Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան»խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

«Պատիվ ունեմ» և «Հայաստան»խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ: Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»:
23:20 - 24 օգոստոսի, 2021
Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Օրեր առաջ նորընտիր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրելի սահմանը փոփոխվեց՝ դառնալով 245 մլն խորանարդ մետր։  Կառավարությունը հավելյալ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորում է սակավ տեղումներից և շոգ եղանակից առաջացած ջրի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ։ Օրենքում փոփոխություն կատարելու սույն նախագիծը թեև թեժ քննարկումներով, սակայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ձայների 57 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քանի որ նոր ձևավորված Ազգային ժողովի 3 խմբակցություններում ՀՀ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներն են և այս հարցի քննարկման ժամանակ համեմատականներ անցկացվեցին նախկին և ներկա կառավարող ուժերի միջև, թե ով ինչպես է կարողացել վերահսկել Սևանա լճից ջրառի իրականացումը և լճի մակարդակի բարձրության պահպանումը, որոշեցինք ուսումնասիրել 20 տարվա կտրվածքով Սևանա լճի բարձրության մակարդակը, ինչպես նաև լճից ջրառի չափերը։ Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է տվյալ տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, այսինքն՝ գետերով ներհոսքներից, տեղումներից և գոլորշիացումներից։ Սևանա լճից ջրառի չափաքանակը 2002-2021 թվականներին 2002 թվականին (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) Սևանից իրականացվել է 99,6 մլն խորանարդ մետր ջրառ, 2003 թվականին՝ 118,31 մլն խորանարդ մետր, 2003-ին՝ 118,31 մլն խորանարդ մետր, իսկ 2004-ին՝ 149,91 մլն խորանարդ մետր։ 2005 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր իրականացնել 150 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 149,55 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառի կարիք չի եղել։ 2006 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր 120 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն իրականացվել է նախատեսվածից ավելի՝ 152,37 մլն խորանարդ մետր։ 2007 թվականին Սևանից ջրառի համար կառավարության որոշմամբ նախատեսված էր 120 մլն խորանարդ մետր, սակայն այդ տարի իրականացվեց նախատեսվածից ավելի՝ 154,56 մլն խորանարդ մետր։ 2008 թվականին (նախագահ՝ Սերժ Սարգսյան) կառավարության որոշմամբ նախատեսված էր նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ՝ 315 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 303,69 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառ չի կատարվել, թեև ի սկզբանե կառավարության որոշմամբ սահմանվածը նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ էր։ 2009 թվականի կառավարության որոշման համաձայն՝ նախատեսված էր 142 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 126,29 մլն խորանարդ մետր։ 2010 թվականին կառավարության որոշմամբ նախատեսված 168,9 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 157,74 մլն խորանարդ մետրը։ 2011 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 168,33 մլն խորանարդ մետրը։ 2012 թվականին կառավարության որոշմամբ դարձյալ սահմանվել էր մյուս տարիների համեմատությամբ բավականին բարձր ցուցանիշ, ինչպես 2008 թվականի դեպքում էր։ Նախատեսված 319,2 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 317,65 մլն խորանարդ մետրը։ 2013 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 169,95 մլն խորանարդ մետրը։ 2014 թվականի որոշմամբ նախատեսված էր 270 մլն խորանարդ մետրի ջրառ, որից իրականացվել է 269,62 մլն խորանարդ մետրը։ Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի՝ 2008, 2012, 2013 և 2014 թվականները համարվել են սակավաջուր տարիներ։ 2015 և 2016 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ։ 2017 թվականի որոշմամբ նախատեսված 270 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 266,75 մլն խորանարդ մետրը։ 2018 թվականին (վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան) կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել էր 170 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն հետո Ազգային ժողովին ներկայացվեց և ընդունվեց 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծ։ Ընդհանուր առմամբ այդ տարի Սևանից իրականացվել է 200,62 մլն խորանարդ մետր ջրառ։ 2019 և 2020 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ, այսինքն՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի առաջացել։ Արդեն այս տարի՝ 2021 թվականին, կառավարության որոշմամբ նախատեսված էր իրականացնել 170 մլն խորանարդ մետրի ջրառ, սակայն ինչպես վերևում նշեցինք, օրեր առաջ ընդունվեց փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ ջրառի թույլատրելի սահմանը դարձավ 245 մլն խորանարդ մետր։ Այսպիսով՝ վերջին 20 տարիներին ամենաշատ ջրառ իրականացվել է 2012 թվականին, ընդ որում, այդ տարում գետերով, Արփա-Սևանով ներհոսքերը և տեղումները ավելի քիչ են եղել, քան գոլորշիացումն ու իրականացված ջրառը, այսինքն՝ գրանցվել է բացասական հաշվեմնացորդ, ինչի հետևանքով էլ լճի մակարդակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի նկատմամբ ցածր է եղել 3 սանտիմետրով։ Սևանա լճի մակարդակը 2002-2021 թվականներին Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի համաձայն՝ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մոնիթորինգ իրականացվում է 4 դիտակետերում։ Ըստ զեկույցի տվյալների՝ լճի մակարդակի իջեցումն սկսել է 1933 թվականից, երբ ջրառի տարեկան քանակը գերազանցել է նրա բնական հոսքին։ 1981-2001 թվականները համարվել են լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ։ 2002-ից սկսած լճի մակարդակն սկսել է բարձրանալ։ Լճի մակարդակը տարվա ընթացքում տատանվում է և ամենաբարձրը դիտվում է յուրաքանչյուր տարվա հուլիսին։ Դիտարկենք Սևանա լճի մակարդակի տատանումները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Այսպես՝ 2002 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը եղել է 1896 մետր 32 սանտիմետր, 2008-ի հունվարի 1-ին՝ 1898 մետր 79 սանտիմետր, այսինքն՝ այդ տարիներին մակարդակը բարձրացել է 2 մետր 47 սանտիմետրով։  2018 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2008 թվականի համեմատությամբ բարձր է 1 մետր 60 սանտիմետրով։ 2019 թվականի հունվարի մեկին լճի մակարդակը 2018 թվականի համեմատությամբ ցածր է եղել 3 սանտիմետրով, սակայն 2020-ին դարձյալ բարձրացել է, և 2021-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, որը 2018-ի համեմատությամբ բարձր է 10 սանտիմետրով։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 մետր և 20 սանտիմետրով։ Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից՝ Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին շարունակաբար բարձրացել է և այս տարվա հունվարի 1-ին նախորդ տարիների համեմատությամբ եղել է ամենաբարձրը, սակայն նախատեսված հավելյալ ջրառի պարագայում հնարավոր է՝ նվազի։ Նարեկ Մարտիրոսյան
18:10 - 24 օգոստոսի, 2021
Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»: ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու հիմքերը, որոնցից և որևէ մեկի տակ չի ընկնում պատգաավորի կողմից իր հարցում (հենց հարցում և ոչ ելույթում) անվտանգության աշխատակիցների մասին հիշատակում անելը: Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային: Եթե չլիներ Ալեն Սիմոնյանի այդ ապօրինությունը՝ չէին լինի հետագա փոխադարձ բղավոցները: Եթե բղավոցներից հետո Նիկոլ Փաշինյանը չասեր, որ «մեղմ են արձագանքում»՝ չէր լինի հետագա էսկալացիան ու բռնությունները, չէր խախտվնի ԱԺ նիստի բնականոն ընթացքը: Եվ ուրեմն խոհրդարանի նիստի բնականոն ընթացքը խախտել է Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ օրհնությամբ ու դրդմամբ: Եվ պետք չի այս ամենը գցել ընդդիմության սադրիչ պահվածքի վրա՝ իշխանությունը պարտավոր է չտրվել սադրանքներին: Հ.Գ. Այս ամենը չէր լինի, եթե Աննա Մկրտչյանը առանց ընդհատվելու ավարտեր իր հարցը (որքան էլ որ այն սադրիչ չլիներ), վարչապետն էլ պատասխաներ կամ չպատասխաներ դրան: Բայց ոչ, Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ (երևի՝ Աժ աշխատասենյակներում կախված վարչապետի լուսանկարները քիչ են), Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, ըստ էության ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»:
17:59 - 24 օգոստոսի, 2021
«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց

«Միլիարդների մասին վստահորդիդ հետ խոսա»․ Փաշինյանի՝ Վարդեւանյանին տված պատասխանից հետո ԱԺ-ում իրարանցում սկսվեց

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ընթերցեց 2020 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարկված մի ձայնագրության տեքստ․ ձայնագրությունը վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցությանը։ Վարդեւանյանը մեջբերեց ձայնագրության այն մասը, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանն ասում է, թե Ստեփանակերտը պահելու համար տասը օր է՝ մարդ են ուզում, բայց տասը օր է՝ Ստեփանակերտը երկու կաղ մարդու հույսին է։ Վարդեւանյանը հարցրեց՝ Փաշինյանը տեղյա՞կ է ձայնագրությունից, եւ արդյոք Փաշինյանը երբեւէ այս հարցով գտնվե՞լ է նախաքննական մարմնում, քանի որ արդեն հարուցված քրեական գործ կա։ Փաշինյանը պատասխանեց, որ ձայնագրությունից տեղյակ չէ․ «Ձեր ասած հանգամանքներից տեղյակ եմ, եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է նաեւ ձեր նկարագրած հանգամանքները հաշվի առնելով։ Ձեր հարցերի մեջ էնքան հակասություն կա։ Ես չեմ հասկացել, մեկ ասում եք՝ հայրենիք կորցնել, մեկ ասում եք՝ պատերազմ կանգեցնել։ Պատերազմը կանգնեցնելը գին է ունենում, չէ՞։ Հիմա ձեր ասած հայրենիքը պահելու համար պետք էր պայքարել, թե՞ պետք չէր պայքարել։ Ժամանակին ասել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն նկատում, որ իրենք իրենց իսկ բարձրացրած մեղադրանքներով չեզոքացնում են իրենց իսկ բարձրացրած մեղադրանքները»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ այս հարցով նախաքննության մարմնում չի եղել․ «Ես եղել եմ ամենամեծ նախաքննության մարմնում, ես կանգնել եմ ՀՀ ժողովրդի առաջ․ դուք ուրիշ ձայնագրություններ, ձեր բոլոր մեղադրանքները ձեր բոլոր հեռուստաընկերություններով, թաքուն, բացահայտ տվել եք, եւ ժողովուրդը գնացել, իր դատն արել է։ Դուք ստիպված եք ժողովրդի դատավճռի հետ հաշվի նստել եւ համակերպվել դրա հետ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ընդդիմադիրները ԱԺ-ում նստած են այդ դատավճռի համաձայն։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Վարդեւանյանն ասաց, թե ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, դատավաճիռ կայացնում է դատական իշխանությունը․ «Դատական իշխանությունը նույնիսկ ժողովրդի՝ ձեր ասած դատավճռի պայմաններում կարող է լրիվ այլ վճիռ կայացնել։ Հիմա ճի՞շտ եմ ըմբռնում, որ միջազգային հանցագործություններ գործած Հիտլերը, եթե վերընտրվեր, ոչ մի բանի համար չպիտի դատվեր։ Սենց տրամաբանություն իրավաբանությունում չկա»,,- ասաց Վարդեւանյանը։ Նա նշեց, որ քրեական գործ կա հարուցված՝ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ուղիղ կապի, 5 միլիարդի մասին։ Փաշինյանը քմծիծաղով պատասխանեց․ «Էդ միլիարդների մասին, կարծում եմ, ճիշտ կանեք՝ ձեր վստահորդի հետ խոսեք (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտպանն էր Վարդեւանյանը,- խմբ․)։ Էնտեղ մարդ կա (ձեռքով ցույց է տալիս ընդդիմադիրների կողմը,-խմբ․), թող գա 5 միլիարդի հետ կապված ասի, բացատրի, վկայություն տա։ Բա որ ժողովուրդը չի կարա որոշում կայացնի, ինչի՞ եք 300 հոգով գնդակահարության որոշումներ կայացնում, բեմադրում (հիշեցնում է ընդդիմադիրների ակցիան, որի ժամանակ բեմադրվում էր Չաուշեսկույի եւ նրա կնոջ սպանությունը,-խմբ․)։ Բա դուք կարաք 3 հոգով որոշում կայացնեք, ժողովուրդը չի կարա 800․000 հոգով որոշում կայացնի՞։ Ժողովուրդը կարող ա դատավճիռ կայացնի եւ իրագործի դատավճիռը, ուրեմն գնդակահարության տեսարանները, որ բեմադրում էիք, հիշեիք՝ ժողովուրդը կարա՞ որոշում կայացնի, թե՞ չի կարա»,,- ասաց Փաշինյանն, ու դահլիճում անմիջապես իրարանցում սկսվեց, պատգամավորները տեղից սկսեցին բղավել ու ռեպլիկներ անել։ Փաշինյանը, դիմելով Վարդեւանյանին, այդ աղմուկի մեջ բղավեց․ «Ու ասում եմ՝ վստահորդիդ հետ խոսա՛, կանդրադառնամ վստահորդիդ միլիարդներին»։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացրեց ու ԱԺ կանոնակարգի հիման վրա նրան նախազգուշացում հայատարարեց։ ԱԺ-ում պատգամավորները բղավոցները չէին դադարում, Սիմոնյանը ստիպված եղավ դարձյալ բարձր գոչել, որպեսզի խմբակցությունների պատգամավորները տեղից չբղավեն։
17:45 - 24 օգոստոսի, 2021
Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննություն է անցնում Հոլանդիայում. Անահիտ Ավանեսյան

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների և մասունքների հայտնաբերումից հետո իրականացվող նույնականացման փորձաքննությունների ժամանակ որոշ բարդություններ են առաջացել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հայտնաբերված մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել: «Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները: 20-ից ավելի մասունք ու աճյուն կրկնակի կամ եռակի փորձաքննություն է անցել արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը:
16:36 - 24 օգոստոսի, 2021
Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին

Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ վարչապետը պատերազմի սանձազերծումը համարում է Արցախի վերաբերյալ մինչեւ հիմա ունեցած ոչ հստակ դիրքորոշումների, շփոթի հետեւանք։ Ռուստամյանը համաձայն է, որ դա այդպես է, բայց ինքը համարում է, որ այդ շփոթն առաջացել է Փաշինյանի ղեկավարման օրոք․ «Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, եւ դա եղել է թե Ղարաբաղի երկու հանրաքվեներով ամրագրված, թե նաեւ հռչակագրերով, որոնք բացառիկ փաստաթղեր են, որ ընդունվել են միաձայնությամբ՝ ՀՀ-ի եւ ԼՂ-ի անկախության հռչակագրերը։ Ըստ այդ մոտեցումների՝ հանրաքվեն փաստել է մի շատ կարեւոր լուծման ուղղություն՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, բայց էնտեղ շատ հստակ հերթականություն է նշված՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ։ Եթե դա լավ չի ընկալվել, դա այլ հարց է, բայց սեւով սպիտակի վրա գրված է, հստակ է։ Ինչ վերաբերում է միացման եւ անկախության հակադրմանը․ միացումը մեզ համար միշտ եղել է ռազմավարական նպատակ, իսկ անկախությունը՝ այդ նպատակին հասնելու մարտավարական հանգրվան»,- ասաց Ռուստամյանն ու շեշտեց՝ Փաշինյանի կառավարության ժամանակ շփոթ է առաջացել․ «Դուք սկզբից եկաք եւ խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետեւ Ղարաբաղի կողմից չեք ընտրվել, եւ պետք է Ղարաբաղը բանակցություններին մասնակցի, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ։ Այսինքն՝ անկախությունը եւ մաիցումն իրար հակադրվում են, հաջորդաբար՝ իրար լրացնում, վերջում ավելի անհասկանալի բան ասացիք՝ էնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին։ Պարզվեց՝ ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին։ Էս հարցն ինչպե՞ս եք դուք ներկայացնում որպես պատմական էնպիսի մի ձախողում, որի արդյունքում ունեցանք պատերազմ։ Շփոթն առաջացել է ձե՛ր ժամանակ»։ Ի պատասխան՝ Փաշինյանը դիտարկում արեց՝ Ռուստամյանը համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է․ «Էստեղ խնդիր եմ տեսնում, որովհետեւ ձեր այդ արձանագրումն ուղղակի համահունչ է Ադրբեջաննի արձանագրմանը, ես չեմ կարծում, որ ճիշտ է՝ ՀՀ ԱԺ-ում այդպիսի դիրքորոշում հնչի։ Դուք ասում եք, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով լուծել է կարգավիճակի հարցը։ Եթե էդպես է, ապա ինչու է ՀՀ-ն, սկսած 2000-ականներից, բանակցել Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով․ քանի՞ անգամ հանրաքվե պետք է տեղի ունենա։ Դուք հակասությունների մասին եք ասում․ էդ ո՞նց է՝ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ էդ նույն տարածքները համարվում են Արցախի մաս, ՀՀ օրենսդրությամբ՝ Ադրբեջանի մաս։ Էդ հակասությունները ի վերջո հասել են կուլմինացիայի»։ Փաշինյանն ասաց՝ այո՛, պատերազմը իրենց ժամանակ է եղել, բայց պատերազմի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը․ «Այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, հայտարարելով երկու բան՝ բանակցային գործընթացը կանգնած է եւ լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են եւ անընդունելի են մեզ համար, եւ երկրորդը՝ մենք այլեւս երկար ժամանակ չպիտի հույս ունենանք, որ Ադրբեջանը թողնելու է ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր մոտեցումը»։ Էդ պատերազմի գալն էս ամբիոնից ուրիշ մարդ է հայտարարել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հակասություններն, այո, եղել են, եւ իր օրոք հասել են կուլմինացիայի։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Ռուստամյանը կրկնեց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է՝ որպես ռազմավարական նպատակ․ «Այ դուք է՛դ չեք կարողացել ընկալել, դրանք զուգահեռ չի կարելի տանել, ե՛ւ ասել՝ անկախ է, ե՛ւ ասել՝ միացում։ Դրանք զուգահեռ չեն կարող լինել, իրար կհակասեն, բայց հետեւողականորեն գնալ հերթականության ճանապարհով, դա եղել է ռազմավարական նպատակ՝ միշտ, բայց որպես մարտավարական հանգրվան, եղել է անկախությունը։ Դուք որեւէ կասկած ունե՞ք, որ եթե հասնեինք նրան, որ Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, միանգամից կհամաձայներ, որ միանան իրար, որովհետեւ չէր ուզի, որ հայկական երկու անկախ պետություններ լինեն, երկու ձայն ունենան ՄԱԿ-ում։ Սրանք հաշվարկված են եղել, դուք եկել եք, էդ ժառանգությունը չեք յուրացրել, ձեր իշխանության պռոբլեմը սա է»։
16:30 - 24 օգոստոսի, 2021
Ասում են՝ Արցախի տարածքների 70%-ը կորսվել է․ ձեր հիշատակած 70%-ի 80%-ը դուք ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս․ Փաշինյանի պատասխանը՝ Տ․ Աբրահամյանի հարցին

Ասում են՝ Արցախի տարածքների 70%-ը կորսվել է․ ձեր հիշատակած 70%-ի 80%-ը դուք ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս․ Փաշինյանի պատասխանը՝ Տ․ Աբրահամյանի հարցին

«Իմ կարծիքով՝ պարոն Աբրահամյանը շատ կարևոր հարց է բարձրացնում, թե արդյոք կարո՞ղ է պատերազմից խուսափելու համար տարածքներ զիջվեն։ Ես ուզում եմ բոլորս շատ լավ հասկականք ու արձանագրենք, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիարկությունը երբեք չի վիճարկել պարոն Աբրահամյանի կողմից հիշատակվող տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը»։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։ «Եթե մենք առաջնորդվելիս լինեինք պարոն Աբրահամյանի տրամաբանությամբ, և հիմա նաև այդ քննադատությունը կա, որ պատերազմից առաջ այդ տարածքները պետք էր զիջել, որ ընդհակառակը, ՀՀ կառավարությունը սխալ է վարվել, որ այդ հանգրվանում ստանձնելով բանակցային գործընթացը՝ չի զիջել այդ տարածքները․․․ Այդ քննադատությունը կա, և ես իմ ելույթում ասացի, որ մեր հայեցակարգային ընկալումներում կան շատ լուրջ ներքին հակասություններ, և հենց պարոն Աբրահամյանի բարձրացրած հարցում այդ հակասությունները արտահայտվում են։ Խոսվում է ուրիշ տարածքների զիջման մասին, նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո Զինված ուժերը հետ են քաշվել այն տարածքներից, որը պարոն Աբրահամյանի ներկայացրած կուսակցությունը, լինելով խորհրդարանական մեծամասնություն, 2010 թվականին այս դահլիճում ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, որով այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, և այն մարդիկ, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքին, կամ որոնց ծնողները հենարան են դարձել այդ օրենքի քննարկման համար, այսօր ասում են, որ Արցախի տարածքների 70 տոկոսը կորսվել է։ Ո՛չ, այդ ձեր հիշատակած 70 տոկոսի 80 տոկոսը դուք ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Դուք եք ընդունել, ուրիշ որևէ մեկը չի ընդունել։ Ես այստեղից ասում եմ անհերքելի փաստեր և ասելու եմ անհերքելի փաստեր, չկա այնպիսի հարց, որին պատասխանելուց ես կխուսափեմ։ Կարող է լինել իրավիճակ, երբ ես կասեմ՝ եկեք այդ հարցի պատասխանը ես բարձրաձայնեմ դռնփակ ռեժիմով, որովհետև դա ՀՀ ազգային անվտանգության հարց կարող է լինել»,- ասաց Փաշինյանը։
15:53 - 24 օգոստոսի, 2021
Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան

Ես՝ որպես վարչապետ, թույլ չեմ տալու ժողովրդավարությունն օգտագործել որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ծրագիրը։ Աժ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծրագիրը, ինչից հետո սկսվեց հարցուպատասխանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր խոսքում անդրադարձավ մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններին և դրանց հետևանքներին։ «Մասնավորապես մի շարք բնակավայրերում՝ Վերին Շորժայի Այրք, Ջաղացաձոր, Գեղամաբագ համայնքների ջրամատակարարումը սնուցող ջրամբարում, որտեղ ջուրը դատարկվել է , հիմա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ուզում էի իմանալ՝ արդյո՞ք այլընտրանքային տարբերակ մշակվել է, թե՞ ոչ,- մանրամասնեց Թովմասյանը։ Իր երկրորդ հարցով պատգամավորն անդրադարձավ Կութ համայնքից՝ ադրբեջանցի զինծառայողներ կողմից հափշտակված 80 գլուխ անասուններին և այն խնդրին, որ մինչև հիմա դրանք չեն վերադարձվել։ Թովմասյանը շեշտեց, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը, խոստումները, տեսականները, բայց ստացվում է, որ տարրական, անվտանգային հարցերը և մարդկանց կյանքի իրավունքը չեն պահպանվում։ «Չենք կարողանում պահպանել նաև նրանց սեփականության իրավունքը։ Ես կուզեի հետաքրքրվել՝ ինչ է սպասում այն գյուղացիներին, որոնք այսօր զրկված են 80 գլուխ անասունից»,- հավելեց Թովմասյանը։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ընդունում է պատգամավորի բարձրացրած հարցադրումների տրամաբանությունը, ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ են վնասվել, ենթակառուցվածքներ են վնասվել։ «Երբ խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք Ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին, և ուզում եմ հիշեցնել, եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց գույքային վնասները վերականգնելու այդ թվում պարտավորությանը, խնդրում եմ այցելեք Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որը 30 տարի եղել է անընդհատ գնդակոծությունների ներքո և Դուք այսօր գյուղը կգտնեք այլ վիճակում։ Կտեսնեք, որ այդ գյուղի ճանապարհները բոլորը ասֆալտապատված են, համենայն դեպս վատ վիճակում գտնվող տանիք չկա և այդպես շարունակ։ Մենք նույն գործընթացը պետք է իրականացնենք մեր բոլոր բնակավայրերում, իհարկե սահմանապահ գյուղերի դեպքում առանձնահատուկ քաղաքականություն և վերաբերմունք կա։ Իսկ ընդհանուր առմամբ տարածքային համաչափ զարգացման խնդրին ես անդրադարձա, իսկ ընդհանուր առմամբ անվտանգային խնդիրների կառավարման և կարգավորման մասին իմ պատկերացումները նույնպես բարձրաձայնեցի»։ Արձագանքի հնարավորությունից օգտվելով պատգամավոր Թովմասյանն անդրադարձավ այսօր ԱԺ օթյակում լրագրողների կողմից իրականացված ակցիային։ Նա փոխանցեց լրագրողների դժգոհությունը։«Լրագրողները փորձում էին Ձեր ուշադրությունը հրավիրել, որպես նախկին լրագրողի, որովետև և՛ ես, և՛ Դուք , և՛ Ազգային ժողովի այլ պատգամավորներ եղել են լրագրող, և մենք աշխատել ենք խորհուրդարանոմ, լուսաբանել ենք ԱԺ աշխատանքները և երբեք այսպիսի սահմանափակումների չենք ենթարկվել, այսպիսի տարբերակված մոտեցում չի եղել, որ օրինակ արգելվի իշխանական խմբակցության մոտով անցնել։ Ես կուզեի Ձեր վերաբերմունքը իմանալ և ի՞նչ պատասխան ունեք լրագրողներին»։ Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված մենք կոնկրետ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, որ լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն, և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը, բայց մենք նաև աննախադեպ, շատ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։ Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի՝ որևէ լրագրող, լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի, կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է։ Եթե ուշադրություն եք դարձրել, ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել եմ, որ ես որպես վարչապետ թույլ չեմ տալու՝ ժողովրդավարությունը, որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ և բոլոր միջոցները ձեռնարկելու եմ, ընդ որում ոչ միայն ձեռնարկելու եմ սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի շրջանում»։ Փաշինյանը խոսքը եզրափակեց՝ անդրարդառնալով պատգամավորի հնչեցրած սահմանամերձ համայնքների վերաբերյալ հարցին․ «Սահմանամերձ համայնքների վերաբերյալ Ձեր ասածը ընդունում եմ, որպես ի գիտություն և ամեն ինչ կանենք, որ այդպես էլ լինի»։
15:37 - 24 օգոստոսի, 2021
Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին

Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին

ՀՀ խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար ի թիվս այլոց հերթագրվել էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն իր խոսքի սկզբում հայտարարեց՝ կառավարության ծրագիրը համարում է ձեւական փաստաթուղթ, ուստի ցանկանում է հիշեցումներ անել։ Նա Փաշինյանին դիմեց ոչ թե ազգանունով կամ պաշտոնով, այլ որպես «Ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած անձնավորություն» եւ ասաց․ «ԱԺ ամբիոնի մոտ կանգնած այս անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության եւ ներքաղաքական իրականության մասին էնպիսի տվյալներ ունի, որ երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը եւ, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիեւը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով ՀՀ անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Սեւանն էլ, Երեւանն էլ, ամեն ինչ իրենցն է, եւ ՀՀ իշխանությունները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որեւէ արձագանք չկա, եւ էս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի ալիեւյան կլանի ղեկավարած իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը, ապա, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ որեւէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու իրականությունը, որը հիմա կա էս դահլիճում․ ուզում եմ ձեզ դրա մասին պատմել․ հիմա էս անձնավորությունը (դարձյալ նկատի ունի Փաշինյանին,- խմբ․), իր հետ դահլիճ ա բերել «ախռանիկներ», որոնք երբեւէ ԱԺ չեն մտել․․․»։ Ելույթի այս հատվածում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց, որին զուգահեռ ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց, ենթադրաբար, ՔՊ խմբակցության պատգամավորների շրջանից, քանի որ Սիմոնյանը նախազգուշացրեց նաեւ այդ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Աննա Մկրտչյանի խոսափողը Սիմոնյանի պահանջով անջատեցին։ Փաշինյանը հարկ չհամարեց արձագանքել Մկրտչյանի ելույթին՝ նշելով, որ իրեն ուղղված հարց չի հնչել։ Նախազգուշացում ստացավ նաեւ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Պատգամավորները շարունակում էին արձագանքներ անել Մկրտչյանի ելույթի առնչությամբ, Մկրտչյանն էլ մի քանի անգամ հնչեցրեց «կապիտուլյանտ» բառը, եւ քանի որ խոսակցությունները չէին դադարում, Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ բղավել «լռությո՛ւն դահլիճում»։ Նա, դիմելով Մկրտչյանին, ասաց, որ մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից զրկում է պատգամավորին։ Հաջորդիվ հարց էր հնչեցնում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, դիմելով Փաշինյանին, ասաց, որ ուզում է լսել նրա վերաբերմունքը ՔՊ-ականների հնչեցրած ռեպլիկների վերաբերյալ, ապա մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո այդ փաստաթղթով չնախատեսված տարածքները հանձնվել են Ադրբեջանին, թե «ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքներն այլ կարգավիճակ ունեին, փաստաթղթով հանձնվող տարածքները՝ այլ կարգավիճակ»։ Աբրահամյանը հիշեցրեց, որ հետո ունեցանք նաեւ Հին Թաղերի, Խծաբերդի հանձնումը, որոնք նախատեսված չէին փաստաթղթով, ապա նաեւ Կովսականի, Սանասարի մի մասի հանձնում, որը նույնպես նախատեսված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթով․ «Հետագայում դուք եւ ձեր տարբեր գործընկերներ նշեցին, որ եղել է պատերազմի վտանգ, եւ այն կանխելու եւ նոր պատերազմ թույլ չտալու համար ստիպված եք եղել գնալ զիջումների․ արդյոք Հայաստանում կամ Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են ենթադրել, որ հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար Հայաստանի կամ Արցախի տարածքներից կարող են նոր շրջաններ հանձնվել»։ Թիմակիցների արձագանքի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, նրանք բավականին զուսպ, ինքը կասեր՝ նույնիսկ մեղմ են արձագանքում։ Այս խոսքից հետո դահլիճում դարձյալ աղմուկ սկսվեց, որը փորձեց սաստել Ալեն Սիմոնյանը։ Նա Աննա Մկրտչյանին հեռացրեց նիստերի դահլիճից՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը։ Նա խնդրեց լքել դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն։ Քանի որ նա չէր հեռանում դահլիճից, անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեցին։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն անմիջապես մոտեցան Աննա Մկրտչյանի աթոռին, որպեսզի անվտանգության աշխատակիցները նրան դուրս չհանեն։ Նիստն ընդմիջվեց։
15:11 - 24 օգոստոսի, 2021
Կառավարությունը պլանավորում է ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին |armenpress.am|

Կառավարությունը պլանավորում է ՊՊԾ-ն դարձնել վարչապետին ենթակա մարմին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրեց ռազմավարական տեսլականը, ըստ որի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում: «ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը համոզված է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը էականորեն ուժեղանալու է: «Գիտեք, որ մի շարք հանգամանքների բերումով այսօր Ազգային անվտանգության ծառայությանը վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեն: Մասնավորապես` հետախուզությունը: Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին»,- ասաց Փաշինյանը:
14:06 - 24 օգոստոսի, 2021
ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ մենք անկեղծ ու թափանցիկ ենք աշխատում, և այդպես աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ: Պետք է առանձնահատուկ նշեմ ՌԴ պարագան, որի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է՝ ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի, ուժերի, միացյալ խմբավորման մասին, ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակում են հագեցվել ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Գորիսում և Սիսիանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, բացի այդ, ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: «ՌԴ-ի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, ՌԴ-ն ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- շեշտեց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում: «Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին ու ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դատարանների կողմից ազատազրկված քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է եռակողմ հայտարարության ստորագրումից և խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: «Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ ԼՂ-ի և ԼՂ-ում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող շարք է: Եվ ուրեմն, ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով, ներառյալ՝ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Փաշինյանը: Նա հավաստիացրեց՝ քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական  քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, ՌԴ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: «Պետք է ընդգծեմ այն առանձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղացել և խաղում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- նշեց ՀՀ վարչապետը:
12:33 - 24 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում լրագրողները օթյակում բողոքի ակցիա իրականացրին։ Բողոքի ակցիայի առիթը օրերս Աժ խորհրդի ընդունած փոփոխություններն են։ Ըստ այդ փոփոխությունների լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում: Վերջիններս կարող են ԱԺ պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Լրագրողները այս փոփոխությունները համարում են իրենց տեղաշարժի սահմանափակում;  Լրագրողները գրառումներ էին արել պաստառների վրա, և պահել ապակիների մոտ։ Դրանցից մեկի վրա գրված էր՝ «Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։ Անվտանգության աշխատակիցները ժամանեցին օթյակ, և հորդորեցին լրագրողներին ակցիան իրականացնել այլ վայրում։ Լրագրողները շեշտեցին, թե տարիներ առաջ, երբ ձերբակալել էին Նիկոլ Փաշինյանին խմբագիրները ակցիա էին իրականացնում Փաշինյանի համար։ Լրագրող Անի Գևորգյանը անվտանգության աշխատակիցների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։  Լրագրողներից մեկը շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, և այս ակցիայով լրագրողները փորձում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և պահանջում են նրա հետ հանդիպում, որպեսզի Փաշինյանը պատասխանի իրենց հարցերին։  Լրագրող Վահե Մակարյանն էլ շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը արդյունք չի տվել, քանի որ բոլոր սլաքները ուղղվում են կոնկրետ մեկ մարդու, և լրագրողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով են այս սահմանափակումները մտցվել։  Լրագրողներն ընդգծեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց գործընկերն է և հասկանում է, թե ինչպես պետք է կառուցվի լրագրողի աշխատանքը։ Լրագրողների խոսքով իրենք օգտագործել են բոլոր միջոցները հարցի կարգավորման համար, սակայն դրանք արդյունք չեն տվել։  Վահե Մակարյանը, խոսելով լրագրողների անունից, շեշտեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ, այլ բացառապես լրագրողական, և այն արվում է լրագրողների իրավունքների պահպանման համար։  Լրագրողներին մոտեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա ասաց, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցով նախատեսում են մեծ քննարկում կազմակերպել։ «Այդ քննարկումից պետք է դուրս գալ լուծումներով և ոչ թե միայն բողոքել, այլ գտնել երկու կողմի համար ընդունելի լուծումներ։ Ես իմ ելույթով կբարձրաձայնեմ լրագրողների բողոքի ձայնը և կհայտնեմ, որ լրագրողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։  Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
12:15 - 24 օգոստոսի, 2021
Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային, կենսական շահերի հաշվին․ Փաշինյան |azatutyun.am|

Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային, կենսական շահերի հաշվին․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Տարածաշրջանի ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, այսօր Ազգային ժողովում, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին։ «Սա լրջագույն հնարավորություն է՝ ճեղքելու Հայաստանի Հանրապետության շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը։ Սա պարզ գործընթաց չէ և սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարություններով», - ասաց Փաշինյանը կրկին շեշտելով՝ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին։ «Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը պիտի Ադրբեջանի տարածքով ճանապարհ ստանա՝ Ռուսաստանի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի ճանապարհ ստանա իր Արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», - ասաց վարչապետը։ Փաշինյանը չհերքեց՝ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի շահերի համար։ «Դրա համար կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար, ընդ որում փոխադարձության սկզբունքով՝ ոչ ավել, ոչ՝ պակաս։ Սա մեր անվտանգության ռազմավարական մարտահրավերն է»։ Գործադիրի ղեկավարը նշեց՝ տարածարշջանի կայունությունը և խախաղությունը իրենց երկարատև ռազմավարությունն է, իսկ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը և կարգավորումը արտաքին քաղաքականության կարևոր ուղղություներից է լինելու։ «Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգությնա համար, թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք», - մասնավորապես ասաց Փաշինյանը։
11:45 - 24 օգոստոսի, 2021
Ադրբեջանի հետ անհրաժեշտ  է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,–ասաց նա և նշեց, որ մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ։ «Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի  պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՌԴ–ի խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։ Փաշինյանը նկատեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ–ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար,  այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ–ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,–ասաց նա և նշեց, որ ՀՀ–ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:36 - 24 օգոստոսի, 2021
Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց պայմաններում՝ պատերազմի հետևանքներ, անվտանգային մարտահրավերներ, կորոնավիրուսային համավարակ: «Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը: Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար. Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: «Հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայն դեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն»,-ասաց Փաշինյանը: Վերը նկարագրվածի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով ձեռքբերումներ կան: «Հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին: 3-րդ Հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր: Այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդաանական ընտրություններն հակառակ ազդեցությունն ունեցան: «Ընտրությունների արդյունքներով՝ հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես վարչապետին, նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և հետևաբար նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա: «Գործնական դրևսրումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի դեմ տեղի ունեցած հարձակումների տեսքով: Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից, կամ դիմում միջնորդների, կամ դիմում ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:54 - 24 օգոստոսի, 2021