Էջմիածին

Քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Քաղաքում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Քաղաքապետը Դիանա Գասպարյանն է:

Կառավարությունը անհատույց տարածք հանձնեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ին |armenpress.am|

Կառավարությունը անհատույց տարածք հանձնեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ սեփականություն հանդիսացող Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 մլն 848 հազար դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով տարածքը հետ կվերցվի «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն ու հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: «Երջանկության ճանապարհ» ԲՀԿ-ի կողմից ներկայացված գործարար ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի վերանորոգում, անվտանգության համակարգի տեղադրում, կահավորում, տրանսպորտային միջոցի ձեռք բերում, մասնագիտական թիմի ձևավորում, 18-65 տարեկան շուրջ 40 շահառուի ցերեկային զբաղվածության ապահովում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00, վերջիններիս անվճար փոխադրում ցերեկային կենտրոն եւ հակառակ ուղղությամբ, երեքանգամյա սննդի տրամադրում: Միաժամանակ կիրականացվի շահառուներին վարվեցողության կանոնների, համակարգչային գիտելիքների, հասարակության մեջ ինտեգրվելու, ինքնուրույն կարիքները հոգալու եւ այլ հմտություններ ձեռք բերելու ուսուցում:
15:14 - 14 մայիսի, 2020
Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|

Իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչություն է իրականացվում «Դոն Պիպոյի» թելադրանքով. Դիանա Գասպարյան |armtimes.com|

armtimes.com: Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։ Ես չեմ ճանաչում, չեմ կարող ճանաչել եւ ցանկություն էլ չունեմ կապված լինել ու ճանաչել նաեւ Մանվել Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին երեկ՝ մայիսի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նա սկզբում նշեց, որ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ անդրադառնալ Էջմիածնում կատարվող իրադարձություններին եւ ուզում է սկսել հերքելով այն լուրերը, որ ինքն իբր կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ: Ըստ Գասպարյանի՝ այդ լուրերը կեղծիք են. ինքը երբեւէ չի տեսել անգամ Մանվել Գրիգորյանին կամ նրա ընտանիքին, վերջիններիս հետ որեւէ կապ չունի: Այնուհետ քաղաքապետը թվարկեց մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Մանվել Գրիգորյանի ընտանիքին, նրա կնոջ ընկերուհուն, փեսային, ընկերներին, որդուն, մերձավորներին: Այս բոլոր հիշյալ անձանց ապօրինի գործունեությունների արդյունքում կան հարուցված գործեր, ընթանում են դատական պրոցեսներ: Հետո Դիանա Գասպարյանն անդրադարձավ Արթուր Ասատրյանի անվան հետ կապվող միջադեպերին: «2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը: Այս ամենից հետ օրինական պահանջները անտեսելով՝ կառուցապատողը շարունակել է շինարարությունը: Այս շաբաթ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցը հերթական շրջայցի շրջանակներում նորից այցելել է այդ տարածք՝ նկատելով, որ շինարարությունը շարունակվել է, կազմել է նոր արձանագրություն, եւ դրան հետեւելու է վարչական վարույթը։ Տվյալ կառուցապատողը շրջանցում է օրենքը, ցանկանում է, որ մենք, ինքներս օրենք շրջանցելով, տանք շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ այդ գործը պետք է գնա ինքնակամ շինարարության օրինականացման ճանապարհով, եւ քաղաքին պետք է վճարվի 36 միլիոն դրամ»։ Քաղաքապետը պատմեց, որ այդ ամենից հետո սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ. «Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի «Դոն Պիպո»-ի հանձնարարությամբ, թողտվությամբ եւ հստակ ցուցումներով. այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:36 - 12 մայիսի, 2020
Չկա եւ չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է եւ ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները

Չկա եւ չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է եւ ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները

Էջմիածնի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Չկա եւ չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է եւ ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները: Հարգելի՛ համաքաղաքացիներ,Էջմիածնի համայնքապետարանը բազմիցս հայտարարել է, որ խիստ հետամուտ է լինելու ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման եւ վերացման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուն՝ զգուշացնելով, որ ապօրինի շինարարություն իրականացնող անձինք կենթարկվեն պատասխանատվության ՀՀ «վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն: Հայտարարվածի վառ ապացույցը, թերեւս, վերջին օրերին կոնկրետ լրատվական կայքերով հրապարակված եւ շրջանառվող տեսանյութն է, որում հնչում են հստակ մեղադրանքներ, թե իբր քաղաքապետարանը խոչընդոտում է շինարարությանը՝ «չտրամադրելով օրենքով հասանելիք շինարարական թույլտվություն»: Ելնելով տեսանյութում կառուցապատող կողմի հնչեցրած կեղծ մեղադրանքներից, փաստերը թաքցնելու մղումներից, հարկ ենք համարում հայտարարել հետեւյալը. Տվյալ կառուցապատողը շինարարություն կատարել է օրենքով եւ իրավական ակտերով սահմանված նպատակներին չհամապատասխանող հողատարածքներում՝ վարելահողերի վրա, ինչն արգելված է քաղաքաշինական օրենքներով: Սա է այն հիմնավոր պատճառը, որի համար կառուցապատողին չի տրվել շինարարության թույլտվություն: Եվս մեկ անգամ հայտարարում ենք. Շինարարության թույլտվություն տրամադրել-չտրամադրելու գործընթացը պայմանավորված չէ անձերով. Էջմիածնի համայնքապետարանը արձագանքում է ցանկացած ապօրինության եւ տալիս է բացառապես օրենքով եւ ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ: Այսպիսով. Hraparaktv.am կայքում սույն թվականի մայիսի 9-ին «Ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցը «Դոն Պիպոյի» առանձնատան մոտ» վերտառությամբ հրապարակված տեսնյութում` Էջմիածնի համայնքապետարանի եւ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ ձեզ ենք ներկայացնում տվյալ շինարարության վերաբերյալ բոլոր փաստերը եւ հանգամանքները: 2019 թվականին նոյեմբեր ամսին համայնքապետարանի աշխատակիցները օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջնակներում, քաղաքաշինական փաստաթղթերով իրականացվող շինարարությունները վերահսկելու եւ ապօրինի շինարարությունները կանխելու նպատակով աշխատանքները իրականացնելու ժամանակ հայտնաբերել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում իրականացվող ապօրինի շինարարություն: Դրա հիման վրա 24.12.2019թ հրավիրված նիստի ընթացքում կառուցապատողն ընդունել է իր կողմից իրականացված ապօրինի գործողություն իրականացնելու փաստը եւ պարտավորվել վճարել օրենքով սահմանված տույժը: Միեւնույն ժամանակ, տեսանյութում կառուցապատող կողմի այն պնդումը, թե իրեն թույլ չեն տվել շինարարական թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնել Էջմիածնի համայնքապետարան՝ իրականությանը չի համապատասխանում, ինչը փաստող համապատասխան փաստաթղթերը՝ համայնքապետարան մուտքագրված 2 դիմումները եւ Էջմիածնի համայնքապետարանի պատասխանը կցում ենք ստորեւ: Առաջին դիմումը համայնքապետարան մուտագրվել է 2019թ. դեկտեմբերի 17-ին՝ անասնաշենքի կառուցման համար ճարտարապետահատակագծային առաջանդրանք ստանալու նպատակով՝ «խոշոր եւ մանր եղջերավորների գոմի» էսքիզ նախագծով, որից հետո դիմումը հետ է վերցվել եւ 2020 թ. փետրվարի 17-ին ներկայացվել է նոր հայտ-դիմում՝ նույն հողատարածքի վրա չորանոցի կառուցման թույլտվություն ստանալու համար: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ առաջին՝ ճարտարապետահատակագծային առաջանդրանք ստանալու նպատակով մուտքագրված դիմումումը ներկայացնելու պահին, տվյալ տարածքում արդեն իսկ կատարված են եղել ինքնակամ շինարարական աշխատանքներ, եւ նշյալ դիմումով կառուցապատող կողմը փորձ է արել շրջանցել օրենքը՝ թաքցնելով տարածքում իրականացված ինքնակամ շինարարությունը, դրանով իսկ փորձելով համայնքին պատճառել օրենքով սահմանված մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամի հասնող վնաս: Հատկանշական է, որ ArmLur.am լրատվական կայքում 2020թ. փոտրվարի 2-ին հրապարակված՝ «Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո» վերտառությամբ տեսանյութում 27ր 19 վրկ-ից սկսված ներկայացվում է նշյալ շինարարական տարածքը եւ հստակ նշվում, որ տարածքում լինելու է թանգարան, այգիներ եւ ռեստորան, մինչդեռ քաղաքապետարան մուտքագրված դիմումները եղել են անասնաշենքի, ապա՝ չորանոցի կառուցման թույլտվություն ստնալու համար: Այնուամենայնիվ, դիմումի մերժման պատճառը սա չի հանդիսացել: Շինթույտվություն ստանալու վերաբերյալ ստացված դիմումին ի պատասխան տրված թիվ 1016 գրությամբ, Էջմիածնի համայնքապետարանը կառուցապատողին հայտնել է, որ տարածքում առկա են ինքնակամ կառուցած շինություններ եւ գործին ընթացք կտրվի ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը ՀՀ կառավարության 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով որոշելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան ՀՀ կառավարության 29.12.2011թ թիվ 920-Ն որոշման հավելվածի 4-ի ձեւ 2-ի դիմումի ձեւաթողթով՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով: Այս գործընթացը շրջանցելու դեպքում համայնքային բյուջեին կպատճառվեր շուրջ 36 մլն ՀՀ դրամի վնաս: Ստացված պատասխանից հետո կառուցապատողը շարունակել է օրենքի խախտումներով շինարարական աշխատանքների իրականացումը: Մասնավորապես՝ 1) շինարարությունը կատարվել է oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում, 2) շինաշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով, եթե շինարարությունն իրականացվել է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց շինթույլտվության, կամ բազմաբնակարան շենքերի ներսում կամ շենքերին կից ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի (մեկ հազարի) 200-ապատիկի չափով: Եթե քաղաքացին շարունակում է ինքնակամ շինաշխատանքները, տուգանվում է աշխատավարձի 2500-ապատիկի չափով: Եթե ապօրինի շինարարություն իրականացնողը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը եւ չի վերացնում հետեւանքները, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան` դատական կարգով շինարարություն իրականացնողին պատասխանատվության ենթարկելու եւ համայնքին հասցված վնասները վերականգնելու համար: Հարգելի հայրենակիցներ, քաղաքապետարանը, առաջնորդվելով բացառապես օրենքով, իրավասու չէր ինքնակամ կառուցված շինությանը տրամադրել քաղաքաշինական փաստաթղթեր: Ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու համար հիմք է հանդիսանում սեփականատիրոջ դիմումը՝ ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին: Սակայն սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված աձի կողմից օրինականացման եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ քաղաքապետարան դիմում չի մուտքագրվել: Ինքնակամ շինություները օրինականացնելուց եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց եւ համապատասխան վճարումները կատարելուց հետո միայն հնարավոր կլինի տրամադրել արդեն իսկ օրինականացված կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու քաղաքաշինական փաստաթղթեր: Համայնքապետարանի աշխատակազմը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել շինարարություն իրականացնող բոլոր անձանց, որպեսզի շինարարությունն իրականացվի օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կարգով: Հայտարարում ենք, որ համայքնապետարանի համապատասխան բաժնի աշախատակիցները շարունակաբար իրականացնելու են օրենքով իրենց վերապահված լիազորությունները, հայտնաբերելու են իրավախախտմամբ իրականացվող ինքնակամ կամ ապօրինի շինությունները, արձանագրելու են դրանք»։
16:47 - 11 մայիսի, 2020
Էջմիածնի քաղաքապետը հերքել է, որ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու թույլտվություն է տվել

Էջմիածնի քաղաքապետը հերքել է, որ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու թույլտվություն է տվել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն երկու օր է՝ մեր «անաչառ» լրատվականները մի հոդված են հրապարակել, որով, ի թիվս այլ հարցերի, բացահայտել են իմ կողմից կատարված մի խայտառակ հանցանք՝ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու «թույլտվություն» տալը: Այդ լուրը մեծ խանդավառությամբ տարածում են մի քանի «ազնիվ հեղափոխականներ»՝ հընթացս փորձելով փրկել հեղափոխությունն իմ սատանայական ճիրաններից. այնքան են խորացել, որ անգամ ինձ 50% փայ են վերագրում այդ բիզնեսում: Այսպես, հարկ եմ համարում իմ համաքաղաքացիներին ներկայացնել մի քանի պարզաբանում (երկար է ստացվելու, բայց խնդրանքս է, որ կարդաք). հողամասը, որի վրա պետք է իրականացվի նախագիծը, ձեռք է բերվել ոչ թե համայնքից, այլ մասնավորից, այս պահին նշված ԱՁ-ին տրվել է միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը դեռ շինթույտվություն չէ. շինթույլտվություն կարող է տրվել նշված հողատարածքի կատեգորիան փոխելու դեպքում միայն, հողի կատեգորիայի փոփոխությունն իրականացվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողից, այնուհետև նոր համայնքի ավագանու որոշմամբ, հողի կատեգորիայի փոփոխության և հետագայում դրա վրա գազալցական կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 4 պետական գերատեսչության, այդ թվում՝ նախարարությունների համաձայնություն (համայնքի դերն այս գործընթացում մեծ չէ) հողի կատեգորիայի փոփոխության դեպքում համայնքի բյուջե վճարվելու է շուրջ 14 միլիոն դրամ, գազալցակայան կառուցելու համար շինարարական թույլտվություն տրվելու է միայն այս ամբողջ գործընթացի ավարտից հետո, և քննարկվող նախագծի իրականացման դեպքում, բացի համայնքի բյուջե վճարվող վերը նշված 14 մլն դրամից, կատարվելու է մեծ ներդրում, և քաղաքում ստեղծվելու է շուրջ 50 աշխատատեղ: Ինչպես տեսնում եք, գազալցակայան կառուցելու թույլտվություն տալու համար երկար գործընթաց է անհրաժեշտ, որում ներգրավված են բազմաթիվ պետական գերատեսչություններ. համայնքի լիազորություններն այստեղ չնչին են: Բացի այդ, հատկապես համավարակի պատճառով առաջացած տնտեսական վիճակի պարագայում ողջունվում է ցանկացած ներդրում և համայնքի բյուջե վճարվող գումար:Վերջում ավելացնեմ, որ մի քանի օր առաջ տվել եմ նաև գազալցակայան կառուցելու մեկ այլ թույլտվություն, բայց դե դրա մասին գրելը շահավետ չէ, քանի որ դրանում ինտրիգ չկա: Նաև նշեմ, որ այս աղմուկը բարձրացնելու պատճառները մի քանիսի մոտ ևս պարզ են. գազալցակայան կառուցելու վաղեմի ցանկություն ունեն նրանց տերերը, պարզապես քանի որ իրենց նախագծի դեպքում չեն պահպանվել անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը, այն մերժվել է: Մեզ համար արտոնյալներ չկան, հովանովորյալներ չկան, այնպես որ, հատկապես այս տնտեսական պայմաններում, եթե ունեք նախագծեր ու գաղափարներ, որոնք չեն հակասում օրենքին, կարող եք առանց երկմտելու դիմել քաղաքապետարան և ստանալ մեր աջակցությունը: Հ.Գ. Ինձ այդ ապագա գազալցակայանում 50% մասնաբաժին վերագրող գրառումները խորհուրդ եմ տալիս ջնջել, այլապես ստիպված կլինեմ դիմել իմ իրավունքների դատական պաշտպանության»։
13:17 - 04 մայիսի, 2020
Իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային․ Դիանա Գասպարյան

Իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան, ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին, լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ նամակները, բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժինի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների, մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները, քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր, իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային, այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն, թվարկումը կարելի է շարունակել: Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք. քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը, գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:»
17:02 - 10 ապրիլի, 2020
Շարունակում ենք կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը․ Էջմիածնի քաղաքապետարան

Շարունակում ենք կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը․ Էջմիածնի քաղաքապետարան

Արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու քաղաքապետարանի նախաձեռնությանը արձագանքել և միացել են ինչպես էջմիածնաբնակներ, այնպես էլ ռուսաստանաբնակ էջմիածինցի գործարար: Այս մասին ասվում է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ։ Քաղաքապետարանը հայտնում է, որ ստեղծված դժվարին իրավիճակում Էջմիածնի բնակչությանն օգնության ձեռք մեկնելու, մարդասիրական գործունեության, ինչպես նաև Էջմիածնի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր աջակիցներին: Քաղաքապետարանը միաժամանակ հայտնում է, որ շարունակում է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ քաղաքապետարանի այս նախաձեռնությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՀՀ ՖՆ 900325151109 դրամային հաշվեհամարին: Ստացված օջանդակությունը կուղղվի ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին սննդի պարենի փաթեթներով ապահովելուն:
22:52 - 09 ապրիլի, 2020
Սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի․ Էջմիածնի քաղաքապետարան

Սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որում ասվում է․ «Բազմազավակ եւ անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի:Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության մեջ հայտնված բոլոր ընտանիքների կողքին:Ծարագիրը կրում է շարունակական բնույթ՝ ելնելով նոր կարիքներից:Կուսումնասիրվի աջակցության համար քաղաքապետարան դիմած դիմումատուների ընտանիքների կարգավիճակը եւ համապատասխան ընտանիքներին կտրամադրվեն անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ:Համավարակի այս օրերին քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաեւ բարերարների եւ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ:Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի»։
15:08 - 09 ապրիլի, 2020
Ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար սահմանվել է ամենօրյա հերթապահություն․ Էջմիածնի քաղաքապետարան

Ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար սահմանվել է ամենօրյա հերթապահություն․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից եւ դիմում ապօրինությունների։Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը:Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը եւ իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ:Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար, սահմանել է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն. ոչ մի ապօրինություն չի վրիպելու քաղաքային իշխանության աչքից:Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը եւ խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաեւ չվտանգելով ձեր եւ ձեր հարազատների առողջությունը:»
11:38 - 03 ապրիլի, 2020
Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական բաժինը։ Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Պատգամն ամողջությամբ՝ ստորև․ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՎ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՏՈՆԻՆ`ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Աստծուց է զորությունն ու փառքն իմ,  Աստված է օգնականն իմ և Աստծու վրա է հույսն իմ»։ (Սաղմ․ 61:8) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան և սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։  Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ  հավատքի և առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ․ 61:8)։ Արդարև, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն և փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, և հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգև զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության  ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։ Սիրելի զավակներ Մեր, այսօր մեր և աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը և հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում և վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, և որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել,  մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր․ 6:18-19)։  Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ և փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգևոր արժեքների կարևորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետևելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսևորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:  Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու Մեր հայցին առ Աստված և խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին և Մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
21:26 - 28 մարտի, 2020
Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Էջմիածնում հավաքվել են կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ մարտի 25-ին ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները: Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները, մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ: միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»,-նշել է Դիանա Գասպարյանը:
20:04 - 25 մարտի, 2020
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի հեղինակին

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի հեղինակին

Սերգեյ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում. 600.000 դիտում1.100 մեկնաբանություն10.000 share/տարածում12.000 ռեակցիա Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի: Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն: Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»:
15:48 - 17 մարտի, 2020