Թումո

Թումո կենտրոնը բացվել է 2011 թ․ Երեւանում: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կա 2 միջազգային կենտրոն Փարիզում եւ Բեյրութում: Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում` Մոսկվայում, Կալիֆոռնիայիում, Տոկիոյում, Տիրանայում եւ Նուր-Սուլթանում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը  նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացած է դիզայնի եւ տեխնոլոգինարի ոլորտում:

Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման եւ իրազեկման բարձրացման» անվանակարգում: Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման եւ իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին եւ անհատներին:

2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։

Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանացել է է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու պարգեւատրվել է շքանշանով: Շքանշանը Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության եւ կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար:

Թումոյի առցանց կրթական հարթակը միավորում է շուրջ 10.000 ուսանողի

Թումոյի առցանց կրթական հարթակը միավորում է շուրջ 10.000 ուսանողի

Արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր Թումոն անցել է հեռավար ուսուցման։ Վերջին 4 ամիսների ընթացքում Թումոյի թիմն առցանց հարթակ է տեղափոխել կրթական ծրագրի բոլոր բաղադրիչները. Թումո տնից ծրագրի շրջանակներում պատանիներն արդեն մասնակցում են ինքնուսուցման, առցանց դասընթացների, աշխատարանների, միջոցառումների, ինչպես նաև օգտվում են վերջերս գործարկված myTUMO բջջային հավելվածից։ Թումոյի 14 ոլորտներում իրականացվում են ոչ միայն դասընթացներ Թումոյի դասընթացավարների հետ, այլև աշխատարաններ շուրջ 50 միջազգային մասնագետների ղեկավարմամբ: Microsoft-ը, Facebook-ը, Google-ը, Կոլումբիայի համալսարանը և այլ առաջատար կազմակերպություններ ներկայացնող մասնագետներն աշխատում են ուսանողների հետ աշխարհի տարբեր անկյուններից` Արգենտինայից մինչև Ֆինլանդիա: Այս ընթացքում անցկացվող ավելի քան 400 դասընթացներին և աշխատարաններին միացել է շուրջ 10․000 մասնակից։ Ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծամասնությունը հնարավորություն ունի միանալ առցանց դասընթացներին միայն սմարթֆոնով։ Նպատակ ունենալով ապահովել առավելագույն մատչելիություն և հասանելիություն` ստեղծվել են դասընթացներ, որոնց ուսանողները կարող են մասնակցել ոչ միայն համակարգչով, այլև սմարթֆոնով: Արդեն երեք ամիս է՝ շաբաթը մեկ անգամ անցկացվում է Tumo Live առցանց միջոցառումների շարքը, որին մասնակցում են տեխնոլոգիաների և արվեստի փորձառու ու հանրահայտ մասնագետներ, այդ թվում՝ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Միշոն, տեխնոլոգիաների առաջատար Facebook-ի Oculus-ի ինժեներ Գալյա Հարությունյանը, ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը, Marvel-ի և DC-ի համար աշխատած կոմիքսների նկարիչ Դեն Փանոսյանին և այլք: Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակն առավել արդիական է դարձրել որոշ ընթացիկ ծրագրերի կարևորությունը, օրինակ՝ գործարկվել է myTUMO բջջային հավելվածը։ Հավելվածը Թումոյի ուսանողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց կրթական ընթացքին, կապի մեջ մտնել մարզչի հետ, գրանցվել դասընթացներին և այլն:  Թողարկումից մեկ օր հետո այն դարձել է կրթական կատեգորիայում Հայաստանում ամենաշատը ներբեռնված հավելվածը։ Շուտով նոր ձևաչափով կմեկնարկի նաև Թումոյի ամառային ճամբարը։ Այս տարի ճամբարին կկարողանա մասնակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող մոտ 80 պատանի։ Իզմիրլյան հիմնադրամի, Վահան Քոլոլյանի, IGEFA հիմնադրամի, Լինդա Ազարյանի, AEF֊ի աջակցության շնորհիվ երկու շաբաթով նրանց տրամադրվելու են համակարգիչներ և Թումոյի առցանց դասընթացների մասնակցության հնարավորություն:Չնայած աշխատանքային նոր պայմաններին՝ շարունակվում են Հայաաստանի և արտասահմանյան Թումո կենտրոնների շինարարական աշխատանքները․ դասերի վերսկսվելուն պես կբացվի նոր Թումո Գյումրին` թատրոնի պատմական շենքում, ավարտին են մոտենում Դիլիջանի կենտրոնի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները, իսկ Կողբի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Գավառում և Բերդում Թումո տուփի գործարկման համար: Այն նախատեսված է լինելու փոքր համայնքների պատանիների համար, որտեղ նրանք անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար մեկնելու են Թումո Դիլիջան: Արդեն այս տարի կբացվեն Մոսկվայի, Բեռլինի, Կիևի և Տիրանայի Թումո կենտրոնները:  Թումո տնից ծրագիրը Հայաստանում գործարկելուց որոշ ժամանակ անց՝ հաշվի առնելով հաջողությունը, այն սկսել են օգտագործել նաև Փարիզի և Բեյրութի կենտրոնները, իսկ Թումո Մոսկվան, դեռ շենքի շինարարական աշխատանքները չավարտած, արդեն սկսել է առցանց դասընթացները։ Հետևելով ԿԳՍՄ նախարարության քայլերին և հաշվի առնելով ուսանողների անվտանգությունը՝  Թումոն, հավանաբար, իր դռները կբացի սեպտեմբերից, իսկ մինչ այդ թիմը դիտարկում է վիրտուալ և իրական բաղադրիչների համադրությամբ կրթական ծրագրի նոր ձևաչափի հնարավորությունը։
11:15 - 24 հունիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին

Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային Միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է երկրում թռիչքային փոփոխություններ կատարել արհեստական բանականության միջոցով: Նա մեզ ներկայացրեց քվանտային ժամանակաշրջանում քաղաքականության՝ quantum politics-ի իր տեսությունը»,- նշում է հաղորդման հեղինակ և հայտնի լրագրող Բարբարա Կարֆանիան: Հայաստանում լրագրողը հանդիպել և զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Ներկայումս մենք գտնվում ենք դասական աշխարհի և նոր քվանտային աշխարհի խաչմերուկում»,-ասում է նախագահ Սարգսյանը: Իսկ լրագրողը նշում է, որ նախագահ Սարգսյանի այս քաղաքական տեսլականը սկիզբ է առնում գիտությունից, ինչպես քվանտային տեսությունը, որը նախորդ դարում գլխիվայր շրջեց դասական ֆիզիկան և հասարակությունն՝ առաջացնելով այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկվում ենք տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն այն փոքր երկրներից է, որոնք մեծ դժվարությունների հետ են բախվում և փորձում են առաջ ցատկել՝ տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես վարվել են, օրինակ, տեխնոլոգիապես ամենազարգացած երկրները՝ Կորեան, Իսրայելը և Սինգապուրը: «Մենք ապրում ենք քվանտային կյանքում և, առաջին բանը, որ պետք է անենք, կրթական համակարգը փոխելն է: Հայաստանը կարող է աշխարհում առաջատար դառնալ ոչ թե ռազմական, քաղաքական կամ ֆիզիկական ուժի իմաստով, այլ՝ կարող է դառնալ զարգացման առաջատար՝ հանդիսանալով գլոբալ կարևորություն ունեցող տվյալների հաբ,-լրագրողին պատմում է նախագահ Սարգսյանը:- Շատ է խոսվում Իսրայելի հաջողության մասին, որը փոքր երկիր է, և Սինգապուրի մասին, որը oվկիանոսի մեջ գտնվող նավահանգիստ է՝ ապրանքների նշանակալի հոսք և կառույցներ ունեցող ապրանքափոխանակումների հանգույց: Նոր, ոչ նյութական աշխարհում մեկ այլ հնարավոր օվկիանոս կա՝ տեղեկատվական օվկիանոսը: Այս ժամանակաշրջանում հնարավոր է դառնալ նավահանգիստ, որտեղ տվյալներ են մշակվում և թողարկվում»: Վերադառնալով քվանտային ֆիզիկայի և քաղաքականության համեմատությանը, հետաքրքիր և ուշագրավ համարելով այն, իտալացի լրագրողը ներկայացնում է նախագահ Սարգսյանի դիտարկումները: «Քվանտային աշխարհն այն աշխարհն է, որտեղ մենք համատարած օգտագործում ենք քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի արդյունքները: Դա այն աշխարհն է, որտեղ մարդկանց խմբերի միջև հարաբերությունները փոփոխվում են,-պարզաբանում է Արմեն Սարգսյանը:- Քաղաքական իրադարձությունները, զարգացումները, հեղափոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ձևերով: Պետք է վերաիմաստավորել արժեքներն, ինստիտուտներն, ընթացակարգերը: Այն ազգերը, որոնք կմնան դասական աշխարհում, անհաղթահարելի հակասությունների կհանդիպեն, քանի որ հասարակությունը կփոխվի, անգամ եթե քաղաքականությունը մնա նույնը: Խոսքը ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելու մասին չէ, այլ՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ մտե՞լ ենք արդյոք քվանտային աշխարհ, թե ոչ»: Զարգացնելով այն միտքը, որ Խորհրդային Միությունը հենց Հայաստանին էր վստահել համակարգչային և ծրագրային զարգացման բնագավառը, լրագրողն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ՝ «Սինոփսիս Արմենիա», «Polixis»,«BetCostruct», «Chessify» ընկերություններ, հետաքրքրվել նրանց մշակումներով: «Արհեստական բանականությունը չի փոխարինի մարդու աշխատանքին,-ասում է ընկերություններից մեկի տնօրենը, որտեղ համակարգչային ծրագրեր են մշակվում մասնավորապես շվեյցարական բանկերի համար:-Մարդը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա, իսկ համակարգչային ծրագրերը նրա փոխարեն կիրականցնեն կրկնվող աշխատանքը, օրինակ՝ որոնումները: Այդպիսով մարդիկ կկարողանան իրենց ժամանակը տրամադրել տեղեկատվության վերլուծությանը»: Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ նախագահ Սարգսյանն իր հերթին նշում է, որ արհեստական բանականության համակարգերը ահռելի քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կունենան. «Արմատապես կփոխվեն մեր կյանքի բոլոր կողմերն, այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող: Անհրաժեշտ է գտնել այդ տվյալները մշակելու լավագույն եղանակը»: Լրագրողը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մի ամբողջ կյանք անցկացրել է Քեմբրիջի համալսարանի և գործարար աշխարհի միջև, ցանկանում է իր երկիրն ուղղորդել դեպի նոր թվային ժամանակաշրջան՝ դարձնելով այն արհեստական բանականության ոլորտում առաջատար: Խոսելով Հայաստանում գործող մեկ այլ ընկերության մասին՝ լրագրողը նշում է, որ hardware արտադրող ամերիկյան այս ընկերությունը հիպերբոլիկ գումարներ է ներդնում կրթության մեջ, բուհերում սովորող ուսանողների համար դասընթացներ է իրականացնում ընկերության մասնաշենքում: Անցյալ տարի այդ դասընթացներին մասնակցած ուսանողներն աշխատանքի են ընդունվել այդ ընկերությունում: Լրագրողը պատմում է նաև «Թումո» կենտրոնների մասին՝ նշելով, որ երեխաներն այստեղ հնարավորություն ունեն անվճար սովորելու, թե ինչպես կարելի է տվյալները և արհեստական բանականությունն օգտագործել նպատակին հասնելու համար: «Խոսքը կոդավորման մասին չէ, որն այստեղ համարվում է այբուբեն, որին բոլորը ծանոթ են, այլ՝ լավագույն ստարտափերն ու հավելվածները ստեղծելու, երաժշտություն, կինո սովորելու մասին: «Թումոյի» այս նորարարական մոտեցումը եզակի է և անգամ արտահանվել է»,-պատմում է լրագրողը: Հաղորդումն անդրադառնում է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և մեջբերում նախագահ Սարգսյանի խոսքերը: «Մենք ստեղծում ենք արհեստական բանականության վերաբերյալ հետազոտությունների և զարգացման քաղաք, որտեղ կընդունենք խոշոր ընկերությունների Իտալիայի, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Նախ, ստեղծվելու է այդ ձեռնարկությունների հետ համագործակցության հարթակ: Ապա նախատեսում ենք այդտեղ ունենալ լավագույն ուսանողներին, նոր սերունդների համար ստեղծելով «Թումոյի» նման նոր կրթական մեթոդներ,- ասում է նախագահ Սարգսյանը: Երազում եմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված զվարճանքների կենտրոն ստեղծել, արհեստական բանականության «Դիսնեյ լենդ», որպես վաղվա թանգարան, ուր երեխաները կկարողանան ծանոթանալ գիտության հետ, ճանապարհորդել ապագայի մեջ»:
17:13 - 13 մայիսի, 2020
Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

news.am: Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել: Որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով ‹‹Հողի հարկի մասին›› օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևանի Հալաբյան փողոցի հ. 2 հասցեում` Թումանյանի անվան զբոսայգում գտնվող, Սիմոնյան կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ 01245672) անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանել հողի հարկի արտոնություն` ազատելով 2497149 /երկու միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար հարյուր քառասունինը/ դրամի չափով հողի հարկի վճարումից /ապառք՝ 2244691 դրամ, տույժ՝ 252458 դրամ/»: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին /վկայական` 20.09.2017թ. հ.20092017-01-0206/: Հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն: Հալաբյան փողոցի հ.2 հասցեում հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասի 2019 թվականի հողի հարկի գումարը 19.03.2020 թվականի դրությամբ կազմում է 2497149 դրամ: Սիմոնյան կրթական հիմնադրամը իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը, առաջարկվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրել հողի հարկի արտոնություն:
17:15 - 28 ապրիլի, 2020
Վարչապետին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում JHM հիմնադրամի և «Թումո»-ի նոր ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում JHM հիմնադրամի և «Թումո»-ի նոր ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ: Վարչապետ Փաշինյանը հետաքրքիր է համարել ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է JHM-ի և Թումոյի կողմից իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թումոն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը և կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը հավելել է, որ Թումոյի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին և համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարևոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը:    
21:30 - 06 մարտի, 2020
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանում ԵՄ ԹՈՒՄՈ  նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։ Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»,- գրել է Կարապետյանը:
08:55 - 13 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

armtimes.com: Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 03 փետրվարի, 2020