Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը երեկ ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը: Նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը: Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014 թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների արդյունավետությունը: Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման ծրագրի շրջանակը: 2020-2022 թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (Յունիսեֆ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։ 55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։ Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը: Դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:
11:40 - 16 մարտի, 2022
Մեծ Բրիտանիան տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել։ Արգելվել է բարձր դասի ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան, ներկրման նոր տուրքեր են սահմանվել մի շարք ապրանքների համար։ Ռուսաստանի և Բելառուսի համար հասանելի չեն լինի առավելագույն բարենպաստման ռեժիմի սակագներն արտահանման հարյուրավոր տեսակների համար, նրանք կզրկվեն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության առանցքային առավելություններից։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է 900 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ապրանքների նախնական ցանկը, որոնց ներկրման համար կգործի 35% հավելյալ սակագին՝ ի հավելումն գործող սակագների։ Այս ցանկում ներառվել է նաև ռուսական օղին։ Մեծ յոթնյակի իր դաշնակիցների հետ մեկտեղ Լոնդոնը կարգելի նաև ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ «Արտահանման արգելքն ուժի մեջ կմտնի կարճ ժամկետներում և կնպաստի նրան, որ Պուտինի նախագահության ժամանակ հարստացած և նրա ապօրինի ներխուժումը սատարող օլիգարխներն ու էլիտայի մյուս ներկայացուցիչները զրկվեն ճոխության ապրանքներից»։, - ասված է կառավարության հայտարարությունում։ Նշվում է նաև, որ այս միջոցներն «առավելագույն վնաս կհասցնեն Պուտինի ռազմական մեքենային և նվազագույն ազդեցություն կունենան բրիտանական բիզնեսի վրա»։ Նորա Վանյան  
19:01 - 15 մարտի, 2022
Մեծ Բրիտանիան հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիան հայտնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիան երեքշբաթի հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության։ Պատժամիջոցների փաթեթում ներառվել են կառավարության ավելի քան 370 անդամներ եւ տարածքային իշխանության մարմիններ, խոշոր գործարարներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաեւ խորհրդարանականներ։ Ինչպես ասվում է պատժամիջոցների թարմացված ցանկում, որ տեղ է գտել կառավարության կայքում, նշված անձանց մուտքը Միացյալ Թագավորություն արգելված է, Մեծ Բրիտանիայի տարածքում նրանց ակտիվները կսառեցվեն, եթե նրանք հայտնաբերվեն։ Այսպես, սահմանափակումների տակ են հայտնվել կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, եւ այլ պաշտոնատար անձինք։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նրա երեխաների ու կնոջ նկատմամբ։ Բացի դրանից՝ Մեծ Բրիտանիայում կսառեցվեն «Согаз» ապահովագրական ընկերության, «Геополитика.ru» կայքի, այլ ընկերությունների ու հարթակների ակտիվները։
18:54 - 15 մարտի, 2022
Մեծ Բրիտանիայում հայտարարել են, թե ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, թե ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը՝ երկիրը կտրելով միջազգային ծովային առևտրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է Unian-ը, ասվում է կիրակի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսական ռազմածովային ուժերը հեռավոր շրջափակում են սահմանել Սև ծովի ուկրաինական ափում՝ փաստացի մեկուսացնելով երկիրը միջազգային ծովային առևտրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ասվում է նաև, որ ռուսական նավատորմը «շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում», և որ Մոսկվան «մեկ դեսանտի վայրէջք է իրականացրել Ազովի ծովում ու կարող է «նման գործողություններ կազմակերպել առաջիկա շաբաթներին»: Լուսանկարը՝ Unian-ի
09:49 - 14 մարտի, 2022
Բորիս Ջոնսոնը կընդունի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդներին՝ ՌԴ մեկուսացման նոր ուղիները քննարկելու

Բորիս Ջոնսոնը կընդունի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդներին՝ ՌԴ մեկուսացման նոր ուղիները քննարկելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկող շաբաթ կընդունի Ռուսաստանի հյուսիսարևմտյան հարևանների առաջնորդներին՝ քննարկելու ռուսական տնտեսության մեկուսացման նոր ուղիների որոնումն ու արձագանքը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմանը, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայի գլխավորած Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում եկող երեքշաբթի։ Սպասվում է, որ նրանք համաձայնության կգան Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովում զորավաժությունների անցկացման շուրջ, կքննարկեն պատերազմն Ուկրաինայում և էներգետիկ անվտանգության հարցեր, հաղորդել է Բորիս Ջոնսոնի գրասենյակը։ «Եվրոպական անվտանգությունը խաթարվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով, և մեր գործընկերների հետ միասին մենք միջոցներ կձեռնարկենք՝ ավելի ուժեղ և միավորված դառնալու համար»,- ասված է Ջոնսոնի հայտարարությունում․ «Պուտինի սպառնալիքներին մեր տոկունության ապահովումը պետք է դուրս գա մեր ռազմական դիրքորոշման շրջանակից․ Հյուսիսային և Բալթիկ ծովերի երկրների հետ միասին մենք պետք է ապահովենք մեկուսացումը Ռուսաստանի միջամտությունից և մեր էներգամատակարարումների, տնտեսության և արժեքների վրա նրա ազդեցությունից»։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել հարյուրավոր ռուսաստանյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, խոստացել աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից և իր ֆինանսական կենտրոնից օգտվելու սահմանափակումներ մտցրել ռուսական ընկերությունների համար։   Նորա Վանյան
14:33 - 13 մարտի, 2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը։ Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Ես կարեւոր եմ համարում հիշել, որ Պուտինի ու Ռուսաստանի կողմից ստեղծված այս ճգնաժամի ողջ ընթացքում մենք ձգտում էինք նախագահ Պուտինին ընտրած ճանապարհից դուրս գալու հնարավոր ելքեր ցույց տալ։ Նա միակ մարդն է, որը կարող է որոշել օգտագործել դրանք»,- ասել է նա։ «Առայժմ ամեն անգամ, երբ այդպես վարվելու հնարավորություն է եղել, նա սեղմել է գազի ոտնակը եւ շարունակել գնալ այն սարսափելի ուղով, որն ընտրել է։ Ես միանշանակ համոզված եմ, որ Պուտինը վերջին հաշվով հաջողության չի հասնելու, եւ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրելու՝ անկախ նրանից՝ ինչ կարճաժամկետ մարտավարական հաղթանակների կհասնի Ուկրաինայում։ Մենք արդեն տեսնում ենք, որ ՌԴ-ն չի կարողացել հասնել իր հիմնական նպատակներին։ Նա չի կարողացել վերցնել Ուկրաինան եւ երկարաժամկետ հեռանկարում չի կարող պահել նրան՝ անկախ նրանից՝ ինչ մարտավարական հաղթանակների կարող է հասնել»,- ասել է Բլինքենը։
23:51 - 09 մարտի, 2022
Մեծ Բրիտանիան ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային․ պաշտպանության նախարար Բեն Ուոլես

Մեծ Բրիտանիան ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային․ պաշտպանության նախարար Բեն Ուոլես

Միացյալ Թագավորությունը ծրագրում է հակաօդային հրթիռներ մատակարարել Ուկրաինային՝ օգնելու Կիևին պայքարել Ռուսաստանի «առանց տարանջատման և մահաբեր» ավիահարվածների դեմ, չորեքշաբթի օրը Համայնքների պալատում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ «Ռուսները փոխում են իրենց մարտավարությունը, ուստի ուկրաինացիներիը նույնպես պետք է փոխեն»,- ասել է նա՝ հավելելով, որ «հետևաբար կենսական նշանակություն ունի, որպեսզի Ուկրաինան պահպանի թռիչքների և ռուսական օդային հարձակումը ճնշելու իր կարողությունը»: Ուոլեսն օրենսդիրներին հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանունակությունը «պետք է ուժեղացնել», և, ի պատասխան ուկրաինական խնդրանքների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը «որոշել է ուսումնասիրել Starstreak բարձր արագությամբ շարժական հակաօդային պաշտպանության հրթիռների նվիրատվության հնարավորությունը»: «Մենք կարծում ենք, որ այս համակարգը կմնա պաշտպանական զենքի սահմանման մեջ, բայց թույլ կտա ուկրաինական ուժերին ավելի լավ պաշտպանել իրենց երկինքը»:  Պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ Մեծ Բրիտանիան մեծացրել է հակատանկային զենքի, փոքր զենքի և զինամթերքի մատակարարումը Ուկրաինային։ «Մինչ օրս մենք մատակարարել ենք 3615 NLAW հրթիռ և շարունակում ենք մատակարարել ավելին: Առաջիկայում կսկսենք նաև Javelin հակատանկային հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարումը։ Ուզում եմ վստահեցնել պալատին, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, կապված է պաշտպանական համակարգերի մատակարարման մասին որոշման հետ և այնպես է տրամաչափված, որ չհասնի ռազմավարական մակարդակի»,- ասել է Ուոլեսը։
23:24 - 09 մարտի, 2022
Մեծ Բրիտանիան ավիացիոն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան ավիացիոն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ ավիացիոն նոր պատժամիջոցների մասին, որոնք նրան իրավունք են տալիս՝ կանգնեցնելու ռուսական ցանկացած ինքնաթիռ և արգելում են ավիացիայի և տիեզերքի հետ կապված տեխնիկայի արտահանումը Ռուսաստան, հայտնում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիան խստացնելու է նաև ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքը՝ քրեական հանցագործություն համարելով դրանց թռիչքը կամ վայրէջքը Միացյալ Թագավորությունում։ Արգելքը վերաբերում է ցանկացած ինքնաթիռի, որը պատկանում է Ռուսաստանի հետ կապված ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի, շահագործվում է կամ վարձակալվել է նրա կողմից։ «Ռուսաստանի դրոշի ներքո ինքնաթիռների թռիչքների արգելքն ու դրանց համար քրեական պատասխանատվության սահմանումն էլ ավելի մեծ տնտեսական ցավ կպատճառեն Ռուսաստանին և նրանց, ովքեր սերտ կապեր ունեն Կրեմլի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այսօր նոր օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնի այս միջոցների իրականացման համար, որոնք նաև ներառում են օդանավերի բրիտանական ռեեստրից ցանկացած ինքնաթիռի հեռացման իրավունք, որոնք պատկանում են Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Նոր պատժամիջոցները նաև կարգելեն ավիացիոն և տիեզերական տեխնիկայի արտահանումը Ռուսաստան՝ ներառյալ ապահովագրությունն ու վերաապահովագրությունը։   Նորա Վանյան
12:35 - 09 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն

Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի   կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, անշուշտ, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները կարող են արագ շարժվել դեպի դա, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք ապահովել, որ մենք շարժվենք միասին և մտածենք նույն ուղղությամբ», - ասել է Ջոնսոնը։ Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ «տնտեսական առճակատման» հետեւանքները մեծապես կազդեն արեւմտյան երկրների սպառողների վրա։  «Ամեն ինչ պետք է անել սպառողներին և հանրությանը պաշտպանելու համար: Անկասկած, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառումը հետևանքներ կունենա։ Արևմուտքի հաջողությունը իր միասնության մեջ է, և մենք բոլորս, կարծում եմ, ավելի ու ավելի ենք կիսում այն   կարծիքը, որ ռուսական ածխաջրածինները պետք է լքեն դաշտը՝ միաժամանակ ապահովելով այլընտրանքների առկայությունը և դրանց մատակարարումը»,- ասել է վարչապետ Ջոնսոնը։
23:46 - 07 մարտի, 2022
Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Միացյալ Թագավորության վարչապետ Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Թրյուդոն և Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարներս սարսափած ենք Պուտինի՝ Ուկրաինա չհրահրված և դաժան ներխուժումից։ Սա սարսափելի հարձակում է ժողովրդավարական, ինքնիշխան եվրոպական ազգի վրա, ինչպես նաև միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության ներքո Ռուսաստանի պարտավորությունների ակնհայտ խախտում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել իր պարտավորությունը՝ լիովին հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների օրենքը, ինչպես նաև անհապաղ զինադադար իրականացնել, որը թույլ կտա իրականացնել անվտանգ անցում քաղաքացիական անձանց համար, ինչպես նաև սնունդ և բժշկական պարագաներ մատակարարել: Մենք տեսել ենք խաղաղ բնակչության դեմ ուժի լայնածավալ և անխտիր կիրառում: Դա արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք ջանք չենք խնայի՝ ապահովելու, որ Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտումները հետաքննվեն, ապացույցները հավաքվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները միացան պատմության մեջ ամենախոշոր միջնորդությանը Միջազգային քրեական դատարան՝ հետաքննությունն արագացնելու համար: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից հրատապ հետաքննության հանձնաժողովի ստեղծումը, որն ունի ուժեղ հետաքննական մանդատ: Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ համագործակցություն և աջակցություն՝ աջակցելու ՄՔԴ դատախազին իր աշխատանքում։ Մենք նաև խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից ուժի կիրառումը Ուկրաինայի ատոմակայանների և այլ միջուկային օբյեկտների անմիջական հարևանությամբ և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները։ Մեծ Բրիտանիան, Կանադան և Նիդեռլանդները պաշտպանական սերտ գործընկերներ են, ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Անցած շաբաթների ընթացքում մեր երեք երկրները վճռորոշ դեր են խաղացել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը գլոբալ արձագանքի ամրապնդման գործում և յուրաքանչյուրը պարտավորվել է լրացուցիչ ուժեր տեղակայել՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության դիրքերը Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի: Մենք մշտապես ընդգծել ենք  այս անօրինական ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը և պատասխանել ենք Ուկրաինայի՝ պաշտպանական ռազմական տեխնիկա տրամադրելու խնդրանքներին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքի կողքին և արձագանքել Ուկրաինայի՝ իր  պաշտպանությունն ուժեղացնելու կոչերին։ Մենք կշարունակենք դա անել և Ուկրաինային կներկայացնենք պաշտպանական աջակցության հետագա փաթեթներ։ Մինչ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին շտապ դեէսկալացիայի ենթարկել և առաջնահերթություն տալ խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Ուկրաինայի, ՄԱԿ-ի և այլ մարդասիրական գործակալություններին, բժշկական անձնակազմին և ոչ կառավարական օգնություն տրամադրողներին պետք է ապահով, արագ և անարգել մուտք գործելու հնարավորություն տրվի։ Մարիուպոլի հրադադարի խախտումը մեծ մտահոգություն է առաջացրել։ Պատմության դասն այն է, որ նման հրադադարները գործելու համար պետք է լինեն հնարավորինս կոնկրետ: Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդգծել կանանց, երեխաների, տարեցների և այլ խոցելի խմբերի վիճակը, որոնք փախչում են Ուկրաինայում բռնությունից: Մենք ընդգծում ենք նրանց հատուկ պաշտպանության կարիքները լուծելու կարևորությունը։ Ուկրաինական ճգնաժամը լուծելու մեր հավաքական ջանքերը պետք է շարունակվեն՝ ուղղված առավել խոցելի խավերի կարիքներին»։ 
22:30 - 07 մարտի, 2022
Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6-կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար։ Նա նշել է որ աշխարհը պետք է միավորվի իր պլանի շուրջ, գրում է Daily Mail-ը։ Այն ներառում է․ միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար; աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը; Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում; դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար; անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար»; պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։ «Մենք չենք կարող Կրեմլին թույլ տալ պատառներ պոկել անկախ երկրից և հսկայական տառապանքներ պատճառել մարդկանց, այնուհետև հետ վերադառնալ», - New York Times-ի փոխանցմամբ, ասել է Ջոնսոնը։  
12:49 - 06 մարտի, 2022
Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը կարող է նաև խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը կարող է նաև խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարն ասում է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ոչ միայն կմեծացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար վտանգը, քանի որ նրանք կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական ինքնաթիռների հետ, այլ նաև կարող է խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը: Այս մասին փոխանցում է բրիտանական BBC-ն։ Լրատվամիջոցը հայտնում է, որ այս շաբաթ՝ Էստոնիա և Դանիա կատարած այցի ժամանակ, նախարար Բեն Ուոլեսը BBC-ին ասել է, որ Ռուսաստանը մինչ այժմ հաջողության չի հասել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և օդուժի ոչնչացման հարցում: Նա ասաց, որ ոչ թռիչքային գոտին կարող է «առավելություն տալ ռուսներին», որոնք դեռ հնարավորություն կունենան թիրախավորելու քաղաքները իրենց հեռահար հրետանու և ցամաքային հրթիռների միջոցով:
17:32 - 05 մարտի, 2022
Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հայտարարությունը արվել է Զապորոժեի ԱԷԿ-ում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ըստ Ուկրաինայի ԱԻՊԾ-ի, ռուսական զինված ուժերի գործողությունների հետևանքով ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է համարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
10:20 - 04 մարտի, 2022