Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11:49 - 19 հոկտեմբերի, 2021

Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում 8-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն ասաց՝ Ղազինյանին ներկայացնելու կարիք չկա, որովհետև նախորդ նիստերի ընթացքում նրան ներկայացնելու բազում առիթներ են ունեցել։

Նա հավելեց՝ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերն ավելի կարևոր են իրենց համար․ «Հատկապես, որ Պաշտպանության նախարարի տեղակալը այստեղ է, կարծում եմ՝ մեր գործընկերները բազմաթիվ հարցեր ունեն տալու, որովհետև մեկ ամսից ավել ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձ է արել այսօր երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիքներ հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անել ԱԺ-ում ՝ ՊՆ-ի, ԳՇ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ ղեկավարությունը հակառակ նրան, որ սկզբից քայլեր ձեռնարկեց, հետո անգործություն դրսևորեց»։

Պատգամավորը հավելեց նաև, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված իրավունքներից, նախաձեռնել են հատուկ նիստ հրավիրել և քննարկել երկրի անվտանգության հետ կապված հասարակությանը հետաքրքրող հարցեր։

Մանուկյանին ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ վերջինս շեղվել է օրակարգային հարցից․ նկատողությունից  հետո Մանուկյանի և Քոչարյանի միջև բանավեճ սկսվեց։

Գեղամ Մանուկյանին ուղղված հարցերից հետո ելույթ ունեցավ Արթուր Ղազինյանը։ Վերջինս նույնպես հայտարարեց, որ իր համար կարևոր են այսօրվա օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը, ընդդիմության ներկայացուցիչները՝ կողմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել