Ինֆոքոմ

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշմանը։ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու, ընդ որում՝ առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի հանրապետության նախագահի պաշտոնում, և ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը։ Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երևի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել, և ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում»։ Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում, հատկապես՝ քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու, քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, անձնապես իմ գնահատականն եմ ասում, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը, այսօրվա իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իմ առաջադրման հետ կապված»։ Խաչատուրյանն ավելացրեց, որ կշարունակի աշխատել ավելի մեծ եռնադով ու պատասխանատվությամբ։ Վարչապետն էլ ընդգծեց, որ Սահմանադրության բերումով հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային և համազգային շահերով, պետական շահերով։ «Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով, այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը։ Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն, և այո, շատ կարևոր  եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ»։ Նրա խոսքո՝վ և՛ խորհրդարանական մեծամասնության միջև, և՛ կառավարության միջև կա մշտական բանավեճ․ «Այստեղ խնդիրը հետևյալն է, որ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում»։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտնել էր հրաժարականի մասին։  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագան Խաչատուրյանի թեկնածությունը։ 
11:34 - 03 փետրվարի, 2022
Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։ Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։ Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։ Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։   Կարանտինի ընթացքում ստուգայցերը Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․ «Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ. վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ. ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից»: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։ Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ կարող են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԱԱՏՄ-ն և ՍԱՏՄՆ-ն, վերահսկողությունն իրականացվում է ստուգայցերի միջոցով, առանց նախնական ծանուցման,  հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է  առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։ Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ  տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։ Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։  Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։ Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։   Ստուգայցերի ընթացքում տուգանքները Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն  առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։  «Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։ Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։ Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։  Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։ Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից» Աննա Սահակյան
21:36 - 02 փետրվարի, 2022
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։ 2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։  Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։ Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։ 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։ Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։  Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։ Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։ Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։ Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։ Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։ Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։ Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում: Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։  Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։    Միլենա Խաչիկյան
20:05 - 31 հունվարի, 2022
ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 5 քաղաքացի բերման է ենթարկվել

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող 5 քաղաքացի բերման է ենթարկվել

Այսօր առավոտից Հանրապետության հրապարակում մի խումբ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Ակցիայի մեկնարկից քիչ հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 5 մասնակից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ կետի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը)։  Երեք մեքենա տարվել է հատուկ պահպանվող տարածք։ Վարորդները նշում էին, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի ապահովագրողների բյուրոն հանդես էր եկել ԱՊՊԱ-ի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ․ «Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը»։
13:40 - 31 հունվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
«SuperAnnotate»․ գիտական աշխատանքից հաջողակ ստարտափ

«SuperAnnotate»․ գիտական աշխատանքից հաջողակ ստարտափ

«SuperAnnotate»-ը ստեղծվել է 2018-ին։ Հիմնադիրներն են Վահան Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը, որոնք մինչև ընկերության ստեղծումը սովորում էին արտերկրում։ «Սևան ստարտափ սամիթ-2018»-ում հաղթելուց հետո եղբայները որոշեցին վերադառնալ Հայաստան և հիմնել «SuperAnnotate»-ը։ Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ մրցակցող «SuperAnnotate»-ի հարթակը նախատեսված է տվյալների մշակման համար․ հարթակում իրականացվում է տվյաների հավաքագրում, համակարգում, անոտացիա, դասակարգում։ Այնուհետև այդ տվյալներով հնարավոր է դառնում վարժեցնել մոդելներ, որոնք կիրառություն են ունենում տարբեր ոլորտներում․ ամենահայտնի օրինակներից մեկը ինքնագնաց մեքենաներն են, որոնք կարողանում են տարբերակել իրենց շրջապատի մարդկանց և առարկաները։ «SuperAnnotate»-ի հարթակից օգտվում են ոչ միայն տարբեր ընկերություններ, այլև համալսարաններ։
12:35 - 28 հունվարի, 2022
Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։ Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։ Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։ Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։ Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:  Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։ Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։ Հայարփի Բաղդասարյան
19:18 - 27 հունվարի, 2022
Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ «Ոչ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»։ Հունվարի 23-ին հայտնի դարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ հետ չվերցնելու դեպքում  նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 
16:53 - 27 հունվարի, 2022
Երկրապահ կամավորականների միությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի Դավթաշենում

Երկրապահ կամավորականների միությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի Դավթաշենում

Երևանի Դավթաշեն 1-ին թաղամաս 39 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Երկարապահ կամավորականների միությանը։ ԵԿՄ-ն տարածքը կազմակերպությանը հանձնելու խնդրանքով դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ստանալու համար՝ ԵԿՄ-ի Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ Երևանի քաղաքապետարանի և ԵԿՄ-ի միջև 03.07.2020թ. կնքված  պայմանագրով ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող շենքի 172 ք.մ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով հատկացվել էր Կազմակերպությանը, որտեղ Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցն իրականացնում է իր գործունեությունը: Այժմ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել պայմանագիրը, որի արդյունքում Կազմակերպությունը կզրկվի աշխատելու հնարավորությունից: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ցույց է տալիս բարոյական ու նյութական օգնություն, աջակցում է նրանց քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։  «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
12:42 - 27 հունվարի, 2022
Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, ողջ աշխարհում նկատվում է Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ հիվանդացության առումով այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք․ «Միակ ուրախալի լուրն այն է, որ հիվանդացածների միայն 5-6%-ն ունի հոսպիտալացման կարրիք։ Սրան են նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները։ Մենք առաջիկայում արդեն իսկ ունենք հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման հստակ պլանը, այս պահին այն դեռ ամբողջովին չենք գործարկել, այն կանենք ըստ պահանջի»,- ասաց նախարարը։  Նրա խոսքով՝ ներկայում 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդի բուժման մեջ, հընթացս, ըստ կարիքի, կծավալեն հավելյալ մահճակալային ֆոնդ։  Ավանաեսյանը նաեւ նշեց, որ պատվաստումներն ակտիվ շարունակվում են։ Առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը։  «Վերջին շաբաթվա ընթացքում նկատում ենք պատվաստումների թվի աճ, ինչն ուրախալի է, եւ նորից պետք է շեշտադրենք, որ պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են։ Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ, կամ սիմպտոմները թեթեւակի են։ Մեր նպատակը եղել է հենց դա՝ նվազեցնել ծանր ընթացը, հնարավորինս նվազեցնել մահվան դեպքերը»։ Նախարարը նաեւ հայտնեց, որ Հայաստանում պատվաստանյութերի բավարար պաշար կա, հընթացս էլ իրականացվում են մատակարարումներ։
12:15 - 27 հունվարի, 2022
Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվարի եւ փետրվարի համար դրամական աջակցություն կտրամադրվի

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվար, փետրվար ամիսների համար դրամական աջակցություն կտրամադրվի։ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ արդեն հաստատվել է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ՀՀ կառավարության 2020թ․ նոյեմբերի 21-ի N 1820-Լ (300000 դրամ) կամ ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (250000 դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակում ներառված) քաղաքացիներին: Դրամական օգնությունը նշանակում և վճարում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ կտրամադրվի։  Դրամական օգնության գումարը բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Այս դեպքում շահառուները կարող են ստանալ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, իսկ մինչև դեկտեմբերի 21-ը չվճարված գումարները բանկերը վերադարձնում են պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)։ Նշված միջոցառման շրջանակներում դրամական աջակցության գումարները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 2021 թվականին։ Կառավարության ընդունած որոշմամբ կերկարաձգվի նաև վճարող կազմակերպության կողմից  աջակցության վճարման և չվճարված գումարները պետական բյուջե վերադարձնելու հետ կապված ժամկետները։ Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուները գտնվում են սոցիալական անբարենպաստ վիճակում և հատկապես ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ  ծախսեր՝ կապված կոմունալ վճարումների հետ, երկարաձգվում է խնդրո առարկա միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության ժամկետները ևս 2 ամսով (2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար)։ Ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են։
11:56 - 27 հունվարի, 2022