ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Մարզային բժշկական կենտրոնները հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան․ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան

Մարզային բժշկական կենտրոնները հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան․ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ զրուցել ենք առողջապահության որակի, դրա հետ կապված խնդիրների ու այդ խնդիրների լուծման ուղիների մասին։ Ի՞նչ հիմնական խնդիրներ կան Հայաստանում՝ բուժծառայությունների որակի հետ կապված։ Որո՞նք կառանձնացնեք։ Բուժծառայությունների որակի հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շատ հաճախ բարձրաձայնվում են թե՛ ժողովրդի և թե՛ զանազան լրատվամիոցների կողմից, սակայն այդ բողոքները ուղղված են բուժանձնակազմին, քանի որ արդեն ավանդույթ է դարձել ամեն ինչում մեղադրել հենց բուժանձնակազմին: Բուժօգնության որակը ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բաղկացուցիչ մասեր և ճիշտ չի լինի առանձնացնել որևէ մեկը կամ մի քանիսը, քանի որ բուժծառայությունների որակի խնդիրը տարբեր բաղկացուցիչ մասերից կազմված մի համակարգ է, որի լուծումը ևս պահանջում է համակարգային մոտեցում և ռազմավարական ու կշռադատված լուծումներ: Որո՞նք են այդ խնդիրների պատճառները։ Արդյոք կա՞ն օրենսդրական բացեր, թե՞ խնդիրները կապված են բուժհաստատությունների աշխատանքի հետ։ Խնդիրների պատճառները հենց օրենսդրական բացերն են, ինչպես նաև միջազգային կապերի ոչ ճիշտ կիրառումը: Օրենսդրական բացերից է բխում գործելակարգերի և պետության կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների բացակայությունը: Օրենսդրական բացերից են բժիշկների իրավունքների և պարտականությունների անհամաչափությունը, ինչպես նաև բուժաշխատողի մասնագիտական ռիսկի ապահովագրական համակարգի բացակայությունը և այլն։ Բուժօգնության որակի անփոխարինելի բաղկացուցիչ մաս է նաև գիտական մոտեցումը մասնագիտությանը: Սխալ է  բուժօգնության որակը դիտարկել միայն բուժաշխատողների աշխատանքի կոնտեքստում: Լուծման ի՞նչ ճանապարհներ կան այդ խնդիրների համար։ Լուծման ճանապարհներից մեկն առաջին հերթին գործելակարգերի, ստանդարտների և կլինիկական ուղեցույցների ներդրումն է, որը հիմնված է ապացուցողական բժշկության հենքի վրա և  որը բուժօգնության որակի հիմնական գրավականն է: Այս գործընթացը ժամանակի ընթացքում կհանգեցնի բուժօգնության նույն որակին ինչպես Երևանի հիվանդանոցներում, այնպես էլ մարզային բժշկական կենտրոններում: Որպես լուծման երկրորդ կետ պետք է նշել բժիշկների մասնագիտական ռիսկի ապահովագրությունը: Այսօր բուժաշխատողները, շատ դեպքերում մտահոգվելով հիվանդի բուժման ռիսկերի հետևանքով առաջացող աղմուկով,  խուսափում են բուժառուներին բուժօգնություն տրամադրել և ուղեգրում են նրանց մայրաքաղաքի զանազան բժշկական կենտրոններ: Գործելակարգերի, կլինիկական ուղեցույցների ներդրումը և մասնագիտական ռիսկի ապահովագրությունը կհանգեցնեն մարզային հիվանդանոցներում բուժօգնության որակի բարելավմանը: Երրորդ կետը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն է և բժշկական կենտրոնների հագեցվածությունը: Շատ բժիշկների ֆինանսական առումով հասանելի չեն արտերկրում վերապատրաստման ծրագրերը, իսկ Հայաստանում շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումները խիստ անհավասարաչափ են բաշխված թե՛ ըստ մասնագիտությունների և թե՛ ըստ մարզերի: Այսպես, օրինակ, 2018 թվականին այրվածքաբանների համար իրականացվել է 1 գիտաժողով, իսկ ընտանեկան բժիշկների համար՝ 57: Գնալով խորանում է մարզային առողջապահության թուլացումը՝ մարզային բժշկական կենտրոնները և մասնագետներին հզորացնելու փոխարեն, հիվանդներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան: Նման պայմաններում անարդար է և հնարավոր չէ պահանջել բուժօգնության որակ: Ի՞նչ գործառույթներ ու պարտականություններ ունի այստեղ Առողջապահության նախարարությունը և ի՞նչ պարտավորություններ ունեն մյուս օղակները։ ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է և իր պարտականությունն է հենց առողջապահության զարգացման ուղղությունը, այդ նշանակետին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը, իսկ այդ ամենի իրականացումը արդեն պետք է լինի այլ կառույցների ենթակայության տակ։ Սակայն այսօր Առողջապահության նախարարությունը փորձում է ոլորտային իշխանությունը  կենտրոնացնել իր հարկի տակ՝ պիտակավորելով, փնովելով և չընդունելով տարակարծությունը: Նման փակ աշխատաոճ և անհանդուրժողական վերաբերմունք դեռևս չի եղել մեր երկրում՝ երբ նախարարը սկսում է սպառնալ աշխատանքից ազատելով և վարույթներ հարուցել ցանկացած մեկի դեմ, ով որևէ կերպ հակադարձում է իր՝ իմ կողմից որպես սխալ գնահատվող քաղաքականությանը: Բժշկական հանրությունը նման կերպով տարանջատելով նախարարությունից՝ հնարավոր չէ ապահովել բուժօգնության որակ։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է․ Զարգացնել և լիազորություններ տալ բժշկական միավորումներին և մասնագիտական ասոցիացիաներին, որոնք կյանքի կկոչեն մշակված քաղաքականությունը: Առողջապահության նախարարությունը թե՛ մարդկային ռեսուրսների առումով և թե՛ իրավասության առումով կաշկանդված է քաղաքականության իրականացման հարցում: Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում ընդգրկել նաև ուղեցույցների և գործելակարգերի ստեղծումը, քանի որ անվճար հիմունքներով դրանց որակյալ մշակումն անհնար է: Հենց նախարարությունը նախաձեռնի օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը, որպեսզի մեր երկրում բժշկը լինի մասնագիտական ռիսկից  ապահովագրված և անկաշկանդ կերպով կարողանա բուժօգնություն տրամադրել: Բուժօգնության բարձր որակ ապահովելու համար անելիքները շատ են և մոտակա տարիների ընթացքում անհրաժեշտ է հստակ ռազմավարություն ունենալ և շարժվել այդ ռազմավարությամբ: Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ կառավարության նախընտրական ծրագրի դրույթներով, ինչպես նաև նախարարության ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրերի կետերով, մենք չենք կարողանալու ապահովել բուժօգնության որակի բարելավում։
11:29 - 08 հուլիսի, 2019
Կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը

Կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով. 1. Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2x10/), բլիստերում» 2. Թայլանդի «Պոլիֆարմ Քո., ՍՊԸ, 109 Բանգնա-Տրադ Ռոադ, Բանգ Ֆլի մասնաճյուղ, Սամուտ Պրական 10540` Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոտրակտին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 400մգ; (10/1x10) բլիստերում»: Նշենք, որ պիպեմիդաթթու պարունակող դեղերը կիրառվում են միզասեռական համակարգի որոշ հիվանդությունների բուժման նպատակով, ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնք գրանցված և հասանելի են Հայաստանում:
14:21 - 14 հունիսի, 2019
Հայաստանն ու Ուզբեկստանը ընդլայնում են համագործակցությունն առողջապահության ոլորտում

Հայաստանն ու Ուզբեկստանը ընդլայնում են համագործակցությունն առողջապահության ոլորտում

Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով Ուզբեկստանի Հանրապետությունում է:Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովին: Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր:Նշենք, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել հարաբերություններն առողջապահական համակարգում կատարվող բարեփոխումների ճանապարհին` ընդլայնելով համագործակցության ուղղությունները:Միաժամանակ, նախատեսվում է համալիր առողջապահական ծառայությունների տրամադրում, դեղագործական գործունեության ծավալում, ինչպես նաև գիտական և բժշկական կադրերի պատրաստում, առողջապահության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում ու ներդրում: Աշխատանքներ կտարվեն նաև մոռացված և էլիմինացված հիվանդությունների կանխարգելման, հիվանդների, այդ թվում` հաշմանդամների բժշկական վերականգնման ուղղությամբ:Առողջապահության նախարարը կարևորել է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայում, քանի որ, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը տարածաշրջանում, ունի մեծ պոտենցիալ` առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
09:25 - 04 հունիսի, 2019
Արսեն Թորոսյանն ու ՔՈԱՖ հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը

Արսեն Թորոսյանն ու ՔՈԱՖ հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի արտագնա ծրագիրը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: Նախկինում համալսարանի ուսանողները դասախոսների ղեկավարությամբ Լոռու մարզի գյուղերում՝ ՔՈԱՖ-ի միջոցներով նորոգված կլինիկաներում ապահովել են պատշաճ ատամնաբուժական խնամք:Խոսելով այլ թեմաներից` հիմնադրամի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են հրավիրել մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստումների շուրջ հանրային իրազեկման աշխատանքների իրականացմանը: Նրանք նշել են, որ ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպած քարոզարշավի արդյունքում` պատվաստումների նկատմամբ դրական մեծ արձագանք է ստացվել ծնողների կողմից:Երկուստեք կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի, այդ թվում առողջ սնունդ մատուցելու ծրագրի ներդրումը:Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է հիմնադրամի կատարած աշխատանքները և նշել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել շարունակական ծրագրերին:
07:19 - 30 մայիսի, 2019
Բուժհաստատություններում գործող էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է ինտեգրել «ԱՐՄԵԴ» միասնական համակարգին |hetq.am|

Բուժհաստատություններում գործող էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է ինտեգրել «ԱՐՄԵԴ» միասնական համակարգին |hetq.am|

hetq.am։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության ինտեգրացիոն նոր լուծումները հնարավորություն են տալիս առանձին բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգերը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» միասնական համակարգին։ «Արաբկիր» բժշկական համալիրն առաջին հիվանդանոցն է, որում ներդրված բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգի ինտեգրումն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին արդեն հաջողությամբ իրականացվել է։ Ինտեգրումը հնարավոր է դարձել «Արաբկիր» բժշկական համալիրի, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և բուժհաստատության էլեկտրոնային համակարգը ներդրած՝ Database and Statistical Technology ընկերության համագործակցությամբ։«Ինտեգրացիոն նման լուծումները տվյալների գրանցման և փոխանցման գործընթացները բավականին հեշտացնում են` բացառելով տվյալների կրկնակի մուտքագրումը։ Եթե բուժհաստատությունն արդեն ունի իր համակարգը, որով բուժաշխատողները սովոր են աշխատել, մեր լուծումները հնարավորություն են տալիս ապահովել տվյալների փոխանցումն առանց հավելյալ աշխատանքի։ Կարիք չկա տվյալներ մուտքագրել թե՛ լոկալ համակարգ, թե՛ ԱՐՄԵԴ։ Սա մի կողմից հեշտացնում է բուժհաստատության ներսում գործընթացները, մյուս կողմից՝ ապահովում ԱՐՄԵԴ համակարգում տվյալների ամբողջականությունը»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանը: «Արաբկիր» բժշկական համալիրի Տնօրեն Արման Բաբլոյանը նշում է, որ դեռ 2015 թվականից իրենք սկսել են ներդրումներ իրականացնել համալիրի կարիքներին համապատասխան բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ՝ համագործակցելով Database and Statistical Technology ընկերության հետ։ «Մեր նպատակը որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ծառայությունների մատուցումն է, և մենք հետևողական ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ։ Մեր համալիրում էլեկտրոնային լոկալ համակարգ արդեն ներդրված էր, բայց մենք նաև տվյալները ԱՐՄԵԴ միասնական համակարգ էինք մուտքագրում։ Հիմա արդեն տվյալները կմուտքագրվեն միայն մեր համակարգ և ծրագրային լուծումների շնորհիվ ներկայումս պահանջվող տվյալների փոխանցումն ԱՐՄԵԴ-ին կիրականացվի ավտոմատացված եղանակով», -ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, Արման Բաբլոյանը։Առողջապահական տվյալների կառավարման և վերլուծության ոլորտում գործող Database and Statistical Technology ընկերության տնօրեն Կարապետ Դավթյանը վստահեցնում է, որ ինտեգրման աշխատանքները հաջողությամբ ավարտին են հասցվել, և ներկայումս պահանջվող տվյալների փոխանցումն ԱՐՄԵԴ-ին իրականացվում է լիարժեք կերպով։
07:21 - 27 մայիսի, 2019
Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել |lragir.am|

Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել |lragir.am|

lragir.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը: Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում: Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով` տրվում է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացման մեկնարկը:«ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը:Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:«Հաջորդ նախագիծը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի/բազայի ծրագրի ներդրումն է։ Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հյանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»- ընդգծել է Արսեն Թորոսյանը:
09:26 - 24 մայիսի, 2019
Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվում են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվում է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:Այս խոցելի խմբում լայնածավալ աշխատանքները սկսվել են 2013 թվականից: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում, ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ջանքերով իրականացվող ծրագրի երկու փուլերի ընթացքում 2013-2018թթ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից նշված ծառայությունները տրամադրվել են Հայաստանի 9 մարզի 250-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ, կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 100000 աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքի բնակիչ: Ավելի քան 50000 մարդ անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունների արդյուքնում ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր անձինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում վերցվել են դիսպանսեր հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ: Հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ դրական պատասխաններ ունեցողները, տուբերկուլոզի կասկածով այցելուներն ուղղորդվել են մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու:ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցը.
11:08 - 23 մայիսի, 2019
Անվճար բուժսպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը կբարձրանա․ նոր նախագիծ

Անվճար բուժսպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը կբարձրանա․ նոր նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է օրենքի նոր նախագիծ, որի արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: Նախագիծը քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։Առաջարկվող ֆինանսատնտեսական հաշվետվության նոր ձևաչափում ավելացվել են գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են Կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ:
10:04 - 20 մայիսի, 2019
Պապիլոմայի դեմ պատվաստումը փրկում է կյանքեր, իսկ պատգամավորը մոլորեցնում է

Պապիլոմայի դեմ պատվաստումը փրկում է կյանքեր, իսկ պատգամավորը մոլորեցնում է

epress.am: Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը փրկում է կյանքեր, պարզաբանում է Առողջապահության նախարարությունը․ Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի կողմից հնչեցված ելույթն առնվազն տարակուսանքի և մտորումների տեղիք է տալիս: Ազգային ժողովի բարձր ամբիոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պաշտպանելու համար է, այլ ոչ թե բնակչությանը մոլորեցնելու՝ վտանգելով տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները: Իմունականխարգելման ազգային ծրագիրը երկրում տարիներ շարունակ լուրջ հաջողություններ է արձանագրել: Հանրապետությունում չեն դիտվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք վտանգավոր հիվանդություններ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, խոշոր նվաճումներից են կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը: Պատգամավորի կողմից հնչեցվել է մեկնաբանություն, որ «չարաբաստիկ» որակվող մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների վերաբերյալ «ոչ մի ֆորմատով, ոչ մի անգամ չի իրականացվել մասնագիտական լուրջ և արժանահավատ վերլուծություն», այն դեպքում, որ դեռևս 2017 թվականից իրականացվել են լայնածավալ միջոցառումներ: Մասնավորապես՝ տարբեր հարթակներում կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ, ազգային խորհրդակցություն, մամուլի ասուլիսներ, հեռուստա և ռադիոհաղորդումներ՝ ներգրավելով ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հեղինակավոր փորձագետների, որոնք ներկայացրել են և գիտական հիմնավորումներ, և վիճակագրական տվյալներ, և տարբեր երկրների փորձը (հղումներ՝https://www.1in.am/2200842.html, https://iravaban.net/169944.html, http://henaran.am/308833.html, https://www.azatutyun.am/a/28731732.html, https://www.mediamax.am/am/news/society/26132/, https://www.youtube.com/watch?v=DGi1HK6ga44, https://www.youtube.com/watch?v=DsgxiTOBgRQ, https://www.youtube.com/watch?v=33V-aaa-lm4, https://armeniasputnik.am/radio/20171020/9121071/armenia-qaxckex-kanayq.html, https://www.youtube.com/watch?v=cL3f-5IvMMo, https://www.youtube.com/watch?v=k18YJmDR6bQ, https://armeniasputnik.am/video/20170917/8663343/armenia-papiloma-gayane-sahakyan.html, https://www.facebook.com/watch/?v=2008151976092588, https://www.facebook.com/watch/?v=653377078432455): 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի «ԵԼՔ», «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով և ներկայիս վարչապետ, այն ժամանակ պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել են քննարկումներ «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով, որի արդյունքում արձանագրվել է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վտանգավորության և անարդյունավետության վերաբերյալ պատվաստման ընդիմադիրների կողմից չներկայացվեց ոչ մի հիմնավոր փաստարկ: (հղում՝ https://www.youtube.com/watch?v=p5F9jk_uOc8&fbclid=IwAR3AQ09kYMnRGA8x9gql-B8XoFSBlrvwUIMe4bURssb9vfZpMj-gwrij6qA) Պատվաստումներն իրականացվում են աշխարհի ավելի քան 70 երկրում 2006 թվականից և դրսևորվել են ՄՊՎ-ի դեմ պատվաստումների կիրառման դրական վաղ ազդեցությունները, մասնավորապես. Կանադայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը (ՌՀ 0.56;ՎՄ 95% CI 0.36- 0.87) (հղում՝ Smith LM, et al. Pediatrics. 2015;135(5):e1131-e1140. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991): Շոտլանդիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման արդյունքում նվազել են արգանդի պարանոցի ախտաբանական վիճակները, ընդորում CIN 2-ը՝ 50%-ով, իսկ CIN3-ը՝ 55%-ով (հղում՝ Cameron R., Pollock K, Clinical Pharmacist, 8 MAR 2017 http://www.pharmaceutical-journal.com/research/perspective-article/the-impact-of-the-human-papillomavirus-vaccine-in-scotland-a-changing-landscape/20202278.article), մեկ այլ հետազոտության համաձայն պատվաստված կանանց շրջանում ՄՊՎ վարակները նվազել են 35%-ից մինչև 6.7%, իսկ չպատվաստվածների շրջանում կոլեկտիվ իմունիտետի առաջացման շնորհիվ՝ 32.4%-ից 19.4% (հղում՝ https://pediatrics.aappublications.org/content/143/2/e20181902?fbclid=IwAR0BAF211R1h9OOVRoMjvcicC-8aa8_M8ICHSIKVAwHEvtmPWD-jpwJgulE): Ավստրալիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ 18-24 տարեկան կանանց շրջանում կտրուկ նվազել է ՄՊՎ տարածվածությունը 22.7%-ից /2005թ./ մինչև 1.1% /2015թ./, և Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը (հղում՝ https://www.theguardian.com/society/2018/mar/04/australia-could-become-first-country-to-eradicate-cervical-cancer?fbclid=IwAR1jBYYXX2TttYlm0kMxaWSWZhJiVuBZbbjoQXhU_YK0EaZO_5PxTWCERws): Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ ՄՊՎ 16 և 18 շճատիպերով ասոցացված արգանդի պարանոցի ախտահարումները նվազել են (հղում՝ 2008-2012թթ. Hariri S, et al; Vaccine. 2015;33(13):1608-1613. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25681664): Կան նաև բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք ապացուցում են ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետությունն ու անվտանգությունը: Հղումներ՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19493565?dopt=Abstract&fbclid=IwAR2Vf3t8jAvm4uvMZKmkOYeyRAuzbt1JMv6cvXH99YFKVQDbWjboI5HoXg8 https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/29029053/?fbclid=IwAR3-vmcUzqYFhLlSVqTfaOmQxmjGgE25zRY9gxaGm5XplhomDNMNTFbopOk https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6194907/?fbclid=IwAR0X_BhaG26vFMUgB7_MjYVyT5Y2_ZWbLn8Ls2-EdTJjrNf0yEBiwHzrj94 http://cebp.aacrjournals.org/content/28/3/602.long https://pediatrics.aappublications.org/content/143/2/e20181902?fbclid=IwAR0BAF211R1h9OOVRoMjvcicC-8aa8_M8ICHSIKVAwHEvtmPWD-jpwJgulE https://www.sciencedirect.com/science/article/pii/S1386653216305443 Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, առանց տվյալ ոլորտի ապացուցողական բժշկության տվյալները և ձեռք բերված հաջողություններն ուսումնասիրելու, առանց լիազոր մարմնի հետ քննարկելու և պարզաբանումներ ստանալու, Ազգային ժողովի ամբիոնից ինչպես հանրապետության հեղինակավոր մասնագետների, այնպես էլ միջազգային փորձագետների կողմից ներկայացված հիմնավորումները և վերլուծությունները գնահատել է որպես «խիստ կասկածելի, մակերեսային և ոչ արժանահավատ»՝ նպաստելով բնակչության շրջանում համակարգային անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Հաշվի առնելով, որ իմունականխարգելումը հանրային առողջապահության կարևոր ռազմավարական ուղղությունն է և շատ զգայուն ոլորտ` հատկապես բարձր ամբիոններից հնչեցվող, ապատեղակատվության և ասեկոսեների նկատմամբ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված և գիտականորեն չապացուցված տեղեկատվության տարածումից:
11:25 - 08 մայիսի, 2019
Մեկնարկել է աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

Մեկնարկել է աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ: Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը: Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում 2021 թվականից: Այդ նպատակի իրագործման համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Ասիական զարգացման բանկի (ADB) առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, հաստատված մեթոդաբանության համաձայն, իրականացնում է բժշկական ծառայությունների նորմատիվային գների հաշվարկում, ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ստանդարտ ծախսերը: Ծախսերի գնահատումը պետք է իրականացվի միջազգային և Հայաստանում առկա լավագույն փորձի համադրման միջոցով: Այս աշխատանքների ամփոփման, արդյունքների ներկայացման և հաստատման համար այսօր մեկնարկել է եռօրյա աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցող միջազգային խորհրդատուները ներկայացնելու են միջազգային լավագույն փորձը, գնահատելու առանձին ծառայությունների համար կազմված կլինիկական ստանդարտների օրինակները: Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նա կարևորել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, վստահություն հայտնել, որ աշխատանքային քննարկումների արդյունքում առողջապահության նախարարության խորհրդատուները, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները կլրամշակեն և կհաստատեն գործող կլինիկական ուղեցույցներն ու սխեմաները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծառայությունների գների հաշվարկման համար:
14:29 - 06 մայիսի, 2019
Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում: 2005 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ, ինչը երաշխիք է վարակիչ հիվանդություններից զերծ մնալու: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկում է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Հայաստանը նախաձեռնությանը միանում է ապրիլի 25-ից: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթի» թեմաներն են «Պաշտպանվենք միասին» և «Պատվաստանյութերն աշխատում են»՝ ուշադրության կենտրոնում պահելով «պատվաստումների հերոսներին»` բարեխիղճ բուժաշխատողներին և հոգատար ծնողներին, ովքեր կարևորում են պատվաստումները:Եվրոպական երկրներում կան խմբեր, որոնք ամեն տարի նպաստում են երեխաների և մեծահասակների շրջանում հիվանդությունների և նույնիսկ մահվան դեպքերի առաջացմանը, ինչը հնարավոր էր կանխել պատվաստումների միջոցով: Այսօր էլ կարմրուկի առումով լարված համաճարակային իրավիճակ է եվրոպական տարածաշրջանում: Ուկրաինայում 2018 թվականին գրանցվել է կարմրուկի շուրջ 54000 դեպք, այս տարի արդեն` 15000 դեպք, 7-ը` մահվան ելքով: Կարմրուկի բռնկում է նաև Վրաստանում. 2018-ին գրանցվել է մոտ 2000-2200 դեպք, 3-ը` մահվան ելքով:Աշխարհի մի շարք երկրներում` Ուկրաինա, Վենեսուելա, Հնդկաստան և այլ, դիտվում է դիֆթերիայի հետ վերադարձ՝ ուղեկցվելով մահվան դեպքերով: Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում, աշխարհում կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի թիվը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի: Սակայն այս նվաճումները կարծես թե մարդկանց հանգստացրել են։ Ձևավորվել է թյուր կարծիք, թե արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման մոտեցումը վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռևս մահացու համարվող վարակիչ հիվանդությունների բռնկումներ։ Յուրաքանչյուր ոք նախքան երկմտելը` պատվաստվել, թե ոչ, պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդություններինը: Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր, և այդ կարգավիճակը պահպանում է առ այսօր: 1994-1995 թվականներին Հայաստանում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, և 2000թ. ի վեր դեպքեր չեն աձանագրվում: Կարմրուկի և կարմրախտի առումով Հայաստանում համաճարակային իրավիճակը հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին իրականացված զանգվածային պատվաստումների, ապա պլանային պատվաստման ենթակա երեխաների մոտ 96-97% ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում: Մեր երկրում կիրառվող բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր: Եվ Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող պատվաստանյութերը պատշաճ պայմաններում պահպանելու և տեղափոխելու համար: Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում:
06:22 - 25 ապրիլի, 2019
Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում. Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է 5600 մարդ

Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում. Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է 5600 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում: Այցի նպատակն է խորհրդատվական աջակցություն տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում: Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ: Թեև վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում (2017 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.2%-ով), այնուամենայնիվ, ԱՀԿ կանխատեսումների համաձայն, մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է հասնել ներկայիս 12 միլիոնից մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 միլիոնի: Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ, ինչը մահացության, այդ թվում` վաղաժամ մահացության պատճառներից 2-րդն է սրտանոթային հիվանդություններից հետո: 2012 թվականի նկատմամբ քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով,  իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է 2012-ի համեմատ: Ելնելով խնդիրի կարևորությունից` առողջապահության նախարարությունը նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ոչ միայն ֆինանսավորման զգալի ավելացում, այլև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում:
08:53 - 10 ապրիլի, 2019