Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ նախագահն ու Կատարի էմիրը քննարկել են Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

ՀՀ նախագահն ու Կատարի էմիրը քննարկել են Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, պաշտոնական արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել էմիրին հրավերի համար և շնորհավորել Կատարի տնտեսական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և արաբական աշխարհի միջև առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և այդ ուղղությամբ երկուստեք առկա պատրաստակամության կարևորությունը: Հանրապետության նախագահն իր խոսքում էմիրին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին իր խոսքում նշել է, որ տեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությունից և հուսով է, որ իրողությունները կզարգանան կայուն խաղաղության հասնելու օրակարգով։ Էմիրը նշել է, որ ներկայում Կատարից Հայաստան և հակառակ ուղղությամբ կատարվում է շաբաթական 10 թռիչք, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի մասին: Թամիմ բին Համադ Ալ Թանին նաև շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը, երկուստեք շեշտվել է վերջինիս կարևորությունը, ինչը նոր մակարդակի կարող է բարձրացնել հայ-կատարական տնտեսական, գյուղատնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությունը: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Կատարի էմիրին հրավիրել է այցելել Հայաստան:
16:24 - 23 մայիսի, 2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի նախագահի հատուկ բանագնացին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի նախագահի հատուկ բանագնացին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չան Սոն Մինն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ: Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ՝ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Առանձնահատուկ շեշտվել է մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը և վերջինիս լիարժեք իրականացման կարևորությունը:Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը:
20:31 - 19 մայիսի, 2023
Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին. Խաչատուրյան

Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում:Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձն ամբողջ աշխարհում:Նախագահը Խաչատուրյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները խորքային քննարկել և միասնական քաղաքականություն մշակել: Նախագահը նշել է նաև, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին:«Մենք շատ ենք կարևորում այն, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Համոզված եմ, որ համաժողովի երեք օրերի ընթացքում կփորձեք նոր լուծումներ գտնել: Համակարգված աշխատանք է կատարվում նաև մեր մասնագետների կողմից, և մեր բոլորիս հիմնական նպատակն այն է, որ ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չմնա և հնարավորություն ունենա պատշաճ բժշկական օգնություն ստանալ: Հույս ունեմ, որ ձեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:Գիլիերմո Շանտադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության, համար նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր առաջին այցելությամբ: «Մեր միությունը համախմբում է ամբողջ աշխարհի շուրջ 3000 մասնագետների: Շատ հպարտ ենք այն աշխատանքի համար, որը կատարվում է Ասիայում, ինչպես նաև Հայաստանում: Այն իսկապես օրինակելի է: Շատ ուրախ ենք այստեղ լինելու համար»,- նշել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահը:
18:10 - 19 մայիսի, 2023
Հայաստանի նախագահը և Պանամայի դեսպանը անդրադարձել են երկրու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը

Հայաստանի նախագահը և Պանամայի դեսպանը անդրադարձել են երկրու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պանամայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադին Հայաստանում Պանամայի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պանամայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և միջազգային հարթակներում փոխգործակցության զարգացման հարցեր:Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությանը: Երկուստեք շեշտվել է կրթության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի բնագավառներում առկա համագործակցային ներուժի իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:
20:04 - 18 մայիսի, 2023
Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: «Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
13:11 - 09 մայիսի, 2023
ՀՀ նախագահը շնորհավորել է Չարլզ Երրորդին թագադրման առիթով

ՀՀ նախագահը շնորհավորել է Չարլզ Երրորդին թագադրման առիթով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին: Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները: Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ այցելելու Հայաստան։ Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ»:
15:59 - 07 մայիսի, 2023
ՀՀ նախագահը բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը

ՀՀ նախագահը բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։   Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:   Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։   Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
10:48 - 05 մայիսի, 2023
Մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով․ ՀՀ նախագահի ուղերձը

Մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով․ ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է: Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն: Սիրելի հայրենակիցներ, Մեր ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով և մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է: Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն: Շնորհավոր մայիսի 1»:
09:41 - 01 մայիսի, 2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են գտնվել Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները: Հանրապետության նախագահը, ողջունելով ականավոր գիտնականին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ և քաջառողջություն ու նորանոր գիտական նվաճումներ մաղթել: Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Երևանում միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների կազմակերպման նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել նման ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը նվիրված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության այլ ոլորտներում առկա ներուժի վերհանմանն ու առարկայական համագործակցության օրակարգի ձևավորմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը: Այս կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:
16:32 - 29 ապրիլի, 2023
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 25-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Նախագահն ապրիլի 26-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
19:55 - 28 ապրիլի, 2023
Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է.  «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ասել է.  «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ քննարկել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունները»:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:Երկուստեք կարևորվել են տնտեսական, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:
17:26 - 27 ապրիլի, 2023
Նախագահ Խաչատուրյանը Ավստրիայի դեսպանին մանրամասներ է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Նախագահ Խաչատուրյանը Ավստրիայի դեսպանին մանրամասներ է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի): Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը նորանշանակ դեսպանին հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:Իր խոսքում նախագահը նշել է. «Ավստրիան այն պետություններից է, որը վաղուց է ներկայացված մեր երկրում: Մենք գնահատում ենք այն աջակցությունը, որը Ավստրիան ցուցաբերել է մեզ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և մանավանդ վերջին տարիներին: Համոզված եմ, որ Ձեր աշխատանքն ու դիվանագիտական փորձն իրենց նպաստը կբերեն հայ-ավստրիական համագործակցության զարգացմանը»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը շեշտել է, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Ավստրիայի միջև բազմաշերտ փոխգործակցության ակտիվացման գործընթացում: «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այստեղ, և կանեմ լավագույնը մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը համար»,- նշել է դեսպան Մյուլմանը: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար միջանցքի բնականոն գործունեության խոչընդոտումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարումները հումանիտար աղետի սպառնալիք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի 120.000 հազար բնակչության համար: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ քայլերը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացի վրա:Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ նախագահը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի միջև փոխգործակցության խթանման հնարավորություններին: Այս առումով դեսպան Մյուլմանը հայտնել է, որ Ավստրիական զարգացման գործակալությունը նախատեսում է ընթացիկ տարում գրասենյակ հիմնել Կապանում՝ Գյումրիի և Վանաձորի օրինակով:
16:04 - 26 ապրիլի, 2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

lragir.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։ Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։ Ցեղասպանության հիշատակումը հիշեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։ Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը», նշված է նամակում։
12:17 - 26 ապրիլի, 2023