Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը
21:47 - 10 փետրվարի, 2022

Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը

Արցախի առաջին Թումո տուփն այսօր բացվել է Մարտակերտ քաղաքում: Միանալով Ստեփանակերտում գործող կենտրոնին, այն սկիզբ է դնում Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացին։

Այս մասին տեղեկացնում է «Թումո» կենտրոնը:

«Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է․ մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին»,- բացման միջոցառմանը հայտարարեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ տեղեկացնում է, որ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մի խումբ պաշտոնատար անձանց հետ Մարտակերտում մասնակցել է Թումո տուփի բացման արարողությանը:

Նա  բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և ԱՀ կառավարության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը՝ առաջնահերթորեն ընդգծելով տեխնոլոգիական կրթության կարևորությունը պատանիների շրջանում:

«Տեխնոլոգիական կրթության խրախուսումը և, առհասարակ, ինքնուսուցման տարաբնույթ հնարավորությունների ընձեռումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում, երբ խոսում ենք ապակենտրոնացված կրթական համակարգի զարգացման մասին: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունը անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ներկայացնելով նոր տուփի հնարավորությունները՝ ընդգծել է, որ շաբաթական 320 աշակերտ կարող է օգտվել կրթական ծրագրերից, ձեռք բերել ինքնուրույնություն և Մարտակերտից աշխարհի ցանկացած կետում աշխատանք գտնելու առավելություն:

Հավատարիմ ապագային միտված կրթական ծրագրերի արդիականացման քաղաքականության իրականացմանը՝ պետական նախարարը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է Թումոյի ընդլայնման ծրագրերն Արցախում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ընթացիկ տարում նախատեսվում է նման տուփերի բացում նաև Մարտունիում և Ասկերանում, ինչպես նաև Ստեփանակերտի Թումո կենտրոնի աշխատանքների ակտիվացում:

Արարողությանը մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Հարությունյանը և ԷԼեոնորա Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել