Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է ՀՀ կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը:

Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Կոմիտեի ղեկավարն է Սուրեն Թովմասյանը, տեղակալներն են Նարինե Ավագյանը, Դավիթ Սողոմոնյանը, Արման Պետրոսյանը։

Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար
 |lragir.am|

Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար |lragir.am|

lragir.am: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։ «Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:47 - 17 հունիսի, 2022
Արբանյակի կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ. Թովմասյան

Արբանյակի կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ. Թովմասյան

Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը կարող է լուծել նաև Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ, սակայն կադաստրային քարտեզների ուղղման համար կշարունակեն օգտագործվել այլ տեխնոլոգիաներ: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ նշվում է, որ արբանյակը պետք կգա նաև կադաստրային գործի մեջ, քարտեզագրման մեջ: «Արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար: Գլոբալ վերլուծությունների համար, այո, Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ այդ արբանյակը և դրա կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել: Բայց, երբ խորանում ենք ավելի նեղ մասնագիտական, կադաստրային քարտեզների ուղղման և համապատասխան ճշգրիտ սանտիմետրային կոորդինատների ստացման մասով, ապա աշխարհում լավագույն նկարը, որ այսօր հնարավոր է ստանալ այս պահի դրությամբ առանց այդ միջամտությունների, 30 սմ պիքսել ունեցող նկարներն են, որոնք ևս չեն ապահովում այն սանտիմետրային ճշտությունը, որով այսօր աշխարհի բոլոր կադաստրները վարվում են»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա վստահեցրեց՝ մաքսիմալ փորձելու են օգտվել այդ արբանյակի կողմից մատակարարվելիք տվյալներից՝ գլոբալ վերլուծությունների, հողային ֆոնդերի համար: «Իսկ, եթե խոսքը վերաբերվի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, ապա այս պարագայում մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ՝ ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից, եթե դրա կարիքը հետագայում ունենանք»,-ասաց Թովմասյանը: Ինչ վերաբերում է արբանյակին, ապա նա ասաց, որ այդ տեխնոլոգիայի ներդրումն ու ստացումը կառավարության կողմից շատ ռազմավարական և կարևոր քայլ էր, որը ապահովելու է տարբեր մարմինների խնդիրների կարգավորումը: Արբանյակի առկայությունը նաև թույլ է տալու ավելի թարմացված տվյալներ ներբեռնել ազգային գեոպորտալ, որը կադաստրի կոմիտեն մոտ ապագայում գործարկելու է: «Գեոպորտալի բազային շերտերի մեջ ներառվում են հենց արբանյակային և օդային լուսանկարները: Եվ այդ արբանյակային լուսանկարների թարմացումն ազգային գեոպորտալում թույլ կտա մեր քաղաքացիներին ստանալ առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն և տեսնել իրականությունն արդեն համակարգչի վրա»,-ասաց նա:
16:43 - 01 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին: Ինչպես տեղեկանում ենք ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով: ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն՝ շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով: Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
13:57 - 29 ապրիլի, 2022
Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին |civilnet.am|

Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին |civilnet.am|

civilnet.am: Մեկ ամիս առաջ ներկայացվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը։ Նախկին վարչապետի առանձնատունը ձեռք էր բերել գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։ Հրապարակմանը հաջորդեց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային վեճ, առանձնատունը նորից հայտնվեց արգելանքի տակ, և ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց դրա առքուվաճառքի հետ կապված։ Պարզվել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։ Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։ Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։ Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։ Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։ Թե՛ գործարքի գինը, թե գնորդ կողմի փոխկապակցվածությունը վաճառողի հետ, թե՛ փաստը, որ այս գործարքն իրականացվել է քրեական գործին հաջորդող շրջանում, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հովսեփյանը հողամասը վաճառել է քրեական գործից այն «ազատելու» նպատակով։ Արմեն Հովսեփյանի կողմից վաճառված հողամասը 2019-ին Արմեն Հովսեփյանի այս հողամասը գրավադրվել էր ու «օգնել» Գարեգին Նուշիկյանին կատարել բանկային գործարք՝ 7,5 միլիարդ դրամի վարկային գիծ ստանալով «Հայբիզնեսբանկ»-ից «Պարկ գրուպ»-ի համար։ Ընկերությունն ավելի հայտնի է «Երևան պարկ» մանկական խոշոր խաղահրապարակով ու դրա իրավաբանական անձն է։ Արմեն Հովսեփյանը խոսելով գործարքի մասին, ասաց՝ «ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում»։ Ճշտող հարցին, թե եղե՞լ է քննիչի կողմից համապատասխան որոշում գույքն արգելանքից դուրս բերելու ու գործարք թույլատրելու մասին, Հովսեփյանը կրկնեց՝ «ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետ հողամասը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով, Հովսեփյանը պատասխանեց. «Դա մեր ներքին հարաբերություններն են, որը կախված չէ շուկայական արժեքից»։ Նա վստահեցրեց, որ իրականացրած գործարքը որևէ կերպ առնչություն չունի քրեական գործի ու դրա ընթացքի հետ։ Արմեն Հովսեփյանը Ազատության պողոտայում ունի այլ հողամաս ևս, որը շարունակում է սեփականությամբ պատկանել իրեն։ Գեներալը վաճառել է հողերը Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։ Սեդրակ Սարոյանի վաճառված հողամասը Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։ Երկու հողամասերի առքուվաճառքն էլ իրականացվել է նույն օրը՝ հունիսի 7-ին։ Իսկ հունիսի 9-ի դրությամբ Սարոյանը ստացել է երկու հողամասերի վաճառքի ողջ գումարը։ Սեդրակ Սարոյանի անունից հանդես է եկել որդին՝ Զարզանդը։ Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը։ «Վարվիկս»-ը հիմնվել է 1997-ին, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։ Իրավապահները գործարքների հետ կապված հարցերին պատասխան չունեն Ինչպես նշվեց, Ազատության պողոտայում գտնվող առանձնատների հետ կապված քրեական գործ հարուցվել է 2018-ի հոկտեմբերին և շուտով կլրանա չորս տարին, ինչ գործով ՀՔԾ-ում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) նախաքննություն է ընթանում։ Քրեական գործ հարուցվել էր «Հետք»-ի հետաքննությունից հետո՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Մոտ չորս տարի շարունակվում է նաև գործով նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննությունը։ ՍիվիլՆեթը Ազատության պողոտայի առանձնատների քրեական գործը քննող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին․ Գտնվելով արգելանքի տակ՝ ինչու՞ կոմիտեն չի առարկել գեներալ-մայոր Սարոյանի հողամասերի վաճառքին։ Արմեն Հովսեփյանին պատկանող, իրեղեն ապացույց հանդիսացած և սահմանափակման ներքո գտնված հողամասի հետ կապված առքուվաճառքից առաջ Հակակոռւոպցիոն կոմիտեն արդյոք չի՞ առարկել դրան։ Նա Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր հարցերին պատասխանել է մեկ նախադասությամբ՝ տեղեկատվություն չեն կարող տրամադրել քրեական գործի մասին՝ նախաքննության շահերից ելնելով։ Կոմիտեն հրաժարվել է նաև տեղեկացնել՝ թե արդյոք կան այս գործով մեղադրյալներ, և եթե կան, ապա՝ ովքեր։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:39 - 08 ապրիլի, 2022
Քանի անշարժ գույք են ՀՀ-ում ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները. մանրամասնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը |armenpress.am|

Քանի անշարժ գույք են ՀՀ-ում ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները. մանրամասնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի քաղաքացիները մինչև օրս Հայաստանում ձեռք են բերել ոչ գյուղատնտեսական նշանակության 72 անշարժ գույք, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 կամ 6: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: «ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել  ցանկացած պետության քաղաքացիներ: Իրավունքների գրանցման կետից, եթե չեմ սխալվում՝ 2002 թվականից սկսած մինչև այսօր, մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից: Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը՝ հասարակական փոքր օբյեկտներ»,-ասաց Թովմասյանը: Նա, անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում գույք ձեռք բերելուն, ընդգծեց, որ, երբ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր: «Որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում իր այդ գույքը ձեռք բերում: Ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական անձնագիր, դա ստանալու ընթացքում բոլոր մտավախությունները փարատվում են: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, «տեղը տեղին է», և ինքը գալիս է այստեղ ու ձեռք բերում համապատասխան անշարժ գույք»,-ասաց Թովմասյանը: Նա նշեց, որ, եթե չի սխալվում, ապա Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 անշարժ գույք են ձեռք բերել: Իսկ թե այդ երկու երկրների քաղաքացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու ակտիվություն ո՞ր տարիներին է եղել՝ նա ասաց, որ ընդհանրապես մտավախություն չկա: «Օրինակ, 2017-ին կարող է մի քանի հատ բնակարան ձեռք բերած լինեն, 2018-ին, 2010-ին»,-նշեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավախություն կա, որ կարող է հատկապես վերջին շրջանում են ավելացել՝ Թովմասյանը վստահեցրեց, որ նման բան չկա:
13:44 - 28 մարտի, 2022
Շուրջ 100 հազար դիմում առցանց է արվել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ թվայնացման գործընթացի մասին

Շուրջ 100 հազար դիմում առցանց է արվել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ թվայնացման գործընթացի մասին

2021 թվականին Կառավարության միջոցներով իրականացվել է ամբողջ հանրապետության օդային լուսանկարահանում, որը բազային շերտ է համարվում և դրվելու է ազգային գեոպորտալի զարգացման և տարածական տվյալների թարմացման հիմքում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Իր խոսքում Թովմասյանն անդրադարձավ նաև Հայաստանի բնակավայրերի վերաբերյալ տեղեկության հավաքմանը: «2022-2026 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ բնակավայրերում տարածական տվյալների թարմացման և ճշգրտման աշխատանքների մասով: Կադաստրի կոմիտեում առանձնացված է ստորաբաժանում, որի պատասխանատվության տակ է գտնվում այս միջոցառման իրականացումը»,- ասաց Թովմասյանը: Շարունակելով ներկայացնել 2021 թվականին կատարված աշխատանքները՝ Թովմասյանն անդրադարձավ սպասարկման գրասենյակների օպտիմալացմանը: «Շուրջ 100 հազար դիմում առցանց ենք տեղափոխել, ձեռնամուխ ենք եղել մեր սպասարկման գրասենյակների աշխարհագրության փոփոխությանը: Արդեն իսկ փակվել են 5 սպասարկման գրասենյակներ Ծաղկահովիտում, Բաղրամյանում, Աշոցքում, Ամասիայում և Տաշիրում: Բոլոր դիմումները շարունակաբար ուզում են տեղափոխել առցանց համակարգեր»,- ասաց Թովմասյանը:
12:09 - 28 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանի իրավունքը Աբովյան 62-ի թիվ 6 բնակարանի նկատմամբ դադարել է 2016-ին, երբ այն օտարվել է, իսկ Կադաստրի տեղեկանքի ինֆորմացիան վրիպակ է․ պարզաբանում

Ալեն Սիմոնյանի իրավունքը Աբովյան 62-ի թիվ 6 բնակարանի նկատմամբ դադարել է 2016-ին, երբ այն օտարվել է, իսկ Կադաստրի տեղեկանքի ինֆորմացիան վրիպակ է․ պարզաբանում

Կադաստրի կոմիտեն պարզաբանումը է հրապարակել «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկությունների վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․ «Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ։ Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է։ Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» տեղեկանքին, ապա հայտնում ենք, որ տեղեկանքում քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանի նկատմամբ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։Կադաստրի կոմիտեն պարբերաբար շտկում է վերոնշյալ էլեկտրոնային համակարգում նախկինում տեղ գտած տեխնիկական խնդիրները և հետևողականորեն բարելավում և զարգացնում համակարգը»։ Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ի հոդվածին պատասխանել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է։ Դրան ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակեց փաստաթուղթ։
15:36 - 02 փետրվարի, 2022
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Անհայտ նկուղ,  պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Անհայտ նկուղ, պատմության եւ մշակույթի հուշարձան, բարձրահարկի շինարարություն ու քրեական գործ․ «Ֆիզգոռոդոկի» պատմությունը

Լուսանկարը՝ ՖիզԳորոդոկ Երեւան ֆեյսբուքյան էջից Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարցուվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի «Ֆիզգոռոդոկի» տարածքում է, այս տարվա օգոստոսի 19-ին սկսվել են 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Այստեղ բարձրահարկ կառուցելու նպատակ ունի «Ռատկո» ընկերությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները, սակայն, դեմ են շենքի կառուցմանը, նրանք պնդում են, որ շինաշխատանքներն ապօրինի են, եւ որ նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ բնակիչները որոշ ժամանակ առաջ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով տվյալներ, ըստ որոնց՝ տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը, ապօրինաբար է օտարվել։  Հողամասի նկատմամբ՝ վարձակալության ու նկուղի նկատմամբ՝ սեփականության իրավունքը 2003թ. օգոստոս ամսին Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող շուրջ 2000քմ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին՝ նշելով որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կաղաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանում՝ նշված հողամասի նկատմամբ իր իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն Կմոիտեից ստացել է մերժում։ Դատարանը հայցը չի քննել՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, այն է՝ նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին։ Հաջորդ տարի Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում քննարկելու համար: 2004 թվականի ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Տիգրան Աղաջանյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանման՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին եւ Կադաստրի կոմիտեին պարտավորեցրել չափագրել բնակելի կառուցապատման գոտում գտնվող՝ Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում, ենթակայանի հարեւանությամբ Աղաջանյանի կառուցած բնակելի տան նկուղն ու դրա հարեւանությամբ գտնվող պարսպապատված հողամասն ու ուղարկել Երեւանի քաղաքապեարան։ Այդպիսով, Կադաստրի կոմիտեն 2004 թվականի մայիսի 5-ին Երեւանի քաղաքապետարան է ուղարկել Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում ինքնակամ կառուցված բնակելի տան հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ Օրենքի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից մեկամսյա ժամկետում որոշում չկայացնելու դեպքում շինությունը համարվում է օրինական եւ ենթակա է պետական գրանցման։ Այդպես, նույն տարվա հուլիսին, Աղաջանյանը դիմել է Դատարան՝ նշելով, որ քաղաքապետարանը որոշում չի կայացրել, ուստի խնդրել է Կադաստրի կոմիտեին գրանցել իր վարձակալության իրավունքը՝ հողամասի եւ սեփականության իրավունքը՝ նկուղի նկատմամբ։ 2004-ի հոկտեմբերին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի՝ 2004 թվականի մայիսի 04-ի Ն-2294 գրությամբ Երեւանի քաղաքապտարան ուղարկված հատակագծում նշված՝ Երեւան քաղաքի Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող 50.8քմ չափերի նկուղի նկատմամբ Աղաջանյանի սեփականության իրավունքը եւ 1976.1քմ չափերի հողամասի նկատմամբ վերջինիս վարձակալության իրավունքը: Այս վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կադաստրի կոմիտեն՝ նշելով, որ վճիռը կայացնելիս դատարանն անտեսել է ինքնակամ շինությունները ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով (Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)) սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված լինելու, այլ անձանց իրավունքները սահմանափակելու, սերվիտուտ առաջացնելու, քաղաքաշինական նորմերին չհակասելու հանգամանքը, իսկ օրենքով նշված իրավունքի ճանաչմանն առնչվող սահմանափակումների առկայության դեպքում պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ չի կարող ճանաչվել սեփականության իրավունք։ Կադաստրի կոմիտեն նշել է, որ ոչ թե Կոմիտեի տարածքային ստորաբաժանման անգործության հետեւանքով է մերժվել հայցվորի՝ սեփականություն ձեռք բերելու իրավունքը, այլ Երեւանի քաղաքապետարանի անգործության հետեւանքով։  Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն թողնվել է առանց քննության, քանի որ դատական նիստին չեն ներկայացել հայցվորն ու երրորդ կողմը՝ Երեւանի քաղաքապետարանը։ Այդպիսով դատարանի որոշումը՝ Աղաջանյանի սեփականության իրավունքը գրանցել պարտավորեցնելու վերաբերյալ, չի փոփոխվել։  Կադաստրի կոմիտեն արդեն 2005թ.-ի փետրվարին գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ վարձակալության իրավունքը՝ հողամասի նկատմամբ: Բնակիչները պնդում են՝ նկուղ երբեւէ չի եղել Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները կարծում են, որ Տիգրան Աղաջանյանի անվամբ հիշյալ տարածքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, որի արդյունքում խախտվել են ՀՀ եւ տեղի բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքացիները պնդում են, որ Ալիխանյան փողոցին հարող տարածքում երբեւէ նկուղ կառուցված չի եղել եւ չկա նաեւ հիմա, ուստի Կադաստրի կոմիտեի աշխատակիցն ուղղակի չէր կարող չափագրել եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնել 50.8քմ մակերեսով ինքնակամ շինություն: Այդ հասցեում ինքնակամ կառուցված նկուղի բացակայությունը քաղաքացիները հաստատում են տվյալ տարածքի բնակիչների հայտարարությամբ, որոնք, տասնամյակներ շարունակ բնակվելով այդ թաղամասում, վկայում են, որ ինքնակամ նկուղ կառուցված չի եղել: Բայց, բացի բնակիչների հաստատումներից, հանգամանքը, որ այդ հասցեում առկա չի եղել ինքնակամ կառուցված նկուղ, հաստատվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանից Տիգրան Աղաջանյանի անվամբ 18.04.2005թ.-ին տրամադրված հողամասի թիվ 1897-2005 գլխավոր հատակագծով, որտեղ որեւէ շինություն պատկերված չէ: Ավելին, թիվ 1897-2005 գլխավոր հատակագծում նշված է, որ այդ հողամասում առկա է սպորտային հրապարակ: Այն, որ Քաղաքապետարանը նշել է սպորտհրապարակի առկայության մասին, վկայում է, որ այդ տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք։ Դա նշանակում է, որ, առաջնորդվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով, տարածքը չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել որեւէ անձի: Բնակիչներն էլ պնդում են, որ այդ տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես ընդհանուր սպորտհրապարակ, երեխաների համար՝ խաղահրապարակ, երբեմն՝ մեքենաների կայանման վայր։ Ընդ որում՝ նրանք վստահեցնում են, որ շարունակաբար խնամել են տեղանքի ծառերն ու կանաչապատ տարածքը։ Քաղաքացիները համոզված են, որ 2004-ի հոկտեմբերին Դատարանը վճիռը կայացրել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ։  Օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն՝ օրինականացման ենթակա են եղել ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները եւ դրանցով ծանրաբեռնված հողամասերը, որոնք պետք է բավարարեին Օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն շենք է համարվում մարդկանց բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, հասարակական, արտադրական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված` կրող եւ պարփակող կոնստրուկցիաներից կազմված, փակ ծավալ համարվող կառույցը։ Միաժամանակ, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի գործողությունը տարածվում էր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված եւ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում` 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաեւ ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա: Տվյալ պարագայում, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, Դատարանը չի պարզել, թե արդյոք Կադաստրի պետական կոմիտեի կողմից մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված է եղել Տիգրան Աղաջանյանի կողմից ինքնակամ կառուցված նկուղը եւ արդյոք ենթադրյալ նկուղը հանդիսանում էր 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց եւ կարո՞ղ էր օրինականացվել այդ հիմքով, եւ չի գնահատվել նաեւ իրավական ակտի նպատակը, որի շրջանակներում եւ որը հիմք ընդունելով հնարավոր կլիներ կիրառել վերը նշված իրավական ակտը, այսինքն չի գնահատվել թե արդյոք հիշյալ իրավական ակտի հիմքով թույլատրելի եւ իրավաչա՞փ է նկուղի կառուցման փաստով հողամասի սեփականաշնորհումը։ Այս դրվագների հետ միասին՝ բնակիչները Դատախազություն ուղարկած իրենց դիմում ներկայացրել են նաեւ, որ գործի քննության ընթացքում Դատարանը, բավարարելով դիմողի պահանջը, պարտավոր էր պարզել թե արդյոք առկա են Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ եւ չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Իսկ Դատարանը պահանջի բավարարման համար հիմք է ընդունել Օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հայտը ստանալուց հետո սահմանված 30-օրյա ժամկետում որեւէ որոշում չի կայացրել:  Այս հանգամանքները քաղաքացիներին հիմք են տալիս ենթադրելու, որ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների եւ Տիգրան Աղաջանյանի միջեւ եղել է հանցավոր համաձայնություն՝ չափագրել գոյություն չունեցող ինքնակամ կառուց եւ Օրենքի պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով օրինականացման նպատակով ներկայացնել այն Երեւանի քաղաքապետարան: Իսկ հետագայում, ինչպես նշեցինք, Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը: Այսպիսով, բնակիչները դիմել են Դատախազություն եւ, այս հանգամանքներն առավել մանրամասն ներկայացնելովով, խնդրել հարուցել քրեական գործ եւ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությամբ պարզել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գոյություն չունեցող շինության (նկուղ) վերաբերյալ հատակագծի կազմման եւ օրինականացման նպատակով Երեւանի քաղաքապետարան ներկայացնելու գործողությունների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 16.04.2004թ. թիվ 2-2096 եւ 25.10.2004թ.-ի թիվ 2-4207 քաղաքացիական գործերով կայացրած վճիռների օրինականությունը, ապա նաեւ բողոքարկել այդ վճիռները՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված լինելու հիմքով:  Քրեական գործ, ինչպես նշեցինք, արդեն հարուցվել է․ բնակիչներն ակնկալում են, որ Դատախազությունը կկասեցնի շինաշխատանքները՝ մինչեւ գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարեւոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։ Սակայն, ինչպես հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, քրեական գործի հարուցման հիմքով շինարարության կասեցում չի նախատեսվում։ Շենք կառուցելու նպատակ ունի տարածքի երրորդ սեփականատերը  Մոտ մեկ տարի անց՝ 2006-ի ապրիլի 25-ին, Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին: Նա էլ նույն թվականի հոկտեմբերին վաճառել է հիշատակված «Ռատկո» ընկերությանը։ Հետքի հրապարակման համաձայն՝ «Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչեւ 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» օֆշորային ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը: 2020 թվականի հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի այդ շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ այս տարվա հուլիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ Իսկ հուլիսի 29-ին՝ շինթույլտվություն։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին․ դրանք հանրության վրդովմունքն են շարժել։ Նախագծման թույլտվություն 15-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Նրանք պահանջում են կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված շինաշխատանքները, հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին, անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները, նրանց պնդմամբ, Քաղաքապետարանը խախտել է, չի տրամադրել եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներին ենթակա եղե՞լ է 2004-2005 թվականներին։ Բնակիչները պնդում են՝ այս ընթացքում որեւէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ եւ չի քննարկել ներկայացված պահանջները։  Օգոստոսի 26-ին Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակիրճ անդրադարձել էր խնդրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ նշելով, որ քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն, քանի որ պարտավոր է տալ, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին եւ տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Նա ընդգծել էր, որ միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, եւ որ քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: Երբ հայտնի դարձավ հարուցված քրգործի մասին, Կարապետյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետարանը գործում է իր լիազորությունների շրջանակում, եւ ոչինչ չի անի իր լիազորությունների շրջանակներից դուրս, եւ որ քաղաքային իշխանությունն իր բոլոր գործառույթները կիրականացնի, եթե ունենա համապատասխան ցուցումներ․ «Քաղաքապետարանն իր մնացած գործառույթները կիրականացնի, այսինքն` շինթույլտվության ենթադրյալ կասեցում կամ այլ եւ այլ գործողություններ, եթե կունենա դրա լիազորությունը, կամ եթե իրավապահ մարմիններից կունենա համապատասխան ցուցում, խնդրանք կամ առաջարկ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր Կարապետյանը: Ավելի վաղ շինաշխատանքներ իրականացնող ըներության տնօրեն Արթուր Մնացականյանն Infocom-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ շինարարությունն ապօրինի չի իրականացվում։ Նրա հայտնած մանրամասների համաձայն՝ Ընկերությունը պատրաաստվում է 200-ից ավելի ծառեր տնկել եւ բարեկարգել դիմացի այգին, նորաձեւ այգի կառուցել։ Կառուցապատման տոկոսը, նրա վստահեցմամբ, 40% է կազմելու։  Արթուր Մնացականյանի խոսքով՝ շենքի գտնվելու վայրը, նրա հարկերը չեն փոխելու այս թաղամասի ճարտարապետությունը․ «Երեւանում բազմաթիվ տեղեր կան, որտեղ ցածրահարկ շենքերի կողքին բարձրահարկեր կան, դա ընդունված պրակտիկա է, երբ պահում ես շինարարության եւ ճարտարապետության կանոնները։ Իսկ մարդիկ իրավունք ունենք դիմել համապատասխան մարմիններին՝ իրենց իրավունքների ենթադրյալ ոտնահարման համար»,- ասել էր Մնացականյանը։ 2021-ի փետրվարին՝ պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձան, մայիսին՝ այլեւս ոչ Քաղաքացիները, որ տեւական ժամանակ է՝ պայքարում են շինարարության կասեցման եւ ենթադրյալ ապօրինությունների բացահայտման համար, ուշադրություն են հրավիրում հանգամանքի վրա, որ տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցումը, սկզբում եղել է հուշարձանի կարգավիճակ ունեցող տարածք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2021 թվականի փետրվարի 1-ի նիստում որոշել է Երեւան քաղաքի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններին տալ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող շինություններին հուշարձանի կարգավիճակ տալուն կողմ է քվեարկել հանձնաժողովի տասը անդամ, դեմ՝ երկուսը։ Այս կապակցությամբ, ի պատասխան քաղաքացի Վահրամ Ասատրյանի գրության, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նշելով, որ հիշատակված շինությունները գրանցվել են հուշարձանների ցուցակում, խնդրանքով դիմել է բնակիչներին՝ չաղճատել եւ չձեւափոխել պամամշակութային ժառանգության տեսքը, եւ եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա՝ անհրաժեշտ է իրականացվող աշխատանքների նախագիծը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ: Նույն թվականի մայիսին, սակայն «Ֆիզգոռոդոկի» տարածքի Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։ Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց է դիմել Ներդրումների աջակցման կենտրոնը՝ ներկայացնելով տեղեկատվություն առ այն, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվեղ 1976 քմ հողամասը «ՌԱՏԿՈ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել 2018թ.-ին՝ սեփականության իրավունքով եւ ունի 12 հարկանի բնակելի շենքի կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր: Նախարարությունից նշել են, որ հողամասի կառուցապատման համար փորձաքննություն անցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը նույնպես առկա են, որոնց հիման վրա, դեռեւս 2006թ.-ից, տրամադրված է եղել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2007-ից՝ շինարարական թույլտվություն, որը երկարաձգվել է մինչեւ 2015թ: 2018-ի դեկտեմբերին Ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ նոր նախագծման թույլտվություն ստանալու նպատակով: 2020թ. հուլիսի 20-ին արդեն Երեւանի քաղաքապետարանը տրամադրվել է վերոնշյալ հողատարածքի վրա 12 հարկանի վերգետնյա եւ 3 ստորգետնյա բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախագծման թույլտվություն, Ընկերությունը պատվիրել է աշխատանքային նախագիծ: Ըստ նախարարության պատասխանի՝ նախագիծը քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ արժանացել է դրական եզրակացության, ինչպես նաեւ անց են կացվել հանրային լսումներ, եւ հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում, ուստի՝ խնդրել են հնարավորության դեպքում վերանայել որոշումը, կատարել սահմանների ճշգրտումներ, հաշվի առնելով, որ նշված թույլտվությունները սահմանափակվում են Փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ: ԿԳՄՍՆ փոխնախարար Խզմալյանը հայտնել է, որ նախարարությունը վերոնշյալ տեղեկությունները ներկայացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ուսումնասիրելու Ներդրումների աջակցման կենտրոնի տրամադրած փաստաթղթերի փաթեթը եւ առաջարկություն ներկայացնելու՝ առանց նորահայտ հուշարձանը վնասելու՝ դիտարկելով «ՌԱՏԿՈ» Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող խնդրո առարկա 1976 մ հողատարածքը նորահայտ հուշարձանի սահմաններից հանելու հնարավորությունը:  ՊՈԱԿ-ը, պահանջվող ուսումնասիրությունից հետո ներկայացրել է համապատասխան առաջարկություն, որը քննարկվել է Փորձագիտական հանձնաժողովի նիստում եւ ներկայացված հիմնավորումներով կատարվել է հուշարձանի տարածքի ճշգրտում՝ հանելով նորահայտ հուշարձանի 42.41 հա ընդհանուր տարածքից «Ռատկո» ՍՊ ընկերությանը պատկանող 1976 քմ տարածքը: Այս պատմության ընթացքն առավել հեշտ պատկերացնելու համար ստորեւ ներկայացնում ենք զարգացումների ժամանակագրությունը։  Այսպես, 2003թ. - Տիգրան Աղաջանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը ճանաչելու մասին։ Դատարանը հայցը չի քննել։ 2004թ․ - Աղաջանյանը դարձյալ դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը չափագրել հողամասն ու դրանում գտնվող նկուղը եւ հատակագիծն ուղարկել Երեւան քաղաքապետարան։ Դատարանը հայցը բավարարել է։ 2004թ․ մայիսի 5 - Կադաստրի կոմիտեն Երեւանի քաղաքապետարան է ուղարկել ինքնակամ կառույցի հատակագիծը՝ օրինականացման նպատակով։ 2004թ․ հոկտեմբեր - Դատարանը Կադաստրի կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը պարտավորեցրել է գրանցել Տ․ Աղաջանյանի սեփականության իրավունքը՝ նկուղի եւ հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը: Կադաստրի կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ․ բողոքն ընդունվել է վարույթ, սակայն չի քննվել։ 2005թ․ փետրվար - Կադաստրի կոմիտեն գրանցել է Տիգրան Աղաջանյանի սեփականության եւ վարձակալության իրավունքը։ 2006թ․ ապրիլի - Տիգրան Աղաջանյանը հողամասը եւ ենթադրյալ նկուղը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին:  2006թ․ հոկտեմբեր - Անդրանիկ Բալասանյանը հողամասն ու նկուղը վաճառել է «Ռատկո» ընկերությանը։ 2020թ․ հունիսի - Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը։  2020թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։  2021թ․ փետրվար - Բանավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ 2021թ․ մայիս - Ալիխանյան 6/1 հասցեի հողակտորը հանվել է Պատմության եւ մշակույթի նորահայտ հուշարձանների ցանկից։  2021թ․ հուլիս - Երեւանի քաղաքապետարանը «Ռատկո» ընկերությանը շինթույլտվություն է տվել։ 2021թ․ օգոստոս - «Ռատկո» ընկերությունը սկսել է շինաշխատանքները։ Բնակիչները հարուցված քրգործը համարում են իրենց առաջին միջանկյալ հաղթանակը։ Քաղաքացիներից երկուսը շարունակում են հացադուլը՝ պահանջելով տրամադրել հողի կարգավիճակի (ՀՕ 60-րդ հոդված) վերաբերյալ փաստաթղթերը։ Հացադուլ իրականացնող քաղաքացիները պատկան մարմիններին 20 օր ժամանակ են տվել, պահանջը մինչ օրս անարձագանք է։ Հայարփի Բաղդասարյան
14:21 - 10 սեպտեմբերի, 2021
Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանի  կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այսպիսով, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները Միասնական գրասենյակից ստանալու՝ 1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 3․Պետական եկամուտների կոմիտեի, 4․Ազգային արխիվի, 5․Սոցիալական ապահովության ծառայության, 6․Միգրացիոն ծառայության, 7․Կադաստրի կոմիտեի, 8․Թաղման բյուրոյի, 9․Նոտարական ծառայություններ: Տեղեկացնենք նաև, որ բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։ Հիշեցնենք նաև, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
11:53 - 24 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝ 1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ: 2. Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում: 3. Ծառայողական քննությամբ պարզել սույն որոշման 1-ին կետով նկարագրված դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը: 4. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լուսինե Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Հայկ Կեսոյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանականվ վարչությանպետ Գոռ Ալեքսանյան – վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ»,– ասվում է որոշման մեջ։
11:13 - 04 մայիսի, 2021
Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում որոշակի պարբերականությամբ կներկայացնի արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։  Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։    Միասնական գրասենյակում մատուցվում են՝   • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության, • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, • Ազգային արխիվի, • Սոցիալական ապահովության ծառայության, • Կադաստրի կոմիտեի, • Պետական եկամուտների կոմիտեի, • Միգրացիոն ծառայության, • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։ Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։ Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է «Հայփոստ»-ի բաժանմունքում (Երևանյան 10)):      
11:39 - 31 մարտի, 2021
Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 17-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ հանգամանալից անդրադառնալով առանձին ոլորտներում արձանագրված փոփոխություններին, այդ թվում՝ չափագրման փաթեթների կազմման, սպասարկման որակը բարձրացնելու և ժամանակ խնայելու մեխանիզմների ներդրման, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնացրել է հաշվետվողականության գործիքների, առցանց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման հարցերը՝ հայտնելով, որ 7 ամսվա ընթացքում 260 համայնք արդեն տեղափոխվել է առցանց վարման: Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նաև քարտեզների ճշգրտման գործընթացն ու ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ առկա գործիքակազմով հնարավորություն է ստեղծվում բացահայտել առկա խնդիրներն ու շեղումները և ուղղումներ կատարել համայնքների սահմանների, հասցեների ճշգրտման գործընթացներում: Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև Կադաստրի արխիվային հատվածին՝ կարևորելով ինչպես պատշաճ արխիվացումը, այնպես էլ ծառայությունների և թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությանը: Փոխվարչապետը նշել է, որ էլեկտրոնային ստորագրության պարզեցված տարբերակի ներդրումը, որը պիտի տեղի ունենա մինչև 2021թ. ավարտը, խոշոր նշանակություն կունենա թվայնացման գործընթացում էական առաջընթաց արձանագրելու հարցում:
19:17 - 17 մարտի, 2021