ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|
15:46 - 11 մարտի, 2024

ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել. Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։

«Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ՝ երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։

Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, երեխային տեղափոխել են այդտեղ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է։

Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել