Մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով․ ՀՀ նախագահի ուղերձը
09:41 - 01 մայիսի, 2023

Մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով․ ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ.

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում:

Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է:

Հաջողակ են այն պետություններն ու հասարակությունները, որոնք կարողացել են հասնել այնպիսի ներդաշնակության, երբ աշխատանքային իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ունի արժանապատիվ աշխատելու, արարելու և ստեղծելու հնարավորություն:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը դարեր ի վեր ապացուցել է, որ կարող է աշխարհի համար ներկայանալի ու ճանաչելի դառնալ իր աշխատանքով ու ստեղծագործ մտքով և մեր անկախ պետականությունն էլ յուրովի աշխատանքի արդյունք է:

Այսօր մեր երկրի զարգացման օրակարգը ձևավորվում է Հայաստանի քաղաքացիներիս համատեղ, միասնական աշխատանքով և այդ աշխատանքի արդյունքում էլ մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը՝ նորարարական, զարգացած, ժողովրդավար ու ապագային նայող Հայաստանի Հանրապետություն:

Շնորհավոր մայիսի 1»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել