«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել»․ Արման Սարգսյանն անդրադարձավ Փելա սարի վերաբերյալ հարցին
12:49 - 19 հոկտեմբերի, 2021

«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել»․ Արման Սարգսյանն անդրադարձավ Փելա սարի վերաբերյալ հարցին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։

Գրիգորյանը հիշեցրեց ԱԱԾ-ի  հաղորդագրությունն այն մասին, որ Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություններ չեն եղել, և որ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պաշտպանությունը տվյալ հատվածում։ Պատգամավորը հավելեց՝ այս տարածքներում ադրբեջանցիները հայտնվել են GPS սարքի միջոցով․ «Ե՞րբ է տեղի ունեցել պետական սահմանի ճշգրտում, որին այդպես էլ ականտես չենք եղել»։

Արման Սարգսյանն էլ նկատեց, որ նախագծին չվերաբերող չորրորդ հարցն է արդեն լսում․

«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, դրա մասին գիտեք նաև դուք։ Հրապարակային ելույթներում բազմիցս հնչել է, որ նույնիսկ Հայաստանի և Վրաստանի միջև վերջնական տեղի չի ունեցել, Ռուսաստանի և հարևան մեկ այլ պետության մեջ տեղի չի ունեցել։ Դրանք տարիներով քննարկվող, վիճելի հարցեր են»։

Աննա Գրիգորյանը, արձագանքելով փոխնախարարին, ասաց՝ եթե դելիմիտացիա տեղի չի ունեցել, ինչու՞ է ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ ասում, որ դա պետական սահման է։ «Ի վերջո դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիները այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեն, մինչդեռ դա պետական սահման չի»։

Արման Սարգսյանը ի պատասխան նշեց՝ հարցը կարելի էր աշխատանքային կարգով քննարկել ԱԱԾ ներկայացուցիչների հետ․ «Եթե նույնիսկ տեսականորեն ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք։ Եթե նույնիսկ սխալմունք է տեղի ունեցել, սա կարելի էր աշխատանքային կարգով քննարկել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել