Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ ԿԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։
Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որտեղ խորհրդի անդամներ ներկայացնելու իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովի խորհրդին եւ կառավարությանը։ Այս իրավասու մարմինների ներկայացուցիչներից ձեւավորվել է մրցութային խորհուրդը, որը 2021-ի հունիսի 22-ին հայտարարել էր ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնիի համար մրցույթ։ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ երկու հավակնորդ է եղել, երկուսն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը, իսկ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, ի վերջո, հաղթոր է ճանաչվել Մարիամ Գալստյանը։
Վերջինը մասնագիտության իրավաբան է, իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ Գալստյանի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի դեպ, ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է 2019-ի դեկտեմբերի 6-ից։ Մրցութային խորհուրդը ձեւավորվել է 2021-ի փետրվարի 19-ին՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Գալստյանն իր ելույթում նշեց, որ հիմա, առավել քան երբեւէ, արդիական է այն գաղափարը, որ կոռուպցիայի անգամ նվազագույն քանակությամբ առկայությունն ուղղակի վտանգի է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը․ «Կարծում եմ՝ այս գիտակցումով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուրս»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։
comment.count (0)