը, դրանց կիրառումը կենտրոնացված է։ Սակայն ճակատում ինքնավար ձևով գործող շատ ստորաբաժանումներ, ըստ ամենայնի, չեն կարողանում օպերատիվ կերպով օդային հետախուզություն իրականացնել և ստիպված են հին ձևով հույսը դնել ցամաքի հետախուզության վրա։ Ուկրաինական հրամանատարությունն ԱԹՍ-ների կիրառման հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում․ Դոնբասում ռոտացիայի եղանակով ծառայություն անցած զորքերը սեփական ԱԹՍ-ներն ունեն։ Նրանց տնօրինության տակ են շուկայի առաջատար՝ չինական DJI ընկերության քաղաքացիական մոդելները։ ԱԹՍ-ների՝ Դոնբասի պատերազմի փորձ ունեցող օպերատորներն ունակ են նպատականշումն արագ փոխանցել իրենց հրետանուն։ Կոմերցիոն դրոններ օգտագործում են նաև ԴԺՀ և ԼԺՀ ուժերը, թեև՝ ավելի փոքր մասշտաբներով։ Ընդ որում, DJI ընկերությունը 2022 թ-ի ապրիլին դադարեցրել է ԱԹՍ-ների պաշտոնական մատակարարումն ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին։ Հավանաբար, ամենուրեք և միշտ ուկրաինական դրոններին հակազդելու ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի և ճնշման միջոցների անընդունակությունը հենց ԱԹՍ-ների զանգվածայնության և ապակենտրոնացված օգտագործման հետևանք է։ Թուրքական (և Ուկրաինայում համապատասխան հավաստագրով արտադրված) «Բայրաքթարներն», ընդհակառակը, օգտագործվում են կենտրոնացված ձևով և, հնարավոր է, ավելի հաճախ՝ որպես հետախույզներ, քան հարվածային համակարգեր։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Բայրաքթարները» վճռորոշ ազդեցություն չունեն պատերազմի ընթացքի վրա։ Հավանաբար, նա նկատի ուներ դրանց հարվածային ունակությունները, սակայն ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների օգնությամբ պաշտպանված օբյեկտների հետախուզման համար օգտագործվում են հենց այսպիսի դրոններ՝ հզոր օպտիկաէլեկտրոնային համակարգով, որոնք կարող են թիրախը նկատել տասնյակ կիլոմետրերի վրա։ Այսպիսով՝ եթե դատենք արդյունքով, այսինքն՝ ռուսական գրոհի արագությամբ, կարելի է ասել, որ ուկրաինական բանակը չեզոքացնում է հրետանու քանակության հարցում հետ մնալը դրա համար նպատականշման միջոցների ավելի ճկուն օգտագործմամբ։   Ինչո՞ւ հակամարտող կողմերը չեն կարողանում ճնշել հակառակորդի հրետանին Բանն այն է, որ երկու կողմերի հրետանին տեղակայված է դրանց կառուցվածքի խորքերում․ Ուկրաինան այն ճնշելու միջոցներ գրեթե չունի, Ռուսաստանն այդ միջոցներն ունի․ դա ավիացիան է, սական նա չի կարող այն ազատորեն կիրառել։ Իհարկե, նման ճնշման և ոչնչացման տեսանյութեր հրապարակվում են երկու կողմերից էլ։ Սակայն, հաշվի առնելով այն, որ հրետանին երկու կողմերի համար էլ պատերազմ վարելու գլխավոր գործիքն է, ճնշման իրական արդյունքը մեծ չէ։ Ռուսական բանակն, այնուամենայնիվ, օգտագործում է ավիացիան, սակայն, կարծես, ուկրաինական ՀՕՊ կողմից պահպանվող վտանգի պատճառով ոչ հաճախ է գործում հակառակորդի թիկունքում։ Այս պայմաններում հրետանին ճնշելու համար կողմերը վարում են հակահրետամարտկոցային պայքար, սակայն այս հարցում նրանց հնարավորությունները սահմանափակ են․ հակառակորդի հրետամարտկոցը խոցելու համար, որը նրա շարքերի խորքից հարվածում է առաջին շարքերին, կամ պետք է հրետանին բերել-հասցնել այդ առաջին շարքերին (դրա պահպանությունը վտանգելով), կամ էլ ավելի հեռահար զենք ունենալ։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե ռուսական բանակը սկսի ավելի ակտիվորեն օգտագործել ավիացիան։ Ինչպես նաև եթե ուկրաինական կողմն ամերիկյան և եվրոպական արտադրության հեռահար հաուբիցներ և ամերիկյան հեռահար կամիկաձե ԱԹՍ-ներ ստանա։ Բնականաբար, չի բացառվում, որ ռուսական հրամանատարությունը մոտ ժամանակներս արագացնի գրոհը (որպեսզի ուկրաինացիները չհասցնեն նոր տեխնիկա ստանալ) կամ փորձի կասեցնել արևմտյան տեխնիկայի առաքումը ճակատ։ Սակայն այս դեպքում էլ է նա ավիացիա օգտագործելու (այլ ոչ միայն հրթիռներ) ուկրաինական թիկունքում։   Նորա Վանյան
12:32 - 02 մայիսի, 2022
ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայում պատերազմի ավարտից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն Ռուսաստանի թելադրած պայմաններով խաղաղությունն անվտանգություն չի բերի ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային, կարծում է նախարարը։ «Հրադադարը միայն առաջին քայլն է լինելու։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,— «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Բերբոկը գերմանական Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խաղաղ կարգերը, որ գոյություն ունեին եվրոպայում, «անդառնալիորեն խախտվել են» Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով։ Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես նախկինում։ «Մենք այլևս երբեք չենք կարող հույս դնել միայն Պուտինի խոստումների վրա», - ասել է նա։   Նորա Վանյան
17:17 - 01 մայիսի, 2022