ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար ՀՎԿԿ-ն հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն

Կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար ՀՎԿԿ-ն հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:   Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից: Խորհուրդ է տրվում խուսափել մահացած կամ կենդանի վայրի կենդանիների հետ շփումից, ինչպիսիք են փոքր կաթնասունները, ներառյալ՝ կրծողները (առնետներ, սկյուռներ) և պրիմատները (կապիկներ): «Պետք է  խուսափել վայրի որսի միս ուտելուց կամ պատրաստելուց, վարակված կենդանիների հետ շփվելուց կամ Աֆրիկայի վայրի կենդանիներից ստացված մթերքներ (քսուքներ, լոսյոններ, փոշիներ) օգտագործելուց: Անհրաժեշտ է  խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող աղտոտված իրերի հետ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) շփվելուց: Չնայած նրան, որ հանրության համար ռիսկը գնահատվում է ցածր, այնուամենայնիվ ճանապարհորդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության, եթե նրա մոտ առաջանում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափի ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ ճանապարհորդը եղել է մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
16:29 - 08 հունիսի, 2022
Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած անձանց, այդ թվում` ոստիկանների վնասվածքները հիմնականում եղել են հարվածի արդյունք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարն ընդգծեց, որ բժշկական կենտրոններ դիմածների մեծամասնությունը եղել են ոստիկաններ: «Բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը: Հիմնականում մոտ 70 տոկոսն առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել: Սակայն ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և դուրս գրվել: Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այդ քաղաքացու վիճակն այս պահին բավարար է, լավացման ընթացքի մեջ է, հույս ունենք, որ մոտակա օրերս դուրս կգրվի»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե այդ անձինք ինչի՞ արդյունքում են տուժել՝ Ավանեսյանն ասաց. «Հիմնականում եղել են հարվածների արդյունքում ստացված վնասվածքներ: Եղել են մանր պատռվածք ունեցող փոքրաթիվ անձինք»:
12:15 - 07 հունիսի, 2022
Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում |armenpress.am|

Պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում է 6 բժշկական կազմակերպության վերակառուցում և կառուցում |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է 6 բժշկական կենտրոնների վերակառուցման, կառուցման ֆինանսավորում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եղեգնաձորի և Մարտունու բժշկական կենտրոնները կառուցվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մենք ունենք լրացուցիչ 6 բժշկական կենտրոնների ֆինանսավորում՝ արդեն պետբյուջեի միջոցներով: Դրանցից ամենամեծ ծրագիրը Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումն է, որն ընթացքի մեջ է և կավարտվի 4 տարում, հաջորդը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, նաև Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի բժշկական կենտրոնները, որոնց 4-ի կառուցման, վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից»,- ասաց Ավանեսյանը: Իսկ ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոնին, պայմանագիրն ուժի մեջ է մտել, և նախարարը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները կսկսեն իրականացվել անհրաժեշտ ժամկետների պահպանմամբ: Ըստ նախագծման փաստաթղթերի՝ Սիսիանի բժշկական կենտրոնը պետք է վերակառուցվեր, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում սեյսմիկ և այլ ծառայությունների հավելյալ գնահատման պարագայում ծրագիրը վերափոխվել է, և ամբողջությամբ նոր շենք է կառուցվելու: Լուրջ խնդիրներ են եղել շենքի հիմքում:
11:51 - 07 հունիսի, 2022
ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

ԱՆ-ն կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ. քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի ծառայություններից |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն այս շաբաթ Առողջապահության նախարարությանը կհատկացնի հավելյալ 5.2 մլրդ դրամ, սա կօգնի ապահովել պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: Պատգամավորներից մեկը նկատեց, որ պետպատվերի շրջանակում քվոտաները վերջացել են, և ստացվում է, որ սոցիալապես անապահով կամ հաշմանդամության կարգ ունեցող անձանց բուժսպասարկումը դառնալու է վճարովի և հետաքրքրվեց ավելացման հնարավորություններով: Նախարարն արձագանքեց, որ կա դիմելիության աճ: Դա պայմանավորված է կորոնավիրուսով, կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, նկատվում է հիվանդացության աճ: «Սա համադրելի է ամբողջ աշխարհի հետ, բոլոր երկրներն էլ ունեն դիմելիության աճ: Երկրորդը՝ դա պայմանավորված է ետպատերազմական ընթացքով, որը նաև հանգեցնում է լրացուցիչ առողջապահական խնդիրների: Արված կանխատեսման համաձայն՝ մենք դիմել ենք կառավարություն, և կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Ավանեսյանը: Սակայն նախարարը շեշտեց հերթագրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, հերթագրման համակարգերը գործում են, և, եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա՝ առաջնահերթության կարգով: «Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն»,- ասաց Ավանեսյանը: Նախարարությունն այս շաբաթ արդեն կստանա 5.2 մլրդ դրամը և կսկսի բաշխման աշխատանքները: Բայց, ընդհանուր առմամբ, նախարարության տարեկան հավելյալ միջոցների կարիքը 10.1 մլրդ դրամի շրջանակում է: Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը:
11:29 - 07 հունիսի, 2022
2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց առողջապահության նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը: «Նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր: Սկզբնապես բյուջեով նախատեսված էր, որ միջոցառումների քանակը պիտի կազմի 56: Փաստացի իրականացվել է 53 միջոցառում: 2021 թվականի պետական  բյուջեով հաստատված տարեկան պլանը 114 միլիարդ 496 միլիոն դրամ էր: Այնուհետև ճշտվել է այդ պլանը, և ավելացվել 159 միլիարդ 191 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը: Արդյունքում 2021 թվականին ծախսվել է 157 միլիարդ 909 միլիոն դրամ, որը 2020 թվականի փաստացի 141 միլիարդ 779 միլիոն դրամի նկատմամբ 16 միլիարդ 131 միլիոն դրամով ավելի է եղել:
11:02 - 07 հունիսի, 2022
Տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է․ ՀՀ ԱՆ

Տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է․ ՀՀ ԱՆ

Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: ««Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը: Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: «Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել»,- հայտնում են ԱՆ-ից:   Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
23:39 - 03 հունիսի, 2022
Ժամը 22:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու․ ԱՆ

Ժամը 22:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու․ ԱՆ

Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- նշում են ՀՀ ԱՆ-ից՝ հավելելով, որ նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։ 
22:28 - 03 հունիսի, 2022
Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը: Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ են կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
12:21 - 02 հունիսի, 2022
Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է

Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց՝ 51.5 տոկոսը, կանանց` 1.8 տոկոսը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21 տոկոսը և աղջիկների 3 տոկոսը: Հայաստանում  ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները  վնասակար են առողջության համար,  չկա դրանց անվնաս չափաբաժին: 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման  հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը:
10:50 - 31 մայիսի, 2022
ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների համաձայն` սկսած մայիսի 7-ից մայիսի 24-ի դրությամբ աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացնում է, որ հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա։ Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: «Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
16:42 - 24 մայիսի, 2022