Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, այսօր որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին: Այս մասին հայտնում է Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը: Հիշեցնենք, որ Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, սակայն 2022 թվականի փետրվարի 7-ին կրկին կալանավորվել է։  
18:20 - 02 մայիսի, 2022
Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են

Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2022թ. մայիսի 1-ին ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «РПК» տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև՝ 8 հատ դատարկ պահունակ: Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 02 մայիսի, 2022
Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Հայաստանում Իրանի դեսպան

Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Հայաստանում Իրանի դեսպան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Ինչպես տեղեկացրին մարզպետարանից, հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, եւ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշեց, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։ Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին եւ ասաց, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։ Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։ Դեսպանը ներկայացրեց նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Իրանական կողմը խոսեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին եւս ու տեղեկացրեց, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։ Կողմերը խոսեցին նաեւ հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։ Գեւորգ Փարսյանը հայտնեց, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ եղավ նաեւ մարզկենտրոնի եւ իրանական որեւէ քաղաքի միջեւ քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ դիտարկեցին։
11:56 - 30 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը

 |armenpress.am|

ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում  և մեղավորների պատիժ, ապա խոսք չի կարող գնալ արդյունավետ կանխարգելման մասին: «Մենք միանում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը: Անդրադառնալով Սյունիքում այս պահին ծառացած խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց, որ այնտեղ խնդիրները բազմազան են: «Առաջնայինը անվտանգային և ապահովության միջավայր ունենալն է: Մյուս խնդիրը տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների,  ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են ու, բնականաբար, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, որոնք պաշտպանի մանդատում են»,-հավելեց նա:
11:56 - 24 ապրիլի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում, և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։   Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում:   Այնուհետև, Պաշտպանն այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին:   Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի, սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին:   Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ նաև քննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստում կարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։   Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։   Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։  
14:57 - 14 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. 
«5165» շարժման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. «5165» շարժման հայտարարությունը

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։ Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։ Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։ Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․ Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը»։
10:53 - 14 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

Ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Սյունիք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում։   Այցին մասնակցում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։   Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այցով, որտեղ հանդիպել են Կապանի, Մեղրիի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի՝ Արցախից տեղահանված շահառուներին։   ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպման ժամանակ նշել է. «Պիտի ասեմ, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ ամենակարևոր հինգ առաջնահերթություններից մեկը կանանց տնտեսական, քաղաքական հզորացումն է։ Մեր բնակչության կեսից ավելին կանայք են, բայց երբ նայում ենք, թե ինչպես ենք օգտագործում նրանց ներուժը, հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։   ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ով նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ստեղծման առաջին աջակիցներից է, ներկայացրել է հյուրերին ու ցանցի անդամներին և նշել, որ ցանցի փորձը ճանաչվել է լավագույնը։   Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, դիմելով ներկա կանանց, ասել է, որ հասկանում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվել և բախվում են:   «Մենք այստեղ ենք ձեզ լսելու, հասկանալու համար ձեր դրությունը, թե ինչ կարող ենք անել ձեզ համար, և ինչպես կարող ենք ավելի լավ համագործակցել»,- նշել է դեսպանը։   Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի համար սա առաջին այցն է Հայաստանի մարզեր։ Մշտական համակարգողի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հետաքրքրությամբ կլսեն նաև կանանց առաջարկած լուծումները և թե ինչպես կարող են միասին, հիմնվելով այդ առաջարկվող լուծումների վրա, աշխատանքը մղել առաջ։ Տիկին Փիթրս Յահիան շեշտել է, որ կանանց հզորացումը ՄԱԿ-ի գերակա ուղղություններից մեկն է։   Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ Լիտվայի դեսպանությունը Սյունիքում խթանում է վերականգնվող էներգիայի կիրառումը, բայց նաև, որպես հատուկ ուղղություն, աշխատում է կանանց հզորացման համար։   Կապանի, Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները խոսել են իրենց կենտրոնների անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ու ներկայիս գլխավոր մարտահրավերների մասին և կիսվել իրենց առաջարկած հնարավոր լուծումներով։   Այնուհետև, Կապանի Կանանց ռեսուրս կենտրոնը ցուցադրեց իրենց սոցիալական ձեռնարկության արտադրանքը՝ սպորտային կանացի արտահագուստ և հագուստ։   Իսկ վերջում մտերմիկ քննարկում է անցկացվել կենտրոնների ներկայացուցիչների ու շահառու կանանց հետ։   Վաղը այցը կշարունակվի Կապանի ՄԻՊ գրասենյակում ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, այնուհետև պատվիրակությունը կմեկնի Գորիս։  
20:53 - 11 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք

ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք

44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20 000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4 000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից և Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 2-ին այցելել են Սյունիք: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գորիսի համայնքապետարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը կոնկրետ դեպքերի վերաբերյալ: «Լսեցինք պատերազմի բովով անցած այդ մարդկանց պատմությունները: Նրանց ուղերձները, նրանց ձայնը ցանկանում ենք տանել մեզ հետ խորհրդարան և ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում աշխարհի այս հատվածում»,- ասել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ նշել է. «1991 թ. առաջին պատերազմից սկսած՝ ես ձեր կողքին եմ եղել: Տեսել եմ ձեզ հետ այն ողբերգություններն ու սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում: Տեսել եմ, թե պատերազմում ինչպիսի հանցագործություններ են կատարվել Ադրբեջանի կողմից: Մենք գիտենք, որ դուք շատ եք տառապել: Միշտ հիացել եմ հայ ժողովրդով, դուք ամեն անգամ վերածնվում եք մոխիրների միջից: Դուք միշտ կլինեք իմ սրտում ու աղոթքներում: Ես ձեր կողքին եմ»: Կողմերը համոզված են, որ բարեկամական խմբի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա բազմակողմ հարթակներում համապարփակ համագործակցության ընդլայնման համար:
10:41 - 06 ապրիլի, 2022
Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել
 |armtimes.com|

Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարեն Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Հիշեցնենք՝ զինված միջադեպը տեղի էր ունեցել 2021 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 
16:21 - 04 ապրիլի, 2022
Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան  Էրիկ Ալեքսանյանը: «Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Արդարությունը պետք է հաղթի»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
10:56 - 25 մարտի, 2022
Բազալտի նոր հանքավայր` պտղատու այգիների և Իշխանասարի բնակելի տների հարևանությամբ |hetq.am|

Բազալտի նոր հանքավայր` պտղատու այգիների և Իշխանասարի բնակելի տների հարևանությամբ |hetq.am|

hetq.am: «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Սիսիանի բազալտի հանքավայրը։ Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին։ Միակ հիմնադիրն ու մասնակիցը Արմեն Բադալյանն է։ Վերջինս ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված, նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է։ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։ Արմեն Բադալյանը, հիշեցնենք, նաև «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որը Արամուսում բազալտի հանքավայր է շահագործում։ «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ն ընդգրկված է Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքներում։ Մասնակցել է նաև Վրաստանում կատարվող ճանապարհների վերանորոգման աշխատանքներին։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ժամանակ խիստ զգուշացում է ստացել։ Բաց հանքը 35 մետր հեռավորություն է ունենալու պտղատու այգիներից Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Իշխանասար գյուղի անմիջական հարևանությամբ՝ գյուղի կենտրոնից 700 մետր հյուսիս-արևմուտք։ Իշխանասարը 2017թ.-ին խոշորացել է եւ ընդգրկվել Սիսիան համայնքի մեջ։ Ընկերությունը նախատեսում է հանքավայրը շահագործել 27,6 հա տարածքի վրա, որը շատ մոտ է թե՛ Իշխանասարի պտղատու այգիներին, թե՛ բնակելի տներին։    Մասնավորապես, համաձայն նախագծի՝ Իշխանասար գյուղի բնակելի տարածքները գտնվում են հանքավայրից ընդամենը 260-360 մետր հեռավորության վրա, միջպետական Մ1 ճանապարհը՝ 510 մ, իսկ ընդամենը 35-75 մ հեռավորության վրա պտղատու այգիներ կան։ Google քարտեզով նույնպես հստակ երևում է, որ դրանք մշակված պտղատու այգիներ են։ Ընկերությունը շեշտել է, որ Սիսիանի բազալտների հանքավայրի լեռնաերկրաբանական և լեռնատեխնիկական պայմանները բարենպաստ են բաց եղանակով մշակման համար: Արդյունահանել նպատակադրվել են 20 տարի։ Հայցվող տարածքից 210-615 մ հեռավորության վրա քարտեզագրված են նաև երեք սողանքային մարմիններ, որոնցից երկուսը դասվել են վտանգավորության III-րդ դասի և համարվել են միջին ռիսկային, մեկը՝ II- րդ դասի և համարվել է բարձր ռիսկային Իշխանասար բնակավայրի համար: Հանքավայրի տարածքի մի հատվածն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նշվում է նախագծում` դրանք անջրդի վարելահողեր են և գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր: Ավելի կոնկրետ` հայցվող 27.6 հա հողերը ներկայացված են որպես քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողեր: «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նշել է, որ հայցվող տարածքում ներառված և քաղաքացիների սեփականություն հանդիսացաղ հողերի ձեռք բեռման հարցերը քննարկման փուլում են։ Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը մեր հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ չի հիշում նման բան, որ որևէ մեկը բազալտի հանքավայր բացելու համար իրենց տարածք գար և իր հետ դրա համար կապ հաստատեր։ Քիչ անց, սակայն, նա զանգահարեց և ասաց, որ հիշել է՝ այդ հանքի վերաբերյալ նախորդ տարի հանրային լսումներ են եղել, և բնակիչները կողմ են արտահայտվել։   Շարունակությունը՝ hetq.am-ում  
16:23 - 24 մարտի, 2022
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ. ՄԻՊ

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ. ՄԻՊ

Սյունիք մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՄԻՊ-ի աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Պաշտպանի գրասենյակի Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություն, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։ ՄԻՊ գրասենյակից նշում են. որ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին։
11:49 - 21 մարտի, 2022