Թումոյի առցանց կրթական հարթակը միավորում է շուրջ 10.000 ուսանողի
11:15 - 24 հունիսի, 2020

Թումոյի առցանց կրթական հարթակը միավորում է շուրջ 10.000 ուսանողի

Արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր Թումոն անցել է հեռավար ուսուցման։ Վերջին 4 ամիսների ընթացքում Թումոյի թիմն առցանց հարթակ է տեղափոխել կրթական ծրագրի բոլոր բաղադրիչները. Թումո տնից ծրագրի շրջանակներում պատանիներն արդեն մասնակցում են ինքնուսուցման, առցանց դասընթացների, աշխատարանների, միջոցառումների, ինչպես նաև օգտվում են վերջերս գործարկված myTUMO բջջային հավելվածից։

Թումոյի 14 ոլորտներում իրականացվում են ոչ միայն դասընթացներ Թումոյի դասընթացավարների հետ, այլև աշխատարաններ շուրջ 50 միջազգային մասնագետների ղեկավարմամբ: Microsoft-ը, Facebook-ը, Google-ը, Կոլումբիայի համալսարանը և այլ առաջատար կազմակերպություններ ներկայացնող մասնագետներն աշխատում են ուսանողների հետ աշխարհի տարբեր անկյուններից` Արգենտինայից մինչև Ֆինլանդիա: Այս ընթացքում անցկացվող ավելի քան 400 դասընթացներին և աշխատարաններին միացել է շուրջ 10․000 մասնակից։

Ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծամասնությունը հնարավորություն ունի միանալ առցանց դասընթացներին միայն սմարթֆոնով։ Նպատակ ունենալով ապահովել առավելագույն մատչելիություն և հասանելիություն` ստեղծվել են դասընթացներ, որոնց ուսանողները կարող են մասնակցել ոչ միայն համակարգչով, այլև սմարթֆոնով: 

Արդեն երեք ամիս է՝ շաբաթը մեկ անգամ անցկացվում է Tumo Live առցանց միջոցառումների շարքը, որին մասնակցում են տեխնոլոգիաների և արվեստի փորձառու ու հանրահայտ մասնագետներ, այդ թվում՝ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Միշոն, տեխնոլոգիաների առաջատար Facebook-ի Oculus-ի ինժեներ Գալյա Հարությունյանը, ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը, Marvel-ի և DC-ի համար աշխատած կոմիքսների նկարիչ Դեն Փանոսյանին և այլք:

Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակն առավել արդիական է դարձրել որոշ ընթացիկ ծրագրերի կարևորությունը, օրինակ՝ գործարկվել է myTUMO բջջային հավելվածը։ Հավելվածը Թումոյի ուսանողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց կրթական ընթացքին, կապի մեջ մտնել մարզչի հետ, գրանցվել դասընթացներին և այլն:  Թողարկումից մեկ օր հետո այն դարձել է կրթական կատեգորիայում Հայաստանում ամենաշատը ներբեռնված հավելվածը։

Շուտով նոր ձևաչափով կմեկնարկի նաև Թումոյի ամառային ճամբարը։ Այս տարի ճամբարին կկարողանա մասնակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող մոտ 80 պատանի։ Իզմիրլյան հիմնադրամի, Վահան Քոլոլյանի, IGEFA հիմնադրամի, Լինդա Ազարյանի, AEF֊ի աջակցության շնորհիվ երկու շաբաթով նրանց տրամադրվելու են համակարգիչներ և Թումոյի առցանց դասընթացների մասնակցության հնարավորություն:

Չնայած աշխատանքային նոր պայմաններին՝ շարունակվում են Հայաաստանի և արտասահմանյան Թումո կենտրոնների շինարարական աշխատանքները․ դասերի վերսկսվելուն պես կբացվի նոր Թումո Գյումրին` թատրոնի պատմական շենքում, ավարտին են մոտենում Դիլիջանի կենտրոնի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները, իսկ Կողբի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Գավառում և Բերդում Թումո տուփի գործարկման համար: Այն նախատեսված է լինելու փոքր համայնքների պատանիների համար, որտեղ նրանք անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար մեկնելու են Թումո Դիլիջան:

Արդեն այս տարի կբացվեն Մոսկվայի, Բեռլինի, Կիևի և Տիրանայի Թումո կենտրոնները: 

Թումո տնից ծրագիրը Հայաստանում գործարկելուց որոշ ժամանակ անց՝ հաշվի առնելով հաջողությունը, այն սկսել են օգտագործել նաև Փարիզի և Բեյրութի կենտրոնները, իսկ Թումո Մոսկվան, դեռ շենքի շինարարական աշխատանքները չավարտած, արդեն սկսել է առցանց դասընթացները։

Հետևելով ԿԳՍՄ նախարարության քայլերին և հաշվի առնելով ուսանողների անվտանգությունը՝  Թումոն, հավանաբար, իր դռները կբացի սեպտեմբերից, իսկ մինչ այդ թիմը դիտարկում է վիրտուալ և իրական բաղադրիչների համադրությամբ կրթական ծրագրի նոր ձևաչափի հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել