Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։
15:59 - 30 ապրիլի, 2024
Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ինքնիշխանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն այս քառամիասնությունը կուժեղացնի, կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունը և զարգացումը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահամանզատման գործընթացին։ «Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։ «Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։  
13:07 - 30 ապրիլի, 2024
Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան
 |1lurer.am|

Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Ամիսներ շարունակ Ադրբեջանը ցանկանում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ պատգամավորի՝ դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որ գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ: Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանը փորձում էր սրանից խուսափել, որովհետև ցանկանում էր Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված, գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են: «Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, մեր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս նույն տրամաբանությունն էր ուզում, որպեսզի մենք բոլորս որդեգրենք: Ինձ համար շատ տարօրինակ է և անհասկանալի՝ ինչու է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա, որովհետև երբ մեր ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմք ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը: Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել-կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Ես չեմ հասկանում՝ որն է այս լեգիտիմացման իմաստը: Պարզ է, չէ՞, որ երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, ու լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը: Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել: «Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը:
12:08 - 30 ապրիլի, 2024
Արդարադատության նախարարությունն անդրադարձել է Տավուշում իրականացվող սահմանազատման վերաբերյալ պնդումներին

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է Տավուշում իրականացվող սահմանազատման վերաբերյալ պնդումներին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին իրավական տեսանկյունից անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Այն ներկայացնում ենք ստորև.  Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։ Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։ Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն: Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։ Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։ Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը: Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից: Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ: Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է:  Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն: Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու Պատաստխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա: Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից: Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ: Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց:
17:13 - 29 ապրիլի, 2024
Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա
 |civilnet.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։ «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում։ Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց։  Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
15:37 - 29 ապրիլի, 2024
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Երկրի ղեկավարն ասել է, որ ղազախական կողմի առաջարկին համապատասխան՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության օրակարգը շարունակելու համար՝ նշելով, որ Բաքուն դրա համար ունի ուժեղ քաղաքական կամք: Նա հավելել է, որ իր երկիրը «աջակցում է տարածաշրջանային համագործակցության հարավկովկասյան մոդելի ստեղծմանը՝ առանց տարածաշրջանում բաժանարար գծերի»: Ալիևը որպես դրական քայլ է գնահատել այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացից հետո արդեն սկսվել են նաև դրա սահմանագծման աշխատանքները: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։  
10:47 - 29 ապրիլի, 2024
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։ Բլինքենը ողջունել է նաև ձերբակալված քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը տնային կալանքի և կոչ է արել նրան լիովին, արագ ազատ արձակել․ «Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին», - նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Բլինքենը այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
23:08 - 28 ապրիլի, 2024
 Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել:Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:Քննարկվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում», - նշված է հաղորդագրության մեջ:
20:17 - 28 ապրիլի, 2024
Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։ Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։  «Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․ «Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։  Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։  «Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։  «Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
12:23 - 27 ապրիլի, 2024