ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան
11:34 - 03 փետրվարի, 2022

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշմանը։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու, ընդ որում՝ առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի հանրապետության նախագահի պաշտոնում, և ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը։ Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երևի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել, և ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում»։

Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում, հատկապես՝ քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու, քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, անձնապես իմ գնահատականն եմ ասում, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը, այսօրվա իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իմ առաջադրման հետ կապված»։

Խաչատուրյանն ավելացրեց, որ կշարունակի աշխատել ավելի մեծ եռնադով ու պատասխանատվությամբ։

Վարչապետն էլ ընդգծեց, որ Սահմանադրության բերումով հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային և համազգային շահերով, պետական շահերով։ «Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով, այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը։ Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն, և այո, շատ կարևոր  եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ»։

Նրա խոսքո՝վ և՛ խորհրդարանական մեծամասնության միջև, և՛ կառավարության միջև կա մշտական բանավեճ․ «Այստեղ խնդիրը հետևյալն է, որ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտնել էր հրաժարականի մասին։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագան Խաչատուրյանի թեկնածությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել