Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը  բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ-ն զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Արդբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»։ Նրա խոսքով՝ գոնե մինչև 2018 թ․-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա․ «Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով»։
13:15 - 25 հոկտեմբերի, 2021
Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու. Խաչատրյանը ներկայացնում է պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է հետևողական և շարունակաբար նվազեցնել պետական պարտքը՝ այն բերելով օրենքով սահմանվածի շրջանակ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «2020-ը, կախված թե համավարակի, թե պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ  5 տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,-ասաց Խաչատրյանը: Նա շեշտեց՝ 2021-ի և 2022-ի կանխատեսվող գործողությունների արդյունքում պետք է հասնեն նրան, որ 2022-ի ամփոփ ցուցանիշը կազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը: «Հետագա տարիներին նույնպես կունենանք ոչ շատ կտրուկ նվազում: Դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով խելամիտ կապիտալ կամ զարգացման ծրագրեր իրականացնելը այն կարևոր նախապայմաններից են, որ պետք է ապահովեն տնտեսական պոտենցիալի ապահովում և բարձը տնտեսական աճ: Այս տեսանկյունից մենք պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու: Եվ մյուս կողմից խելամիտ սահմանաչափով ֆիսկալ տարածք ազատելով, արտադրողական և արդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ ստեղծելու ենք այնպիսի ծրագիր և իրականացնելու ենք այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստելու են տնտեսական աճի բարձր ցուցանիշների պարագայում պետբյուջեի կատարմանը»,-ասաց նախարարը: Նախատեսվում է, որ դեֆիցիտը կազմելու է 3.1 տոկոս: Ըստ Խաչատրյանի՝ դա այն խելամիտ անվտանգ չափն է, որով պարտք ներգրավելով՝ կառավարությունը կկարողանա իրականացնել ոլորտային զարգացման համապատասխան ծրագրեր: Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026 թ հարկային եկամուտներ պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում լինի: «Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե տնտեսական, թե սոցիալական ենթակառուցվածքներին: Մենք այս բոլորը միասին վերցրած տեսնում ենք տնտեսական աճի կայուն միջավայր ստեղծելու համատեքստում որպես նախապայման, որովհետև թե 2022-ը, թե հաջորդող տարիները կառավարության ծրագրի այն ժամանակահատվածն է, որ թիրախային 7 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է»,-ասաց Խաչատրյանը: 2022-ի բյուջեի նախագծում դրվել է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:
12:43 - 25 հոկտեմբերի, 2021
Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է. հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան

Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։ Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրռում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ նպատակ: Սիրելի' հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։ Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը: Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել: Ես շնորհակալ և երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են և շարունակում են պայքարել, որովհետև հասկանում են, որ վճռվում է հայրենիքի ճակատագիրը։ Առաջիկա օրերին կխոսենք ավելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։ Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:Հայրենիքն է կարեւոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»,- գրել է նա:
10:36 - 25 հոկտեմբերի, 2021
Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Նազելի Բաղդասարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են  ԱԺ-ից։ «ԱՊՀ անդամ երկրների կայուն զարգացման հայեցակարգի» նախագիծն արժանացել է խորհրդարանականների հավանությանը, հաշվի են առնվել առաջարկներն ու դիտողությունները: Այն ներառվել է ԱՊՀ ՄԽՎ հաջորդ լիագումար նիստի օրակարգում: Քննարկվել է նաեւ «Միջազգային դիտորդության մասին» մոդելային օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը քննարկման ժամանակ խոսել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունների դերի ու նշանակության մասին: Դիտարկումները, որոնք ներկայացվել են հայկական պատվիրակության կողմից, ընդունվել են ի գիտություն եւ կքննարկվեն հաջորդ նիստում»:
18:04 - 22 հոկտեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու հարցով ստեղծվել է քննիչ հանձնաժողով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի հայտարարության մեջ:
17:07 - 22 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները․ «Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։ Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:  Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը: Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով: Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն): ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ: Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում: Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»:
14:53 - 22 հոկտեմբերի, 2021
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։  «Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր: ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես ՀՀ լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում: Պատշաճ կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի պահանջները, կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալու հնարավորությունը: Կկանոնակարգվեն անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարության ընթացքում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները: Քննարկումների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են օտար երկրի քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերին, քաղաքացիությանն առնչվող գործերով վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային հարթակների միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը, ինչը կհեշտացնի քաղաքացիների կյանքը: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նա առաջինից երկրորդ ընթերցում որոշ դրույթների առնչությամբ քննարկում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ՝ նախաձեռնության նպատակն է չստեղծել իրավիճակ, երբ անձը, կորցնելով մի պետության քաղաքացիությունը, չկարողանա ձեռք բերել մեկ այլ պետության քաղաքացիություն: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», ««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» եւ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները»: 
18:18 - 21 հոկտեմբերի, 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ

Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։  «Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարեւորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ եւ ԵԽԽՎ մոնիտորինգային կառույցների դերակատարությունը եւ նախաձեռնած բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը  եւ տրված բարձր գնահատականին: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին եւ հետպատերազմյան իրավիճակին:  Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց պատանդության մեջ պահել՝ ոմանց դեմ հարուցելով կեղծ քրեական գործեր: Օրենսդիր մարմնի նախագահն ընդգծել է ԵԽԽՎ-ի կողմից այս խնդիրն  ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը: Քննարկվել են մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանն առնչվող հարցեր»:
18:10 - 21 հոկտեմբերի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Առաջարկում ենք հոդված 1-ը փոփոխել հետևյալ կերպ՝ Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Նախագծի ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նշեց՝ ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին: Ըստ նրա՝ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով՝ իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտի արտադրանքի, ծառայությունների, թողարկման ծավալների համար, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա: Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցչ աշխատանքային օրերի դեպքում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանան 88.6 մլրդ դրամով: Դա ՀՀ-ի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1.3 տոկոսն է: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե այդ թվերն ինչի՞ վրա են հիմնված, արդյոք 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու և պետություն տեսնելո՞ւ է այդ եկամուտները: «Ես համարում եմ՝ այդ վիճակում, որ գտնվում է երկիրը, մենք իրավունք չունենք 7-8 օր քեֆ անելու»,-արձագանքեց Քերոբյանը: Վարդանյանն առաջարկեց անպայման հունվարի 2-ը և հունվարի 7-ը ոչ աշխատանքային դարձնել: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը ևս նույն առաջարկն արեց: Նախարարը խոստացավ անդրադառնալ այդ առաջարկին: «Ամսի 2-ը ավելի հավանական է, որ մենք կդիտարկենք ընդունման համար»,-նշեց Քերոբյանը: Վարդևանյանն ասաց. «Օրինակ` միջազգային փորձն ուսումնասիրելուց դուք նկատե՞լ եք, որ եվրոպական երկրներում հունվարի 1-ին հաջորդող օրերը ոչ աշխատանքային չէին լինում, բայց դեկտեմբերին էին լինում՝ Սուրբ ծննդյան շղթայական օրերը»: Նա առաջարկեց, որ անցումային շրջանակում այդ նախագիծը վերաբերվի դեռևս միայն պետական ծառայողներին: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 4 ձեռնպահ ձայներ՝ այսպիսով` հավանության արժանանալով և ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
16:28 - 21 հոկտեմբերի, 2021
Զանգվածային լրատվության մասին օրենքի փոփոխության նախագիծը քննարկվեց շահագրիգիռ կողմերի հետ |armenpress.am|

Զանգվածային լրատվության մասին օրենքի փոփոխության նախագիծը քննարկվեց շահագրիգիռ կողմերի հետ |armenpress.am|

armenpress.am: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման մասնակից լրագրողները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհում են՝ ՔՊ-ն Զանգվածային լրատվությանն առնչվող նախագիծ է հեղինակել՝ առանց լրագրողների, խմբագիրների հետ քննարկումների: Բացի այդ նրանք նախագծում տեսնում են մի շարք խնդիրներ: ՔՊ-ի ներկայացրած նախաձեռնությամբ, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից: Քննարկումը նախաձեռնած պատգամավոր Էլինար Վարդանյանը նախ նշեց, որ սկզբնական փուլում ներկայացված նախագիծը, ըստ իրենց, շատ ավելի վատ ձևակերպումներ է ունեցել, հետագայում  ներկայացվել է լրամշակված տարբերակը, սակայն առանց լրատվամիջոցների հետ քննարկումների: «Քննարկում եղել է միջազգային կառույցների հետ, ինչպես նշեցին նախագծի հեղինակները՝ փորձագետների հետ: Նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը: Մտավախությունը, որ ես ունեմ, այն է, որ այդպես փորձ է արվում «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Ըստ էության լրատվամիջոցներն «անանուն աղբյուր» օգտագործելու հարցում ունեն պաշտպանվածություն, և «չնույնականացվող աղբյուր»-ի օգտագործմամբ՝ կփորձեն ինչ-որ կերպ նաև այդ հարցին անդրադառնալ»,-ասաց նա: Պատգամավորը շեշտեց՝ չի կարելի շահառուների հետ չքննարկել փոփոխությունների նախագիծը: Ըստ նրա՝ դա խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված քայլ է: Լրագրող Սևակ Վարդումյանը, անդրադառնալով նախագծին, նշեց. «Որոշ դրվագով համաձայն եմ այն հատվածին, որ երբ ասում են, որ անանուն, «Տելեգրամ»-յան ալիքներից եկող, «Ֆեյսբուք»-ից եկող ինֆորմացիաները հրապարակելուց հետո լրատվամիջոցները խնդիրներ են ունենալու: Այո, իրեն հարգող ցանկացած լրագրող նախ պետք է հասկանա՝ այդ տեղեկատվությունը որտեղից է, ի՞նչ հիմքեր ունի, արժե՞ հրապարակել, թե՞ չարժե  և պատրաստ լինել դրա համար պատասխանատվություն կրելու: Իսկ ինչ վերաբերում է հենց աղբյուրների բացահայտմանը, երբ լրագրողը փորփրում է, տեղեկանում է, մի քանի աղբյուրով ճշտում է լուրն ու հրապարակում, և հետո պատկան մարմիններն ասում են, որ աղբյուրը պետք է բացահայտի, աբսուրդ է»: Ըստ նրա՝ լրատվամիջոցներին թիրախում պահելու մեթոդներ են կիրառվում: Սևակ Վարդումյանը, առանց լրագրողական հանրույթի կարծիքը լսելու,  ԶԼՄ-ներին վերաբերող օրենք մշակելը համարեց առնվազն վիրավորական: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ սկզբում կոմիտեի բոլոր փորձերը՝ ներազդելու գործընթացի վրա, փոփոխություններ իրականացնելու, հաջողությամբ չեն պսակվել, բացառությամբ մի բանի: «Այն ժամանակ, երբ օրենքի նախագծում նախատեսված էր «անանուն աղբյուրներին» հղում չկատարելը, բացատրեցինք, որ դա անհնարին է, մանավանդ, երբ խոսքը հետաքննող լրագրողների գործունեության մասին է: Դրանից հետո մենք նկատեցինք, որ դա փոխեցին «չնույնականացվող աղբյուրներ»-ով, որը մեր կարծիքով գրեթե նույնն է»,-ասաց նա: Անդրադառնալով նախագծի լրամշակված վերջնական տարբերակին, սակայն, Մելիքյանն ասաց. «Այս տարբերակով որևէ աղբյուրին հղում տալու, այդ թվում չնույնականացվող աղբյուրին հղում տալու արգելքը հանվել է:  Ասվում է՝ կարող ես բոլոր աղբյուրներից, օրինակ «Տելեգրամ»-ի ալիքից վերցնել ինֆորմացիան, հղում կարող ես տալ, կարող ես չտալ, բայց դու վերցրու քո վրա պատասխանատվություն»: Մելիքյանը այսպիսով շեշտեց, որ այդ առումով որևէ առարկություն չունեն: «Որովհետև տեղեկատվությունը տրամադրելիս իսկապես ինչ-որ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի»,-ասաց նա ու հավելեց, որ օրինագծի մեջ, սակայն տեսնում են այլ խնդիր՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը մերժելու հիմքերի դրույթների հետ կապված: ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական հետազոտության կենտրոնի փորձագետ Քրիստինե Ալեքսանյանն էլ նշեց, որ թե պատգամավորների ելույթներում նշված խնդիրները, թե լրագրողների ելույթներում նշված խնդիրները ֆիքսել է, և,  երբ նախագիծը լրամշակման համար գնա նախարարություն, անպայման կանդրադառնան բոլոր նկատառումներին:
14:43 - 21 հոկտեմբերի, 2021
Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|

Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Արցախի 44-օրյա պատերազմի hետևանքով բռնի տեղահանված արցախցիները բարձրացրին իրենց հուզող խնդիրները ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված ՝ տեղահանված արցախցիների հարցով քննարկմանը:  «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ ղեկավար Մերի Դավթյանը նկատեց՝ պետությունն ինչ-որ ձևերով փորձում է լուծել տեղահանված արցախցիների սոցիալական հարցերը: «Մենք էլ հասարակական մակարդակում փորձում ենք ինչ-ինչ ծրագրեր անել, բայց մեզ համար կարևոր է քաղաքական կայունությունն ու որոշակիությունը»,- ասաց նա:  Դավթյանը շեշտեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգ կա հիմա, ինչ ուղղությամբ են տարվում աշխատանքները: «Մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման հարցը երբ է նորից մտնելու օրակարգ: Պետք է հասկանանք՝ երբ են մտադիր այդ ուղղությամբ ավելի վճռական քայլեր անելու»,-ասաց նա: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպության համար սկզբունքային է տեղահանված արցախցիների կարգավիճակի հարցը: «Մեզ համար դա չի կարող լինել փախստականի կարգավիճակ: Կլինի ներքին տեղահանվածի, թե այլ կարգավիճակ՝ չեմ պատկերացնում: Բայց այն, որ մենք հիմա պետք է ունենանք ինչ-որ կարգավիճակ, դա միանշանակ է»,- ասաց նա: Նա դժգոհեց տեղահանված արցախցիների համար իրականացված սոցիալական ծրագրերից: «Մենք լսում ենք, որ շատ մարդիկ, որոնք արդեն տարիներ շարունակ չեն ապրել նույն Քաշաթաղի շրջանում, կարողացել են շատ ծրագրերից օգտվել, իսկ մարդիկ, որոնք մինչև վերջ ապրել են այդ շրջանում, այսօր չեն կարողանում այդ ծրագրերի շահառու դառնալ»,-ասաց Մովսիսյանը: Նա շեշտեց՝ այսօր խախտված են տեղահանվածների իրավունքները: «Եթե գոնե մի քանի ամիս առաջ, չեմ ասում հենց պատերազմից հետո, լուծվեր մարդկանց բնակարանային հարցը, այսօր մարդիկ շատ ավելի հանգիստ և շատ ավելի ապահով կզգային իրենց, հանգիստ կաշխատեին և կպահեին իրենց ընտանիքները»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը: Քննարկման մասնակիցներից Աշոտ Հարությունյանն էլ հիշեց ակցիաներին հադրութցիներից լսած խոսքերը. «Հադրութցին ճիշտ է ասում՝ ինձ համար կամ Ստեփանակերտի Աջափնյակը, կամ Երևանի Աջափնյակը, որևէ տարբերություն չկա, ես իմ Հադրութն եմ ուզում»: Քննարկման մասնակիցները առաջ քաշեցին ևս մի շարք հարցեր:
13:42 - 21 հոկտեմբերի, 2021
«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել»․ Արման Սարգսյանն անդրադարձավ Փելա սարի վերաբերյալ հարցին

«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել»․ Արման Սարգսյանն անդրադարձավ Փելա սարի վերաբերյալ հարցին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։ Գրիգորյանը հիշեցրեց ԱԱԾ-ի  հաղորդագրությունն այն մասին, որ Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություններ չեն եղել, և որ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պաշտպանությունը տվյալ հատվածում։ Պատգամավորը հավելեց՝ այս տարածքներում ադրբեջանցիները հայտնվել են GPS սարքի միջոցով․ «Ե՞րբ է տեղի ունեցել պետական սահմանի ճշգրտում, որին այդպես էլ ականտես չենք եղել»։ Արման Սարգսյանն էլ նկատեց, որ նախագծին չվերաբերող չորրորդ հարցն է արդեն լսում․ «Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, դրա մասին գիտեք նաև դուք։ Հրապարակային ելույթներում բազմիցս հնչել է, որ նույնիսկ Հայաստանի և Վրաստանի միջև վերջնական տեղի չի ունեցել, Ռուսաստանի և հարևան մեկ այլ պետության մեջ տեղի չի ունեցել։ Դրանք տարիներով քննարկվող, վիճելի հարցեր են»։ Աննա Գրիգորյանը, արձագանքելով փոխնախարարին, ասաց՝ եթե դելիմիտացիա տեղի չի ունեցել, ինչու՞ է ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ ասում, որ դա պետական սահման է։ «Ի վերջո դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիները այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեն, մինչդեռ դա պետական սահման չի»։ Արման Սարգսյանը ի պատասխան նշեց՝ հարցը կարելի էր աշխատանքային կարգով քննարկել ԱԱԾ ներկայացուցիչների հետ․ «Եթե նույնիսկ տեսականորեն ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք։ Եթե նույնիսկ սխալմունք է տեղի ունեցել, սա կարելի էր աշխատանքային կարգով քննարկել»։
12:49 - 19 հոկտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում 8-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն ասաց՝ Ղազինյանին ներկայացնելու կարիք չկա, որովհետև նախորդ նիստերի ընթացքում նրան ներկայացնելու բազում առիթներ են ունեցել։ Նա հավելեց՝ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերն ավելի կարևոր են իրենց համար․ «Հատկապես, որ Պաշտպանության նախարարի տեղակալը այստեղ է, կարծում եմ՝ մեր գործընկերները բազմաթիվ հարցեր ունեն տալու, որովհետև մեկ ամսից ավել ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձ է արել այսօր երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիքներ հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անել ԱԺ-ում ՝ ՊՆ-ի, ԳՇ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ ղեկավարությունը հակառակ նրան, որ սկզբից քայլեր ձեռնարկեց, հետո անգործություն դրսևորեց»։ Պատգամավորը հավելեց նաև, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված իրավունքներից, նախաձեռնել են հատուկ նիստ հրավիրել և քննարկել երկրի անվտանգության հետ կապված հասարակությանը հետաքրքրող հարցեր։ Մանուկյանին ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ վերջինս շեղվել է օրակարգային հարցից․ նկատողությունից  հետո Մանուկյանի և Քոչարյանի միջև բանավեճ սկսվեց։ Գեղամ Մանուկյանին ուղղված հարցերից հետո ելույթ ունեցավ Արթուր Ղազինյանը։ Վերջինս նույնպես հայտարարեց, որ իր համար կարևոր են այսօրվա օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը, ընդդիմության ներկայացուցիչները՝ կողմ։
11:49 - 19 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին: Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները:  Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների  գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին: Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության  առաջարկներով, որոնց իրականացման  ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:
20:32 - 18 հոկտեմբերի, 2021