Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Արցախի հարցերով հանձնաժողովը ստեղծումն ուղերձ է, որ ՀՀ-ն ձեռքերն Արցախից չի լվացել. Վանեցյան |armenpress.am|

Արցախի հարցերով հանձնաժողովը ստեղծումն ուղերձ է, որ ՀՀ-ն ձեռքերն Արցախից չի լվացել. Վանեցյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իրենց նախաձեռնած Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը համարում է ուղերձ միջազգային ողջ հանրությանը, որ Հայաստանն Արցախից ձեռքերը չի լվացել, Արցախում ապրող ժողովրդի մասին չի մոռացել: Վանեցյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով իրենց նախաձեռնությանը: «44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակը պարզապես թելադրում է  մեզ ունենալ երկրորդ հայկական պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր: Արցախի հետ կապված հարցերը՝ այդ թվում բանակցային, կտրուկ ավելացել են: Այդ հարցերն ընդգրկում են անվտանգային և արտաքին քաղաքական բաղադրիչները, բայց նաև ներառում են հոգևոր, մշակութային, սոցիալական, կրթական և բազում այլ հարցեր: Նման հանձնաժողովի ստեղծումը, սակայն, միայն բովանդակային գործառութային նպատակահարմարության հարց չէ, սա նաև հստակ քաղաքական ուղերձ է՝ իր ապագայով մտահոգ արցախահայությանը, սրտացավ աշխարհասփյուռ հայրենակիցներին, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը»,-ասաց Վանեցյանը: Նա շեշտեց՝ հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է այն մասին, Հայաստանն Արցախի մասին չի մոռացել, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերն Արցախից չի լվացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց: Խմբակցության ղեկավարը հավելեց՝ մշտական հանձնաժողովի կառուցվածքն արտացոլում է նաև տվյալ ժամանակաշրջանի քաղաքական նպատակահարմարությունները և առաջնահերթությունները, գերակայությունները, հեռանկարը՝ հիշեցնելով, որ նման տրամաբանությամբ են ժամանակին ստեղծվել եվրոպական և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովները: Անդրադառնալով դիտարկումներին, որ Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ձևավորելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր հանձնաժողովները զբաղվում են Արցախի հետ կապված հարցերով՝ հիշեցրեց, որ նման հանձնաժողով ժամանակին եղել է խորհրդարանում. Գերագույն խորհրդի կազմում գործել է ոչ մշտական, բայց ժամանակավոր կարգավիճակ ունեցող հանձնաժողով, որը զբաղվել է Արցախի հարցերով:
14:09 - 06 օգոստոսի, 2021
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: ««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները՝ «Հայաստան» խմբակցությունից, որով առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ թե ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար»,-ասաց Մամիջանյանը: Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ Մամիջանյանը նշեց, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կրեցին ծանր, մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն: Նա շեշտեց՝ անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար: Հանձնաժողովը անհրաժեշտություն է նաև Արցախի ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման և իրագործման համար՝ դրանում ՀՀ օրենսդրության լրամշակման անհրաժեշտ կետերի, Արցախի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության ապահովման համար»,-ասաց Մամիջանյանը: Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև  և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը: «Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում  է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,-ասաց նա:
13:17 - 06 օգոստոսի, 2021
ԱԺ-ում առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով |1lurer.am|

ԱԺ-ում առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ), գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ), եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ): ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:  «Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վարդանյանը:
12:08 - 06 օգոստոսի, 2021
Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանում հնչեցնելու է ժողովրդի ձայնը: Սաղաթելյանն այս մասին ասաց իր ընտրությունից հետո: Նա նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած շուրջ 270 հազար քաղաքացիներին: «Դուք մեզ տվել եք մանդատ, մենք պարտավոր ենք ԱԺ-ում լիարժեք ներկայացնել ձեզ: Շնորհակալ եմ նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, բայց մեզ չեն քվեարկել, մենք ներկայացնելու ենք նաև նրանց շահերը»,- ասաց նա: Սաղաթելյանը շեշտեց՝ ԱԺ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով՝ հավելելով, որ իր խիղճն իրեն թելադրում է մտահոգ լինել երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն վիճակին, որը գոյություն ունի: «Եվ իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,- ասաց նա:
11:57 - 06 օգոստոսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ՝ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաև՝ լրագրողական կազմակերպություններից: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի եզրակացությունն ամբողջապես ներկայացնում ենք ստորև: «Տեղի է ունեցել մի քանի քննարկում ՄԻՊ-ի և Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև երկու հաստատությունների աշխատակազմերի միջև: Հարցերը քննարկվել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Պածշտպանը նշել է, որ որպես կարևոր դրական փաստեր՝ ի գիտություն են ընդունվել սահմանափակումների առնչությամբ լրագրողական ՀԿ-ների օգոստոսի 3-ի հայտարարությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի և լրագրողների միջև օգոստոսի 4-ի քննարկումը: Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են որպես ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների մաս: Պարզվել է նաև, որ մինչև դրանց ընդունումը լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել: Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալին. 1. Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին, օգոստոսի 2-ից սկսած, անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացնում: 2. Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայն՝ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Ընդ որում, հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը, ԱԺ նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Հարցն այն է, որ առկա չէ որևէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները, կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը: 3. Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը երկրում ժողովրդավարության հիմքերից մեկի՝ խոսքի ազատության գրավական է: Այն պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է: 4. Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաև քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է: Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի մասին տեղեկություն ստանալը մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Այդ իրավունքը գլխավորապես ապահովվում է լրագրողի աշխատանքով: 5. Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է: Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը: 6. Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ: Այն պետք է հաշվի առնի նաև լրագրողական ոլորտի կազմակերպությունների և մասնագետների դիրքորոշումները: 7. Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը: Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է: Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների: 8. Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ: Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն): Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է: Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում: Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:  Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը: Դա նաև ուղղակիորեն բխում է սենսացիոն կամ «տաք» տեղեկություններ անհապաղ ստանալու քաղաքացու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում: 9. Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը: 10. ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապված՝ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում: Ավելին, բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել ևս այդ հիմքով ներգործության ենթարկելը՝ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով: Նման վառ օրինակ է այսօր՝ օգոստոսի 5-ին, «Panorama.am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրության՝ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Ուստի, ԱԺ աշխատակազմը պետք է այլ հիմնավորումներով՝ բարձր ստանդարտով ցույց տա, թե ինչու չի կարելի լուսանկարել կամ տեսանկարել անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, և լրագրողը (առավել ևս ֆոտոլրագրողը կամ օպերատորը) ինչպես անի, որ դա տեղի չունենա՝ հաշվի առնելով, որ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները տեղակայված են ԱԺ շենքի բոլոր միջանցքներում ու մասնագիտական աշխատանքն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել: 11. Որևէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվում՝ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ: Ազգային ժողովի դեպքում խոսքը գնում է Խորհրդարանի և քաղաքացիների ուղիղ քվեով ընտրված պատգամավորների մասին: Հենց այստեղ, հենց Խորհրդարանի շենքում են բախվում կարծիքներ, ձևավորվում է հանրային դիսկուրս և բանավեճ: Խորհրդարանն է երկրի ժողովրդավարության համակարգի գլխավոր երաշխավորը: Ավելին, գործադիր իշխանության համակարգի այն պաշտոնյաները, որոնք, օրինակ, օրենսդրական ինչ-որ նախագծի քննարկման համար եկել են ԱԺ, պետք է նկատի ունենան, որ լրագրողների հետ հարաբերվելիս նրանք զրկվում են այն «պաշտպանությունից», որ ունեն իրենց վարչական շենքերում աշխատելիս: 12. Վերը նշվածի հետ միասին, լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվում՝ Խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի և նաև հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը: 13. Ուստի, անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները և լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել: Փոխարենը՝ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները: Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
17:01 - 05 օգոստոսի, 2021
Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|

Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար |hetq.am|

hetq.am: Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն այսօրվանից իրավունք չունի մուտք գործել խորհրդարանի վարչական շենք: ԱԺ աշխատակազմը ծանուցում է ուղարկել կայքի խմբագրություն` հայտնելով, որ վերջինս խախտել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները» և լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Լուսանկարիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան տնից խորհրդարան գնալու ճանապարհին է իմացել, որ խմբագրությունը նման ծանուցում է ստացել: Ասում է` լուսանկարել է պատգամավորների` նիստերի դահլիճ մուտքը, երբ վերջիններս հատուկ մետաղորսիչ սարքերով զննության են ենթարկվում: Երբ ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ իրենց չլուսանկարի, զգուշացրել է` շրջվեն, որպեսզի պատգամավորներին կարողանա լուսանկարել: Լուսանկարել է նաև այգում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներին, ասում է` նոր կարգի մասին տեղյակ չի եղել, քանի որ նախկինում միշտ լուսանկարել է այգու տարածքում, այդ թվում` այն ժամանակ, երբ խորհրդարան է եկել վարչապետը: ԱԺ աշխատակազմի գրության համաձայն` Լիլիան Գալստյանը խորհրդարանի առաջին նստաշրջանում ԱԺ մուտք գործել չի կարող, սակայն կարող է դիմել ԱԺ աշխատակազմին` հավատարմագրվելու 2-րդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց` այս միջադեպը չի կարող հիմք դառնալ նշված անձին հաջորդ նստաշրջանում չհավատարմագրելու համար, սակայն հավելեց` հավատարմագրման կարգն ամբողջությամբ պետք է վերանայվի: Սահմանվելու են որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխանելու պարագայում են ԶԼՄ ներկայացուցիչները փոխվելու: Ըստ Գրիգորյանի` ԶԼՄ ներկայացուցիչները նախապես կծանոթանան նույն կարգին, որին կցված կլինեն նաև անվտանգության ռեժիմի նոր կանոնները: Նա վստահեցրեց` լուսանկարչի այս դեպքը  նախադեպ չի դառնա: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:46 - 05 օգոստոսի, 2021
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ անգամ ևս Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ,  կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն  ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը: «Հայաստան» խմբակցությունն էլ իշխանությանը հիշեցրեց իրենց երկու կալանավորված գործընկերների մասին, որոնք կալանավորված լինելու բերումով զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից:  Ընդդիմությունը երկրորդ անգամ կրկին առաջադրել էր Սաղաթելյանի թեկնածությունը:
14:44 - 05 օգոստոսի, 2021
Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը: «Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը, կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը: Սաղաթելյանը տեղեկացրեց, որ 2 հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից: «Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա:
12:12 - 05 օգոստոսի, 2021
Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել |armenpress.am|

Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցով քննարկում չեն ունեցել. իշխանությունից պնդում են, թե ընդդիմադիրները պատրաստ չեն քննարկման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մեր գործընկերներն այս պահի դրությամբ պատրաստ չեն այդ քննարկմանը: Մենք միշտ բաց ենք քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,-ասաց Սիմոնյանը: Եթե ընդդիմությունը որոշի իրեն հասանելիք հանձնաժողովների համար նախագահի թեկնածու չներկայացնել, ապա ԱԺ նախագահի խոսքով, դրանք մեխանիկորեն անցնում են իշխող խմբակցությանը: Կան հանձնաժողովներ, որոնք իշխանությունը գտնում է, որ պետք է անպայման լինեն իրենցը, ունեն որոշում: Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքն ասել էր, թե ավելի ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրվի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենք են որոշել, որ պետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:
11:47 - 05 օգոստոսի, 2021