Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ մենք անկեղծ ու թափանցիկ ենք աշխատում, և այդպես աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ: Պետք է առանձնահատուկ նշեմ ՌԴ պարագան, որի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է՝ ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի, ուժերի, միացյալ խմբավորման մասին, ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակում են հագեցվել ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Գորիսում և Սիսիանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, բացի այդ, ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: «ՌԴ-ի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, ՌԴ-ն ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- շեշտեց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում: «Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին ու ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դատարանների կողմից ազատազրկված քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է եռակողմ հայտարարության ստորագրումից և խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: «Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ ԼՂ-ի և ԼՂ-ում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող շարք է: Եվ ուրեմն, ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով, ներառյալ՝ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Փաշինյանը: Նա հավաստիացրեց՝ քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական  քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, ՌԴ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: «Պետք է ընդգծեմ այն առանձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղացել և խաղում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- նշեց ՀՀ վարչապետը:
12:33 - 24 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում լրագրողները օթյակում բողոքի ակցիա իրականացրին։ Բողոքի ակցիայի առիթը օրերս Աժ խորհրդի ընդունած փոփոխություններն են։ Ըստ այդ փոփոխությունների լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում: Վերջիններս կարող են ԱԺ պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Լրագրողները այս փոփոխությունները համարում են իրենց տեղաշարժի սահմանափակում;  Լրագրողները գրառումներ էին արել պաստառների վրա, և պահել ապակիների մոտ։ Դրանցից մեկի վրա գրված էր՝ «Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։ Անվտանգության աշխատակիցները ժամանեցին օթյակ, և հորդորեցին լրագրողներին ակցիան իրականացնել այլ վայրում։ Լրագրողները շեշտեցին, թե տարիներ առաջ, երբ ձերբակալել էին Նիկոլ Փաշինյանին խմբագիրները ակցիա էին իրականացնում Փաշինյանի համար։ Լրագրող Անի Գևորգյանը անվտանգության աշխատակիցների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։  Լրագրողներից մեկը շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, և այս ակցիայով լրագրողները փորձում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և պահանջում են նրա հետ հանդիպում, որպեսզի Փաշինյանը պատասխանի իրենց հարցերին։  Լրագրող Վահե Մակարյանն էլ շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը արդյունք չի տվել, քանի որ բոլոր սլաքները ուղղվում են կոնկրետ մեկ մարդու, և լրագրողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով են այս սահմանափակումները մտցվել։  Լրագրողներն ընդգծեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց գործընկերն է և հասկանում է, թե ինչպես պետք է կառուցվի լրագրողի աշխատանքը։ Լրագրողների խոսքով իրենք օգտագործել են բոլոր միջոցները հարցի կարգավորման համար, սակայն դրանք արդյունք չեն տվել։  Վահե Մակարյանը, խոսելով լրագրողների անունից, շեշտեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ, այլ բացառապես լրագրողական, և այն արվում է լրագրողների իրավունքների պահպանման համար։  Լրագրողներին մոտեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա ասաց, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցով նախատեսում են մեծ քննարկում կազմակերպել։ «Այդ քննարկումից պետք է դուրս գալ լուծումներով և ոչ թե միայն բողոքել, այլ գտնել երկու կողմի համար ընդունելի լուծումներ։ Ես իմ ելույթով կբարձրաձայնեմ լրագրողների բողոքի ձայնը և կհայտնեմ, որ լրագրողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։  Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
12:15 - 24 օգոստոսի, 2021
Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային, կենսական շահերի հաշվին․ Փաշինյան |azatutyun.am|

Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային, կենսական շահերի հաշվին․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, այսօր Ազգային ժողովում, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին։ «Սա լրջագույն հնարավորություն է՝ ճեղքելու Հայաստանի Հանրապետության շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ Սա պարզ գործընթաց չէ և սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարություններով», - ասաց Փաշինյանը կրկին շեշտելով՝ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին։ «Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը պիտի Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանա՝ Ռուսաստանի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի ճանապարհ ստանա իր Արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», - ասաց վարչապետը։ Փաշինյանը չհերքեց՝ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի շահերի համար։ «Դրա համար կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար, ընդ որում փոխադարձության սկզբունքով՝ ոչ ավել, ոչ՝ պակաս։ Սա մեր անվտանգության ռազմավարական մարտահրավերն է»։ Գործադիրի ղեկավարը նշեց՝ տարածարշջանի կայունությունը և խախաղությունը իրենց երկարատև ռազմավարությունն է, իսկ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություներից է լինելու։ «Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգությնա համար, թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք», - մասնավորապես ասաց Փաշինյանը։
11:45 - 24 օգոստոսի, 2021
Ադրբեջանի հետ անհրաժեշտ  է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,–ասաց նա և նշեց, որ մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ։ «Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի  պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՌԴ–ի խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։ Փաշինյանը նկատեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ–ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար,  այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ–ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,–ասաց նա և նշեց, որ ՀՀ–ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:36 - 24 օգոստոսի, 2021
Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց պայմաններում՝ պատերազմի հետևանքներ, անվտանգային մարտահրավերներ, կորոնավիրուսային համավարակ: «Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը: Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար. Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: «Հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայն դեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն»,-ասաց Փաշինյանը: Վերը նկարագրվածի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով ձեռքբերումներ կան: «Հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին: 3-րդ Հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր: Այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդաանական ընտրություններն հակառակ ազդեցությունն ունեցան: «Ընտրությունների արդյունքներով՝ հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես վարչապետին, նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և հետևաբար նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա: «Գործնական դրևսրումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի դեմ տեղի ունեցած հարձակումների տեսքով: Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից, կամ դիմում միջնորդների, կամ դիմում ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:54 - 24 օգոստոսի, 2021
Փաշինյանն ԱԺ ամբիոնից պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թվեր հնչեցրեց |armenpress.am|

Փաշինյանն ԱԺ ամբիոնից պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թվեր հնչեցրեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: «Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում քննարկում ենք կառավարության ծրագիրը»,- նշեց Փաշինյանը: Նա հավելեց, որ այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլ դրանց պատճառների և ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար:
10:37 - 24 օգոստոսի, 2021
Ազգային Ժողովի նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ազգային Ժողովի նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:  Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:  Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:  ԱԺ նախագահին հետաքրքրել է զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ: ԱԺ նախագահը կարեւորել է կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները:
18:33 - 23 օգոստոսի, 2021
ԱԺ նախագահն ընդունել է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ԱԺ նախագահն ընդունել է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանին և «Լրագրողների Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանին:  Հանդիպումն իրականացել է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվել են հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ (ի դեպ՝ նշյալ կանոնները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տրամաբանությունից): Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է: Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դրանց բնույթը բացառապես անվտագության նորմերից է բխում: Նա հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:
17:43 - 23 օգոստոսի, 2021
Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:  Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:  Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասել է դեսպանը:  Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը: «Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:  Դեսպանը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:  Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:  Զրուցակիցները նաեւ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:
17:35 - 19 օգոստոսի, 2021
Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրադրության վերաբերյալ |armenpress.am|

Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրադրության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ինչպես արևելյան սահմանագոտում, այնպես էլ՝ Երասխ-Սադարակ ուղղությամբ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ: «Ես խմբակցությունների անդամներին ներկայացրի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», - ասել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:
19:41 - 18 օգոստոսի, 2021
Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Այս տարվա հուլիսին ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքային շրջանի վերջում հասցրեց ընդունել մի նախագիծ, որը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ․ խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մի փոփոխության մասին է, որով ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար նախատեսված գումարը 50․000 դրամից դարձավ 250.000 դրամ։  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:  Նախագծի հեղինակները ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են․ Ենգիբարյանի կարծիքով՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, եւ իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրվանից: Իսկ այս գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին արդեն սկսել է առաջին նստաշրջանի աշխատանքները։ Դեռ նախորդ տարվա մարտին եւ հուլիսին Infocom-ը հարցումներ էր ուղարկել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց գործունեության մանրամասներին ծանոթանալու համար։ Ի թիվս մի շարք հարցերի՝ պատգամավորներին խնդրել էինք ներկայացնել, թե մարզային քանի այցեր են ունեցել, քաղաքացիների քանի ընդունելություն են անցկացրել, եւ այլն։ Ի դեպ՝ նախագծի համահեղինակներից միայն Վիկտոր Ենգիբարյանն է պատասխանել հարցմանը, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն առհասարկ չի արձագանքել։ Ստորեւ ներկայացնում ենք, թե 7-րդ գումարման խորհրդարանի՝ հարցմանը մասնակի կամ ամբողջությամբ պատասխանած որ պատգամավորներն ինչ այցեր են կատարել մանդատը ստանալուց մինչեւ 2020թ․ մարտ, ոմանք՝ հուլիս ամիսը, եւ թե ովքեր ընդհանրապես չեն պատասխանել հարցումներին։ 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցություն Infocom-ը հարցումներ էր ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 52-ը մեր հարցումներն ուղղակի անպատասխան էին թողել, իսկ 10-ը՝ հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունները հրապարակված են բաց աղբյուրներում՝ ԱԺ պաշտոնական կայքում, Հայտարարագրերի ռեեստրում, parliamentmonitoring.am հարթակում, եւ որ աշխատավարձերի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ԱԺ աշխատակազմից։ Բաց աղբյուրներից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջարկով արձագանքել են Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը,  որոնք պատգամավոր են նաեւ հիմա, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վահագն Թեւոսյանը, Հովհաննես Իգիթյանը։ Այսպիսով, հարցում ենք ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 62-ը՝ մոտ 73%-ը նամակն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Հարցմանը պատասխանել են 22-ը՝ մոտ 26%-ը։  7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Infocom-ը նույնաբովանդակ հարցումներ էր ուղարկել նաեւ ԲՀԿ խմբակցության բոլոր 26 պատգամավորներին։ Նրանցից 18-ը հարցմանը չէր պատասխանել, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք։ Այս խմբակցությունից հարցմանը չպատասխանած Սերգեյ Բագրատյանը այսօր դարձյալ պատգամավոր է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։   Այսպես, ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից 69,2%-ը չեն պատասխանել հարցերին։  7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Հարցումներ, իհարկե, ուղարկել էինք նաեւ խորհրդարանական երրորդ ուժին՝ ԼՀ խմբակցությանը, որում ընդգրկված էր 18 պարտգամավոր։ Նրանցից ոչ մեկը՝ այդ թվում Էդմոն Մարուքյանը, որ խմբակցության ղեկավարն էր, չեն պատասխանել հարցերին։ Այս քաղաքական ուժը, ինչպես ԲՀԿ-ն, ներկայացված չեն 8-րդ գումարման խորհրդարանում։  Հարցումներին չպատասխանածներից 34-ը այսօր եւս պատգամավոր են՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Մաթեւոս Ասատրյանը, Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Արման Եղոյանը (վրիպակի հետեւանքով պատգամավոր Ա․ Եղոյանի անունը հայտնվել է չպատասխանածների ցանկում, պատասխանի մանրամասները ներկայացված են ստորեւ,- խմբ․), Սեդրակ Թեւոնյանը, Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Հրաչյա Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Կնյազ Հասանովը, Վահագն Հովակիմյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Արսեն Միխայլովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սարգսյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Նրանցից հինգը, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին տեղեկություն հավաքել բաց աղբյուրներց։   Այսպիսով, հարցում էինք ուղարկել 128 պատգամավորի։ Նրանցից ոչ բոլոր պատգամավորներն էին պատասխանել, իսկ ավելի կոնկրետ՝ 30 պատգամավոր պատասխանել էր, մնացյալ 98-ը կամ մոտ 76%-ը՝ ոչ։  Իսկ հարցումներին պատասխանած պատգամավորների պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հիշյալ նախագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանը մեր հարցման պատասխանում նշել էր, որ կազմակերպել է ընդհանուր թվով 20 մարզային այց եւ քաղաքացիների ընդունելություն, վերջինը՝ պարբերանար նաեւ ԱԺ-ում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս ունեցել է մարզային մեկ այց՝ Վայոց Ձոր։ Քաղաքացիների ընդունելություն պատգամավորը կազմակերպել է քաղաքացիների դիմումների հիման վրա՝ անհատական սկզբունքով, իսկ ոլորտային խնդրի դեպքում՝ խմբով։ Ըստ պատասխանի՝ Եղոյանն ընդհանուր առմամբ ընդունել է մոտ 70 քաղաքացու, մասնակցել է մի շարք ոլորտային խնդիրներով մտահոգ քաղաքացիների խմբերի հետ հանդիպումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը հիմա եւս ներկայացված է ԱԺ-ում, պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների 20 ընդունելություն՝ ԱԺ-ում նման քննարկումների համար նախատեսված սրահում։ Նա հայտնել էր, որ քաղաքացիների հետ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում եւ Կոտայքում։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված Հայկ Կոնջորյանը պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների վեց ընդունելություն՝ ԱԺ սրահում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում, որոնց ընթացքում հանդիպել է ավելի քան 300 քաղաքացու հետ, բացի դրանից՝ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքացիների հետ Երեւանում եւ ՀՀ մարզերում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 8-րդ գումարման խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը, ի պատասխան մեր հարցման, հայտնել էր, որ կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբով, այցելություններ է ունեցել Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզեր՝ ընդհանուր ամռմամբ 52 համայնք։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ՝ ՔՊ խմբակցության Ռուբեն Ռուբինյանի պատասխանի համաձայն՝ վերջինս մարզային այցեր չի ունեցել՝ հարցման պատասխանն ստանալու դրությամբ։ «Իմ քայլը» խմբակցության եւ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս հանդիպումներ է ունեցել բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող հարցերով։ Վարդանյանը հայտնել էր օտարերկրյա պաշտոնական այցերի մասին, չէր նշել մարզային այցերի մասին։  7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը մանրամասնորեն պատասխանել էր մեր հարցերին, նշել է, որ 2019-ի հուլիսի 17-ին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել Նոր Նորքի վարչական շրջանի շենքում, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել կազմակերպել մեծ թվով քաղաքացիների համաժամանակյա այլ ընդունելություն եւ հնարավորություն է ունեցել միայն անհատական հանդիպումներ կազմակերպել առանձին քաղաքացիների հետ՝ կոնկրետ խնդիրների առնչությամբ։ Վարդանյանը նշել է, որ այցեր է ունեցել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մի շարք համայնքներում։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը նույնպես ամբողջական էր պատասխանել մեր հարցերին, տեղեկացրել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում։ Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով զբաղվել է Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրներով, Ջավախքում մարզամշակութային միջոցառումների կազմակերպմամբ, ծագումով ջավախքցի մշակութային գործիչների գործունեության աջակցությամբ։  7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության եւ 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցման պատասխանում հայտնել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում, ընդունել է հազարավոր քաղաքացիների, իսկ մարզային այցեր կազմակերպում է գրեթե ամեն շաբաթ, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:  Նախկինում՝ «Իմ քայլը» խմբակցությունից, այժմ՝ ՔՊ խմբակցությունից Գեւորգ Պապոյանից ստացած պատասխանի համաձայն՝ հինգ անգամ է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ունեցել է մարզային երկու այց՝ Արմավիր եւ Արագածոտն՝ քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու համար, ապա նաեւ Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։  «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը, որը հիմա դարձյալ ԱԺ պատգամավոր է, պատասխանել էր, որ անցկացրել է քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ, ունեցել է մի շարք մարզային այցեր։  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոս Ավետիսյանը, Կարեն Սարուխանյանը, Արմեն Փամբուխչյանը, Գայանե Աբրահամյանը, որը եւս այն քչերից էր, որ հարցերին պատասխանել էր ամենայն մանրամասնությամբ, Միքայել Զոլյանը եւ Գոռ Գեւորգյանը եւս ներկայացրել էին իրենց կատարած մարզային այցերի եւ քաղաքացիների ընդունելությունների մասին տեղեկություններ։ Ի դեպ՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Գայանե Աբրահամյանը հետագայում դուրս եկան ֆրակցիայից։ Իսկ 7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հարցմանը պատասխանել եւ իրենց այցերի, ընդունելությունների մասին տեղեկություններ էին ներկայացրել պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը, որը եւս այն քիչ պատգամավորներից էր, որ ամբողջությամբ պատասխանել էր մեր բոլոր հարցերին, Նորա Առուստամյան, Շաքե Իսայանը։ Տիգրան Ուրիխանյանը հետագայում դուրս եկավ խմբակցությունից։ Հարցմանն արձագանքած մյուս պատգամավորներից ոմանք պատասխանել էին ոչ բոլոր հարցերին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որոնք բաց աղբյուրներում կան․ դրանք վերաբերում են նախագծերին, որոնք ներկայացրել են օրենսդիրները, նրանց այցերին, հանձնաժողովներին, որտեղ ներգրավված են եւ այլն։ Այս տեղեկությունները, այո, հնարավոր է հավաքագրել բաց աղբյուրներից, իսկ, օրինակ, մարզային այցերի կամ քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տեղեկություններն, ըստ էության, կարող են հայտնել պատգամավորները։ Որպես օրինակ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից եւ այլ աղբյուրներից դժվար է կռահել՝ վերջինս մարզային քանի այց է ունեցել։ Ամփոփելով՝ նշենք, որ ներկայացված տվյալները վերաբերում են պատգամավորների՝ մանդատը ստանձնելու պահից մինչեւ 2020-ի մարտ եւ հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածին, ուստի այս պահին չենք կարող ասել՝ հարցերին պատասխանած պատգամավորները հետագայում՝ մինչեւ 7-րդ գումարման խորհրդարանի արձակումը այլ այցեր ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եւ քանի որ մյուս պատգամավորներն իրենց ընդունելությունների ու մարզային այցերի մասին տեղեկություններ չեն տրամադրել, չենք կարող գնահատել նրանց՝ այդ մասով գործունեությունը։ Հարկ է նշել, որ հանրային հաշվետվողականության մասին օրենսդրական պահանջ, համենայն դեպս, չկար նախկինում եւ չկա հիմա։ Այսպիսով, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացմանը կողմ է քվեարկել մի խմբակցություն, որի անդմաներից 62-ը՝ մոտ 73%-ը, հարցումն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Բաց աղբյուրներից տեղեկություն հավաքել առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր՝ հարցում ստացած 84 պատգամավորների մոտ 11%-ը, սա այն դեպքում, երբ հայցված տեղեկությունների որոշ մասը հնարավոր չէ ստանալ բաց աղբյուրներից եւ հնարավոր է ստանալ բացառապես հենց պատգամավորից։ Իսկ հարցմանը պատասխանած պատգամավորներից 3-ը նշել են, որ պատգամավորական ծախսերի հիմնական մասը ներկայացնող մարզային այցեր չեն ունեցել։  Հայարփի Բաղդասարյան
16:46 - 18 օգոստոսի, 2021
Լրագրողները խորհրդարանում իրենց գործունեությունը կիրականացնեն հատուկ առանձնացված տեղերում․ ԱԺ խորհուրդն ընդունել է նախագիծը

Լրագրողները խորհրդարանում իրենց գործունեությունը կիրականացնեն հատուկ առանձնացված տեղերում․ ԱԺ խորհուրդն ընդունել է նախագիծը

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Վերջիններս կարող են Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ որոշ փոփոխություններ էլ տեխնիկական բնույթի են: Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելությունը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները: 13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է: Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է:
15:12 - 18 օգոստոսի, 2021