ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի ողջ պաշարը |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին ոչնչացնել քիմիական զենքի իր ողջ զինանոցը՝ հիշեցնելով, որ Մոսկվան դեռևս տարիներ առաջ է ոչնչացրել այդ տեսակի սեփական զենքը։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության տելեգրամյան ալիքում հրապարակված մեկնաբանությունում։ Նշվում է, որ տեղի ԶԼՄ-ները կրկնում են իրենց երկրի հասցեին վարչակազմի մեղադրանքները՝ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախման վերաբերյալ։ Դեսպանատունն ընդգծել է, որ Ռուսաստանն իր քիմիական զենքը լիովին ոչնչացրել է դեռ 2017 թվականին, և այդ փաստը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ Հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ռուսաստանն է մնում կոնվենցիայի միակ մասնակից-երկիրը, որը դեռևս չի ազատվել իր պաշարներից, նշել են դեսպանատանը և կոչ է արել ամերիկյան հանրությանը մտածել, թե ինչ նպատակով է Վաշինգտոնը ձգձգում քիմիական զենքի ազգային զինանոցի ոչնչացումը, և ինչու են մյուս երկրներն արդեն իրագործել այդ հանձնարարությունը։
09:58 - 06 մայիսի, 2022
Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Ի՞նչ կկատարվի, եթե Վլադիմիր Պուտինն Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարի․ BBC Russian

Այս շաբաթվա սկզբին CNN ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Ի՞նչ է գործնականում նշանակում պատերազմ հայտարարելը, և ինչպե՞ս կարող է Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Ինչպես պնդում են CNN-ի աղբյուրները, Պուտինը կարող է օգտվել Հաղթանակի օրվա խորհրդանշական իմաստից, որպեսզի կամ հայտարարի Ուկրաինայում ռազմական հաջողությունների, կամ ռազմական գործողությունների սրացման, կամ էլ թե մեկի, թե մյուսի մասին։ Նրանց կարծիքով, առավել հավանական է Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, սակայն ռուսական իշխանությունը պնդում է, որ դա «հատուկ ռազմական գործողություն է»։ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։ Ինչպես գրում է CNN-ը, պաշտոնապես պատերազմ հայտարարելը կարող է ուժեղացնել հանրային աջակցությունն՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև ռուսական իշխանությանը թույլ կտա մոբիլիզացիա հայտարարել, որի կարիքը Ռուսաստանն այժմ շատ է զգում։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավոր հայտարարումը երեկ անվանել է «սուտ և անհեթեթություն»։ Փետրվարի 20-ին՝ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ, հաղորդագրություններն այն մասին, որ պլանավորվում է ռուսական զորքերի ներխուժում Ուկրաինա, Պեսկովը սադրանք և հիսթերիայի ուժգնացում էր որակել։ «Հիշեցնում ենք, որ Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ ոքի վրա չի հարձակվել։ Եվ Ռուսաստանը, որն այդքան պատերազմներ է վերապրել, Եվրոպայի վերջին երկիրն է, որն ընդհանրապես ուզում է խոսել, անգամ արտաբերել «պատերազմ» բառը, - ասել էր Պուտինի խոսնակը։ Ենթադրությունը, որ մայիսի 9-ին Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել, ինչպես նաև «համաշխարհային նացիզմի դեմ» լայնամասշտաբ պատերազմի մասին խոսել, ավելի վաղ առաջ էր քաշել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Միաժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլի 21-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ հայտնել է իրեն, որ ռուսական իշխանությունը մայիսի 9-ին պլանավորում է ավարտել ռազմական գործողությունները Պուտինը մարտի սկզբին ասում էր, որ Ռուսաստանի համար նախադրյալներ չկան ռազմական կամ որևէ այլ դրություն մտցնելու, քանի որ այն մտցվում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում։ Ըստ «Ռազմական դրության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի՝ արտաքին ագրեսիա կարող են համարվել մի շարք գործողություններ, այդ թվում․ օտարերկրյա պետության բանակի հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, դրա տարածքի կամ մի մասի ռազմական օկուպացիան, ցանկացած բռնակցում; Ռուսաստանի դեմ զենքի կիրառումը։ Օրինակ՝ տարածքի ռմբակոծումը; նավահանգիստների կամ ափերի արգելափակումը; օտարերկրյա բանակի հարձակումը ռուսական զորքերի վրա՝ անկախ դրանց տեղակայման վայրից։   Պատերազմի վիճակ և ռազմական դրություն Ռազմական դրություն կարող է մտցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Պատերազմի վիճակը փաստացի հանգեցնում է ռազմական դրության հաստատման, թեև իրավական տեսակետից դրանք տարբեր բաներ են․ «պատերազմի վիճակ» եզրը վերաբերում է միջպետական հարաբերություններին, «ռազմական դրությունը» հատուկ իրավական ռեժիմ է պետության ներսում։ «Պաշտպանության մասին» օրենքի 18-րդ հոդվածում ասվում է, որ «պատերազմի վիճակը հայտարարվում է դաշնային օրենքով՝ ՌԴ վրա այլ պետության կամ մի խումբ պետությունների զինված հարձակման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՌԴ-ն պետք է կատարի  միջազգային պայմանագրերը»։ Պատերազմ հայտարարելու հասկացությունն ամրագրված է միջազգային իրավունքում։ «Ռազմական գործողություններ սկսելու մասին Կոնվենցիայում», որն ընդունվել է Հաագայում 1907 թ-ին, ասված է, որ  ռազմական գործողությունները «չպետք է սկսվեն առանց նախապես և ոչ երկիմաստ զգուշացման, որը կունենա կամ պատերազմի փաստարկված հայտարարման ձև, կամ վերջնագրի ձև՝ պատերազմի պայմանական հայտարարմամբ», որից հետո պետությունները մտնում են «պատերազմի վիճակի մեջ»։ Ռազմական դրությունը Ռուսաստանում կարգավորվում է մի քանի օրենքներով՝ «Ռազմական դրության մասին», «Պաշտպանության մասին», «Մոբիլիզացիայի մասին», «Կապի մասին», «Զինապարտության և զինվորական ծառայության մասին»։ Այն վերաբերում է պետության գրեթե բոլոր ոլորտներին՝ հանրային կյանքին, իշխանության մարմիններին, տնտեսությանը, բիզնեսին, մամուլին, քաղաքական կարգավորմանը և այլն։ Նախագահն ու գործադիր իշխանությունը նման իրավիճակում կստանան բացառիկ լիազորություններ։ Կարող է դադարեցվել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, արգելվել հանրահավաքները, հավաքները, ցույցերը, գրաքննություն սահմանվել, սահմանափակվել մարդկանց տեղաշարժը և այլն։   Մոբիլիզացիա Ռազմական դրության պայմաններում կարող է մոբիլիզացիա հայտարարվել։ Այն կարող է լինել համընդհանուր կամ մասնակի, այսինքն՝ մտցվել երկրի ողջ տարածքում կամ դրա առաձին հատվածներում։ Մոբիլիզացիան կապված չէ ռազմական դրության սահմանման հետ․ այն կարող է հայտարարվել նաև առանց ռազմական դրության, ինչպես նաև չհայտարարվել ռազմական դրության ժամանակ։ Այս հասկացությունը բանակ զորակոչվողներին չի վերաբերում։ Մոբիլիզացիան վերաբերում է իշխանական մարմիններին, արդյունաբերությանը և  ընդհանրապես ողջ տնտեսությանը։ Սակայն, նախևառաջ, այն կապված է զինված ուժերի հետ, որոնք կարող են համալրվել պահեստային զինծառայողներով։ Պատերազմ և մոբիլիզացիա հայտարարելը կարող է նվազագույն երկու խնդիր լուծել, որոնց, ինչպես նշում են շատ փորձագետներ, բախվել է ռուսական բանակը՝ պատերազմում անձնակազմի պակասի և Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելուց հրաժարման խնդիրը։ Ներկա պահին Ուկրաինայում ռուսական բանակի գրոհն, ինչպես նշում են դիտորդները, ոչ մեծ տեմպերով է զարգանում։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերն աննշան հաջողություններ ունեն ուկրաինական Իզյում և Պոպասնայա քաղաքներից դեպի արևելք, սակայն առաջընթացը եղել է «դանդաղ և անհավասար»։ Բացի այդ, Պենտագոնը նշել է, որ ռուսական ուժերն, ըստ ամենայնի, վախենում են ռիսկից և աշխատում են խուսափել զոհերից։ Այն մասին, որ ռուսական բանակում մարդկային ուժի պակաս է զգացվում, անուղղակիորեն վկայում է նաև այն, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի սկզբից փորձում է պայմանագրային զինծառայողների հավաքագրել աշխատանքի որոնման HeadHunter և SuperJob քաղաքացիական կայքերի միջոցով։ Ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարումը լայնորեն քննարկվում է սոցցանցերում։ Մոբիլիզացիայի կողմնակիցների կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթել՝ կենդանի ուժի բազմակի առավելություն չապահովելով։ Սակայն բլոգային միջավայրում շատերը մտավախություն են հայտնում, որ ռազմական դրությունը, իրավունքների և ազատությունների ավելի շատ սահմանափակումը, քան հիմա է, տնտեսական միջոցները՝ հարկադիր մոբիլիզացիայի հետ միասին հղի են հասարակությունում սոցիալական դժգոհությունով, որն, առանց այդ էլ, զրկանքներ է կրում։   Տնտեսություն Ռազմական դրությունը կարող է լուրջ ազդեցություն գործել երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ ընկերությունները պարտավորվում են իրենց գույքը տրամադրել պաշտպանական կարիքների համար։ Կազմակերպությունները նաև պարտավոր են կատարել պատվերներ և առաջադրանքներ՝ պաշտպանական նպատակով։ Ըստ օրենքի՝ քաղաքացիներին կարելի կլինի ներգրավել պաշտպանական կարիքների համար արվող աշխատանքներում։ Նրանք պետք է մասնակցեն զենքի կիրառման հետևանքների չեզոքացմանը, տնտեսական օբյեկտների վերականգնմանը, պայքարեն հրդեհների դեմ և այլն։ «Ռազմական դրության մասին» օրենքի 8-րդ հոդվածը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ կիրառել փաստացի ցանկացած միջոց, որը կարող է ազդել տնտեսական գործունեության վրա, մասնավորապես, կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել «տնտեսական և ֆինանսական գործունեության, գույքի շրջանառության, ապրանքների, ծառայությունների և ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի համար»։   Նորա Վանյան
23:14 - 05 մայիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստի ընթացքում հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումն առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում, հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: «Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչո՞ւ, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի  ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, չեմ կարող ասել՝ կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:  Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց -կամաց կանցնի մասնավորին. «Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են:  «Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենաները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,-ասել է նախարարը:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել: «Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նույնիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,-  ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո  արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում:
16:22 - 05 մայիսի, 2022
«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո
 |azatutyun.am|

«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխանցմամբ, Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Associated Press ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը, գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը: Բայց ինչու Ուկրաինան, որի տարածքում փաստացի պատերազմ է ընթանում, ռազմական գործողություններ են, մարդիկ են զոհվում, հետաքրքրված չէ այդ բանակցություններով, դա էլ հարց է, և այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Վաշինգտոնում», - ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, թե իր երկիրը կտրականապես դեմ է որևէ պատերազմի և արել ու անում է ամեն բան, որ այս պատերազմն էլ չլինի: Լուկաշենկոն ենթադրում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, սակայն չի կարող դա անել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին գործնականում այսօր չի կառավարում երկիրը: «Թող Զելենսկին չնեղանա ինձնից, ես իմ անձնական տեսակետն եմ հայտնում: Դուք եք {Արևումտքը} այնտեղ իշխում: Հերիք է Ջո Բայդենն ասի՝ «բա՛վ է, տղերք, կռվեցիք, իրար մռութ ջարդեցիք, հիմա ավարտե՛ք, այս պատերազմը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին ձեռնտու չէ», և մեկ շաբաթում պատերազմը կավարտվի», - ասել է Բելառուսի նախագահը:   Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի
15:59 - 05 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան այսօր չեղարկել է Մոսկվայի ֆոնդային բորսայի (MOEX)՝ ճանաչված բորսայի կարգավիճակը՝ կասեցնելով որոշ հարկային արտոնություններ նոր ներդրողրի համար, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիան որոշ բորսաների շնորհում է ճանաչված բորսայի կարգավիճակ, որը թույլ է տալիս դրանցում վաճառվող արժեթղթերի մասով օգտվել հատուկ հարկային արտոնություններից։ Այս որոշումը չի տարածվի այն ներդրումների վրա, որոնք արվել են Մոսկովյան բորսայում մինչ այս, սակայն նորերի վրա կտարածվի։ Մեծ Բրիտանիան իր այս քայլի մասին հայտնել էր դեռ նախորդ ամիս և հայտարարել էր, որ դա պատասխան է այն սահմանափակումներին, որոնք Ռուսաստանի բանկը կիրառել էր օտարերկրյա ներդրողների նկատմամբ՝ հղում անելով փետրվարի 28-ին սահմանված արգելքին։ Այն թույլ չէր տալիս բրոքերներին արժեթղթերի վաճառքի գործարքներ կատարել Ռուսաստանի ոչ ռեզիդենտների հրահանգով։ «Սա կկասեցնի գումարների ներդրումը ռուսական ակտիվների մեջ և հստակ ազդակ կլինի, որ միտք չունի նոր ներդրումներ անել Ռուսաստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական քարտուղար Լյուսի Ֆրեյզերը։   Նորա Վանյան  
15:54 - 05 մայիսի, 2022
Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցների՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման և «Կիևին Դանիայի իշխանության կողմից ռազմական օգնության տրամադրման», գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ կարող է միջոցներ ձեռնարկել՝ «ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների»։ «Ռուսական կողմից նշվել է, որ թագավորության բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բացի դրանից, գերատեսչությունը հավելել է, որ հրաժարվել է վիզա տրամադրել Դանիայի դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկին։ Ապրիլի 5-ին Դանիան արտաքսել էր Դանիայում ՌԴ դեսպանատան և Կոպենհագենում Առևտրային ներկայացուցչության 15 աշխատակիցների։ Երկիրը նրանց մեղադրել էր լրտեսության համար։   Նորա Վանյան
15:07 - 05 մայիսի, 2022
Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության ցույցերին

Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հայկական ընդդիմության ցույցերին։ Նա ընդգծել է նաև, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար կարևոր մի քանի ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր լավ ընկերն է», - նշել է Պեսկովը։ «Այդ պատճառով էլ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում այս փուլը հնարավորինս արագ ավարտվի և կրկին կայունության փուլ հաստատվի, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ավարտուն տեսք է տրվել, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով», - հավելել է նա։   Նորա Վանյան
14:40 - 05 մայիսի, 2022
 «Ռոսավիացիա»-ն մինչեւ մայիսի 13-ը երկարացրել է հարավային 11 օդանավակայանների ժամանակավորապես փակումը |armenpress.am|

«Ռոսավիացիա»-ն մինչեւ մայիսի 13-ը երկարացրել է հարավային 11 օդանավակայանների ժամանակավորապես փակումը |armenpress.am|

armenpress.am: «Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից։ Այս անգամ սահմանափակումները երկարացվել են մինչև մայիսի 13-ը Մոսկվայի ժամանակով ժամը 04:45-ը: Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններին: Ուղևորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:    
12:22 - 05 մայիսի, 2022