Արբանյակի կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ. Թովմասյան
16:43 - 01 հունիսի, 2022

Արբանյակի կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ. Թովմասյան

Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը կարող է լուծել նաև Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ, սակայն կադաստրային քարտեզների ուղղման համար կշարունակեն օգտագործվել այլ տեխնոլոգիաներ: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ նշվում է, որ արբանյակը պետք կգա նաև կադաստրային գործի մեջ, քարտեզագրման մեջ:

«Արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար: Գլոբալ վերլուծությունների համար, այո, Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ այդ արբանյակը և դրա կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել: Բայց, երբ խորանում ենք ավելի նեղ մասնագիտական, կադաստրային քարտեզների ուղղման և համապատասխան ճշգրիտ սանտիմետրային կոորդինատների ստացման մասով, ապա աշխարհում լավագույն նկարը, որ այսօր հնարավոր է ստանալ այս պահի դրությամբ առանց այդ միջամտությունների, 30 սմ պիքսել ունեցող նկարներն են, որոնք ևս չեն ապահովում այն սանտիմետրային ճշտությունը, որով այսօր աշխարհի բոլոր կադաստրները վարվում են»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Նա վստահեցրեց՝ մաքսիմալ փորձելու են օգտվել այդ արբանյակի կողմից մատակարարվելիք տվյալներից՝ գլոբալ վերլուծությունների, հողային ֆոնդերի համար: «Իսկ, եթե խոսքը վերաբերվի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, ապա այս պարագայում մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ՝ ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից, եթե դրա կարիքը հետագայում ունենանք»,-ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է արբանյակին, ապա նա ասաց, որ այդ տեխնոլոգիայի ներդրումն ու ստացումը կառավարության կողմից շատ ռազմավարական և կարևոր քայլ էր, որը ապահովելու է տարբեր մարմինների խնդիրների կարգավորումը:

Արբանյակի առկայությունը նաև թույլ է տալու ավելի թարմացված տվյալներ ներբեռնել ազգային գեոպորտալ, որը կադաստրի կոմիտեն մոտ ապագայում գործարկելու է: «Գեոպորտալի բազային շերտերի մեջ ներառվում են հենց արբանյակային և օդային լուսանկարները: Եվ այդ արբանյակային լուսանկարների թարմացումն ազգային գեոպորտալում թույլ կտա մեր քաղաքացիներին ստանալ առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն և տեսնել իրականությունն արդեն համակարգչի վրա»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել