Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին |civilnet.am|
12:39 - 08 ապրիլի, 2022

Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին |civilnet.am|

civilnet.am: Մեկ ամիս առաջ ներկայացվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը։ Նախկին վարչապետի առանձնատունը ձեռք էր բերել գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։ Հրապարակմանը հաջորդեց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային վեճ, առանձնատունը նորից հայտնվեց արգելանքի տակ, և ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց դրա առքուվաճառքի հետ կապված։ Պարզվել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։

Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը

Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։

Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։

Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։ Թե՛ գործարքի գինը, թե գնորդ կողմի փոխկապակցվածությունը վաճառողի հետ, թե՛ փաստը, որ այս գործարքն իրականացվել է քրեական գործին հաջորդող շրջանում, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հովսեփյանը հողամասը վաճառել է քրեական գործից այն «ազատելու» նպատակով։

Արմեն Հովսեփյանի կողմից վաճառված հողամասը

2019-ին Արմեն Հովսեփյանի այս հողամասը գրավադրվել էր ու «օգնել» Գարեգին Նուշիկյանին կատարել բանկային գործարք՝ 7,5 միլիարդ դրամի վարկային գիծ ստանալով «Հայբիզնեսբանկ»-ից «Պարկ գրուպ»-ի համար։ Ընկերությունն ավելի հայտնի է «Երևան պարկ» մանկական խոշոր խաղահրապարակով ու դրա իրավաբանական անձն է։

Արմեն Հովսեփյանը խոսելով գործարքի մասին, ասաց՝ «ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում»։ Ճշտող հարցին, թե եղե՞լ է քննիչի կողմից համապատասխան որոշում գույքն արգելանքից դուրս բերելու ու գործարք թույլատրելու մասին, Հովսեփյանը կրկնեց՝ «ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետ հողամասը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով, Հովսեփյանը պատասխանեց. «Դա մեր ներքին հարաբերություններն են, որը կախված չէ շուկայական արժեքից»։ Նա վստահեցրեց, որ իրականացրած գործարքը որևէ կերպ առնչություն չունի քրեական գործի ու դրա ընթացքի հետ։

Արմեն Հովսեփյանը Ազատության պողոտայում ունի այլ հողամաս ևս, որը շարունակում է սեփականությամբ պատկանել իրեն։

Գեներալը վաճառել է հողերը

Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։

Սեդրակ Սարոյանի վաճառված հողամասը

Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։ Երկու հողամասերի առքուվաճառքն էլ իրականացվել է նույն օրը՝ հունիսի 7-ին։ Իսկ հունիսի 9-ի դրությամբ Սարոյանը ստացել է երկու հողամասերի վաճառքի ողջ գումարը։ Սեդրակ Սարոյանի անունից հանդես է եկել որդին՝ Զարզանդը։

Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը։ «Վարվիկս»-ը հիմնվել է 1997-ին, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։

Իրավապահները գործարքների հետ կապված հարցերին պատասխան չունեն

Ինչպես նշվեց, Ազատության պողոտայում գտնվող առանձնատների հետ կապված քրեական գործ հարուցվել է 2018-ի հոկտեմբերին և շուտով կլրանա չորս տարին, ինչ գործով ՀՔԾ-ում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) նախաքննություն է ընթանում։ Քրեական գործ հարուցվել էր «Հետք»-ի հետաքննությունից հետո՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Մոտ չորս տարի շարունակվում է նաև գործով նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննությունը։ ՍիվիլՆեթը Ազատության պողոտայի առանձնատների քրեական գործը քննող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին․

  • Գտնվելով արգելանքի տակ՝ ինչու՞ կոմիտեն չի առարկել գեներալ-մայոր Սարոյանի հողամասերի վաճառքին։
  • Արմեն Հովսեփյանին պատկանող, իրեղեն ապացույց հանդիսացած և սահմանափակման ներքո գտնված հողամասի հետ կապված առքուվաճառքից առաջ Հակակոռւոպցիոն կոմիտեն արդյոք չի՞ առարկել դրան։ Նա

Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր հարցերին պատասխանել է մեկ նախադասությամբ՝ տեղեկատվություն չեն կարող տրամադրել քրեական գործի մասին՝ նախաքննության շահերից ելնելով։ Կոմիտեն հրաժարվել է նաև տեղեկացնել՝ թե արդյոք կան այս գործով մեղադրյալներ, և եթե կան, ապա՝ ովքեր։


Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել