Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուքիայի խորհրդարանի նախագահ. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»
 |ermenihaber.am|

Թուքիայի խորհրդարանի նախագահ. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Մեղադրական ակնարկներ է հնչեցրել նաև իր ձևակերպմամբ «Հայաստանին թև ու թիկունք եղողներին»՝ շեշտելով. «Նրանք պետք է կանգնեցնեն այս վտանգավոր խաղը։ Եթե Հայաստանին շարունակեն աջակցություն տրամադրել, ապա այն կսպառնա Կովկասի բոլոր երկրներին»։ «ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը հարցը լուծելու փոխարեն անլուծելիության է դատապարտել: Մինսկի խումբը հարցը լուծելու համար մինչև այժմ իրական կամք չի ցուցաբերել»: Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի խուսափել նույնիսկ ամենախիստ ձևակերպումներից՝ մասնավորապես ասելով. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»:
15:32 - 20 հոկտեմբերի, 2020
Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները․ Փաշինյան

Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները․ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը գրառում է արել «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ։ Նա, մասնավորապես, գրել է․ «Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին: Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները:
15:06 - 20 հոկտեմբերի, 2020
Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

armenpress.am: Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը,  DCnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է  Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով դատապարտվել են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից գործված ոճրագործություններն Արցախի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի դեմ պետք է լինեն նաև տնտեսական պատժամիջոցներ և նկատել, որ դա մի փոքր դժվար է, քանի որ Ադրբեջանն առաջին անհրաժեշտության էներգամատակարար է։ «Այնուամենայնիվ, չես կարող փոխարինել նավթը արյամբ, քանի որ այդ դեպքում բարոյականությունը կմեռնի»,- շեշտել է Վարուժան Ոսկանյանը։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․ Հարց․ Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս հակամարտության պատմության և այն մասին, թե ինչու իրավիճակն այսչափ սրվեց։ Վերջին 30 տարվա ընթացքում մի քանի անգամ եղան կտրուկ սրացումներ, ինչպես այս տարվա ամռանը կամ՝ 2016 թվականին, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Վարուժան Ոսկանյան․ Լեռնային Ղարաբաղի շրջանը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ երբ անկախ հայկական պետությունը դադարում էր գոյություն ունենալ, այս շրջանը, միևնույնն է, մնում էր հայկական մշակութային տարածքում։ Եվ սա ես չեմ ասում, այլ անտիկ պատմիչներ Պլինիոս Ավագը, Դիոն Կասսիոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և այլն։ Դարերի ընթացքում այս շրջանը պատկանել է տարբեր կայսրությունների, որոնք հասել են այնտեղ, բայց այն պատմությունը, որի մասին խոսում ենք, սկսվում է Օսմանյան կայսրության փլուզումից և բոլշևիկների ծավալապաշտական քաղաքականությունից։ 1918թ. ստեղծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, որի կազմում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որի հիման վրա շատ կարճ ժամանակ անց ձևավորվեցին երեք հանրապետություններ։ 1920թ. բոլշևիկյան ծավալապաշտական նկրտումների հետևանքով այս հանրապետություններում հիմնվեցին խորհրդային կարգեր։ 1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի նիստը, որի ընթացքում որոշվեց, ինչպես բնական էր, Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Ստալինի միջամտությամբ որոշումը փոխվեց, և Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Ստալինի որոշման դրդապատճառն այն էր, որ նա ցանկանում էր Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ կատարել՝ միամտորեն կարծելով, որ Թուրքիան կարող էր դառնալ սոցիալիստական երկիր։ 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց ԼՂ ինքնավար մարզը, բայց պետք է ընդգծեմ, որ հայերը երբեք չհաշտվեցին այս շրջանը Ադրբեջանին հանձնելու որոշման հետ։ Իհարկե, չնայած սովետական իշխանության ընթացքում բոլոր տեսակի ներքին հակամարտությունները սառեցվեցին, այնուամենայնիվ, 1963 թվականին, երբ Կոմկուսի առաջին քարտուղարը Նիկիտա Խրուշչովն էր, այս շրջանի հազարավոր հայեր գրավոր դիմեցին իշխանություններին, որպեսզի այն Ադրբեջանի ԽՍՀ-ից անցնի Հայաստանի ԽՍՀ-ին։ ԽՍՀՄ-ի մասնատման և ժողովուրդների՝ ազատություն ձեռք բերելու խորապատկերում Ղարաբաղում սկսվեց մի իրական շարժում, որը պահանջում էր նախ Հայաստանի հետ միացում, իսկ հետո՝ անկախություն։ 1987-1988թթ. շուրջ 75000 մարդ խնդրագիր ստորագրեց, իսկ 1988թ. փետրվարի սկզբին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, Ղարաբաղի տեղական սովետական իշխանությունները քվեարկեցին Հայաստանի հետ միացման օգտին։ Այդ պահից սկսվեց հակամարտությունը։ Դժբախտաբար, այն ունեցավ արյունալի դրսևորում. տեղի ունեցան հայ անմեղ բնակչության զանգվածային ջարդեր ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի շրջանն ինքնորոշվեց և հայտարարեց անկախության մասին, ստեղծեց դիմադրողական կառույցներ, որից հետո սկսվեց զինված հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը տևեց մինչև 1994թ.։ Ըստ տարբեր գնահատականների՝ երկու կողմերը միասին մոտ 30000 զոհ ունեցան։ Չեմ ուզում շատ խոսել հայ բնակչության ցուցաբերած հերոսական սխրանքների մասին, պարզապես պատկերացրեք, որ Ղարաբաղն այն ժամանակ ուներ մոտ 200 000 բնակչություն, իսկ Ադրբեջանը՝ 8 միլիոնից ավելի։ Եվս մեկ կարևոր փաստ ընդգծեմ. 1921 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, բնակչության մոտ 95%-ը հայեր էին։ Հետագա տասնամյակների ընթացքում փորձեր արվեցին փոխելու շրջանի ժողովրդագրական պատկերը, ինչպես տեղի ունեցավ այլ շրջաններում։ Ռումինիայում ևս նմանօրինակ մի իրավիճակ եղավ, երբ պատմական Մոլդովայի շրջանի հարավային հատվածը տրվեց Ուկրաինային։ Չնայած այդ ամենին՝ հայ բնակչությունը դիմացավ, և 1988 թվականին շրջանի 75%-ը դեռ հայեր էին։ Դժբախտաբար, այս անգամ հակամարտությունն ուղեկցվեց բնակչության զանգվածային տեղահանմամբ։ Հայաստանում ադրբեջանցիներն այնքան էլ շատ չէին, իսկ Ադրբեջանում ապրում էին հարյուր հազարավոր հայեր, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Խոսքը մոտ 500,000 հայերի մասին է, որոնց մեծ մասը հաստատվեց Ղարաբաղում և Հայաստանում, մյուսներն էլ մեկնեցին այլ երկրներ։ Փաստացի, Ադրբեջանում այլևս հայ չմնաց։ 1994թ. մայիսին կնքվեց զինադադար։ Ադրբեջանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի հետ այդ պատերազմում, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանը հակամարտության մաս չէր կազմում, այն բացառապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև էր։ Կողմերի միջև բանակցություններ անցկացնելու նպատակով ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի եռանախագահություն Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս ընթացքում մշտապես տեղի էին ունենում տարբեր տիպի բախումներ, սակայն հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ էին մղում ցանկացած ոտնձգություն։ Այս անգամ ամեն ինչ այլ է։ Առաջին հերթին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կանգ չեն առնի մինչև չգրավեն ողջ Ղարաբաղը, ինչը այս հայկական պետության ոչնչացման փորձ է, մի պետության, որը պաշտոնապես չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, սակայն այն ունի կառավարություն, ունի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, ով անձամբ է գնացել ճակատ՝ օրինակ ծառայելու բոլորին։ Նա այս տարվա ապրիլին էր նախագահ ընտրվել։ Հարց․ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց, ըստ որի, նա վիրավորվել է։ Վարուժան Ոսկանյան․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում նման լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Եվ, ի վերջո, ո՞րն է այսօրվա առանձնահատկությունը։ Առաջին հերթին, եթե Ադրբեջանը միայնակ լիներ Ղարաբաղի դեմ, ինչպես մինչ այժմ, Ղարաբաղն առանց խնդիրների հետ կմղեր ադրբեջանցիների գրոհները։ Ի դեպ, մենք՝ հայերս, այդ շրջանը կոչում ենք Արցախ, արտասահմանցիներն այն կոչում են Լեռնային Ղարաբաղ։ Արցախ բառի ծագումը կապված է «ցախ» բառի հետ՝ հաշվի առնելով այդ շրջանում բազմաթիվ անտառների առկայությունը, իսկ «Ղարաբաղ» անվան ծագումը պարսկա-թուրքական է, «նագորնո» բառինը՝ ռուսական։ Այնպես որ, ներողամիտ եղեք, եթե երբեմն այդ տարածքը կոչեմ իրական հայկական անունով։ Այդպես է նաև Հայաստանի դեպքում. մենք՝ հայերս, այն կոչում ենք «Հայաստան», որն առասպելական ծագում ունի, նշանակում է հայերի երկիր, իսկ ահա մ.թ.ա. 521թ. Բեհիսթունյան արձանագրությունում նշվում է «Արմենիա» անունը, որն էլ տարածվեց այլազգիների շրջանում։ Այս անգամ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի բացահայտ աջակցությունը, իսկ Էրդողանը նույնիսկ չթաքցրեց դա։ Խոսքը մի վտանգավոր գաղափարախոսության վերածննդի մասին է, որը կոչվում է պանթյուրքիզմ։ Այն նախատեսում է մի կայսրության ստեղծում, որը կմիավորի թուրքական ծագում ունեցող բոլոր ազգերին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, թուրքմեններին և այլն։ Սա մի փիլիսոփայություն է, որն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և որի գաղափարախոսը Զիյա Գյոկալպն էր։ Հետագայում պանթյուրքիզմը դարձավ քեմալիզմ, և արդեն ավելի քիչ խոսվեց դրա մասին։ Ահա այսօր այն վերադարձավ, և հայերի փաստացի թշնամին այս պանթուրքիզմն է, Ադրբեջանի, Թուրքիայի և Սիրիայի թուրքմեն կամ արաբ իսլամական վարձկան ծայրահեղական տարրերի միությունը։ Սակայն ո՞րն է Թուրքիայի աջակցությունը։ Թուրքիան աջակցում է ավիացիայով՝ անօդաչու թռչող սարքերով, ներառյալ՝ կործանիչ ԱԹՍ-ները, ինչպես նաև բարձր մակարդակի ռազմական փորձաքննությամբ։ Թուրքիան նաև ֆինանսավորում է նշածս վարձկաններին, որոնց գոյության մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի և որ ամենահետաքրքիրն է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից, որը հաստատեց, որ Սիրիայի տարածքից բավականին մեծ թվով վարձկանների տեղափոխել են Ադրբեջան։ Այսպես, Ադրբեջանը հարձակում սկսեց սեպտեմբերի 27-ին։ Բնականաբար, նրանք, ինչպես միշտ, մեղքը բարդում են հայերի վրա, սակայն  բացարձակ իմաստ չկար, որ հայերը սրեին հակամարտությունն այնտեղ, որովհետև հայերն իրենց հողի վրա են, այնտեղ զարգացրել են պետական կառուցվածք և ոչ մի շահ չունեն հարձակվելու Ադրբեջանի վրա։ Առավել ևս, եկեք բաց խոսենք, պայքարն ամբողջապես անհավասար է։ Մի կողմից ունենք 10 մլն ադրբեջանցի՝ բավականին լավ զինված բանակով, որին աջակցում է Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ ռազմական կառույցներից է, հավանաբար ԱՄՆ-ից հետո Թուրքիան ունի ամենամեծ բանակը։ Բացի այդ, Ադրբեջանը զինվելու նպատակով անհամեմատ մեծ ծախսեր է կատարել։ Եթե թվերով խոսենք՝ վերջին տասը տարում Ադրբեջանը 24 մլրդ դոլար է հատկացրել իրենց տերմինաբանությամբ «պաշտպանության» համար։ Իհարկե, իրենք նշում են պաշտպանություն, որը, հասկանում ենք, իրականում նշանակում է հարձակում։ Հայաստանը ծախսել է մոտ 4 մլրդ դոլար՝ հաշվի առնելով նաև ավելի համեստ բյուջեն։ Միայն անցած տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1.6 մլրդ դոլար՝ ի համեմատ Հայաստանի 400 մլն դոլարի։ Չմոռանանք, որ 10 միլիոնանոց Ադրբեջանին այսօր դիմակայում է 150 հազարանոց Արցախը։ Իհարկե, հայկական կողմն ունի առավելություն, որը կապված է ռելիեֆի հետ. այն հիմնականում լեռնային է և դժվար անցանելի ռազմական տեխնիկայի համար, և այդ դեպքում ավելի փոքր թվով պաշտպանվող զինվորներ կարող են հետ մղել հարձակումները։ Սեպտեմբերի 27-ի լայնածավալ հարձակումը մենք կոչում ենք ահաբեկչական, որովհետև ադրբեջանցիներն օգտագործում են միջազգային ահաբեկիչների։ Բացի այդ՝ այս հարձակումը ոտնահարեց ԵԱՀԿ շրջանակներում բնականոն կերպով ընթացող բանակցությունները։ Ադրբեջանը ռմբակոծեց մի շարք քաղաքների քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում հայկական կողմում տասնյակ զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ։ Ադրբեջանն օգտագործում է (նաև հայկական քաղաքների վրա նետելով) կասետային ռումբեր՝ համաշխարհային մասշտաբով արգելված չափազանց վտանգավոր զինատեսակ, քանի որ այն պահին, երբ ռումբը հասնում է նպատակակետին, անմիջապես ցրվում է տարբեր կողմերով և ոչնչացնում ցանկացած կենդանի էակի, այսինքն՝ հենց այդ նպատակով են օգտագործում այդ զինատեսակը։ Միևնույն ժամանակ, հնարավոր է՝ մտածեք, որ մի փոքր չափազանցնում եմ, բայց հավանաբար Վիետնամական պատերազմից հետո սա ամենակոշտ ռազմական բախումն է։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս տեղի ունեցած պատերազմների, ներառյալ՝ Իրան-Իրաքյան պատերազմը, Քուվեյթի կամ Աֆղանստանի պատերազմը՝ օգտագործվում է աննախադեպ շատ ռազմական տեխնոլոգիա։ Միայն կործանիչ ԱԹՍ-ները բավական են, քանի որ դրանք այս ինտենսիվությամբ չեն կիրառվել, և այսօր Ադրբեջանը լայնածավալ կերպով օգտագործում է դրանք։ Եվ ուրեմն, սա է այսօրվա իրավիճակը. հայկական բանակը մինչ այս պահը հաջող կերպով պաշտպանվում է, ընդամենը մի քանի կիլոմետր հայկական զորքերը հետ քաշվեցին, որն իրականում տակտիկական նահանջ էր։ Քանի որ նկարագրեցի ընդհանուր իրավիճակը, կարծում եմ՝ պետք է խոսենք նաև միջազգային համատեքստից։ Հուսով եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերն՝ ուղղված միջազգային հանրությանը, կգտնեն իրենց հասցեատերերին։ Հարց․ Շատերը մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման առնչությամբ։ Գիտենք, որ գոյություն ունի ՀԱՊԿ դաշինքը, որով Ռուսաստանը պարտավոր է միջամտել, եթե Հայաստանի հանդեպ տեղի ունենա ռազմական ագրեսիա։ Վարուժան Ոսկանյան․ Լավ է, որ նշեցիք այդ պայմանագրի մասին։ 1994թ. ստորագրված այդ պայմանագրի մաս էր կազմում նաև Ադրբեջանը, որից դուրս եկավ 1999 թվականին։ Այնպես որ, ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հույս հայտնեց, որ հակամարտության սրացման դեպքում Ռուսաստանը կհարգի այդ պայմանագրի դրույթները։ Հարց․ Կարծում եք՝ կա՞ ռիսկ, որ Ռուսաստանը կմիջամտի, եթե հակամարտությունն ավելի սրանա, և կունենանք մի իրավիճակ, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։ Վարուժան Ոսկանյան․ Կարծում եմ՝ դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, և Թուրքիայի աջակցությունը դառնա էլ ավելի ակնհայտ, ապա Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում, եթե շարունակի հայտարարել իր չեզոքության մասին։ Առավել ևս, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, և Ռուսաստանը չմիջամտի, ապա հարց կառաջանա, թե ինչի համար է ՀԱՊԿ պայմանագիրը, եթե Ռուսաստանի աչքի տակ Հայաստանը մնացել է թուրքական ագրեսիայի դիմաց մեն-մենակ։ Մյուս կողմից, այն հակամարտությունը, որի մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, կդառնա ակնհայտ միջազգային հակամարտություն, որի մասին ուղղակի չենք ցանկանում մտածել այսօր։ Ամենալավ ուղին Ադրբեջանին ստիպելն է, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցներով, որ կանգ առնի, հայտարարի հայկական կողմի հետ զինադադարի մասին և վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միջազգային հարթակներում բազմաթիվ կոչեր են եղել այս առնչությամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջեց ռազմական գործողությունների դադարեցում, ապա Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով աջակցեցին այս կոչին։ Ինչու ընդգծեցի Կանադան, որովհետև առաջին երկիրն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան դրանք օգտագործում է երրորդ երկրի տարածքում։ Զենքերի վաճառքի ոլորտում արգելվում է վերավաճառման նպատակով գնել զենքեր, այսինքն՝ կատարել ծածուկ վերաարտահանում։ Ահա սա այն ապացույցներից մեկն է, որ միջազգային հանրությունը տեղյակ է թուրքական այս պրակտիկայից՝ գնել զենքեր և տրամադրել Ադրբեջանին։ Ֆրանսիան շատ հստակ դիրքորոշում ունի այս առումով, իսկ ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով և Չինաստանի հետ կապված հարցերով, որոնց ավելանում է նաև կորոնավիրուսային համավարակը, և հետևաբար ավելի պասիվ է՝ չնայած մենք կարիք ունենք ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշման։ Խոսենք նաև Ռումինիայի մասին․ ո՞րն է Ռումինիայի դիրքորոշումը։ Ես՝ որպես Հայաստան-Ռումինիա խորհրդարանական խմբի ղեկավար, և Վարուժան Փամբուկչյանը, որպես Ռումինիայի Հայոց Միության կողմից ընտրված պատգամավոր, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Հակոբյանը կոչ արեցինք Ռումինիայի իշխանություններին հստակ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարը կրակի դադարեցման կոչ արեց։ Բանն այն է, որ Ռումինիան հակասական դիրքորոշում է ունեցել Հարավային Կովկասի նկատմամբ։ Ռումինիայի նախագահներ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք Ռումինիան ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում ուներ այդ տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հայաստանի հետ շատ բարեկամական հարաբերություններ են եղել։ Սա իրավասու եմ ասել, քանի որ ինքս եմ ներգրավված եղել այդ հարցերում։ 1991 թվականին վերադարձա Երևանից, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով։ Նախագահական Կոտրոչեն պալատում հանդիպումներ ունեցա Յոն Իլիեսկուի և Տրայան Կեբելեուի հետ, Կառավարությունում՝ արտաքին գործերի նախարար Ադրիան Նըստասեի և Տեոդոր Մելեշկանուի հետ, որոնց ընթացքում խնդրեցի, որ Ռումինիան դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Հայաստանի նոր հանրապետությունը։ Սա մի բարեկամական ժեստ էր, որը համահունչ էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և այն մշտական աջակցությանը, որը նախկինում ցուցաբերել էր Ռումինիան հայ գաղթականներին։ Այդ ընթացքում Տրայան Կեբելեուն ժամանակ խնդրեց, քննարկումներ ունեցավ նաև Անկարայում Ռումինիայի դեսպանի հետ, իսկ  եզրակացությունն այն էր, որ Ռումինիան կարող է անել այդ քայլը, բայց միաժամանակ կճանաչեն նաև Ադրբեջանի անկախությունը։ Այդպես, Ռումինիան ճանաչեց և Հայաստանի, և Ադրբեջանի անկախությունը։ Այնպես որ, Ադրբեջանը պետք է իմանա, որ այդ ժամանակ Ռումինիայի կողմից իր ճանաչման համար պարտական է հայերին։ Եվ ուրեմն, ԽՍՀՄ-ից անկախացած հանրապետություններից հետո Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Դրանից մի քանի օր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Ռումինիա և Ադրիան Նըստասեի հետ ստորագրեց այդ ճանաչման փաստաթուղթը, որի մասին հայերը երբեք չեն մոռանում։ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք բարիդրացիական հարաբերություններ էին, երկկողմ այցեր էին տեղի ունենում, սակայն իրավիճակը փոխվեց, երբ Ռումինիայի նախագահ դարձավ Տրայան Բըսեսկուն, որն ունեցավ հստակ դիրքորոշում՝ աջակցել Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի։ Մինչև 2008թ., երբ մենք դեռ իշխանության էինք, նա չէր համարձակվում հրապարակայնորեն արտահայտել դա և նույնիսկ 2006 թվականին այցելեց Հայաստան։ Ի դեպ, ես էլ գնացի իր հետ ու թարգմանում էի իր համար, որովհետև Բըսեսկուն իր հետ վերցրել էր ռուսերենի թարգմանչի, ինչը կարող է լավ չդիտվեր Հայաստանում։ Այդպես, ես կատարեցի թարգմանչի պարտականությունները, իսկ Տ. Բըսեսկուն բավականին լավ ընդունելության արժանացավ։ 2008թ. հետո արմատապես փոխվեց ամեն ինչ։ 2009 թվականին Ռումինիան կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Ոչ թե Վրաստանը, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի հետ Ռումինիան ունի ռազմավարական գործընկերություն։ Այսինքն՝ Ռումինիան այս տարածաշրջանում ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բըսեսկուն վարեց ակնհայտ պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն, մշտապես մերժեց Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Կլաուս Յոհանիսի օրոք ամբողջապես վերադարձ չեղավ այն կետին, որտեղ դրանք կային մինչ Բըսեսկուն, սակայն որոշակի բարելավում տեղի ունեցավ։ Ի վերջո, Կ. Յոհանիսը Ռումինիայի առաջին նախագահն էր, որը 2015թ.  Ցեղասպանության հարյուրամյակի օրն իր կարեկցանքը հայտնեց այդ ջարդերի զոհերի համար։ Նա չասաց «ցեղասպանություն» բառը, որպեսզի չնեղացնի թուրքերին, այլ ուղղակի «ջարդեր»։ Ավելին, հատկապես Ռումինիայի հայերի համար նա գեղեցիկ քայլ կատարեց 2017թ., երբ լրանում էր Մըրըշեշտի ճակատամարտի հարյուրամյակը՝ խոսելով նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին, որոնք նույնպես նահատակվեցին ռումինական հողի համար։ Իր ելույթում Կ. Յոհանիսը ոգեկոչեց նաև ազգությամբ հայ մասնակիցներին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Մըրըշեշտում գտնվում է հայազգի 21-ամյա կրտսեր լեյտենանտ Գաբրիել Պրունկուի կիսանդրին։ Նա առաջին սպան էր, որը զոհվեց այդ ճակատամարտում Ռումինիայի պետության համար։ Մի հետաքրքիր բան կուզեմ ասել. որպես հայ՝ հակասական զգացում ունեմ Ռումինիայում։ Մի կողմից՝ հայերն իրավացիորեն շատ հարգված են Ռումինիայում, քանի որ Ռումինիայի նորագույն պատմության մեջ գրեթե չկա մի կարևոր իրադարձություն, որտեղ չգտնենք հայերի․ հայեր, որոնք նահատակվեցին, հայեր, որոնք մեծ դեր ունեցան Ռումինիայի տարածքների միավորման գործում՝ ինչպես գեներալ Հակոբ Զատիկը, որը միացրեց Բուկովինայի շրջանը Ռումինիային, հայեր, որոնք ստեղծեցին ազգային դպրոցներ՝ սկսած Գեորգե Ասակիից, Վասիլե Կոնտայից մինչև Կարապետ Իբրըիլեանու, Յակոբ Յակոբովիչ, որ ստեղծեց Ռումինիայի վիրաբուժության դպրոցը, Անա Ասլան, որ հիմնադրեց ծերաբուժության ինստիտուտը, Դումիտրու Բաղդասարը՝ նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիրը, Երվանդ Սերոբյան՝ Ալերգոլոգիայի կլինիկայի հիմնադիրը և այլն։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հայ համայնքն ունենա այդքան սահմանադրական և օրենսդրական իրավունքներ ու աջակցություն իշխանությունների կողմից, որքան Ռումինիայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից, Ռումինիայում քար լռություն է, քանի որ այստեղ դեռևս գործում է թուրքական բարդույթը։ Երբեմն մի զգացում եմ ունենում, որ իշխանությունները չգիտեն, որ մենք ազատվել ենք թուրքական լծից և որ 1877թ. տեղի է ունեցել Անկախության պատերազմ։ Այդ բարդույթն Օսմանյան կայսրության մի քանի դար տևած տիրապետության հետևանք է, իսկ իշխանությունները դեռ չեն ազատվել այդ բարդույթից։ Կարող եմ նշել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի մասին, ում հետ քննարկում եմ ունեցել այս թեմայով, բայց հասկացել եմ, որ հաջողություն չեմ ունենա, որովհետև վերջինս կատեգորիկ կերպով վախենում է Ցեղասպանության հետ կապված ամենափոքր հարցն անգամ բարձրաձայնելուց։ Կարծում եմ՝ Ռումինիան կսպասի հարցի միջազգային հանգուցալուծմանը և կհետևի դրան, ինչպես անում է սովորաբար արտաքին քաղաքականության մեջ։ Ինչու՞ են այսօր հայերն այսչափ բարձրաձայնում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Որովհետև նույնիսկ եթե Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն օկուպացնեն Ղարաբաղը, նրանք այդտեղ կանգ չեն առնի։ Կարծում եմ՝ նրանք ավելի առաջ կգնան դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները բարձրաձայնում են իրենց անհանգստության մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա երկրորդ Սարդարապատն է։ 1918թ. Սարդարապատում հայ ժողովուրդը կանգնեցրեց օսմանյան բանակի առաջխաղացումը, որը ցանկանում էր ոչնչացնել Հայաստանը։ Եվս մեկ փաստ, որը մեզ համար բաց վերք է մնում՝ չնայած անցել է մեկ դար։ 1915թ. տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և Արևմտյան Հայաստանի մոտ 3 միլիոն հայերից գրեթե ոչ մեկը չմնաց այնտեղ։ Հայեր մնացին միայն Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Ստամբուլ, Զմյուռնիա և այլն։ 1,5 միլիոն հայ զոհվեց, իսկ մոտավորապես ևս 1,5 միլիոն մարդ տեղահանվեց։ Իմ ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվեցին, բայց պապիկս կարողացավ հրաշքով փրկվել։ Այս մեծ ոճրագործությանը նպաստեցին նաև ադրբեջանցիները։ 1918թ., երբ հիմնվեց Ադրբեջանի Հանրապետությունը, Բաքվում տեղի ունեցան ջարդեր, որոնց զոհ գնացին տարբեր տվյալներով մինչև 30,000 հայեր։ Ցեղասպանության կազմակերպիչների ցանկում էր նաև ադրբեջանցի ղեկավար Մահմուդ Խան Ջիվանշիրը։ Իմիջիայլոց, Ցեղասպանության բոլոր կազմակերպիչները դատապարտվեցին մահվան, սակայն այդ վճիռն իրականացրին «Նեմեսիս» խմբի հայ վրիժառուները, որոնք հայտնաբերեցին Ցեղասպանության պատասխանատուներին տարբեր քաղաքներում ծպտված և սպանեցին նրանց։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղ հանգեցնելու է նոր ցեղասպանության, ինչպես տեղի ունեցավ 1915թ.։ Այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր, միջազգային հանրությունն այլ հարցերով էր զբաղված, սակայն այս անգամ քաղաքակիրթ աշխարհը ոչ մի արդարացում չի ունենա, եթե նման բան տեղի ունենա։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
01:40 - 20 հոկտեմբերի, 2020
Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Այս մասին Սյորեյդենը ասել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Բյորնար Մոքսնեսի գրավոր հարցմանը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լուրջ է, և Նորվեգիան կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին Թուրքիայի ավանդական աջակցության ծավալի մեծացումը մանրակրկիտ և շարունակաբար ուսումնասիրվում է մեր կողմից»,- նշել է արտգործնախարարը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, Թուրքիա պաշտպանական սարքավորումների արտահանման հետ կապված կա խիստ սահմանագիծ, որի վերջին խստացումը հաստատվել է 2016թ. հեղաշրջման փորձից հետո: Արտգործնախարարը նշել է, որ 2019թ. հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեպի Թուրքիա արտահանման նոր հայտերին ընթացք տալը: «Արտահանման դեպքում, որը չի առնչվում մեր անվտանգության և պաշտպանության շահերին և չի վերաբերում առաքումներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում, գործում է խորհրդարանի 1959թ. որոշումը, որի համաձայն՝ արտահանում չի թույլատրվում»,- հայտնել է Սյորեյդենը:
00:09 - 20 հոկտեմբերի, 2020
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС - Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում: ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր: Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին: Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում: Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին: ТАСС - Պարոն վարչապետ, Ռուսաստանը շարունակում է ելնել զինվորականների միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Արդյոք Հայաստանը համաձա՞յն է նման հանդիպմանը: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կողմերի մասնակցությամբ է համաձայն Հայաստանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին: ТАСС - Խաղաղության մասին: Դուք պատրա՞ստ եք կարգավորումն սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: ТАСС – Նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ թվում նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:ТАСС - Համաձա՞յն է արդյոք Հայաստանը տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական դիտորդների տեղակայմանը` զինադադարի և անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով: Եթե ոչ ռուսաստանյան, ապա մյուս ո՞ր երկրները կարող էին մասնակցել նման առաքելությանը: Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես արդեն ասացի, որ մեր ներկայացուցիչները մասնակցել են և համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիրը: Այսինքն՝ մենք մեր մասով աշխատանքն արդեն արել ենք՝ ռուսաստանյան գործընկերների հետ: Եվ ասացի, որ այդ Ադրբեջանն է, որ մինչ այժմ չի մասնակցել այդ աշխատանքներին: Ինչ վերաբերում է երկրներին, որոնք կարող էին մասնակցել:Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մեզ համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները սատարում են Ռուսաստանի՝ տարածաշրջանում կայունության վերականգնմանը միտված ջանքերին: Եվ այս կամ այն երկրի մասնակցության վերաբերյալ բոլոր հարցերի մասով՝ կարծում եմ, այդ երկրներն արդեն նշված են, այն երկրները, որոնք պետք է ակտիվորեն մասնակցեն գործընթացին: Դա Ռուսաստանն է, որն այս գործընթացի ամենաակտիվ մասնակիցն է և նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, որոնք նույնպես մասնակցում են: Թե որը որքանով և ինչ ակտիվությամբ պետք է մասնակցի այդ գործընթացին, դա արդեն համանախագահող երկրների միջև համաձայնության գալու հարց է: Հայաստանը չի առարկում, որովհետև Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Այս պահին մեր ակնհայտ դիրքորոշումն այն է, որ Թուրքիան, որը գործնականում դարձել է այս պատերազմի գլխավոր հրահրողը, ոչ մի կերպ չի կարող մասնակցել խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության մեջ: ТАСС - Ռուսաստանը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես այդ մասին արդեն խոսեցի: Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները - Ռուսաստանն արդեն պաշտոնապես ասել է, որ նրանք սիրիացի զինյալներ են - այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը: ТАСС – Նաև Լեռնային Ղարաբաղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները - ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը - ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին: ТАСС- Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե գոնե ընդհանուր գծերով ի՞նչ տեսք կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի առումով: Ինչպե՞ս եք տեսնում այս ապագան: Պատրա՞ստ եք զիջումների գնալ հանուն խաղաղության, թե՞ ոչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք պատրաստ ենք փոխզիջման: Մենք միշտ ենք դա ասել: Եվ մեզ համար փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան: ТАСС - Արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կայացավ՝ շնորհիվ 3 երկրների ղեկավարների պայմանավորվածության: Պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է: ТАСС – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:
18:36 - 19 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am:  Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփն «Անադոլու» գործակալության հետ զրույցում ընդգծել է, որ «ոչ միայն Թուրքիան, այլև 83 մլն թուրք ժողովուրդը սատարում են Ադրբեջանին իր սրբազան պայքարում»: Նրա համոզմամբ, «ակնհայտ դարձավ, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը լոկ խոսքեր չեն, այլ աշխարհում նմանը չունեցող դաշինք»: «Մենք Ադրբեջանի կողքին ենք, քանի որ նրա պայքարն արդար է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանից անջատ չի եղել: Ղարաբաղը Ադրբեջանի հողն է», - հայտարարել է Շենթոփը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը: Կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած պնդումը, Շենթոփը ևս հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սպառազինում են Հայաստանին»: «Այս երկրների ստանձնած պարտավորությունը հարցի արդարացի լուծումն է: Ահա սա է 30 տարի այն չլուծելու պատճառը: Քանի որ չեն ուզում լուծել», - ասել է թուրքական խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:
16:09 - 19 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում: Նշենք, որ Նախարարների կոմիտեն ԵԽ որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը: ԵԽ անդամ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Նախարարների կոմիտեում կայացած քննարկումը եղել է ՀՀ-ի խնդրանքի՞ հիման վրա, թե՞ դատարանն է սեփական նախաձեռնությամբ հարցը փոխանցել Կոմիտեին՝ Կիրակոսյանն այս պահին հստակ չգիտեր, միայն նշեց, որ մտահոգություններ ունեն եւ այդ հարցով Դատարանին նորից դիմելու են. «Կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է, հատկապես, որ լիարժեք պատերազմական գործողություններ են ընթանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանկյալ միջոցները շատ կարեւոր են հիմա եւ հետագայում էլ շատ կարեւոր են լինելու»: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որ ներառում են նաեւ Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ չեն պահպանվում միջանկյալ միջոցների պահանջները, շուտով կգործեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:24 - 19 հոկտեմբերի, 2020
Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

azatutyun.am: Ուրուգվայի հայերը նորից դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրագործվող պատերազմի դեմ: Մոնտեվիդեոյի ծովեզերքին տեղի ունեցավ ավտոերթ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով, հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոերթի կարգախոսն էր՝ խաղաղություն Արցախի համար և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության ճանաչում: Վերջին օրերին Ուրուգվայի թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր իշխանությունները հատուկ հայտարարություններով անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Հայկական կողմը դրական է գնահատել Ուրուգվայի կեցվածքը, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացրել են իրենց ճնշումները և բողոքները հրապարակված դիրքորոշումների կապակցությամբ: Ուրուգվայի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ղարաբաղյան պատերազմը և հակամարտության ծագումը: Ուրուգվայահայերը հայտարարել են, որ ջանք չեն խնայելու, որպեսզի Ուրուգվայի պետությունը իր նպաստը բերի Արցախում նոր հայկական ցեղասպանության կանխարգելմանը:
15:20 - 19 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար: Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն,  ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար: Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: Նշվում է նաև, որ Թուրքիան փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, մի երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի դեմ: Բանաձևում նաև հիշատակվում է այն մասին, որ ըստ հրապարակումների՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի դեմ է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնցից  շատերը կապված են «Ալ-Քաիդա»-ի և ISIS-ի հետ: Նշվում է նաև մարտերում Թուրքիայի F-16-երի ներգրավվածության մասին, որոնք օգտագործվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Բանաձևվում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ հրադադարի կոչ է արել, մինչդեռ Թուրքիան հակառակվում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանի շարունակական ագրեսիային: Նշված է նաև այն մասին, որ Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործվել Միացյալ Նահանգների արտադրության F-16 կործանիչների դեմ:
14:39 - 19 հոկտեմբերի, 2020
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցությունները պետք է դադարեցվեն. Ֆրանկ Էնգել |armenpress.am|

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցությունները պետք է դադարեցվեն. Ֆրանկ Էնգել |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ Ֆրանկ Էնգելը նկատում է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ և շեշտում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցություններն ընդհանրապես պետք է դադարեցվեն: Էնգելն ընդգծում է, որ հնարավոր չէ Եվրոպական Միությանն անդամակցության հարցը քննարկել ամբողջատիրական բռնապետության հետ: Ֆրանկ Էնգելն այս մասին ասել է Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում, որում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի գործողությունները: «Թուրքիան այսօր խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, և դրանից անդին: Այն ապակայունացնում է Արևմտյան Բալկանները իսլամիստական զանգվածային ազդեցության միջոցով: Մոնտենեգրոյից մինչև Բոսնիա ՝  մինչ Խորվաթիայի հետ սահման, կառուցվում են մզկիթներ և ներդրվում քարոզիչներ, որոնք հարվածի տակ են դնում հանրային համախմբվածությունը: Եվրոպան չպիտի շարունակի խրախուսել նման վարքագիծը։ Թուրքիան օկուպացրել է իր հարևաններից երկուսին՝ Սիրիան և ԵՄ անդամ Կիպրոսը: Կովկասում այն ագրեսիվ պատերազմ է մղում հայերի դեմ թուրքական կործանիչներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այն հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ է ուղարկում Լիբիայից և Սիրիայից դեպի Արցախյան ռազմաճակատ։ Նրանք այնտեղ զոհվում են Ադրբեջանի զինվորների փոխարեն, որը սանձազերծել է այս պատերազմը և շարունակում է այն անմարդկային դաժանությամբ: Այս ամենը երկու օր առաջ շեշտվեց և միաձայն դատապարտվեց Պատգամավորների պալատում, Կլոդ Վիզելերի նախաձեռնությամբ: Եվ ես կարծում եմ, որ մենք դրանից հետևություններ պետք է անենք»,- ասել է Էնգելը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները երկար ժամանակ սառեցված էին՝ շեշտելով, որ դրանք պետք է ընդհատվեն և ընդհանրապես դադարեցվեն: «Թուրքիայի գործող նախագահին և նրա երկրին չպետք  է առաջարկվի որևէ այլ պայմանագիր ԵՄ-ի հետ: Մինչև Թուրքիան չդառնա նորմալ պետություն, (և ես դա մաղթում եմ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիների), պետք է պարզ լինի, որ Եվրոպան չի ուզում ընդունել նրան: Մենք չենք կարող օգնել մարդկանց՝ ձևացնելով: Հիշեցնեմ նաև, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների դադարեցումը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հստակ դիրքորոշմանը, որին ես աջակցում էի Եվրախորհրդարանում»,- եզրափակել է Ֆրանկ Էնգելը:  
22:32 - 18 հոկտեմբերի, 2020
Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին

Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»: «Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո: Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը: Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր: Կորիերե դելլա Սերա - Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են: Կորիերե դելլա Սերա - Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները: Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում: Կորիերե դելլա Սերա - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հակամարտությունը դադարեցնելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար: Կորիերե դելլա Սերա - Իտալիայում մի խումբ մտավորականներ, մարզիկներ և քաղաքական գործիչներ ստորագրեցին Հայաստանի հետ համերաշխության հռչակագիր: Դա բավակա՞ն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի շարք արտասահմանցի լրագրողներ եկան այստեղ, բայց մենք չտեսանք արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների: Իտալիայից ես ակնկալում եմ, որ նա ճանաչի, որ Թուրքիան վարձկաններ ու զորքեր է տեղափոխել Ադրբեջան: Բայց ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի զոհ է, ինչը միջազգային հանրությունը և Իտալիան պետք է հաշվի առնեն։ Որովհետև եթե ադրբեջանական բանակը վերադառնա տարածաշրջան, ոչ մի հայ չի փրկվի»:
20:22 - 18 հոկտեմբերի, 2020
ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:   «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:
18:03 - 18 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:  Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»: Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել  է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն:  
09:47 - 18 հոկտեմբերի, 2020