Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է իրենց կարծիքներում և դիրքորոշումներում լինել զուսպ և կոռեկտ

ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է իրենց կարծիքներում և դիրքորոշումներում լինել զուսպ և կոռեկտ

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը: Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում: Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ»:
15:26 - 17 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի ԱԳ նախարարին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը: «Անկախ այն փաստից, որ Հայաստանին եւ Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը: Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն. «Մեր երկրների միջեւ բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ փոխաջակցության վրա»: Ալեն Սիմոնյանը գոհունակություն հայտնեց 2019-ին Երեւանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարեւոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաեւ ողջունեց առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստեց. «Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»: Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրեց, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ եւ հույս: «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,-հավելեց հյուրը: Կողմերը խոսեցին նաեւ Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: 
14:36 - 17 օգոստոսի, 2021
Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր  |armenpress.am|

Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր: Ազգային Ժողովի բարձր ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տևական ժամանակ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են արձակում: «Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, և բնակավայրերում հենց լսելի են եղել տարբեր պայթյունների ձայներ ու մարդկանց գիշերային խաղաղ քունը խախտվել, խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է: Փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից սպանվել է 2002 թվականին ծնված շարքային Արմեն Հովհաննեսի Հակոբյանը: Նույն օրը թշնամին սադրանքների է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը»,- ասաց Թովմասյանը: Պատգամավորի խոսքով` ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերը հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի դրանք քաղաքացիական բնակչության համար լինեն ահաբեկող: «Ադրբեջանական կողմի արարքները հանցավոր բնույթ ունեն, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունը և անվտանգությունը»,- ընդգծեց Թովմասյանը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց այն, որ ադրբեջանական զինված ուժերը ամիսներ շարունակ ապօրինի գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, այս իրավիճակից ելքեր փնտրելու, գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ամբողջությամբ ձևավորման պահից սկսած կնախաձեռնի խորհրդարանական լսումներ այս հարցերը քննարկելու համար»,- եզրափակեց Թովմասյանը:
13:27 - 17 օգոստոսի, 2021
Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը |armenpress.am|

Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը |armenpress.am|

armenpress.am: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց  Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Կարեն Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Կարեն Սարգսյանի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: «Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3: Ջրի բացթողնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում սահմանված կարգի համապատասխան: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- ասաց Սարգսյանը: Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գործող հինգ ջրօգտագործող ընկերությունների պայմանագրերով հաստատված 31,4 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարի, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի և Սևանա լճի ջրի բացթողումների միջոցով: «Հայաստանի 12 ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն մ3  , նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ դեֆիցիտը կազմել է 140,8 մլն մ3 : 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ3 , իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ3 , ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ3 : Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21,43 մլն մ3  ջրի դեֆիցիտ»,- եզրափակեց Սարգսյանը:
12:39 - 17 օգոստոսի, 2021
Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցության, եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարաձավ եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանի սպանությանը։ Վերջինս սպանվել է թուրքական օդուժի հարվածից եզդիական Շանգալ քաղաքում։ Հրամանատարից բացի զոհվել է նաև իր զարմիկը և վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Պատգամավորն իր ելույթում մասնավորապես ասաց․  «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանության վրա, որոնք միջազգային հանրության անտարաբերության ու թողտվության պայմաններում շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ չեն ճանաչվել, կանխարգելել և դատապարտվել՝ հետագայում բացառելով նմանօրինակ հանցագործությունների իրականացումը։ Ասեմ, որ Սայիդ Խըդր Հասանը այն եզդի հրամանատարներից է, որը 2014 թվականին, երբ Սինջարում տեղի ունեցավ կոտորած, ցեղասպանություն եզդիների նկատմամբ, նա եզակի մարդկանցից էր, որ կարողացավ զորք հավաքել և իր զորքով փորձել փրկել ցեղասպանությունից և մասամբ հաջողվեց։ Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է և երրորդ եզդի հրամանատարն է, ով զոհվում է թուրքական զինուժի կրակից։ Ասեմ, որ եզդիները ունեն մեծ երազանք, որը այսօր նպատակ է  և մենք գնալու ենք մեր նպատակի հետևից ու թուրքական ներխուժումը այս տարածք ցույց է տալիս իրենց անհանգստությունը այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի կամ որևէ ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից, մենք գնալու ենք դրա ետևից և անկախ նրանից դա թուրքերին դուր կգա, թե ոչ մենք կառուցելու ենք մեր երկիրը»։
12:14 - 17 օգոստոսի, 2021
Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

tert.am: Ելնելով սահմանային լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքը առաջարկում է երկու ընթերցումների արանքում կազմակերպել փակ, գաղտնի կամ բաց քննարկում, ինչպես որոշեք՝ համապատասխան պատասխանատու անձանց կողմից։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նկատեց, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ «Քննարկում կազմակերպենք, իմամանանք իրավիճակը և հասարակության մտահոգությունները փարատենք»,–ասաց նա։ Նույն դաշինքից Անդրանիկ Թևանյանը իր հերթին անդրադարձավ Ալիևի ագրեսիվ վարքագծին։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը վարման կարգով ուշադրությունը հրավիրեց Աֆղանստանի դեպքերին և կարևորեց Հայաստանի արձագանքը։ Նա հետաքրքրվեց Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրից և հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ պաշտոնական պարզաբանում լինի նրանց վերաբերյալ։
11:49 - 17 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է կայացել

Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է կայացել

Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձևի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրին ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները: ԱԺ տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության և անվտանգության, ֆինանսավարկային և բյուջետային, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
13:47 - 16 օգոստոսի, 2021
Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նրա համոզմամբ, պետք է տարբերակել վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից՝ առաջ գնալու համար։ Թագուհի Թովմասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Թագուհի Թովմասյան․ - Յուրաքանչյուր ոք, ով խոսում է ատելության խոսքի, վիրավորանքի և ընդհանրապես այդ դատապարտելի երևույթների մասին, առաջին հերթին սեփական օրինակով պետք է ծառայի՝ դու ինչ ես անում և ինչ պատասխան ես ակնկալում։ Ես ամբողջ կյանքում էդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենսուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության։ «Ազատություն»․ - Իբրև մարդու իրավունքների պաշտպան եք Դուք, քանի որ ղեկավարում եք այդ հանձնաժողովը, պետք է Ձեր նպաստը բերեք դրան, որպեսզի այդ ատելության խոսքը, կամ փոխադարձ մեղադրանքները մտնեն խորհրդարանական օրենսդրական ձևաչափերի, էթիկայի կանոնների մեջ։ Կարծում եմ Դուք էլ այնդտեղ գործ ունեք անելու, տիկին Թովմասյան, այդպես չէ՞։ Թագուհի Թովմասյան․ - Այո, ես համաձայն եմ, որ ես էլ իմ նպաստը պետք է ունենամ, և մենք պետք է իսկապես տարբերակենք վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից, սրանք պիտի տարբերակենք, որպեսզի կարողանանք գնալ առաջ։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
13:20 - 16 օգոստոսի, 2021
ԱԺ-ում  օգոստոսի 17-ին կգումարվի Սևանի հարցով արտահերթ նստաշրջան

ԱԺ-ում օգոստոսի 17-ին կգումարվի Սևանի հարցով արտահերթ նստաշրջան

Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին Սևանա լճի հարցով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքէջը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- նշված է հաղորդագրության մեջ: Օրակարգում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
21:14 - 13 օգոստոսի, 2021
ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը |armenpress.am|

ԱԺ-ի օրակարգում մնացել է Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով, ավարտվում ենք նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը: Մեր օրակարգում մնացել է կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը, որին կանդրադառնանք միայն նոր կազմավորված Կառավարության կողմից գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո»,- ասել էՌուբինյանը: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նիստի օրվա մասին լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: 
19:47 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին |armenpress.am|

ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն ընտրել է 12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները: Ստորև ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների անունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն): Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն): Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն): Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):  
19:45 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ նախագահն ասորական համայնքի ներկայացուցչի հետ համայնք այցելելու պայմանավորվածություն է ձեռք բերել

ԱԺ նախագահն ասորական համայնքի ներկայացուցչի հետ համայնք այցելելու պայմանավորվածություն է ձեռք բերել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության կապերի վարչությունից, Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Ըստ աղբյուրի՝ Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:
18:32 - 12 օգոստոսի, 2021