Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
10:54 - 24 օգոստոսի, 2021

Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց պայմաններում՝ պատերազմի հետևանքներ, անվտանգային մարտահրավերներ, կորոնավիրուսային համավարակ:

«Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը:

Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար. Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայն դեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն»,-ասաց Փաշինյանը:

Վերը նկարագրվածի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով ձեռքբերումներ կան:

«Հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին: 3-րդ Հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր: Այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդաանական ընտրություններն հակառակ ազդեցությունն ունեցան: «Ընտրությունների արդյունքներով՝ հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես վարչապետին, նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և հետևաբար նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա: «Գործնական դրևսրումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի դեմ տեղի ունեցած հարձակումների տեսքով: Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից, կամ դիմում միջնորդների, կամ դիմում ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել