Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին: Լրատվամիջոցը գրում է, որ վարձկանների ընտանիքի անդամներին հանդիպել է թուրք-սիրիական սահմանային անցակետում, երբ նրանք սպասելիս են եղել շուրջ 53 սիրիացի սպանված տղամարդու դիերին, որոնք սպանվել են շուրջ 600 մղոն հեռու գտնվող Արցախի և Ադրբեջանի շփման գծում: Սպանվածների հարազատների խոսքով` նրանք վարձկաններ են եղել, որոնց Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները հավաքագրել են Սիրիայում և ուղարկել Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար: Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է առաջացրել այն կապակցությամբ, որ այս հակամարտությունը կարող է արագ սրվել՝ ներառելով Թուրքիային ու Ռուսաստանին և ապակայունացնել Իրանի ու Վրաստանի վիճակը: Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելը, սակայն վարձկաններն իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց ամսական աշխատավարձը խոստացել են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, իսկ իրենք Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից:
00:57 - 15 հոկտեմբերի, 2020
Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: Այս մասին Սինանյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, ապականել են ամբողջ հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով Արցախում տեղի ունեցողի մասին: Սրա հիմնական հակակշիռը մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքներն են, որոնք շատ ինտենսիվ են, բավական արդյունավետ և, որի անհրաժեշտությունը մենք շատ ենք զգում»,- ասաց Սինանյանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը: «Սփյուռքում աշխատում են բոլորը, այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեզ ցանկալի արդյունքին: Տարբեր երկրներում տեղի են ունենում ցույցեր, կան նաև նախաձեռնություններ տարբեր մակարդակներով, որպեսզի մենք հասնենք երկու կարևոր նպատակի` Արցախի անկախության ճանաչում ու թուրք-ադրբեջանական, ահաբեկչական գործողությունների դատապարտումը տարբեր պետությունների կողմից»,- նշեց Զարեհ Սինանյանը:
23:57 - 14 հոկտեմբերի, 2020
Reuters-ը հաղորդում է՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին |azatutyun.am|

Reuters-ը հաղորդում է՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները իր դաշնակից Ադրբեջանին, ընդ որում, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս ավելացել և հասել է 77 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը: Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ: «Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ: Այսպես, անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին, մինչդեռ, այդ ցուցանիշը հասել է 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից ընդամենը 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Նույն այդ վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղն է գրավել Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից: Թուրք փորձագետ Թուրան Օգուզն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է մի ընկերություն, որը գործարկել է Սելչուկ Բայրաքթարը, ով 2016 թվականին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ:
21:31 - 14 հոկտեմբերի, 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:    Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
21:09 - 14 հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին: Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում: - Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել: Լրագրող -Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները: - Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում: Լրագրող- Գրեթե մեկ շաբաթ: - Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը: Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք: - Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: Լրագրող- Սակայն, կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև: - Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է: Լրագրող- Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր: - Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց: Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից: - Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և՝ Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ: Իհարկե, նրանք արդարացումներ են բերում, նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել: Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում: - Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները: Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ: - Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին: Հարց- Ի՞նչ կարող է անել Գերմանիան: - Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն: Հարց- Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար: - Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ... Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ: - Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները... - Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը: Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից: - Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից: Հարց- Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել: -Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ: Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով: Հարց- Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին: -Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն: -Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը: Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից, նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր: Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին: 65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը: Հարց- Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն: -Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել: Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի: Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո: Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը: Հարց- Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան: -Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք: Հարց- Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք: -Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը: Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:
15:15 - 14 հոկտեմբերի, 2020
Թուրքիան, ըստ ՀՀ արտգործնախարարի, տարածաշրջանում ապակայունացնող, ագրեսիվ դերակատարություն ունի

Թուրքիան, ըստ ՀՀ արտգործնախարարի, տարածաշրջանում ապակայունացնող, ագրեսիվ դերակատարություն ունի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին․ Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին. «Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով հասնել գեթ ինչ-որ մի բանի։ Եվ այս ամբողջ ընթացքում չեն դադարել քաղաքների, մասնավորապես՝ Ստեփանակերտի վրա հարվածները։ Ռմբակոծումները շարունակվել են մինչև առավոտ, կիրակի օրը նույնպես այս ամենը շարունակվել է։ Կրակել են նաև այսօր [երկուշաբթի] ամբողջ օրվա ընթացքում»։ «Եթե ամփոփենք, ապա կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, սակայն և ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը։ Առաջին քայլը կրակի դադարեցումն է մարդասիրական նպատակներով։ Երկար աշխատանքից հետո, Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների ներգրավվածությունից հետո, Ռուսաստանի նախագահի անմիջական ներգրավվածությունից հետո (նրա կողմից հսկայական ջանք է ներդրվել՝ աշխատանքներ իրականացնելու երկու կողմերի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ) մենք Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կարողացանք հասնել դրան։ Եվ դա կորցնելը շատ վտանգավոր է։ Խորհրդակցություններ են անցկացվում և Կարմիր խաչի, և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը՝ թույլ չտալով ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ այս առումով վերֆիկացիոն մեխանիզմները մնում են չափազանց կարևոր։ Հետագա քայլերի և վերիֆիկացիայի մասին. «Ես հիմա շատ զգույշ կլինեմ, քանի որ կարևոր է հասնել դրան։ Այո, քննարկվում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի համախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Ռուսաստանը իր կողմից նույնպես շատ արդյունավետ դեր է խաղում։ Թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը հանդես են եկել և շարունակում են հանդես գալ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման օգտին, բայց արդեն երկար տարիներ է՝ մենք բախվում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն որևիցե մեխանիզմների ներդրման հարցի մերժմանը»։ Ջեբրայիլի շրջանում տիրող իրավիճակի մասին. «Այսօր տեղին չէ խոսել որևէ վերահսկման մասին։ Եղել է Արցախի պաշտպանական բանակի ուժերի դիրքերի ճեղքում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հակառակորդ կողմի որևէ հաջողություն կանխելու նպատակով, պաշտպանական ուժերը ետ են մղում հակառակորդին: Կատարվում է դիրքավորում: Այս երկու շաբաթների ընթացքում հակառակորդը գործի է դրել իր ողջ կարողությունը՝ օդուժ, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ, և այդ ամենը՝ Թուրքիայի ուղղակի և անվերապահ աջակցության պայմաններում, որը ռազմական սարքավորումներ և տեխնիկա, F-16-եր է մատակարարում, հատկացնում է հրամանատարական կադրեր, օդային կառավարում: Ավելին, Սիրիայից և Լիբիայից արտահանված ահաբեկիչների առկայությունը լիովին փոխում է համատեքստը [հակամարտության]: Սակայն այս երկու շաբաթվա ընթացքում Արցախը ցույց տվեց, թե ինչ է պաշտպանությունը և ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքը և պատմական հայրենիքը: Մոսկվայում հոկտեմբերի 9-ից 10-ի բանակցությունների մասին. «Բանակցությունները վերաբերում էին շատ բարդ և շատ զգայուն հարցերի: Բազմաթիվ կետեր կային բազմաթիվ տարբերակներով՝ թե հարցերի ինչպիսի շրջանակ կարող ենք ուրվագծել, ինչ հերթականությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել: Պահանջվեց 11 ժամ, որպեսզի կարողանանք հասնել այս չորս կետերին, որոնք արտահայտված էին համատեղ հայտարարության մեջ: Եվ այս գործում, կարող եմ ասել, Սերգեյ Լավրովը շատ կարևոր դեր խաղաց: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այս փուլում զերծ մնալ մանրամասները մեկնաբանելուց: Հիմա ինձ համար ավելի կարևոր է արդյունքի հասնելը: Կան հարցեր, որոնց շուրջ մենք չունենք որևէ համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, բայց ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հարցին մոտենանք ամենայն պատասխանատվությամբ, մեր ժողովուրդների առջև պատասխանատվությամբ»: Բանակցային գործընթացում Արցախի չմասնակցության վերաբերյալ. «Անհնար է Արցախին բացառել գործընթացից, քանի որ հարցը վերաբերում է հենց Արցախին, այն վերաբերում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը: Կան իրողություններ, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ներկայացվում ադրբեջանական քարոզչության կողմից: Եվ սա, ի դեպ, ընդունում են բոլորը՝ և՛ համանախագահները, և՛ կողմերը. Արցախն ունի իր ձայնը: Այն, որ Արցախը բանակացային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք, մեր հերթին, չենք աշխատում նրանց հետ: Բայց եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ մենք զանգում ենք Արցախ և հրամաններ ենք արձակում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանի, Արցախի, մեր կյանքի, մեր փոխհարաբերությունների իրողությունը: Մենք չենք կարող հրամաններ տալ Արցախին, այլ միայն կարող ենք աշխատել նրա հետ: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք որոշել մի բան, պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ և դնել սեղանին՝ առանց Արցախի համաձայնության: Ադրբեջանի քարոզչության մեջ Արցախի ներգրավվածության հարցի այդքան սրացման պատճառն այն է, որ նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական հակամարտություն» է, որտեղ Արցախն ընդհանրապես գոյություն չունի: Բայց իրողություններն այլ են»: Թուրքիայի դերի մասին Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է [չնայած նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ], որ կարգավորման գործընթացում կարող է որևէ դեր խաղալ Թուրքիան։ Այո, Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում։ Բայց դա դրսևորվում է Հարավային Կովկաս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականության արտահանմամբ, Ադրբեջանին ագրեսիվ միակողմանի աջակցությամբ և տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ ներմուծմամբ։ Մեզ նմանատիպ ակտիվ դերակատարություն բնավ պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող այն ընդունել և կամ առավել ևս ողջունել»։ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ. «Եթե խոսում եք միջազգային հանրության մասին, ապա Արցախի անկախության ճանաչումն անվտանգության ապահովման կարևոր միջոց է։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր տեսլականը երկարատև, կայուն և ամուր անվտանգության, այնտեղի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը և ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք կանգնած ենք շատ բարդ իրավիճակի առաջ, երբ փաստացիորեն Ադրբեջանը գնում է ռազմական լուծման ճանապարհով, երբ իրենք արդեն իսկ կիրառել են ուժի սպառնալիքը և ուղղակիորեն ուժ են կիրառել՝ այդպիսով մեծ հարված հասցնելով խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի անվտանգության համար արվելու է հնարավոր ամեն բան: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը հանդիսանում է կարևոր քայլ, գործիք և միջոց անվտանգության ապահովման համար»:Հակամարտության կարգավորման հետագա քայլերի շուրջ. «Մենք մշտապես հետևողական ենք եղել, որ լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորմամբ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իհարկե, մեծ հարված է խաղաղ գործընթացին: Սակայն ես կարծում եմ, որ մենք բավականաչափ վստահություն ունենք մեր ուժերում և բավականաչափ աջակցություն միջազգային հանրության կողմից՝ խաղաղ կարգավորում հայցելու և պահանջելու համար»:
11:19 - 14 հոկտեմբերի, 2020
Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները:Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց գեթ մեկ ազդակ առ այն, որ Անկարայի դիրքորոշումը փոփոխության էր ենթարկվել: Խոսելով խորհրդային ժամանակների ժառանգություն հանդիսացող և Երևանի կենտրոնում գտնվող Կառավարության շենքում՝ Փաշինյանը Թուրքիային մեղադրեց հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ:«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», - ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև ասաց, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է: Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը կրկնեց՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն: «Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», - ասաց Նիկոլ Փաշինյանը»:
23:30 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

armenpress.am: The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․  Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։ Անհնար է պատկերացնել, քանզի ժամանակակից Գերմանիան խորապես մտահոգված է իր պատմական հիշողությամբ և համապատասխան բարոյական պատասխանատվությամբ։ Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում կան հրեա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Փաստացի, ճիշտ հակառակ իրավիճակը Թուրքիայում է, որտեղ, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն է համարվում 1915թ․ սառնասրտորեն ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը, և որտեղ նույնիսկ այնպիսի մեծագույն ստեղծագործողները, ինչպիսիք են Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, ենթարկվել են հետապնդման՝ թույլ տալու համար իրենց գեղարվեստական կերպարներին կիրառել նմանատիպ արտահայտություններ։Այսպիսով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Այդ տարածքը, որտեղ բնակչության գերակշռող մասը մշտապես կազմել է հայկական բնակչությունը, Ստալինի կողմից տրվել է այն ժամանակվա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը։ Սովետական Միության փլուզումից հետո տեղի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Սա հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել են, շատերը՝ տեղահանվել, իսկ ապա Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց մարտական գործողությունները։ Բոլորովին նոր է, արտաքին ուժի՝ Թուրքիայի ուղիղ միջամտությունը նախկինում զուտ տեղային բնույթ կրող հակամարտությանը։Սա Թուրքիայի որդեգրած վճռականության վերջին օրինակն է՝ նախկին Օսմանական կայսրության տարածքում ծագած ցանկացած հակամարտության մեջ հանդես գալու որպես իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավոր։Թուրքիան այդպես վարվեց Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ անդամ երկրի կողմից․ դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա մատնանշել։ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով անկարող էր ասել (ուր է թե՝ անել) որևէ բան Թուրքիայի այս ռազմավարության առնչությամբ, ինչը հարկադրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախորդ տարվա նոյեմբերին որակել կազմակերպությունը որպես «մեռած ուղեղ»։ Նույն Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակայնորեն հայտարարեց Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իսլամիստների ուղարկման մասին, ինչի վերաբերյալ նա տեղին նշեց․ «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»։Ի հեճուկս դրան` բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է։ Հատկապես այն պատճառով, որ արտասովոր հայ ազգը, որը պաշտոնապես առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ, մշտապես գրավիչ է եղել որոշ անգլիացիների համար։ Լորդ Բայրոնը հայտարարել է․ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է» (և այդ նպատակով փորձել է սովորել հայերեն)։ Ուիլյամ Գլադստոնն ասել է՝ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Ավելի ուշ, վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարզ արտահայտել է այդ ժողովրդի հետ կատարվածը․ «1915թ․ թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրագործեց տխրահռչակ մեծածավալ կոտորածը և հայերի տեղահանումը Փոքր Ասիայում։ Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»։ Եվ իսկապես, Օսմանյան կայսրությունն աղետալի պարտություն կրեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներում, ինչը հանգեցրեց իրենց միլիոնավոր մահմեդական հայրենակիցների տեղահանմանը դեպի արևելք: Այն ժամանակ հենց կազմավորվեցին Անատոլիայի նահանգները, տեղահանված մահմեդակնների համար որպես նոր «հայրենիք» օգտագործելու և երբեմնի Հայոց թագավորություն կոչվող (մինչ այն կկլանվեր Օսմանյան կայսրության կողմից) հայերի պատմական հայրենիքը հայաթափելու նախագիծը: Այդպես, մոտավորապես 1.5 միլիոն հայեր սպանդի ենթարկվեցին իրենց իսկ բնակավայրերում կամ (կանանց և երեխաների դեպքում) արտաքսվեցին անապատ՝ մահվան երթերի: Նրանց փափագած ունեցվածքն ու կարողությունը, իսկ հայերը հոյակապ առևտրականներ էին, բաժանվեց նրանց սպանդի կազմակերպիչների միջև: Սա Հիտլերի «Լեբենսրաում»-ի քաղաքականության նախադեպն էր: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրող կողմի ապացույցներում առկա էր գերմանացի բռնապետի՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին իր գեներալների հետ Օբերզալցբերգում կայացած հանդիպման մասին արձանագրությունը/վկայությունը, որի ընթացքում Հիտլերը հռետորական հարց էր ուղղել. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Այս ցեղասպանության կազմակերպիչների հռետորաբանությունը կրում էր նացիստների կողմից առաջ քաշված կենսաբանական գերակայության այլասերված գաղափարական հենքի դրոշմը: Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեսիդը հայտարարել էր. «Մենք նրանց կոչնչացնենք, այլապես նրանք կոչնչացնեն մեզ…հայ ավազակները վնասակար մանրէների ամբողջություն են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞թե մանրէները ոչնչացնելը բժիշկի պարտքը չէ»: Իմիջայլոց, Միացյալ Թագավորության վարչապետի ընտանիքն անմիջականորեն և հերոսաբար առնչվել է այս դրվագին: Բորիս Ջոնսոնի հորական կողմից նախապապ Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր է եղել, ով հետագայում մուտք է գործել քաղաքականություն և դարձել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Հավանաբար, նա ավելի, քան Օսմանյան կայսրության որևէ այլ հասարակական գործիչ վճռական էր տրամադրված Հայոց ցեղասպանությունն իրականացրած հազարավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում։1919թ․-ին նա գրում էր․ «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լի է ապուշներով։ Մենք հափշտակել ենք մեր իսկ կողմից արտաքսված և սպանդի ենթարկված մարդկանց կարողությունը, ինչը պատմականորեն եզակի հանցագործություն է՝ հանցագործություն, որից սարսռում է ամբողջ աշխարհը»: Մասնավորապես, հենց այս մեկնաբանություններն էին, որ հանգեցրին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից Քեմալի առևանգմանը և նրա հետագա քարկոծմանն ու Լինչի դատաստանին ենթարկմանը: Ականատեսներից մեկի հուշերում նկարագրվում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեց նրա արնաշաղախ մարմինը, որին զետեղված մագաղաթի կտորի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Ոճրագործների կարծիքով հայկական Արթին անունը նրա կրծքին դաջելը դիակը պղծելու «լավագույն» տարբերակն էր: Որքան որ ինձ հայտնի է, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով: Երբ նա ընտրվեց վարչապետի պաշտոնում, թուրքական մամուլը նրան կնքեց «Օսմանցի թոռ» մականվամբ: Չնայած այս ամենին, նա երբեք հանրայնորեն չի հիշատակել իր նախնիի սպանությունը կամ դրա դրդապատճառները: Ես խիստ կասկածում եմ, որ նա դրա մասին հիշատակած լինի սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Էրդողանի գրասենյակը հայտարարություն էր տարածել առ այն, որ երկու առաջնորդները քննարկել են առևտրաշրջանառության չափերը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը և ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը:Վերոնշյալը երեք հարց է ի հայտ բերում․ արդյո՞ք Էրդողանն այն անձնավորությունն է, ում վաճառվող զենքի ծավալը պետք է ավելացվի բրիտանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս իրեն կզգա վարչապետը, եթե այդ զենքերն օգտագործվեն ավելի շատ հայերի սպանելու համար, և՝ ի՞նչ կասեր նրա նախապապը:
21:54 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ |armenpress.am|

Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Ինչպես փոխանցում է  Alarabia.net-ը, Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։  Քեմալբեյը նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճիշտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում՝ նշելով, որ մինչ տարբեր երկրներ հրադադարի կոչ են անում, երկու կողմում էլ քաղաքացիական անձինք են մահանում, և  Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։
19:45 - 13 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից |armenpress.am|

ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։ «Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,- նշել է Պետական դեպարտամենտը:
19:32 - 13 հոկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին: Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»: Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար: «Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու» Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար: Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը:  -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը: Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»: Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:
19:23 - 13 հոկտեմբերի, 2020