ԱԺ-ում առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով |1lurer.am|
12:08 - 06 օգոստոսի, 2021

ԱԺ-ում առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ), գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ), եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ), տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ):

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: 

«Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել