Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ ԿԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որտեղ խորհրդի անդամներ ներկայացնելու իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովի խորհրդին եւ կառավարությանը։ Այս իրավասու մարմինների ներկայացուցիչներից ձեւավորվել է մրցութային խորհուրդը, որը 2021-ի հունիսի 22-ին հայտարարել էր ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնիի համար մրցույթ։ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ երկու հավակնորդ է եղել, երկուսն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը, իսկ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, ի վերջո, հաղթոր է ճանաչվել Մարիամ Գալստյանը։ Վերջինը մասնագիտության իրավաբան է, իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ Գալստյանի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ի դեպ, ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է 2019-ի դեկտեմբերի 6-ից։ Մրցութային խորհուրդը ձեւավորվել է 2021-ի փետրվարի 19-ին՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ։Գալստյանն իր ելույթում նշեց, որ հիմա, առավել քան երբեւէ, արդիական է այն գաղափարը, որ կոռուպցիայի անգամ նվազագույն քանակությամբ առկայությունն ուղղակի վտանգի է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը․ «Կարծում եմ՝ այս գիտակցումով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուրս»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։
17:32 - 13 սեպտեմբերի, 2021
Հայկ Կոնջորյանը հրաժարվեց պատասխանել Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետի մասին հարցերին |hetq.am|

Հայկ Կոնջորյանը հրաժարվեց պատասխանել Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետի մասին հարցերին |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի ցանկանում մեկնաբանել Որոտանում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանական անցակետ, ադրբեջանցի ոստիկաններն ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը: «Այս պահին ես կսահմանափակվեմ ԱԱԾ տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի: Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ, և եթե կարիք լինի հավելյալ մեկնաբանության, ես կամ մեր պատգամավորները հավելյալ մեկնաբանություն կանենք: Թույլ տվեք այս պահին սահմանափակվել ԱԱԾ հայտարարությամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կոնջորյանը: Չնայած թեմայի վերաբերյալ մեկ տասնյակ հարցեր հնչեցին, սակայն իշխող մեծամասնության ներկայացուցիչը հրաժարվեց որևէ մեկնաբանությամբ հանդես գալ` նշելով, որ ԱԱԾ հայտարարությունից զատ չի կարող մեկնաբանություն անել: Դիտարկմանը, որ հասարակությունում վրդովմունք կա այն հարցի շուրջ, որ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիներ կան, և այդ խնդիրները չկարգավորած՝ կառավարությունը մտադիր է անկախության տոնին գունագեղ միջոցառում կազմակերպել, Կոնջորյանն ասաց. «Միանշանակ է, որ իշխանություներն ամեն ինչ անում են, որ օր առաջ Հայաստանի տարածքային ամբողջականությունը… սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի, բայց մյուս կողմից գիտեք, որ անկախության 30-ամյակն է լրանում, և մենք՝ որպես պետություն, անցնելով ծանր դժվարությունների միջոցով, ունենալով պատերազմի հետևանքները՝ այնուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը և հանուն մեր ընկած հերոսների որպես հանրություն, պետություն պարտավոր ենք շարունակել մեր պայքարը»: Հայկ Կոնջորյանի կարծիքով` նման միջոցառումներով իմաստավորվում է անկախությունը, և այդկերպ պետությունն իր խոնարհումն է հայտնում ընկած հերոսներին: «Որովհետև նրանք ընկել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորացմամբ և ժողովրդի բարեկեցությամբ»,- ասաց Կոնջորյանը` հավելելով, որ որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:
16:11 - 13 սեպտեմբերի, 2021
Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել խախտումներով: «ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են մեծ խախտումներով: Բացառություն է 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից, և որևէ կասկած, այդ ընտրության հետ կապված, չեմ կարող ասել»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ ընտրությունների իրական թվերի մասին հայտարարություններին: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վարչապետը մշտապես ասել են մի կարևոր բան՝ ընդդիմության խնդիրն էն չի եղել, որ ԿԸՀ-ում ինչ-որ մեկը գուցե ինչ-որ բան է փոխել: Ընդդիմությունը չի կարողացել ընտրատեղամասերում ունենալ բավարար քանակով ներկայացուցիչներ, որոնք այդ արձանագրությունները կստորագրեն, կվերցնեն և կունենան օրինակները, որովհետև ընտրական պրոցեսներին ծանոթ մարդիկ գիտեն, որ ԿԸՀ-ն ստանում է այդ արձանագրությունները, գումարում է թվերն ու հայտարարում դրանք: Այ, եթե դուք՝ ընդդիմությունը, նաև մենք, դա մեր սխալն է եղել ընդդիմության ժամանակ, երբ մենք հնարավորություն ենք ունեցել ապահովել այդ 2000 ընտրատեղամասում  մեր ներկայացուցիչներին և ստանալ այդ արձանագրությունը, կարելի է ուղղակի նստել, գումարել ու ստանալ ընտրությունների իրական պատկերը: Միշտ եղել է մի թիվ, ԿԸՀ-ն ասել է, որ հավաքել է իշխանությունը ենթադրենք էսքան ձայն, ընդդիմությունը՝ էսքան, ընդդիմությունը վեր է կացել, ասել՝ չէ, չի հավաքել, բայց չի ասել, թե իրական թիվը որն է»,- ասաց Սիմոնյանը:
15:45 - 13 սեպտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանին 3-րդ անգամ չընտրեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Արթուր Ղազինյանին 3-րդ անգամ չընտրեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Պաշտոնում առաջարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հանձնաժողովում հարցը քննարկվում է երրորդ անգամ, այսօր՝ արտահերթ նիստով․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախորդ երկու անգամներին չի ընտրել Ղազինյանին։Վերջինս քննարկման սկզբում զարմանք հայտնեց, որ նիստի օրակարգում այլ հարցեր ներառված չեն։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, ի համեմատ Հայաստանի անվտանգային խնդիրների, հարյուրերորդական նշանակություն ունի։ «Այս պաշտոնը Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան կարեւորություն չի ունեցել։ Որեւէ մեկդ հիշո՞ւմ է 6-րդ կամ 7-րդ գումարման այս հանձնաժողովի փոխնախագահի անունը։ Թե ինչով է պայմանավորված այս հարցի այս աստիճան սրումը եւ քաղաքականացումը, կարծում եմ՝ ակնհայտ է՝ պայմանավորված է իմ անձով, բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ վաղվա լիագումար նիստում ինքը համապարփակ գնահատական կտա․ «Իսկ հանձնաժողովն այսօր պետ է ձեռնամուխ լինի մեր երկրի ու քաղաքացիների անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը, քան նախագահի տեղակալի ընտրությանը»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով Ղազինյանին, հարցրեց՝ արդյոք վերջինս ինքնաբացարկ հայտնելու բարոյական պատասխանատվություն չի՞ զգում, որպեսզի այլ թեկնածու ներկայացվի, ընտրվի կամ չընտրվի, եւ հանձնաժողովն անցնի իր բնականոն աշխատանքին։Ղազինյանը պատասխանեց, որ իր ինքնաբացարկ չհայտնելը չի խանգարում նիստի օրակարգում այլ կարեւոր հարցեր ներառել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանն էլ կարծիք հայտնեց, որ տպավորություն է, թե խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմության թեկնածուին չընտրելով փորձում է կաթվածահար անել հանձնաժողովի աշխատանքները, որպեսզի կարեւոր խնդիրները չքննարկվեն։ Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն էլ իր կարծիքը հայտնեց, թե ինչու է իր համար Ղազինյանի թեկնածությունը խնդրահարույց։ Նա հիշեցրեց վերջինի ֆեյսբուքյան գրառումներից մի քանիսը, օրինակ, երբ Ղազինյանը Փաշինյանին անվանել էր Չաուշեսկու, կամ գրել էր, որ պատերազմում տասնյակ հազարավոր զոհեր են եղել։ Քոչարյանը շեշտեց, որ այդ «տասնյակ հազարավորն» ուղղակի ապատեղեկատվություն է։ Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի փոխնախագահը միայն մեկ առավելություն ունի մյուս անդամների նկատմամբ, որ հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ինքն է վարում նիստերը։ Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց, որ փոխնախագահի չընտրության պարագայում հանձնաժողովի աշխատանքները կանգ չեն առնում։ Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, սակայն Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց։ «Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կա՛մ Ձեր, կա՛մ այլ պատգամավորի թեկնածություն։ Կարծում եմ՝ «Հայաստան» խմբակցության քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»,- այս ասելով՝ նիստի ավարտը հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
14:59 - 13 սեպտեմբերի, 2021
Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց |1lurer.am|

Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» խմբակցության նախագիծը: «Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և ԱՀ-ի ԱԺ նախագահները: Այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասն արդեն իսկ ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված են այլ հանձնաժողովներին»,- իր ելույթում մեկնաբանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել էր ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։ Վլադիմիր Վարդանյանը կոչ էր արել գործընկերներին ձեռնպահ քվեարկել: «Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոչ թե մերժել այս նախագիծը, որովհետև սա շատ վատ մեսիջ կլինի նաև մեր արցախյան գործընկերներին, այլ պարզապես ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,- ասել էր Վարդանյանը:
11:53 - 13 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգիստն ու Արցախ չգնալը |hetq.am|

Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգիստն ու Արցախ չգնալը |hetq.am|

hetq.am: Օրհներգի հնչյունների ներքո այսօր մեկնարկեց ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց՝ հնչեց այն օրհներգը, որը ջանասիրաբար առաջարկում էր փոխել ԱԺ գործող նախագահը: Մանուկյանը պնդեց, թե նախորդ նստաշրջանում Ալեն Սիմոնյանը գերազանցել է իր լիազորությունները և կամայական դիտողություններ արել ընդդիմադիր պատգամավորներին: Մանուկյանը հույս հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հետայսու այդպես նիստը չի վարի՝ համոզմունք հայտնելով, որ Սիմոնյանը հունական կղզում լարվածությունը թոթափած կլինի, որի վերաբերյալ համացանցում լուսանկարներ կային: Այս խոսքերից հետո Սիմոնյանը չարձագանքեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնացել Արցախի Հանրապետություն, իր խոսքով` «այն ինչ մնացել է Արցախից», անկախության 30-ամյակի տոնական միջոցառումներին, այլ դրա փոխարեն ՔՊ-ական երկու պատգամավորների հետ հունական կզղում են հանգիստն անցկացրել: Մանուկյանը հարցրեց` Ալիևի նախազգուշացումից են վախեցել, թե՞ գերի ընկնելու հեռանկարից: Ալեն Սիմոնյանն արձագանքեց` Արցախ բավականին ներկայացուցչական պատվիրակություն է գնացել, ապա հավելեց` ինչ վերաբերում է իր մասնավոր կյանքին ու դեղին մամուլին, չի մեկնաբանում: Արեգնազ Մանուկյանը հակադարձեց` Սիմոնյանի եկամուտների հայտարագրի համաձայն` վերջինս նման թանկարժեք հանգիստ չէր կարող ունենալ, Մանուկյանը հետաքրքրվեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում` նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել: «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»,- ասաց Սիմոնյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս անդրադարձավ Սյունիքում ստեղծված վիճակին` պնդելով, որ այդ հարցը հրատապ է: Գրիգորյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հարցրեց, թե արդյոք քաղաքացիները կարող են Կապան-Գորիս ճանապարհով երթևեկել, արդյոք այդպես անվտանգ է: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
11:33 - 13 սեպտեմբերի, 2021
20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում: «Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական ՀՀ դրամի չափով»,- մանրամասնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձի համար Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի տարբեր մասերով: Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: 20 մեղադրյալներից 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքրի 72-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված` գործուն զղջալու հիմքով, իսկ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 10 սեպտեմբերի, 2021
Այս նախագիծը մեզ չի մոտեցնում հայանպաստ այդ ուծումներին. Վարդանյանը՝ ընդդիմության նախագծի մասին |armenpress.am|

Այս նախագիծը մեզ չի մոտեցնում հայանպաստ այդ ուծումներին. Վարդանյանը՝ ընդդիմության նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, իշխանական խմբակցությունը դեմ է արտահայտվում՝ հիշեցնելով ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, ՀՀ ԱԺ բոլոր հանձաժողովների՝ Արցախի հարցով զբաղվելու իրավասության մասին: Համապատասխան նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Վարդանյանը հիշեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում հանձնաժողովների ձևավորման ընթացքում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, որը, սակայն, մերժվել էր: «Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- ասաց Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ առանձին հանձնաժողով չստեղծելու իշխանության արգումենտներից մեկը դեռև 1998 թվականին ՀՀ-ի և Արցախի խորհրդարանների միջև  ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի առկայությունն էր: Պատգամավորը հավելեց, որ 1998 թվականից հանձնաժողովի բազմաթիվ նիստեր են եղել, բայց վերջին նիստը բուն այդ թեմայով եղել է 2019 թվականի մայիսին: Նա կարևորեց այդ հանձնաժողովի ստեղծմամբ թե՛ հարևան երկրներին, թե՛ միջազգային հանրությանն ազդակ ուղարկելը: Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն իր կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Այս նախագծով առաջարկվում է լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է ՀՀ-ի և Արցախի միջև ձևավորված և արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի»: Վարդանյանը շեշտեց, որ ՀՀ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով: Ըստ նրա՝ նախագիծն ունի առավելապես ներպետական սպառման բովանդակություն: «Արտաքին իրավաքաղաքական հարթությունում այս փոփոխությունը որևիցե եղանակով նույնիսկ մեկ քայլ չի մոտեցնում Արցախի հարցի կարգավորմանը: Այո, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չէ, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա»,- նշեց նա: Նա ըդգծեց, որ անկախ քաղաքական պատկանելիությունից պատրաստ են արտաքին քաղաքական դաշտում ուս ուսի տված Արցախի հարցի հայանպաստ կարգավորման համար պայքարել ցանկացած հայի հետ՝ թե՛ իշխանակական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների: «Բայց, այդուհանդերձ, մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար բոլորին, նախևառաջ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին: Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, այն որևիցե բան չի փոխում, մենք արձանագրում ենք այն, ինչ շուտվանից կար»,- ասաց հանձնաժողովի նախագահն ու առաջարկեց ձեռնպահ մնալ այն ընդունելուց:
13:01 - 10 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը

ՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԺ-ից՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Երկուստեք արձանագրվել է, որ վերջին տարիներին միջխորհրդարանական փոխգործակցությունը որակապես նոր փուլում է, ակտիվացել են փոխայցերը: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ նոր գումարման Ազգային ժողովն իր գլխավորությամբ կշարունակի կյանքի կոչել համագործակցության խորացմանը միտված բոլոր պայմանավորվածությունները: Օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի դերակատարությունը: Անդրադառնալով միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը` Ալեն Սիմոնյանը նշել է շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը փաստել է, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարեւորում է նաեւ երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջեւ աշխատանքային կապերը: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին եւ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի համար: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Շվեդիայի հետ փոխգործակցությանը` ԱԺ խոսնակը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը` նշելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում  է Շվեդիայի աջակցությունը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ է հիշել իր այցը Հայաստան: Նա կարեւորել է այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններին` Անդրեաս Նորլենը շնորհավորել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Անդրեաս Նորլենը պատրաստակամություն է հայտնել ներդնելու բոլոր ջանքերը Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման գործում ոչ միայն երկկողմ, այլեւ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին` փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների եւ համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերով տարվող աշխատանքների մասին և խնդրել գործընկերոջը՝ նպաստել պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն:
17:54 - 09 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչի հետ․ կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչի հետ․ կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Միջպետական և միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարևորվեցին փոխայցերը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման և հետագա համագործակցության համար: Մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:                                                                        Կողմերը մանրամասն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ: Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջև գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը:
15:51 - 09 սեպտեմբերի, 2021
Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմական իրավիճակում ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքները

Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմական իրավիճակում ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքները

Սեպտեմբերի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՄՆ Սերգեյ Ղազարյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։ Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։
16:01 - 06 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձեւաչափով եւ հագեցած օրակարգով: Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների եւ ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը եւ շրջակա  միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին: Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական խորագիր կրող հարցերին՝ լավագույն փորձի վերհանման նպատակով: Համաժողովի օրակարգում է նաեւ հակահամաճարակային  միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել  «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը», «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաեւ Միջխորհրդարանական միության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը: Սեպտեմբերի 9-ին կայանալիք Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ահաբեկչությունից տուժածների իրավունքների ու կարիքների ուսումնասիրությունը եւ անդրադառնալով տուժածներին՝ պատգամավորների կողմից վերաինտեգրման հարցում ցուցաբերվելիք օգնությանը: Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:
14:56 - 06 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ սենատորին

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ սենատորին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատել է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն. Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց:  ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար: Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ: Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձել է անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:
14:51 - 06 սեպտեմբերի, 2021